Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-505
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

6 սեպտեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի ապրիլի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004 թ. ապրիլի 3-ին` Երևանում, որի նպատակն է ամրապնդել բարեկամական կապերը Կողմերի միջև և զարգացնել արդյունավետ տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցություն և վերջինիս իրականացմանն ուղղված նախագծերի (Ծրագրերի) իրագործման համար կանոնների և ընթացակարգերի համապատասխան դաշտի ստեղծումը:

2. Որպես նպատակ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան, նաև կարևորված է հարգանքը ժողովրդավարության սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պայքարը կոռուպցիայի դեմ:

3. Համաձայնագրով նախանշված են համագործակցությանն ուղղված Ծրագրերի իրականացման պայմանները և ձևերը, մասնավորապես, այն կիրականացվի.

- տեխնիկական, ֆինանսական և տնտեսական օգնության, ինչպես նաև հումանիտար և արտակարգ օգնության ձևով,

- դրամաշնորհների (բնեղեն, ծառայություններ, ֆինանսական միջոցներ) կամ արտոնյալ վարկերի տրամադրման կամ հավասար մասնակցության ձևով,

- երկկողմ հիմքի վրա կամ այլ դոնորների կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով,

- մասնավոր կամ պետական կազմակերպությունների և հաստատությունների միջոցով:

4. Համաձայնագրում մանրամասնված են նաև տեխնիկական, ֆինանսական, տնտեսական և հումանիտար օգնության պայմանները և ձևերը, որոնք նպատակաուղղված պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օգնություն տրամադրելուն, ինչպես նաև ուղղված լինեն տնտեսության մասնավոր սեկտորի, տեղական և հանրապետական հումանիտար կազմակերպությունների հնարավորությունների զարգացմանը:

5. Ըստ համաձայնագրի 5-րդ հոդվածի` այն պետք է կիրառվի ինչպես Կողմերի միջև համաձայնեցված ծրագրերի, յուրաքանչյուր Կողմի հանրային կամ մասնավոր միավորումների, հաստատությունների նկատմամբ, ինչպես նաև համաձայնագրին նախորդող և ընթացքի մեջ գտնվող կամ նախապատրաստվող ծրագրերի նկատմամբ, արտակարգ իրավիճակների դեպքում:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- Շվեյցարական կողմից դրամաշնորհի հիման վրա ֆինանսավորված բոլոր սարքավորումները, ծառայությունները, փոխադրամիջոցները, նյութերը և քննության առարկա համաձայնագրի շրջանակներում Ծրագրերի իրականացման կարիքների համար ժամանակավորապես ներմուծված սարքավորումներն ազատել հարկերից, մաքսատուրքերից, գանձումներից, այլ պարտադիր վճարներից և նույն պայմաններով թույլ տալ դրանց վերաարտահանումը,

- թույլ տալ համաձայնագրի շրջանակներում Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը,

- համաձայնագրի շրջանակներում Ծրագրեր իրականացնող մարմիններին ազատել եկամտահարկից, շահութահարկից, գույքահարկից և/կամ այն հարկերից, որոնք գանձվում են Ծրագրի վերաբերյալ կնքված` համաձայնագրից բխող վարձատրությունից և ձեռքբերումներից,

- դյուրացնել Ծրագրերից բխող և օտարերկրյա անձնակազմի կողմից իրականացվող` արտարժույթի միջազգային փոխանցումների հետ կապված ընթացակարգի կատարումը,

- Ծրագրերն իրականացնող անձնակազմին և նրա անդամների ընտանիքներին ազատել որևէ եկամտահարկից և գույքահարկից, ինչպես նաև ցանկացած այլ հարկումից, մաքսատուրքից, գանձումից, որևէ անձնական իրի համար գանձվող պարտադիր վճարից, նրանց թույլատրել ներմուծել և վերաարտահանել իրենց անձնական իրերը (կենցաղային ապրանքներ, մեքենա և սարքավորումներ, ներառյալ մասնագիտական և անձնական օգտագործման սարքավորումները) իրենց նշանակման ժամկետը լրանալուց հետո: Անձնակազմին և նրա անդամների ընտանիքներին տրամադրել օրենքով պահանջվող` կացության հետ կապված փաստաթղթեր և աշխատելու թույլտվություններ,

- ապահովել անձնակազմի, ինչպես նաև նրա անդամների ընտանիքների անվտանգությունը և դյուրացնել նրանց վերադարձը,

- ազգային օրենսդրության շրջանակներում անձնակազմին, ինչպես նաև նրա անդամների ընտանիքներին անվճար և առանց ուշացումների տրամադրել մուտքի վիզաներ,

- աջակցել անձնակազմին` իրականացնելու համաձայնագրից բխող իր առաջադրանքները և նրան տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը,

- հայտարարել ՀՀ մտադրության մասին` փոխադարձաբար մյուս Կողմի հետ միավորելու իր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի գործում, մասնավորապես հայտարարելով, որ ցանկացած առաջարկ, նվիրատվություն, վճարում, վարձատրություն կամ ցանկացած տեսակի շահույթ, որը կարող է համարվել անօրինական գործողություն կամ կոռուպցիայի դրսևորում, չի տրամադրվել կամ չի տրամադրվի ուղղակիորեն կամ անուղղակի ձևով որևէ անձի քննության առարկա համաձայնագրի իրականացման ընթացքում,

- փոխադարձաբար մյուս Կողմին լիարժեք տեղեկացնել համաձայնագրի շրջանակներում նախաձեռնվող Ծրագրերի վերաբերյալ:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից և չեն հակասում այլ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերով ստանձնած համանման պարտավորություններին, միաժամանակ, բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հիմքերի հետագա ամրապնդման և պետության սոցիալական գործառույթների իրականացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2004 թվականի ապրիլի 3-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


6 սեպտեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-505