ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2000 թվականի մայիսի 25-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից՝ Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը (կից հայտարարությամբ)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
21 մարտի 2005 թվականի, |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ հայտարարությունը.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված «Զինապարտության մասին» և 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով։
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից, ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը»։
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում»։
Վերը նշված օրենքների հիման վրա Հայաստանի Հանրապետության զինված ուժեր պարտադիր զորակոչման ենթակա են 18 տարին լրացած քաղաքացիները, և Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է 18 տարին չլրացած քաղաքացիների պարտադիր զորակոչի կամ պայմանագրային (կամավոր) զինվորական ծառայության ներգրավման արգելքը»։