Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-329
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1977 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԱՐԳԻ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

19 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 և 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1977 թվականի մայիսի 18-ին Ժնևում ստորագրված` Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումն արգելելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վ. Այվազյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն կոնվենցիան ստորագրվել է 1977 թվականի մայիսի 18-ին Ժնևում և նպատակաուղղված է մարդ-բնություն փոխհարաբերությունը բարելավելուն և կատարելագործելուն` ռազմականացված հասարակության պայմաններում:

Կոնվենցիայով սահմանվում են դրույթներ, որոնք արգելում են շրջակա միջավայրի վրա ազդեցության տեխնիկական միջոցների ռազմական օգտագործումը` նպատակ ունենալով վերացնել նման օգտագործումից մարդկությանն սպառնացող վտանգը, օգտագործել այդ միջոցները խաղաղ նպատակներով:

Մասնավորապես, կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են չներքաշվել լայնածավալ, երկարատև կամ ծանր ազդեցություն ունեցող` շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործման մեջ, ինչպիսիք են ավերման, կործանման կամ վնասման միջոցները որևէ այլ մասնակից պետության նկատմամբ:

Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են նաև չաջակցել, չխրախուսել, չդրդել որևէ պետության, պետությունների խմբի կամ միջազգային կազմակերպության` ներգրավվելու կոնվենցիայի դրույթներին հակասող գործողությունների մեջ:

Կոնվենցիայի դրույթները չեն արգելում խաղաղ նպատակներով շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների օգտագործումը:

Համաձայն կոնվենցիայի` մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական գործընթացին համապատասխան ձեռնարկել ցանկացած միջոց, որն անհրաժեշտ կհամարի իր իրավազորության կամ վերահսկողության ներքո գտնվող ցանկացած վայրում արգելելու և կանխելու համար կոնվենցիայի դրույթները խախտող ամեն մի գործողություն:

Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում դրա հավելվածը, որում սահմանված են փորձագետների խորհրդատվական կոմիտեի գործառույթներն ու կանոնակարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1977 թվականի մայիսի 18-ին Ժնևում ստորագրված` Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումն արգելելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


19 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-329

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան