Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-317
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

2 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ա. Մկրտչյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 (1) և 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին 2001 թվականի մայիսի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մկրտչյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 2-ին Երևանում` Կողմերի միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով:

2. Համաձայնագրով կարգավորվում են առողջապահության և բժշկագիտության ոլորտներում Կողմերի միջև տեղեկատվության, փորձի, գիտելիքների փոխանակմանը, կադրերի վերապատրաստմանը, ինչպես նաև այդ ոլորտի հիմնարկների, ինստիտուտների, հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցությանը վերաբերող հարաբերությունները:

3. Սույն համաձայնագրի իրականացմանն ու համակարգմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով Կողմերի երեքական ներկայացուցիչներից կստեղծվի համատեղ հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Բեյրութում և Երևանում:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված մյուս Կողմի քաղաքացիներին համաձայնագրով նախատեսված դեպքերում անվճար բուժօգնություն ցուցաբերելու հետ:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման և զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

6. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի և համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին 2001 թվականի մայիսի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


2 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-317