Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-482
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2003-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

25 մարտի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

հրավիրված` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի ներկայացուցիչ` պետական պարտքի, արտասահմանյան փոխառությունների և վարկերի վերահսկողության վարչության պետ Վ. Աղասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2003-2004 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի և ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է 2003 թ. դեկտեմբերի 19-ին Երևանում` երկու երկրների հարաբերությունները ֆինանսական համագործակցության միջոցով ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

2. Համաձայնագրով Գերմանական կողմը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման բանկից (այսուհետ` Բանկ) ստանալ մինչև 15 մլն եվրո գումարի վարկ, որից 4.5 մլն եվրոն նպատակաուղղվելու է «Մասնավոր ձեռնարկատիրության/փոքր և միջին ձեռնարկությունների խթանում», 3.5 մլն եվրոն` «Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծում» և 7 մլն եվրոն` «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի ֆինանսավորմանը:

3. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում Բանկից ստանալ նաև 2.5 մլն եվրո գումարի դրամաշնորհ` նշված ծրագրերի հարակից միջոցառումների իրականացման ու «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III»-ի ստեղծման նպատակով: Դրամաշնորհի միջոցները փոխակերպվում են վարկի, եթե դրանք չեն օգտագործվում համաձայնագրով նախատեսված նպատակով, կամ եթե համաձայնագրի հիման վրա ֆինանսավորման ենթակա ծրագրերը, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, փոխարինվում են այլ նախագծերով: Թվարկված են ոլորտները, որոնց շրջանակում պետք է լինեն փոփոխված ծրագրերը, որպեսզի նախատեսված գումարը տրամադրվի որպես դրամաշնորհ:

4. Վարկային և դրամաշնորհային գումարների օգտագործումը, դրանց տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Բանկի և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Բանկին ազատում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք առնչվում են այդ վարկային պայմանագրերի կնքմանը և իրականացմանը: Հարկերից և պետական այլ վճարներից ազատվում են նաև համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ապրանքների մատակարարումն ու մասնագետների ծառայությունները:

Այն դեպքում, երբ վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է վարկառուների ստանձնած պարտավորությունների կատարումը և նրանց կողմից Բանկի օգտին վճարումների կատարումը եվրոյով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է նաև ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը դրամաշնորհների կամ վարկերի տրամադրումից բխող փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկություններին տալ արտոնող թույլտվություններ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2003-2004 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


25 մարտի 2004 թվականի
ՍԴՈ-482