Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-477
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

9 մարտի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1997 թ. սեպտեմբերի 29-ին` Վիեննայում, որի նպատակն է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ` Գործակալություն) երաշխիքների համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով առավել ամրապնդել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, որը Հայաստանի Հանրապետությունում կիրառելի է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՀՀ-ն միացել է 1991 թ. սեպտեմբերի 24-ին) և Հայաստանի Հանրապետության և Գործակալության միջև` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի (ուժի մեջ է մտել 1994 թ. մայիսի 5-ին) ուժով:

2. Արձանագրության հոդված 1-ում սահմանված է այդ փաստաթղթի իրավական ուժը, համաձայն որի` Երաշխիքների մասին համաձայնագրի դրույթները կիրառելի են այնքանով, որքանով դրանք համապատասխանում են արձանագրության դրույթներին և համատեղելի են դրանց հետ, իսկ հակասության դեպքում` կիրառվում են արձանագրության դրույթները:

3. Արձանագրության անբաժանելի մասն են կազմում թվով երկու հավելվածները (այսուհետ` Հավելված), որոնցով սահմանվում են համապատասխանաբար` գործունեության ձևերի ցանկը և արտահանման և ներմուծման մասին հաշվետվության համար համաձայնեցված սարքավորումների և ոչ միջուկային նյութերի ցանկը:

4. Արձանագրությամբ Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) Գործակալությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն`

- միջուկային վառելիքային ցիկլի, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացման վայրի վերաբերյալ,

- այն կայանքների և կայանքներից դուրս գտնվող վայրերի վերաբերյալ, որտեղ սովորաբար օգտագործվում է միջուկային նյութ,

- արձանագրության Հավելված 1-ում նշված գործունեությանն առնչվող գործողությունների ծավալի նկարագրի վերաբերյալ,

- ատոմային վառելիքի արտադրմանը կամ իզոտոպային հարստացմանը պիտանի լինելու համար անհրաժեշտ բաղադրության և մաքրության չհասած ելանյութի վերաբերյալ,

- «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի մի շարք դրույթների իրագործման պայմանների վերաբերյալ,

- արձանագրության Հավելված 2-ում թվարկված ոչ միջուկային նյութի և համաձայնեցված սարքավորումների վերաբերյալ,

- առաջիկա տասնամյա ժամանակաշրջանի համար միջուկային վառելիքային ցիկլի զարգացմանն առնչվող ընդհանուր ծրագրերի վերաբերյալ,

- գործունեության ընդհանուր նկարագրի և այն անձի կամ կազմակերպության մասին, որոնք գործառութային կերպով կարող են կապված լինել արձանագրության առարկա հանդիսացող գործունեության հետ,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրությունից բխող գործառույթներ իրականացնելու նպատակով Գործակալությանը տրամադրել մուտքի իրավունք` արձանագրությունում մատնանշված պայմաններով և կարգով, այդ թվում նաև` կապի համակարգերից և նյութատեխնիկական այլ հնարավորություններից օգտվելու իրավունք,

գ) Հայաստանի Հանրապետությանը` արձանագրության շրջանակներում Գործակալության կողմից իրականացված գործունեության մասին, տրամադրել համապատասխան տեղեկատվություն,

դ) պահպանել արձանագրության շրջանակներում իրականացված գործունեության արդյունքում հայտնի դարձած առևտրային, տեխնոլոգիական, արդյունաբերական գաղտնիքը,

ե) տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ՀՀ-ում Գործակալության երաշխիքների տեսուչներ նշանակելու վերաբերյալ:

5. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական այլ պարտավորություններից, մասնավորապես` Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորություններից, և կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանը` ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1997 թ. սեպտեմբերի 29-ին Վիեննայում ստորագրված` Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


9 մարտի 2004 թվականի
ՍԴՈ-477