ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
19 դեկտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մարտի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2003 թ. մարտի 26-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների գործող օրենսդրություններին և համաշխարհային առևտրում ընդունված սկզբունքներին համապատասխան զարգացնել և ամրապնդել առևտրատնտեսական համագործակցությունը:
2. Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հայ-կուբայական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողով: Համաձայնագիրը կարգավորում է նաև հնարավոր վեճերի լուծման հետ կապված հարցերը:
3. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին համապատասխան.
- խտրականության բացառման և հավասար հնարավորությունների պայմաններում միմյանց տրամադրել առավել բարենպաստության ռեժիմ,
- Կողմերի ձեռնարկությունների միջև խթանել և զարգացնել տնտեսական համագործակցությունը, այդ թվում` ապրանքների և ծառայությունների փոխանակումը,
- աջակցել փոխադարձ առևտրի տարբեր ձևերի, արդյունաբերական կոոպերացիայի, տնտեսական միությունների և համատեղ ձեռնարկությունների զարգացմանը,
- օժանդակել իրենց տարածքներում առևտրային ներկայացուցչությունների, ֆիրմաների, ընկերությունների բացմանը և գործունեությանը,
- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ցանկացած տեսակի անբարեխիղճ մրցակցությունից ապրանքաշրջանառության պաշտպանության ապահովման համար և այլն:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններին և ՀՀ Սահմանադրության 8 և 9 հոդվածներին համապատասխան կոչված են ապահովել տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, պետությունների հետ հաստատել բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. մարտի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|