Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-445
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2004/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1975 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

5 սեպտեմբերի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1975 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի ՀՆ-923 թվակիր դիմումը սահմանադրական դատարան (մուտքագրված` 12.08.2003 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Արձանագրությունն ստորագրվել է 1975 թվականի հոկտեմբերի 15-ին` Ստրասբուրգում: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին:

2. Արձանագրությամբ լրացումներ են կատարվում 1957 թ. Փարիզում ստորագրման համար բացված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայում, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2001 թ. նոյեմբերի 21-ին: Լրացումները, մասնավորապես, վերաբերում են այդ կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածներին:

3. Ստորագրելով Արձանագրությունը, Հայկական կողմը պարտավորվում է Հանձնման մասին 1957 թ. եվրոպական կոնվենցիայի շրջանակում քաղաքական չհամարել այն հանցագործությունները, որոնք նախատեսված են. Ցեղասպանության ոճրագործության կանխման և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում (1948), Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 50-րդ հոդվածում, Ծովում զինված ուժերի վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 51-րդ հոդվածում, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 130-րդ հոդվածում և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիայի 147-րդ հոդվածում: Բացի դրանից, Հայկական կողմը պարտավորվում է քաղաքական հանցագործություն չհամարել Ժնևի վերոհիշյալ կոնվենցիաների դրույթներով չնախատեսված, բայց պատերազմ վարելու ներկայումս գոյություն ունեցող քաղաքակիրթ ավանդույթների խախտումները: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է նշված գործողությունները կատարողներին հանձնման ենթակա:

4. Հայաստանը պարտավորվում է չիրականացնել անձի հանձնումը, եթե Պայմանավորվող կողմ հանդիսացող մի երրորդ պետությունում կայացված դատավճռով նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել առանց պատիժ նշանակելու, կամ պատիժը մասամբ կամ ամբողջությամբ ի կատար է ածվել: Այս դեպքերում հանձնումը կարող է իրականացվել, եթե դատավճիռը վերաբերում է այն հանցագործությանը, որը կատարվել է հայցող պետության տարածքում, կամ այնտեղ գտնվող օբյեկտի կամ հանրային կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ:

5. Վերոնշյալ 3-րդ կետում բերված պարտավորությունները, ըստ էության, նոր չեն, քանի որ Հայաստանը վավերացրել է թվարկված բոլոր միջազգային պայմանագրերը: Բացի դրանից, Ժնևի կոնվենցիաների հիշատակված բոլոր հոդվածներում նշված է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, մարդուն կենսաբանական փորձերի ենթարկելու արգելքը, որը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածով, իսկ ըստ 45 հոդվածի` այդ արգելքը բացարձակ է և չի կարող վերացվել անգամ ռազմական դրության ժամանակ:

6. 4-րդ կետում նշված պարտավորություններում փաստորեն արտացոլված է իրավաբանական հանրաճանաչ սկզբունք, ըստ որի` նույն արարքի համար անձը չի կարող ենթարկվել կրկնակի պատժի: Այս նորմն ամրագրված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդված 14, կետ 7), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թ.:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1975 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


5 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ-445