ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 օգոստոսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, 102 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1995 թվականի նոյեմբերի 9-ին Ստրասբուրգում ստորագրված` Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Տերտերյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ) և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ (այսուհետ` լրացուցիչ արձանագրություն) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է ճանաչել և հարգել շրջանակային կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված և իր իրավազորության ներքո գտնվող տարածքային համայնքների կամ իշխանությունների իրավունքը` այլ պետությունների տարածքային համայնքների կամ իշխանությունների հետ կնքելու անդրսահմանային համագործակցության համաձայնագրեր` իրենց ընդհանուր իրավասության ոլորտներում, իրենց կանոնադրություններում սահմանված ընթացակարգերին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և տվյալ Կողմի ստանձնած միջազգային պարտավորությունները հաշվի առնելով:
Համաձայն լրացուցիչ արձանագրության` անդրսահմանային համագործակցության համաձայնագրով համատեղ ընդունած որոշումները պետք է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից կատարվեն իրենց ազգային իրավական համակարգի շրջանակներում և իրենց ազգային օրենսդրության համաձայն: Նշված որոշումները, այսպիսով, պետք է օժտված լինեն նույն իրավական ուժով և հետևանքներով, որոնցով օժտված են այդ համայնքների կամ իշխանությունների կողմից իրենց ազգային իրավական համակարգի համաձայն իրականացվող միջոցառումները:
Ըստ լրացուցիչ արձանագրության` անդրսահմանային համագործակցության համաձայնագրով կարող է ստեղծվել անդրսահմանային համագործակցության մարմին, որը կարող է ունենալ կամ չունենալ իրավաբանական անձի կարգավիճակ:
Այն դեպքում, երբ անդրսահմանային համագործակցության մարմինն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, այդպիսի կարգավիճակը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է նրա նստավայրը: Մյուս Պայմանավորվող կողմերը, որոնք ունեն անդրսահմանային համաձայնագրերի Կողմ հանդիսացող տարածքային համայնքներ կամ իշխանություններ, ճանաչում են մարմնի իրավաբանական անձի կարգավիճակը` իրենց ազգային օրենսդրության համաձայն:
Անդրսահմանային համագործակցության մարմինն իրականացնում է տարածքային համայնքների կամ իշխանությունների կողմից իր նպատակին համապատասխան իրեն տրված լիազորությունները` տվյալ մարմնի գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1995 թվականի նոյեմբերի 9-ին Ստրասբուրգում ստորագրված` Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության մեջ (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|