Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.04.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» ապրիլի 2025 թ.

N 40-Ն

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

4/9/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի ապրիլի 9-ի N 40-Ն հրամանի

 

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

1. Սույն չափանիշները սահմանում են թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման գործընթացների սկզբունքները:

2. Թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման աշխատանքներն իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):

3. Թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնումն իրականացվում է ըստ թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի կազմած առաջնահերթ և ծրագրային վերականգնման կարիք ունեցող թանգարանային առարկաների և հավաքածուների ցուցակների:

4. Յուրաքանչյուր վերականգնվող թանգարանային առարկայի վերականգնումն իրականացվում է ըստ վերականգնողի կողմից նախապես կազմված վերականգնման նախագծի՝ ներառյալ օգտագործվելիք նյութերի ցանկի:

5. Թանգարանային առարկայի վերականգնման նախագիծը ներառում է՝

1) առարկայի անվանումը, ծագումը, թվագրումը,

2) թանգարանային առարկայի նկարագրությունը (նյութը, պատրաստման տեխնոլոգիան կամ եղանակը, վերականգնման կամ ամրակայման նպատակով նախկինում կատարված միջամտությունները, մշակութային, պատմական, գիտական նշանակությունը),

3) վնասվածքների գնահատում՝

ա. ֆիզիկական վնասվածքներ (ճաքեր, կոտրվածքներ, բացակայող հատվածներ, դեֆորմացիա),

բ. քիմիական փոփոխություններ,

գ. կենսաբանական վնասվածքներ (բորբոս, սունկ, միջատների ներգործություն և այլն),

դ. նախորդ վերականգնման արդյունքների կամ հետևանքների գնահատում,

4) նախատեսվող աշխատանքի տեսակը (վերականգնում, ամրակայում),

5) վերականգնման ռազմավարություն՝

ա. վերականգնման սկզբունքները (նվազագույն միջամտություն, շրջելիություն),

բ. գիտական հիմնավորվածությունը,

գ. վերականգնման համար օգտագործվող նյութերի ցանկը և կիրառվող մեթոդների նկարագրությունը,

դ. լաբորատոր հետազոտությունների մեթոդները:

6. Թանգարանային առարկաների և հավաքածուների վերականգնման (այսուհետ՝ վերականգնում) չափանիշներն են՝

1) գիտական հիմնավորվածությունը (վերականգնումը պետք է հիմնված լինի մանրամասն գիտական հետազոտությունների վրա՝ ներառյալ նյութերի ու պատմական տվյալների վերլուծությունը և համապատասխանի ամրակայման և վերականգնման միջազգային չափանիշներին),

2) թանգարանային առարկայի կամ հավաքածուի պահպանման առաջնահերթությունը (նվազագույն միջամտություն)՝

ա. վերականգնման հիմնական նպատակը պետք է լինի առարկայի կայունացումը և պահպանումը, ոչ թե դրա փոփոխությունը կամ վերակառուցումը,

բ. պետք է նախապատվություն տրվի կանխարգելիչ պահպանմանը՝ հետագայում մեծ միջամտություններից խուսափելու համար,

3) վավերականության և ամբողջականության պահպանումը՝

ա. թանգարանային առարկան կամ հավաքածուն պետք է պահպանի իր պատմական, մշակութային, գեղարվեստական, գիտական արժեքը,

բ. վերականգնողի միջամտությունը չպետք է խեղաթյուրի կամ խաթարի թանգարանային առարկայի կամ հավաքածուի բնօրինակ նյութը կամ տեսքը,

4) փաստաթղթավորումը և աշխատանքների թափանցիկությունը՝

ա. նախքան վերականգնումը և վերականգնումից հետո վերականգնողը պետք է կատարի մանրամասն փաստագրում (լուսանկարում, վերականգնման ենթակա հատվածների նկարագրում, հնարավորության դեպքում՝ ռենտգեն, նյութաբանական ուսումնասիրություններ և այլն),

բ. վերականգնման գործընթացի բոլոր փուլերը վերականգնողը պետք է մանրամասն արձանագրի թանգարանային առարկայի կամ հավաքածուի վերականգնման վկայագրում (օգտագործված նյութերն ու վերականգնման մեթոդները պետք է գրանցվեն, որպեսզի հնարավոր լինի դրանք օգտագործել ապագա հետազոտությունների կամ միջամտությունների համար),

5) շրջելիությունը և համատեղելիությունը՝

ա. օգտագործվող նյութերը պետք է հնարավոր լինի հեռացնել առանց վնասելու բնօրինակը,

բ. վերականգնման ժամանակ օգտագործվող նյութերը պետք է լինեն քիմիական և ֆիզիկական առումով համատեղելի բնօրինակի հետ,

գ. օգտագործվող նյութերը պետք է չխանգարեն առարկայի ընդհանուր ընկալմանը,

6) էթիկական և մասնագիտական պատասխանատվությունը՝

ա. վերականգնումը պետք է իրականացվի միջազգային էթիկական ուղեցույցների համաձայն, ինչպիսիք են ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) և ԻԿՌՕՄ-ի (Մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման միջազգային կենտրոն) չափանիշները,

բ. վերականգնողը չպետք է փոփոխի կամ կեղծի առարկայի պատմական, գիտական, մշակութային, գեղարվեստական համատեքստը։

7. Թանգարանային առարկայի վերականգնման վկայագիրը լրացնում է վերականգնողը:

8. Թանգարանային առարկայի վերականգնման վկայագիրը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝

1) թանգարանի անվանումը,

2) թանգարանի գլխավոր մատյանի և բաժնի մատյանի համարները, որտեղ գրանցված թանգարանային առարկան (գլխավոր մատյանի համարը, բաժնի մատյանի համարը),

3) թանգարանային առարկայի տիպաբանական պատկանելությունն ըստ տեսակի՝

ա. կերպարվեստ,

բ. դեկորատիվ կիրառական,

գ. հնագիտական,

դ. ազգագրական

ե. վավերագրական,

զ. այլ,

4) առարկայի մշտական պահպանության տեղը,

5) կատալոգային տեղեկություններ առարկայի մասին (անվանումը, հեղինակը, նյութը, կատարման եղանակը, չափերը,

6) վերականգնման հիմնավորում (աշխատանքը կատարելու պատճառն ու նպատակը),

7) վերականգնման հանձնման օրը, ամիսը, տարին, հանձնման ակտի համարը,

8) տեղեկություններ վերականգնվող թանգարանային առարկայի պահպանության պայմանների, նախկին վերականգնումների մասին,

9) թանգարանային առարկայի վիճակը՝

ա. տեսողական զննություն,

բ. լաբորատոր ուսումնասիրության տվյալներ,

գ. ընդհանուր եզրակացություն վերականգնվող առարկայի մասին,

10) վերականգնման հիմքը և ծրագիրը՝

ա. վերականգնման առաջադրանքի տրման արձանագրությունը,

բ. վերականգնման միջոցառումների կազմը և հաջորդականությունը,

11) վերականգնման գործընթացի փուլերը (գործողության նկարագրությունը, տեխնոլոգիան, եղանակը, նյութերը և գործիքները),

12) ըստ վերականգնման փուլերի՝ լուսաբանող նյութերը (լուսանկարներ, տեսագրություն, ուրվագծեր (սխեմա) և այլն) և դրանց կատարման պայմանները, ցուցակը, քանակը, աշխատանքները սկսելու և ավարտելու ժամանակը,

13) վերականգնումից հետո առարկայի վիճակը, կատարած աշխատանքների արդյունքները (եզրակացություն, արձանագրություն),

14) ցուցումներ առարկայի հետագա պահպանման պայմանների վերաբերյալ՝

ա. պահպանման համար առաջարկվող պայմանները՝ ջերմաստիճան, խոնավության մակարդակ, լուսավորություն,

բ. ցուցադրման կամ պահեստավորման առաջարկներ,

15) վերականգնումից հետ վերադարձի ընդունման-հանձնման ակտի համարը, օրը, ամիսը, տարին,

16) վերականգնողի, վերականգնման աշխատանքի ղեկավարի և կազմակերպության տնօրենի ստորագրությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան