ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈՒՆԴՍՊ-Ի ՄԻՋԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՂԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 մայիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 և 56 հոդվածներով,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և ՅՈՒՆԴՍՊ-ի միջև թմրամիջոցների հսկողության և փողի լվացման դեմ գործունեությունում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է 1999 թ. հունիսի 10-ին Թբիլիսիում` Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Միավորված ազգերի` թմրամիջոցների հսկողության ծրագրի (ՅՈՒՆԴՍՊ) միջև` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում և փողի լվացման դեմ գործունեությունում համագործակցելու նպատակով:
Հուշագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- համագործակցել թմրամիջոցների պահանջարկի նվազեցման, թմրամիջոցների անօրինական արտադրության և շրջանառության կանխման, օրինական նպատակների համար թմրամիջոցների արտադրության, առևտրի և օգտագործման նկատմամբ հսկողության բնագավառում,
- համագործակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում օրենսդրության և դատական պրակտիկայի վերաբերյալ փորձի փոխանակման, նոր տեսակի թմրամիջոցների մասին տեղեկատվության տրամադրման, փողի լվացման խափանման միջոցառումների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում,
- ապահովել թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անձանց կողմից գործածվող նոր մեթոդների և ձևերի, թմրամիջոցների անօրինական տեղափոխման նոր ճանապարհների մասին տեղեկատվության փոխանակումը,
- ապահովել վերահսկվող մատակարարումների կիրառումը, ստացված տեղեկատվության ու փաստաթղթերի գաղտնիությունը և դրանց նպատակային նշանակությամբ օգտագործումը:
Հուշագրով սահմանված է այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից դրան միանալու կամ դրանից դուրս գալու կարգը:
Հուշագիրը կատարված է չորս բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն, պարսկերեն և անգլերեն: Տարաձայնությունների դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և ՅՈՒՆԴՍՊ-ի միջև թմրամիջոցների հսկողության և փողի լվացման դեմ գործունեությունում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|