Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-384
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002 թ. ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԴՈՀԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

24 սեպտեմբերի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին 2002 թ. ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. ապրիլի 22-ին` Դոհա քաղաքում: Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կատարման համար:

2. Համաձայնագրով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- խրախուսել և բարենպաստ պայմաններ ստեղծել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իր տարածքում ներդրումներ կատարելու համար,

- մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ սահմանել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառվում է սեփական կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ,

- չօտարել ներդրումները, բացառությամբ այն դեպքերի, երբ այն բխում է հասարակական կարիքներից և իրականացվում է առանց խտրականության` Պայմանավորվող կողմերի օրենսդրություններով նախատեսված փոխհատուցմամբ,

- ապահովել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների` իր տարածքում կատարված ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը հարկային պարտավորությունների կատարումից հետո` առանց անհիմն ուշացումների և խտրականության,

- թույլատրել մյուս Պայմանավորվող կողմի ֆիզիկական անձանց կամ այն անձանց, որոնց նշանակել կամ վարձել են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները, մուտք գործել և մնալ իր տարածքում ներդրումների հետ կապված գործունեությանը մասնակցելու նպատակով:

3. Համաձայնագրով նախատեսված է նաև Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման կարգը:

4. Համաձայնագիրը կոչված է խթանելու կապիտալի և տեխնոլոգիաների հոսքը Պայմանավորվող կողմերի միջև, որն իր հերթին կնպաստի Կողմերի տնտեսական զարգացմանը: Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8, 9, 28 հոդվածների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին 2002 թ. ապրիլի 22-ին Դոհայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


24 սեպտեմբերի 2002 թվականի
ՍԴՈ-384