Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-365
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

21 հունիսի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2001-2002 թվականների ֆինանսական համագործակցության մասին 2002 թվականի մարտի 12-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2002 թվականի մարտի 12-ին Երևանում` Կողմերի միջև ֆինանսական համագործակցություն իրականացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

2. Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին հնարավորություն է ընձեռում Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KFW) ստանալ:

ա) մինչև 30 մլն գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ (մինչև 20 մլն մարկ` մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով և մինչև 10 մլն մարկ` տնտեսության մասնավոր հատվածի (փոքր և միջին ձեռնարկությունների) խթանման համար),

բ) մինչև 5 մլն մարկ ընդհանուր գումարի դրամաշնորհ` հիվանդանոցների տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման համար:

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշված նախագծերը կարող են փոխարինվել այլ նախագծերով: Յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է կնքել առանձին վարկային կամ դրամաշնորհային պայմանագրեր:

4. Վարկային և դրամաշնորհային գումարների օգտագործումը, դրանց տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են ԳԴՀ-ում գործող իրավական նորմերին: Ընդ որում, վերը նշված մինչև 30 մլն մարկ ընդհանուր գումարի վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարվանից սկսած 8 տարվա ընթացքում (այսինքն` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը) համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ անմիջական ֆինանսական պարտավորությունները:

- երաշխավորում է Վերականգնման վարկերի բանկի կողմից հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների կատարումը, եթե վարկառուն ՀՀ կառավարությունը չէ, իսկ եթե վարկառուն ՀՀ կառավարությունն է, ապա ստանձնում է վարկի վճարման պարտավորությունը,

- Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հետագայում կնքվելիք պայմանագրերի իրականացման հետ կապված բոլոր հարկերից և պետական այլ տուրքերից:

6. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Գերմանական կողմին ծանուցելու օրվանից:

7. Համաձայնագիրը կնքված է 2 բնօրինակով` հայերեն և գերմաներեն, ընդ որում, 2 տեքստերն էլ հավասարազոր են:

8. Համաձայնագրում ամրագրված նորմերն իրենց բնույթով ուղղված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը, բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 8, 9 և 89 հոդվածների, 1966 թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթներից, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ այլ սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2001-2002 թվականների ֆինանսական համագործակցության մասին 2002 թվականի մարտի 12-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


21 հունիսի 2002 թվականի
ՍԴՈ-365

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան