Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-114
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 հունիսի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Գ. Ստամբոլցյանի, հրավիրվածներ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Մ. Թոփուզյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 և 21 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև տեխնիկական խորհրդատվական համագործակցության հարաբերություններ հաստատելու մասին 1997 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ստորագրված հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Ստամբոլցյանի բացատրությունները, հրավիրվածներ Մ. Թոփուզյանի և Ս. Հովհաննիսյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի սեպտեմբերի 17-ին` Ստամբուլում: Համաձայնագրի նպատակն է իրագործել Միավորված ազգերի կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության բանաձևերն ու որոշումները` տեխնիկական խորհրդատվական համագործակցության վերաբերյալ:

Սույն համաձայնագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը համագործակցելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավանություն ստացած խորհրդատվական ծրագրերի շուրջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարտավորվում է տրամադրել խորհրդատուների ծառայություններ, կազմակերպել ուսուցողական ծրագրեր, մասնակցել տարբեր հետազոտությունների նախապատրաստմանն ու իրականացմանը և այլն:

Ըստ համաձայնագրի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է իր հնարավորությունների սահմաններում ձեռնարկել բոլոր միջոցները տեխնիկական խորհրդատվական համագործակցությունն արդյունավետ զարգացնելու համար, մասնավորապես ֆինանսական աջակցություն ցուցաբերել տեխնիկական խորհրդատվական համագործակցությանը` տրամադրելով անհրաժեշտ տարածքներ, սարքավորումներ և ծառայություններ, հատուցել ծախսերի այն մասը, որը չի ապահովվի Կազմակերպության կողմից, կիրառել Կազմակերպության, նրա անձնակազմի և սեփականության նկատմամբ Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1947 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիան:

Համաձայնագրով սահմանվում են նաև դրա ուժի մեջ մտնելու, այն փոփոխությունների ենթարկելու, համաձայնագրի գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները:

Գնահատելով առողջապահության ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման իրավակիրառական պրակտիկան, և հաշվի առնելով, որ այդ պայմանագրերն անմիջականորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առողջապահական պետական նպատակային ծրագրերի հետ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-90 որոշման պահանջներն ամբողջությամբ կատարելու ուղղությամբ: Գործնականում չեն հաստատվել և հրապարակվել բնակչության առողջության պահպանման պետական նպատակային ծրագրեր, և այդ հարցն իր ամբողջական լուծումը չի ստացել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 13.03.1998 թ. N 174 որոշման մեջ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև տեխնիկական խորհրդատվական համագործակցության հարաբերություններ հաստատելու մասին 1997 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում ստորագրված հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ ու բավարար միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ուղղությամբ, մասնավորապես, ապահովել բնակչության առողջության պահպանման` օրենքով նախատեսված պետական նպատակային ամենամսյա ծրագրերի հաստատումն ու իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


16 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ-114