Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-337
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հուլիսի 26-ին Երևանում` առևտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողով ստեղծելու նպատակով:

Համաձայնագրի ստորագրման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև 1995 թ. դեկտեմբերի 14-ին Նյու Դելիում ստորագրված` «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը:

2. Համաձայնագրով կանոնակարգվում են հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նպատակները, Կողմերից Հանձնաժողովի անդամներ և նախագահներ նշանակելու կարգն ու պայմանները, Հանձնաժողովի նիստեր գումարելու, ինչպես նաև նիստերի ծրագրի և նախնական օրակարգի համաձայնեցման ընթացակարգը:

3. Համաձայնագրով սահմանվում են Հանձնաժողովի որոշումների ընդունման, վերջիններիս ուժի մեջ մտնելու և լիազորված մարմինների հաստատմանը ներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի նիստերի արդյունքների ու որոշումների ընդունման կարգը և դրանց իրագործման նպատակով ժամանակավոր ու մշտական մարմիններ ստեղծելու, Հանձնաժողովի գործունեության հետ կապված կազմակերպչական խնդիրներ լուծելու կարգը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է անմիջական ֆինանսական պարտավորություններ` կապված ՀՀ տարածքում Հանձնաժողովի նիստերի անցկացման և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսեր կրելու հետ:

5. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի և դադարեցման վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի հուլիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև առևտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահի տեղակալ

Վ. Հովհաննիսյան


16 նոյեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-337