Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.02.20/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1954 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

28 հունվարի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Հ.Խաչատրյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ.Նազարյանի, Վ.Պողոսյանի, Վ.Սահակյանի, Մ.Սևյանի,

մասնակցությամբ` դիմող կողմերի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ Ս.Լուսիկյանի,

դատարանում քննարկման համար հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետը, 101 հոդվածի 1 կետը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետը.

դռնբաց նիստում քննեց 1954 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված «Եվրոպական մշակութային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Եվրոպական մշակութային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ.Խաչատրյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս.Լուսիկյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիայի նորմերի բովանդակությունը, դիմումին կից ներկայացված տեղեկանքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրվել է 1954 թվականի դեկտեմբերի 19-ին` Փարիզում, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունների կողմից:

Կոնվենցիայի նպատակն է եվրոպական մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը, եվրոպական մշակութային ժառանգության հարստացումը, մշակութային արժեքների տեղաշարժի, փոխանակման ազատության ապահովումը և այլն:

Կոնվենցիան պարտավորեցնում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ձեռնարկել միջոցներ Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության մեջ իր ազգային ավանդը ներդնելու, իր քաղաքացիների կողմից մյուս Պայմանավորվող պետությունների լեզուների, պատմության և քաղաքակրթության ուսումնասիրումը կազմակերպելու ուղղությամբ:

Կոնվենցիան նախատեսում է եվրոպական նշանակություն ունեցող մշակութային գործունեությանն աջակցելուն ուղղված համաձայնեցված գործելակերպի ստեղծման համար Պայմանավորվող կողմերի` միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն:

Կոնվենցիան բովանդակում է դրույթներ անձանց և մշակութային արժեքների տեղաշարժը դյուրացնելու, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի հսկողության տակ գտնվող` Եվրոպայի ընդհանուր մշակութային ժառանգության մասերի պահպանումը և դրանց հաղորդակցվելու պատշաճ հնարավորությունն ապահովելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ կոնվենցիան Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար պայմաններ է նախատեսում երկկողմանի հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև ազգային օրենսդրության պահանջները լրիվ ծավալով կիրառելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Եվրոպական մշակութային կոնվենցիայում (19 դեկտեմբերի 1954 թվական) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


28 հունվարի 1997 թվականի
ՍԴՈ-36

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան