Basic information
Type
Ծրագիր
Act type
Հիմնական ակտ (11.11.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.17
Enactment organisation
Հայաստանի Հանրապետություն
Enactment date
11.11.2009
Signing date
11.11.2009
Effective date
11.11.2009

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ԵՎ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջԵՎ 2010-2012 թթ. համագործակցության

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

Ցանկանալով զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների փոխհարստացման գործընթացը,

հիմնվելով 1995 թ. նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վրա

պայմանավորվեցին ներքոգրյալի մասին.

 

1. Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն կերպարվեստի և բեմարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, դեկորատիվ-կիրառական, ինքնագործ և կրկեսային արվեստի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար:

 

2. Կողմերը կնպաստեն ուղիղ կապերի հաստատմանը երաժշտական հաստատությունների և համերգային կազմակերպությունների միջև, կատարողների, երաժշտական կոլեկտիվների և մասնագետների փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ստեղծագործական միությունների միջև կապերի ընդլայնմանը:

Կողմերը կխրախուսեն հայկական և ռուսաստանյան կատարողների և կոլեկտիվների փոխադարձ մասնակցությունը երկու պետությունների տարածքներում իրականացվող միջազգային երաժշտական փառատոներին, մրցույթներին և ավանդական երաժշտական միջոցառումներին, կաջակցեն համատեղ համերգային ծրագրերի և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը, մենակատարների, ռեժիսոր-բեմադրիչների և պարուսույցների փոխանակմանը:

 

3. Կողմերը կօժանդակեն ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը թատրոնների միջև, կատարողների, բեմադրական խմբերի, քննադատների և թատերագետների փոխանակմանը, ներկայացումներ բեմադրելու նպատակով ռեժիսորների հրավիրմանը Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև հյուրախաղերի կազմակերպմանը, Կողմերի պետությունների տարածքում անցկացվող միջազգային թատերական փառատոների մասնակցությանը:

Կողմերը կօժանդակեն դրամատիկական և երաժշտական թատրոնների, գեղարվեստական խմբերի և անհատ կատարողների ելույթների կազմակերպմանը` Մշակույթի օրերի և Շաբաթների անցկացման շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների կյանքում նշանակալից իրադարձություններին նվիրված միջոցառումներին:

 

4. Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության թանգարանների միջև համագործակցության և գործընկերության զարգացմանը, գեղարվեստական և լուսանկարչական ցուցահանդեսների, ժամանակակից արվեստի ցուցադրությունների, թանգարանային նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև երկու պետությունների ժամանակակից արվեստի թանգարանների և կենտրոնների միջև ուղիղ կապերի հաստատմանը:

 

5. Կողմերը` իրենց իրավասության սահմաններում կնպաստեն գրական և թարգմանական գործունեության բնագավառում կապերի և կոնտակտների հաստատմանը, կխրախուսեն փոխադարձ մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառներին:

 

6. Կողմերը կհամագործակցեն մշակույթի և արվեստի առանձին մասնագիտությունների աշխատակիցների համար նախատեսված կրթական ծրագրերի շրջանակներում:

Կողմերը կօժանդակեն Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի և արվեստի բարձագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը:

Կողմերը պայմաններ կստեղծեն բարձրագույն կրթական հաստատությունների դասախոսների ստեղծագործական վերապատրաստումների կազմակերպման և որակավորման բարձրացման համար` Կողմերի պետությունների կրթության և արվեստի բարձրագույն կրթական և գիտական հաստատությունների և թատերական հաստատությունների հենքի վրա:

 

7. Կողմերը կզարգացնեն համագործակցությունը ժողովրդական արհեստների բնագավառում և տեղեկատվություն կփոխանակեն ժողովրդական արհեստների բնագավառում, այդ թվում` Կողմերի պետությունների տարածքում անցկացվող միջազգային ազգագրական փառատոների մասին:

 Կողմերը կօժանդակեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների հրավերներին ազգային երաժշտության փառատոների, երգեցողության տոների և այլ երաժշտական միջոցառումների` համաձայն այդ փառատոների կանոնակարգի, ինչպես նաև մշակույթի և արվեստի հայաստանյան և ռուսաստանյան գործիչների, ժողովրդական արհեստների բնագավառի մասնագետների մասնակցությունը միջազգային սեմինարների և վարպետության դասերի:

Կողմերը կնպաստեն ուղիղ կապերի հաստատմանը Կողմերի պետությունների ժողովրդական արվեստի տների և ինքնագործ խմբերի միջև:

 

8. Կողմերը` սույն Ծրագրի գործողության ընթացքում կանցկացնեն փոխադարձ մշակույթի օրեր` Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրեր Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում:

Փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպման ժամկետները, վայրը, ֆինանսական և տեխնիկական պայմանները Կողմերը կամրագրեն առանձին արձանագրություններով:

 

9. Կողմերը համագործակցություն կծավալեն կինեմատոգրաֆիայի բնագավառում, նպաստելով համատեղ կինոնախագծերի իրականացմանը:

Կողմերը հավասարազորության սկզբունքով կօժանդակեն փոխադարձ` հայկական և ռուսական կինոյի օրերի անցկացմանը, կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կինոյի վարպետների հրավերներին Կողմերի պետությունների տարածքում անցկացվող միջազգային կինոփառատոների և այլ կինոմիջոցառումների` համաձայն դրանց ընթացակարգերի:

 

10. Կողմերը համագործակցություն կիրականացնեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գրադարանների միջև` գրափոխանակմանը օժանդակելու, գրադարանավարների և մատենագիրների` գիտագործնական կոնֆերանսներին, գիտաժողովներին, գրադարանային գործի վերաբերյալ սեմինարներին մասնակցության ճանապարհով:

 

11. Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանման, վերականգնման, օգտագործման և պրոպագանդման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կուսումնասիրեն համատեղ վերականգնողական աշխատանքներ, գիտական և գործնական սեմինարներ, գիտաժողովներ, մասնագետների և փորձագետների հանդիպումներ, արշավախմբեր կազմակերպելու հնարավորությունը:

Կողմերը կօժանդակեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը, Կողմերի պետությունների տարածքում մշակութային ժառանգության օբյեկտների հայտնաբերմանն ու հաշվառմանը:

Կողմերը կապահովեն Հայաստանի և Ռուսաստանի արխիվներում, գրադարաններում, թանգարաններում հավաքված մշակութային արժեքների հասանելիությունը երկու պետությունների քաղաքացիների համար:

 

12. Կողմերը միջազգային իրավունքի նորմերին և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, իրենց իրավասության սահմաններում կզարգացնեն համագործակցությունը անօրինական ներմուծման արդյունքում մյուս Կողմի պետության տարածքում հայտնված մշակութային արժեքների հայտնաբերման ուղղությամբ:

Կողմերն` իրենց իրավասության շրջանակներուն` Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան նաև միջոցառումներ կիրականացնեն մշակութային արժեքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու ուղղությամբ, տեղեկատվություն կփոխանակեն տվյալ խնդրի առնչությամբ և կօժանդակեն մյուս Կողմի պետության ապօրինի ներմուծման արդյունքում ապօրինի արտահանված մշակութային արժեքների վերադարձմանը:

 

13. Մյուս Կողմի փորձին ծանոթանալու և համագործակցության խորացման նպատակով Կողմերը կնախատեսեն պատվիրակությունների և տեղեկատվական նյութերի փոխանակումներ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև:

 

14. Որևէ այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի հետևյալ պայմաններով.

1. Պատվիրակությունների փոխանակություն`

1.1 Ուղարկող Կողմը վճարում է իր պատվիրակությունների և առանձին ներկայացուցիչների միջազգային ճանապարհածախսը, ինչպես նաև բժշկական ապահովագրությունը:

Ընդունող Կողմը վճարում է կեցության և սննդի ծախսերը, երկրի ներքին տրանսպորտային ծախսերը, թարգմանիչների ծառայությունը, մշակութային ծրագիրը, ապահովում է շտապ բուժօգնությամբ:

2. Ցուցահանդեսների կազմակերպման, թատրոնների և գեղարվեստական խմբերի հյուրախաղերի պայմանները և փոխադարձ պարտավորությունները (ժամկետներ, ցուցանմուշների և դեկորների տեղափոխման տրանսպորտային ծախսեր, ուղեկցողների ճանապարհածախս, մաքսային և պահեստային ծախսեր, անվտանգության ապահովում, ապահովագրություն և այլն) համաձայնեցվելու են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար Կողմերի շահագրգիռ կազմակերպությունների կողմից և ամրագրվելու են հատուկ պայմանագրերով:

Սույն Ծրագրի դրույթները չեն բացառում համագործակցության այլ ձևեր, որոնց իրականացումը կդառնա առանձին համաձայնագրի առարկա:

 

15. Կողմերը` սույն Ծրագրի գործնական կիրարկման նպատակով, անհրաժեշտությունից ելնելով, փոխադարձության հիման վրա կստորագրեն համագործակցության մասին այլ արձանագրություններ և համաձայնագրեր:

 

16. Սույն Ծրագրի դրույթների կիրարկման հետ կապված Կողմերի բոլոր տարաձայնությունները կկարգավորվեն բանակցությունների և խորհրդատվությունների ճանապարհով:

 

17. Սույն ծրագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը:

 

18. Սույն Ծրագիրը միջազգային պայմանագիր չի հանդիսանում, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ և պարտավորություններ և իրականացվելու է Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Կատարված է ք. Մոսկվայում, 11 նոյեմբերի 2009 թ., երկու օրինակից, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն լեզուներով:

 

Ուժի մեջ է մտել 11 նոյեմբերի, 2009 թվական: