Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2025
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.01.2025
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«21» հունվարի 2025 թ.

N 07-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական թանգարանային հավաքածուի համալրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար՝

 

1/21/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2025 թվականի

հունվարի 21-ի N 07-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական թանգարանային հավաքածուի (այսուհետ՝ թանգարանային հավաքածու) համալրման հիմնական եղանակները, աղբյուրները և համալրման գործընթացները:

2. Թանգարանային հավաքածուի համալրումը գիտության և թանգարանագիտության մեթոդաբանությանը համապատասխան իրականացվող գործընթաց է, որի նպատակն է թանգարանային նշանակության առարկաների և հավաքածուների նպատակաուղղված ձեռքբերումը:

3. Թանգարանային հավաքածուն ձևավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների և հավաքածուների հիման վրա:

4. Թանգարանային հավաքածուն համալրվում է թանգարանի առաքելությանը և համալրման հայեցակարգին համապատասխան:

5. Թանգարանային հավաքածուի համալրման հայեցակարգը թանգարանի ուղղվածությանը համապատասխան հիմնական հավաքածուի պարբերական արդիականացման հիմնավորումն է, որը թանգարանի ընդհանուր զարգացման հայեցակարգի պարտադիր բաղկացուցիչն է։ Համալրման հայեցակարգը ներառում է թանգարանի բնույթին համապատասխան համալրման սկզբունքները, ուղղությունները, ձևերն ու մեթոդները:

6. Թանգարանային հավաքածուի համալրման գործընթացը կազմակերպելու նպատակով՝ թանգարանի ղեկավարը (տնօրենը) ստեղծում է ֆոնդային գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկում է թանգարանի ուղղվածությանը համապատասխան ոլորտային գիտնական մասնագետներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, պատմաբաններ, հնագետներ, մշակութային արժեքների փորձագետներ, այլ թանգարանների ավանդապահներ:

7. Թանգարանային հավաքածուի համալրման հայեցակարգը հաստատվում է թանգարանի գիտական խորհրդում և հրապարակվում թանգարանի պաշտոնական կայքէջում:

8. Թանգարանային հավաքածուի համալրման հայեցակարգը ընդունվում է առնվազն 5 տարվա համար և վերանայվում ըստ անհրաժեշտության:

9. Թանգարանի կողմից ձեռք բերվող բոլոր թանգարանային առարկաները և հավաքածուները պետք է համապատասխանեն թանգարանային հավաքածուների համալրման հայեցակարգի դրույթներին և վերցվեն մշտական պահպանության:

10. Թանգարանային հավաքածուի համալրման հայեցակարգից դուրս թանգարանային առարկայի և հավաքածուի ձեռքբերումը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում (առարկայի կամ հավաքածուի երկրից արտահանման, հնաոճ իրերի սրահներում, աճուրդներում բացառիկ մշակութային արժեքների վաճառքի, առարկայի՝ սեփականատիրոջ կողմից օտարման դեպքերում)՝ լիազոր պետական մարմնի համաձայնությամբ.

11. Թանգարանը նվիրատվություններ կամ նվիրաբերումներ՝ այդ թվում ժառանգություններ կամ շնորհներ ընդունում է միայն այն դեպքում, եթե դրանք համապատասխանում են թանգարանի հավաքածուի համալրման հայեցակարգին:

 

2. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

12. Պետական թանգարանների թանգարանային հավաքածուները համալրվում են հետևյալ եղանակներով.

1) Կառավարության կողմից թանգարանին թանգարանային առարկայի ամրացում.

2) թանգարանի կողմից գնում.

3) նվիրատվության ստացում.

4) հնագիտական պեղումներ իրականացնող անձի կամ կազմակերպության հայտնաբերած գտածոների անհատույց ստացում.

5) աճուրդների միջոցով.

6) պետական բյուջեով և օրենքով չարգելված այլ եղանակներով:

13. Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումն իրականացվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ:

 

3. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

14. Թանգարանային հավաքածուի համալրման աղբյուրներն են՝

1) իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող մշակութային արժեքներ.

2) հնաոճ իրերի սրահներում, աճուրդներում, խանութներում վաճառվող մշակութային արժեքներ.

3) հնագիտական պեղումներից, ազգագրական, բնագիտական գիտարշավների ընթացքում հայտնաբերված մշակութային արժեքներ.

4) մշակութային արժեքներ, որոնք ձեռք են բերվել պետության կողմից գնման նախապատվության իրավունքի իրացման միջոցով.

5) բռնագրավված և տիրազուրկ ճանաչված մշակութային արժեքներ:

15. Թանգարանը չի կարող գնել, նվիրատվություն, նվիրաբերում կամ որպես ժառանգություն ընդունել թանգարանային առարկաներ և հավաքածուներ, եթե բացակայում են դրանց ծագման և տնօրինման իրավական հիմքերը: Թանգարանը պետք է ունենա թանգարանային առարկաների և հավաքածուների ծագման կամ ստեղծման պահից մինչև թանգարան ներկայացնելը թանգարանային առարկաների և հավաքածուների ամբողջական պատմությունը։

16. Թանգարանը չի կարող ձեռք բերել թանգարանային առարկաներ և հավաքածուներ, եթե դրանց հայտնաբերումը կապված է եղել հուշարձանների ոչնչացման, բնական միջավայրերի վնասման կամ չթույլատրված պեղումների և ապօրինի շրջանառության հետ։

17. Թանգարանը չի կարող ձեռք բերել կենսաբանական կամ աշխարհագրական առարկաներ, եթե դրանց հավաքագրումը, վաճառքը, փոխանցումը կամ թանգարանում պահպանությունը հակասում է տեղական կամ միջազգային օրենքներին և պայմանագրերին։

18. Թանգարանն առարկան կամ հավաքածուն կարող է առանց ծագման պատմության ձեռք բերել, եթե այն հանդիսանում է հասարակության գիտելիքի հարստացման, նոր բացահայտումների և հետազոտությունների աղբյուր։ Նման բացառիկ դեպքերում, հաշվի առնելով մասնագիտական կարծիքը տվյալ առարկայի կամ հավաքածուի կարևորության վերաբերյալ, լիազոր պետական մարմնի թույլտվությամբ թանգարանը կարող է այն ձեռք բերել:

 

4. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

19. Թանգարանային հավաքածուի համալրումն իրականացվում է առարկայի կամ հավաքածուի սեփականատիրոջ կամ վերջինիս լիազորած անձի հայտի (այսուհետ՝ հայտ) հիման վրա։

20. Հայտում նշվում է՝

1) առարկայի կամ հավաքածուի հանձնման հիմքը (վաճառք, նվիրատվություն, նվիրաբերում, ժառանգություն).

2) տեղեկատվություն առարկայի ծագման և ձեռքբերման պատմության վերաբերյալ։

21. Հայտին կից ներկայացվում է առարկայի կամ հավաքածուի՝

1) անվանումը, վերնագիրը.

2) հեղինակը.

3) վարպետը, արտադրողը, հրատարակիչը.

4) տիպը, ուղղությունը, դպրոցը.

5) ստեղծման ժամանակը.

6) ստեղծման վայրը.

7) իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը).

8) պատրաստման նյութը և տեխնիկան.

9) ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ), հարգը.

10) առարկայի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված):

22. Համալրվող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանը ընդունում է ժամանակավոր պահպանության և տալիս ժամանակավոր ընդունման ստացական, որը կազմվում է 2 օրինակից՝ մեկը պահվում է թանգարանում, իսկ մյուսը տրվում է հանձնող կողմին։

23. Թանգարանը ժամանակավոր պահպանության ընդունած թանգարանային առարկան կամ հավաքածուն գրանցում է ժամանակավոր պահպանության հավաքածուի մատյանում, որի էջերը կարվում, համարակալվում, ստորագրվում են թանգարանի գլխավոր ավանդապահի (ֆոնդապահ), հաշվառման բաժնի վարիչի կողմից և կնքվում թանգարանի կնիքով։

24. Ժամանակավոր պահպանության մատյանի առաջին սյունակի հերթական համարը` իր բաժանարար համարներով, պետք է համապատասխանի ընդունված առարկաների քանակին։ Ժամանակավոր պահպանության մատյանի հերթական համարը ժամանակավոր պահպանության ընդունված առարկաների ժամանակավոր հաշվառանիշն է, որն ամրացվում է առարկայի վրա՝ փակցնովի, կախովի, սոսնձվող, պիտակի, մատիտի և այլ ձևերով։

25. Թանգարանը պեղումների, գիտարշավների ընթացքում հայտնաբերված առարկաներն ընդունում է դաշտային գրանցումների առարկայացուցակների հիման վրա, որի էջերը պետք է լինեն կարված, համարակալված և ստորագրված կազմողների կողմից:

26. Առարկայացուցակի առաջին սյունակի հերթական համարը պետք է համապատասխանի ընդունված առարկաների քանակին: Առարկայացուցակի հերթական համարը ժամանակավոր պահպանության ընդունված առարկաների ժամանակավոր հաշվառանիշն է, որը ամրագրվում է առարկայի վրա:

27. Հնագիտական պեղումների և գիտարշավների ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր առարկայի համար կազմվում է առանձին գիտական վկայական:

28. Հնագիտական պեղումների և գիտարշավների ժամանակ հայտնաբերված բազմաքանակ մշակութային առարկաների և հավաքածուների թանգարան ընդունման դեպքում, դրանք պահպանվում են կնքված տարածքներում և հաշվառման համար բացվում են միայն թանգարանի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ:

29. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով թանգարանային հավաքածուի համալրման ընթացքը կազմակերպվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ՝

1) լիազոր պետական մարմինը պաշտոնական կայքէջում հրապարակում է հայտարարություն թանգարանային հավաքածուի համալրման գործընթացի մեկնարկի մասին.

2) թանգարանի պաշտոնական կայքէջում հրապարակվում է թանգարանի համալրման գիտական հայեցակարգը և համալրման համար հայտերի ընդունման լիազոր մարմնի սահմանած վերջնաժամկետը.

3) համալրման հայտերն ընդունում է թանգարանը՝ իր պաշտոնական էլեկտրոնային փոստով:

30. Հայտին կից ներկայացվում է՝

1) փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների.

2) լուսանկարը.

3) տվյալները (հեղինակ, անուն, ստեղծման ժամանակաշրջան, ստեղծման վայր, նյութ, չափս).

4) գնման համար պահանջվող գումարի չափ.

5) առարկայի սեփականատիրոջ համաձայնություն:

31. Ներկայացված հայտերն ուսումնասիրում է թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովը և թանգարանի համալրման հայեցակարգին համապատասխանելու դեպքում տալիս եզրակացություն գնման նպատակահարմարության վերաբերյալ:

32. Ներկայացված հայտերի թերի լինելու դեպքում թանգարանը տեղեկացնում է դիմումատուին դրա վերաբերյալ և ամբողջական փաթեթի ներկայացման համար սահմանում 5-օրյա ժամկետ:

33. Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի հավանությանն արժանացած հայտերն ուղարկվում են լիազոր պետական մարմին և ներկայացվում համալրման նպատակով մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների ձեռքբերման նպատակահարմարությունը որոշող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) քննարկմանը:

34. Պետական բյուջեի միջոցով ձեռքբերվող թանգարանի ներկայացրած համալրման հայտերը հավաքում է պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը:

35. Պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը եռօրյա ժամկետում կազմակերպում է համալրման նպատակով հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հայտերի փաթեթը և զեկուցում լիազոր պետական մարմնի ղեկավարին՝ հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:

36. Լիազոր պետական մարմնի ղեկավարը հանձնարարում է հանձնաժողովի նախագահին եռօրյա ժամկետում կազմակերպելու հանձնաժողովի նիստ:

37. Համաձայն հանձնաժողովի նիստի արձանագրության՝ համապատասխան ստորաբաժանումը եռօրյա ժամկետում ապահովում է հավանության արժանացած հայտերի ձեռքբերման գործընթացը կամ լիազոր մարմնի ստորագրմանն է ներկայացնում հայտի մերժման վերաբերյալ գրության նախագիծը՝ կցելով արձանագրության քաղվածքը:

38. Թանգարանը լիազոր մարմնի գրության հիման վրա պատրաստում է գնման կամ մերժման վերաբերյալ գրավոր ծանուցում հայտատուին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: