ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«17» հունվարի 2025 թ. |
N 06-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված Հրամանի՝
1) Հավելված 1-ի՝
ա. 6-րդ կետից հանել «իրականության» բառը.
բ.3-րդ և 4-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
14. Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծումը, հրատարակումը, գնումն իրականացվում է՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,
2) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն)՝ առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով,
3) օրենքով չարգելված այլ միջոցներով:
15. Դասագրքերի ստեղծումն ու հրատարակումն իրականացվում է մրցութային եղանակով։
16. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:
1) Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է ներկայացվել դասագրքին հավակնող այն ուսումնաօժանդակ նյութը (այսուհետ՝ ուսումնական նյութ), որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը (համաձայն Հավելված 2-ի):
2) Դասագրքի հրատարակման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորություն է կրում դասագրքի տպագրության իրականացման և Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր և Երևանի քաղաքապետարան առաքման համար։
17. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։
18. Դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների։
19. Բոլոր դասագրքերի ստեղծման մրցույթները կազմակերպում և անցկացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկվում է ներկայացուցիչ նաև Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամից (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ) (այսուհետ՝ դրամաշնորհային հանձնաժողով)։ Պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվող դասագրքերի հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է ԴՏՀՏՇՀ-ն:
20. Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչն է մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննությունը, որն իրականացվում է դրամաշնորհային հանձնաժողովի պահանջով ստեղծված առարկայական հանձնաժողովների կողմից։
21. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ փուլերով.
1) մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ. իրականացվում է դրամաշնորհային հանձնաժողովի կողմից, դրամաշնորհային մրցույթի՝ հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դրամաշնորհային մրցույթով սահմանված փաստաթղթերի ամբողջականության, դասագրքի ձևաչափին և ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Մրցութային պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման դրույթներին համապատասխան դրամաշնորհային հանձնաժողովի որոշմամբ հայտը կարող է մերժվել կամ ներկայացվել մրցույթի մասնակցին՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարել փոփոխություններ՝ վերացնելով անհամապատասխանությունները: Նույն ժամանակահատվածում մրցույթի նախահաշվային արժեքը գերազանցող հայտեր ներկայացրած մասնակիցների հետ կարող են իրականացվել բանակցություններ: Սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու, անհամապատասխանությունները վերացրած չլինելու կամ նախահաշվային արժեքը գերազանցելու դեպքում հայտը մերժվում է.
2) գիտականությանը և Չափորոշչին համապատասխանության գնահատման փուլ.
այս փուլում գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի գիտականությունը և չափորոշչին համապատասխանությունը դրամաշնորհային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակների միջոցով: Սույն կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված առարկայական հանձնաժողովի կողմից կազմվում է գիտականությանը և Չափորոշչին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար: Գնահատման սանդղակով սահմանված անցողիկ միավորներ ստանալու դեպքում ներկայացված ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Գիտականության կամ Չափորոշչին համապատասխանության գնահատման սանդղակներով սահմանված նվազագույնից ցածր միավորներ ստանալու դեպքում ուսումնական նյութը փորձաքննության հաջորդ փուլ չի ներկայացվում:
3) բովանդակային և մեթոդական գնահատման փուլ.
հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և մեթոդաբանության համապատասխանության, ինչպես նաև հոգեբանամանկավարժական և լեզվական չափանիշների գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի կողմից՝ սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Բովանդակային և մեթոդական գնահատման փուլից հետո առարկայական հանձնաժողովը գնահատման արդյունքները և լրացված սանդղակը ներկայացնում է դրամաշնորհային հանձնաժողովին: Գնահատման սանդղակով սահմանված նվազագույն շեմը հաղթահարած լինելու դեպքում դրամաշնորհային հանձնաժողովը ուսումնական նյութը համապատասխան դիտարկումներով 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է մասնակցին 10 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակելու և ներկայացնելու համար: Նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում դրամաշնորհային հանձնաժողովի որոշմամբ ուսումնական նյութը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է խմբագրման՝ սահմանելով 15 աշխատանքային օր, կամ մերժում է հայտը: Խմբագրված ուսումնական նյութը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է առարկայական հանձնաժողովին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարված փոփոխությունները դիտարկելու և ուսումնական նյութի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու նպատակով:
22. Բովանդակային և մեթոդական գնահատման փուլը հաղթահարած ուսումնական նյութերն անցնում են փորձաքննության հաջորդ փուլ՝ նկարիչ-ձևավորողի և բժիշկ հիգիենիստի կողմից: Վերջիններիս կողմից 5-աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է ուսումնական նյութերի գնահատում համապատասխան ձևաչափով: Անհրաժեշտության դեպքում ուսումնական նյութերն ուղարկվում են մասնակիցներին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկվող փոփոխությունները կատարելու նպատակով:
23. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը հրապարակվում են ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Պաշարների շտեմարան» բաժնում»՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 14 օրվա ընթացքում ուսումնական նյութի վերաբերյալ կարծիք ներկայացնելու:
24. Առարկայական հանձնաժողովի կողմից փորձաքննության անաչառության պահպանման, գիտականության և չափորոշչին համապատասխանության վերաբերյալ բողոքների առկայության դեպքում դրամաշնորհային հանձնաժողովը կարող է քննարկել ուսումնական նյութը կրկնակի փորձաքննության ուղարկելու հարցը: Կրկնակի փորձաքննության անցկացման ընթացակարգը սահմանում է դրամաշնորհային հանձնաժողովը:
25. Ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում: Կրկնակի փորձաքննությունը կարող է իրականացվել տվյալ բնագավառում առնվազն գիտական կոչում ունեցող և փորձաքննող հանձնաժողովներից որևէ մեկում չընդգրկված և մասնակիցների և հանձնաժողովների անդամների հետ շահերի բախում չունեցող անձի կողմից: Եթե կրկնակի փորձաքննության արդյունքում դասագրքի երաշխավորման վերաբերյալ որոշումը փոփոխվում է, առարկայական հանձնաժողովի՝ համապատասխան բաժինները փորձաքննած մասնագետներն աշխատանքի համար չեն վարձատրվում, կրկնակի փորձաքննություն իրականացրած մասնագետները վարձատրվում են նույն մեխանիզմով, ինչ առարկայական հանձնաժողովը: Հանձնաժողովի վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:
26. Գիտականության և Չափորոշչին համապատասխանության և բովանդակային գնահատման փուլերի արդյունքում դրական եզրակացություն ունեցող ուսումնական նյութերը կարող են երաշխավորվել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ որպես ուսումնաօժանդակ նյութեր գործածվելու համար:
27. ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում ստեղծվում է հանրակրթական առարկաների երաշխավորված դասագրքերի շտեմարան։
28. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 25-ը, հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները, Նախարարի կողմից հաստատվում է հաջորդ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված հանրակրթական առարկաների դասագրքերի ցանկը, որում նշվում են վերահրատարակվող դասագրքերը և դրանց գործածության ժամկետները: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված նոր ստեղծվող դասագրքերի ցանկը Նախարարի հրամանով գործածության է երաշխավորվում դրամաշնորհային մրցույթի ավարտից և ամփոփումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
29. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԿՏԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ Հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):
30. Պատվերի հիման վրա, պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ–ն, կազմակերպում է դասագրքերի հրատարակման մրցույթը։
31. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն՝ Նախարարի հրամանով սահմանված դասագրքերի գործածության ժամկետների ավարտից հետո կարող է անցկացվել դասագրքի ստեղծման նոր մրցույթ, իսկ նախորդ մրցույթով անցած դասագրքերը, որոնք ընդգրկված են եղել երաշխավորված դասագրքերի ցանկում, շարունակում են մնալ այդ ցանկում, եթե առարկայական չափորոշչում և ծրագրերում բովանդակային փոփոխություն չի կատարվել:
32. Տպագրության համար դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար՝ 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:
33. Ուսումնաօժանդակ գրականության ստեղծման և հրատարակման գործընթացները կարող են իրականացվել օրենքով չարգելված միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
34. Հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) իրականացումը:
35. Հանձնաժողովների գործունեության առարկան՝
1) մրցույթին ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն, որն իրականացվում է սույն կարգի 19-րդ կետով սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի կողմից.
2) ներկայացված ուսումնական նյութի բովանդակության՝ գիտականությանը և Չափորոշչին համապատասխանության ստուգում, որն իրականացվում է առարկայական հանձնաժողովում ընդգրկված չափորոշչի մասնագետի և առարկայի գիտականության գծով մասնագետի կողմից.
3) ներկայացված ուսումնական նյութի՝ առարկայի բովանդակության, մեթոդական և տարիքային հոգեբանության մասով փորձաքննություն, որն իրականացնում է առարկայական հանձնաժողովի առարկայական մասնագետների, հոգեբան մանկավարժի և լեզվի մասնագետի կողմից.
4) ներկայացված ուսումնական նյութի ձևավորման փորձաքննություն, որն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված բժիշկ-հիգիենիստի և նկարիչ-ձևավորողի կողմից:
36. Առարկայական հանձնաժողովը ձևավորվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործադիր ղեկավարի հրամանով, որն ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն է:
37. Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝
1) տվյալ առարկայի 3-5 մասնագետ,
2) մանկավարժ-հոգեբան,
3) հայոց լեզվի մասնագետ՝ Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի առաջարկությամբ (բացառությամբ՝ մայրենի և օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները),
4) նկարիչ-ձևավորող
5) բժիշկ-հիգիենիստ:
38. Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական Հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան կամ համապատասխանում են սույն կարգի 39-րդ կետով սահմանված պահանջներին:
39. Հանձնաժողովների՝ սույն կարգի 37-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված մյուս անդամներին, ինչպես նաև առարկայական հանձնաժողովում հանրակրթական ուսումնական Հաստատություններից ընդգրկված առարկայական մասնագետներին ներկայացվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),
2) մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:
40. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:
41. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները համապատասխան կառույցի կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
42. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է սահմանված կարգով կազմը հաստատվելու պահից: Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են մրցույթի արդյունքները, այդ թվում՝ կրկնակի փորձաքննություններն ամփոփելուց հետո:
43. Չափորոշչին ուսումնաօժանդակ գրականության համապատասխանության գնահատումն իրականացվում է մասնագիտացված կառույցների կողմից տրվող մասնագիտական եզրակացության հիման վրա:»:
2) Հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները.
ա. 1-ին կետի վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Դասագրքում ներառված գրաֆիկները, գծապատկերները, բանաձևերը պետք է լինեն վեկտորային:».
բ. 6-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Դասագրքի միջուկի համար գույների (սև, երկնագույն, պուրպուր, դեղին) գումարային տոկոսը չպետք է գերազանցի 250-ը:».
գ. 8-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Պատկերների (ռաստրային նկարների) իրական կետայնությունը պետք է լինի նվազագույնը 250 dpi, իսկ առավելագույնը՝ 300 dpi: Պատկերներն ակնառու դարձնելու համար մուգ ֆոնի վրա գունավոր ներկերով մակագրություն չի կիրառվում:».
դ.12-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«QR կոդերը պետք է լինեն մեկ գույնի՝ սև: Քարտեզների վրա մակագրությունները պետք է լինեն տեքստային (վեկտորային կամ գրաֆիկական) և համապատասխանեն սույն կետով սահմանված պահանջներին:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սահմանել, որ սույն նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանի Հավելված 1-ի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ գլխի 16-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված՝ օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշի ներկայացման պահանջը կիրառելի չէ 2025 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված մրցույթների դեպքում:
Նախարար՝
1/17/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|