ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԹԻՎ ԽՍՀՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը իրենց անհամաձայնությունն ու վճռական բողոքն են հայտնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձևի առթիվ ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության 1989 թվականի նոյեմբերի 19-ի հայտարարության դեմ, որը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել համաշխարհային հասարակական կարծիքը:
ԱՄՆ-ի սենատի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձևը և դրա հավանությունը սենատի կողմից Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ընկալում է իբրև ռեգիոնի ձգձգվող քաղաքական ճգնաժամի առթիվ ամերիկյան ժողովրդի մտահոգության արտահայտություն, ինքնորոշման մասին Լեռնային Ղարաբաղի բնակչության արդարացի պահանջի պաշտպանություն և ըմբռնում:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ափսոսանք են հայտնում, որ մեր օրերում, վերակառուցման և նոր մտածողության ժամանակաշրջանում ժողովրդի ինքնորոշման գաղափարի պաշտպանությունը, գաղափար, որը համապատասխանում է Խորհրդային Միության միջազգային բոլոր պայմանագրերին ու պարտավորություններին, ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության կողմից դիտվում է որպես «սադրիչ գործողություն» և միջամտություն երկրի ներքին գործերին: Նրանք ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրության հայտարարությունը դիտում են իբրև մի գործողություն, որը ոչ մի չափով չի արտացոլում հայ ժողովրդի կարծիքը և օրինական շահերը և արված է առանց Լեռնային Ղարաբաղի ու Հայկական ԽՍՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պահանջում են ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրությունից այսուհետև բացառել հայ ժողովրդի շահերին վերաբերող կամ նրա անունից արվող որևէ հայտարարություն` առանց համաձայնեցնելու Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրության հետ:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը նպատակահարմար են համարում իրենց կարծիքը հասցնել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների երկրորդ համագումարին և ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրությանը:
Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴի նախագահ` |
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
1 դեկտեմբերի 1989 թվականի, |