ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«09» հունվարի 2025 թ. |
N 04-Ն |
ՖՈՆԴԱՅԻՆ-ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ֆոնդային-գնահատող հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
1/9/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025-01-09 N 04-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՖՈՆԴԱՅԻՆ-ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ֆոնդային-գնահատող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է «Թանգարանների մասին» օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
2. ՖՈՆԴԱՅԻՆ-ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
3. Հանձնաժողովի կազմը հաստատում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարում է պետական և համայնքային թանգարանի ղեկավարը:
4. Պետական և համայանքային թանգարանի ղեկավարը գրավոր հանձնաժողովի կազմը ներկայացնում է լիազոր պետական մարմնի համաձայնեցմանը:
5. Լիազոր պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում) հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է իր դիրքորոշումը հանձնաժողովի կազմի վերաբերյալ:
6. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7-13 անդամներից:
7. Հանձնաժողովը բաղկացած է լիազոր պետական մարմնի մեկ, թանգարանների (անկախ ենթակայությունից և սեփականության ձևից) ֆոնդապահներից մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև թանգարանի բովանդակությանը համապատասխան ոլորտային մասնագետներ, արվեստաբաններ, մշակութաբաններ, պատմաբաններ, հնագետներ, մշակութային արժեքների փորձագետներ:
8. Հանձնաժողովը գործում է 3 տարի ժամկետով:
9. Հանձնաժողովի կազմի երկու երրորդը պետք է լինեն այլ մշակութային կազմա-կերպությունների մասնագետներ:
10. Հանձնաժողովի նախագահը թանգարանի գլխավոր ավանդապահն է՝ (ֆոնդապահը), որը նաև հանձնաժողովի անդամ է:
3. ՖՈՆԴԱՅԻՆ-ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է առկա նիստերի միջոցով:
12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է hանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 2/3-ի ներկայության դեպքում:
13. Հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել հանձնաժողովի նախագահի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի պարտականությունները իրականացնող թանգարանի ֆոնդապահներից մեկը:
14. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրված անձինք, որոնց ցանկը, ըստ օրակարգի սահմանվում է հանձնաժողովի տվյալ օրվա նիստի օրակարգով:
15. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և ձևավորում դրանց օրակարգերը՝ համաձայն սույն կարգի 24-րդ կետի,
2) վարում է հանձնաժողովի նիստերը և կազմակերպում որոշումների կայացման գործընթացը,
16. Հանձնաժողովի որոշումները կայացվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
17. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) ընտրվում է տվյալ թանգարանի աշխատակիցներից, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ,
2) հանձնաժողովի նիստից առնվազն երեք աշխատատանքային օր առաջ էլեկտրոնային փոստով ուղարկում է հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը,
3) հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է`
ա. նիստի անցկացման վայրը, ամսաթիվը, օրը, ժամը
բ. հանձնաժողովի անդամների և հրավիրյալների ազգանունը, անունը, պաշտոնը.
գ. նիստի քննարկմանը ներկայացված փաստաթղթերի մասին հակիրճ տեղեկույթը,
դ. համառոտ բովանդակությունը,
ե. ընդունած որոշումները:
18. Նիստերի արձանագրությունները յոթօրյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին:
19. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն՝
1) հանձնաժողովի գործառույթներին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել հանձնաժողովի նախագահին,
2) հանձնաժողովի նիստերի արձանագրություններին կցել հատուկ կարծիք:
20. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:
21. Հանձնաժողովի կայացրած որոշումները պարտադիր են կատարման:
22. Հանձնաժողովի արձանագրությունները ենթակա են գրանցման համա-պատասխան մատյանում, որը նախապես էջակալվում, կարվում, ստորագրվում է թանգարանի ղեկավարի կողմից և կնքվում:
23. Հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները մշտական, անժամկետ պահպանության են ենթակա թանգարանային հաշվառման և պահպանման բաժնում:
24. Հանձնաժողովը քննարկում, հաստատում և որոշումներ է կայացնում թանգարանի հավաքածուի հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) թանգարանային հավաքածուների համալրման հայեցակարգի դրույթներին համապատասխան թանգարանային առարկաների՝ հիմնական կամ գիտաօժանդակ հավաքածուի կազմում ընդգրկելը,
2) թանգարանի հիմնական հավաքածուի կազմից թանգարանի բովանդակությանը չհամապատասխանող թանգարանային առարկաների տեղափոխումը փոխանակային հավաքածու (տվյալ թանգարանի հայեցակարգին և ուղղվածությանը չհամապատասխանող թանգարանային առարկաներ և հավաքածուներ, որոնց կարիքը թեև տվյալ թանգարանը չունի, սակայն դրանք որոշակի նշանակություն ունեն գիտության և մշակույթի համար: Այդ թանգարանային առարկաները և հավաքածուները չեն համապատասխանում թանգարանի համալրման հայեցակարգին և կարող են անհատույց տրվել այլ թանգարաններին կամ փոխանակվել տվյալ թանգարանի ուղղվածությանը համապատասխան թանգարանային առարկաներով և հավաքածուներով` լիազոր պետական մարմնի համաձայնության դեպքում),
3) թանգարանային առարկաների գիտաօժանդակ հավաքածուից հիմնական հավաքածու տեղափոխումը,
4) թանգարանի հիմնական հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկայի կամ թանգարանային հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում եզրակացության հիման վրա ներկայացնում է առաջարկություն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական առարկայացուցակում համապատասխան փոփոխություն կատարելու մասին,
5) թանգարանի գիտական խորհրդի կողմից հաստատած թանգարանի հավաքածուի համալրման հայեցակարգի համաձայն այս կամ այն առարկայով թանգարանի հավաքածուի համալրման նպատակահարմարությունը,
6) թանգարանային հավաքածուի վերահաշվառման կամ ստուգման արդյունքները,
7) թանգարանային հավաքածուի գիտական ուսումնասիրության խնդիրները,
8) թանգարանային հավաքածուի աշխատանքի հետ կապված մեթոդական և կազմակերպչական հարցերը,
9) թանգարանային առարկայի ժամանակավոր արտահանելու դեպքում` վերջինիս ապահովագրական արժեքի սահմանման հարցը,
10) ամրակայման, վերականգնման ենթակա թանգարանային առարկաների ցանկը,
11) ըստ որակավորման չափորոշիչների՝ իրականացնում է թանգարանային առարկաների վերականգնողի որակավորման կարգի տրամադրումը,
12) ներկայացնում է տեղեկատվություն թանգարանային առարկաների կորստի, վնասվելու և ոչնչացման վերաբերյալ,
13) քննարկում և հաստատում է թանգարանային հավաքածուի հետ կապված այլ հարցեր:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2025 թվական: