Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.ՆԽ-700-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.1995-29.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/3-4
Ընդունող մարմին
ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
10.02.1995
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ


քաղ. Երևան
Հ.ՆԽ-700-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ( այսուհետ` Հայաստանի բանկ) հանրապետության գլխավոր բանկն է, որի գույքը պատկանում է պետությանը:

Հայաստանի բանկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:

Հայաստանի բանկն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլ նորմատիվային ակտեր, որոնք պարտադիր են Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների համար:

Հայաստանի բանկն իրավաբանական անձ է, իր ծախսերն ապահովում է սեփական եկամուտների հաշվին, ունի գույք և գույքային իրավունքներ, կրում է պատասխանատվություն և կարող է հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող դատարանում ու արբիտրաժում:

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմամբ կարող է լինել բորսաների, բանկերի, ձեռնարկությունների, նպատակային ֆոնդերի, միությունների հիմնադիր և բաժնետեր (մասնակից), ինչպես նաև այլ երկրների կենտրոնական բանկերի հետ միավորվել միջբանկային միություններում:

Հայաստանի բանկն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Հայաստանի բանկի գլխավոր գրասենյակի կենավայրն է Երևան քաղաքը:

 

Հոդված 2. Հայաստանի բանկի խնդիրները

 

Հայաստանի բանկի խնդիրներն են`

- դրամի ներքին ու արտաքին կայունության ապահովումը.

- հավասարակշռված և կայուն տնտեսական համակարգի գործունեությանը նպաստող դրամական, վարկային և ֆինանսական պայմանների ստեղծումը.

- բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների, վարկատուների և ավանդատուների շահերի պաշտպանությունը բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման և վերահսկման միջոցով.

- միջբանկային հաշվարկների համակարգի կազմավորումը.

- բանկային որակյալ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:

 

Հոդված 3. Հայաստանի բանկի ֆունկցիաները

 

 Հայաստանի բանկի կողմից իրականացվող ֆունկցիաներն են`

- օրենքով սահմանված կարգով դրամի էմիսիայի իրականացումն ու կարգավորումը, դրամաշրջանառության կազմակերպումը.

- դրամավարկային քաղաքականության իրականացումը.

- միջբանկային հաշվարկների կազմակերպումը.

- հանրապետության պետական պարտքի սպասարկումը.

- հանրապետության արժութային քաղաքականության իրականացումը, հանրապետության արժութային և թանկարժեք մետաղների ու քարերի պահուստների կառավարումը.

- Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելու և արտարժույթով բանկային գործառնություններ կատարելու համար արտոնագրեր տրամադրելը:

- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների (բարեգործական, ապահովագրական, կենսաթոշակային ֆոնդերի, ինվեստիցիոն ընկերությունների և համանման այլ ընկերությունների ու կազմակերպությունների) գործունեության հսկողությունը.

- բանկային վիճակագրության կազմակերպումը.

- Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկման կազմակերպումը.

- Հայաստանի բանկում գտնվող պարտադիր պահուստների չափի սահմանումը.

- բաց շուկայի քաղաքականության իրականացումը.

- իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի համար տնտեսական նորմատիվների սահմանումը.

- պետական բյուջեի բանկային սպասարկման կազմակերպումը.

- բանկային հաշվառման միասնական կանոնների սահմանումը.

- տնտեսության մեջ բանկային հաշվարկների կարգի վճարման փաստաթղթերի ձևերի սահմանումը:

 

Հոդված 4. Հայաստանի բանկի պատասխանատվությունը

 

Հայաստանի բանկը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների համար:

Հայաստանի բանկն իր գործունեության ընթացքում պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի բանկի պարտավորությունների համար, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի բանկը չի ստանձնել այդպիսիք:

 

Հոդված 5. Հայաստանի բանկի ենթակայությունը

 

Հայաստանի բանկն իր գործունեությամբ հաշվետու է միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին և անկախ է գործադիր մարմիններից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատում է Հայաստանի բանկի տարեկան հաշվեկշիռն աուդիտային կազմակերպության կողմից վավերացվելուց հետո:

Աուդիտային կազմակերպության ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի բանկի առաջարկությամբ:

 

Հոդված 6. Հայաստանի բանկի եկամուտները և ծախսերը

 

 Հայաստանի բանկի եկամուտներն են` սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեությունից` հաշվարկային (վճարումների կազմակերպման և իրականացման հետ կապված), արժեթղթերի, վարկային, արտարժույթով, թանկարժեք մետաղների և քարերի, դեպոզիտային, հաշվառման (չեկերի և մուրհակների հաշվառում), այլ գործառնություններից (արժեքների ի պահ ընդունում, Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների համար կոմիսիոն հիմունքներով ակտիվների առք ու վաճառք), բանկային հսկողության բնագավառում իր լիազորությունների իրականացման հետևանքով բռնագանձված տույժերը և տուգանքները` բացի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից ստացված հատկացումները, Հայաստանի բանկին դրամական նվիրատվությունները, տարբեր կազմակերպությունների կողմից տրված օգնությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:

Հայաստանի բանկի ծախսերն են` սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացման համար կատարվող գործառնական (թղթադրամի, մետաղադրամի, հուշադրամների, հուշամեդալների պատրաստումը), Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման մարմինների և պետական բյուջեի սպասարկման, ներգրավված վարկերի, ավանդների և դեպոզիտների դիմաց տոկոսների վճարման, բանկերի թղթակցային հաշիվների սպասարկման, պահուստների կառավարման և սպասարկման, այդ թվում` արտարժույթով և թանկարժեք մետաղներով ու քարերով բանկային գործառնությունների իրականացման հետ կապված փոստային, հեռագրային և կապի այլ միջոցների օգտագործման հետ կապված ծախսերը, այդ գործառնությունների կատարման համար պահանջվող փաստաթղթերի պատրաստման և տպագրման, հաշվողական տեխնիկայի սպասարկման, արժեքների պահպանման և փոխադրման, վճարած տույժերի և տուգանքների, ապարատի պահպանման ծախսերը (անձնակազմի աշխատավարձ, սոցապ մուծումներ, հրավիրված մասնագետների վարձատրություն, վարչական ծախսեր` գրենական պիտույքների ձեռքբերում, հեռախոսի վարձ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների սպասարկում), աուդիտային ծառայությունների դիմաց վճարները:

 

Հոդված 7. Հայաստանի բանկի շահույթը և դրա բաշխումը

 

Հայաստանի բանկի շահույթը ձևավորվում է իր գործունեության արդյունքներից` որպես բոլոր եկամուտների և ծախսերի տարբերություն:

Ստացված շահույթը, սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակային ֆոնդերը համալրելուց հետո, փոխանցվում է պետական բյուջե:

 

Հոդված 8. Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալը

 

Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալի չափը կազմում է 5 մլն դրամ, որը պատկանում է պետությանը և ծառայում է Հայաստանի բանկի պարտավորությունների ապահովմանը:

Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալի չափը, ձևավորման աղբյուրները և տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

 

Հոդված 9. Հայաստանի բանկի ֆոնդերը

 

Հայաստանի բանկն իր շահույթից ստեղծում է պահուստային, բանկի զարգացման, կայունացման, աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման և բանկի նախագահի ֆոնդեր: Շահույթից ֆոնդերին մասհանումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ` կատարելով վերջնահաշվարկ տարեկան արդյունքներով: Մասհանումների չափերը հաստատում է Հայաստանի բանկի վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հետ (բացի կայունացման և պահուստային ֆոնդերի մասհանումների չափերից):

Հայաստանի բանկի վարչության որոշմամբ կարող է վերաբաշխվել ֆոնդերում (բացի կայունացման) առկա միջոցների չօգտագործված մնացորդը, բայց ոչ ավելի, քան ֆոնդերի ընդհանուր գումարի 30 տոկոսը:

 

Հոդված 10. Պահուստային ֆոնդ

 

Հայաստանի բանկի գործունեության հնարավոր վնասների` եկամուտների նկատմամբ նախահաշվով նախատեսված ծախսերի գերազանցման, արտարժույթի փոխարժեքի նվազման փոխհատուցման նպատակով ստեղծվում է պահուստային ֆոնդ, որի չափը չի կարող պակաս լինել Հայաստանի բանկի կանոնադրական կապիտալի չափից:

 

Հոդված 11. Զարգացման ֆոնդ

 

Ֆոնդի միջոցներն օգտագործվում են Հայաստանի բանկի հիմնական միջոցների ձեռքբերման, նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման նպատակներով:

Բացի շահույթից, բանկի զարգացման ֆոնդի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև հիմնական միջոցների իրացումից առաջացած մուտքերը:

 

Հոդված 12. Կայունացման ֆոնդ

 

Ֆոնդի միջոցներն օգտագործվում են դրամավարկային և արժութային քաղաքականության իրականացման, Հայաստանի Հանրապետության ազգային դրամի կայունացման, այդ թվում` արժութային արժեքներով պահուստների ձևավորման նպատակներով:

Ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել նաև սույն կանոնադրության առաջին հոդվածով նախատեսված դեպքերում` հիմնադիր, բաժնետեր (մասնակից) դառնալու նպատակով:

 

Հոդված 13. Հայաստանի բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդ

 

Ֆոնդի միջոցներն օգտագործվում են Հայաստանի բանկի աշխատակիցների նյութական խրախուսման, սննդի, տրանսպորտային և բուժսպասարկման ծախսերի մասնակի փոխհատուցման, աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, լրացուցիչ կենսաթոշակային երաշխիքների ապահովման նպատակով:

 

Հոդված 14. Հայաստանի բանկի նախագահի ֆոնդը

 

Ֆոնդի միջոցները տնօրինվում են Հայաստանի բանկի նախագահի կողմից և օգտագործվում Հայաստանի բանկի ֆունկցիաներից բխող հատուկ խնդիրների իրականացման, ինչպես նաև Հայաստանի բանկի ֆոնդերով չկարգավորված այլ համանման նպատակներով:

 

Հոդված 15. Հայաստանի բանկի գույքը

 

Հայաստանի բանկի գույքն իրեն է պատկանում լրիվ տնտեսավարման իրավունքով:

Հայաստանի բանկի գույք են հանդիսանում` բանկի նյութական և ոչ նյութական արժեքները, դրամական, ներառյալ` թանկարժեք մետաղների և քարերի, արտարժույթի սեփական պահուստները:

Հայաստանի բանկի գույքը ձևավորվում է պետության դրամական և նյութական ներդրումներից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծվող համապատասխան ֆոնդերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ աղբյուրներից:

 

Հոդված 16. Հայաստանի բանկի գույքային իրավունքների երաշխիքները

 

Պետությունը երաշխավորում է Հայաստանի բանկի գույքային իրավունքների պաշտպանությունը: Հայաստանի բանկի գույքային իրավունքների պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից խախտվելու հետևանքով պատճառված վնասը, վեճի առկայության դեպքում, հատուցվում է արբիտրաժի որոշմամբ կամ դատարանի վճռով:

 

Հոդված 17. Հայաստանի բանկի կառուցվածքը

 

Հայաստանի բանկը կենտրոնացված, միացյալ համակարգ է, որը ներառում է գլխամասային գրասենյակը (կենտրոնական ապարատը) և նրան ենթակա հիմնարկները, բաժանմունքներն ու ներկայացուցչությունները:

Հայաստանի բանկը և նրան ենթակա հիմնարկները, բաժանմունքներն ու ներկայացուցչություններն ազատված են բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և մաքսային վճարումներից:

Բանկին ենթակա հիմնարկների, բաժանմունքների և ներկայացուցչությունների ստեղծման, լուծարման, ինչպես նաև դրանց կանոնադրությունների հաստատման իրավունքը վերապահվում է Հայաստանի բանկի վարչությանը:

 

Հոդված 18. Հայաստանի բանկի կառավարումը

 

Հայաստանի բանկի կառավարումն իրականացնում են Հայաստանի բանկի վարչությունը և Հայաստանի բանկի նախագահը:

 

Հոդված 19. Հայաստանի բանկի վարչությունը

 

Հայաստանի բանկի կառավարման բարձրագույն մարմինը Հայաստանի բանկի վարչությունն է, որը պատասխանատու է Հայաստանի բանկի վարած քաղաքականության համար:

Հայաստանի բանկի վարչությունը`

- ընդունում է դրամավարկային քաղաքականության գլխավոր ուղղությունների նախագիծը.

- որոշում է բանկերի, պետական բյուջեի հետ, արժեթղթերի շուկայում, ազատ արժութային շուկայում Հայաստանի բանկի գործառնությունների ծավալները և տեսակները.

- սահմանում է բանկերի, պետական բյուջեի հետ Հայաստանի բանկի գործառնությունների տոկոսադրույքները.

- դրամավարկային քաղաքականության հաստատված ծրագրի շրջանակներում հաստատում է բանկերի` Հայաստանի բանկում գտնվող պարտադիր պահուստների նորմատիվները և տնտեսական մյուս նորմատիվները.

- սահմանում է դրամով և արտարժույթով վճարման փաստաթղթերի ձևերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ չի նախատեսված.

- սահմանում է Հայաստանի բանկի կողմից արտարժույթով գործառնություններ կատարելու կանոնները.

- քննարկում է Հայաստանի բանկի աշխատանքի մասին տարեկան հաշվետվությունը.

- սահմանում է Հայաստանի բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության, խրախուսման և նրանց կարգապահական տույժերի ենթարկելու կարգը.

- հաստատում է Հայաստանի բանկի ծախսերի նախահաշիվը.

- հաստատում է Հայաստանի բանկի կողմից իր աշխատակիցներին վարկ տրամադրելու կարգը.

- հաստատում է առևտրային բանկերի գրանցման, բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների արտոնագրման կարգը.

- սահմանում է Հայաստանի Հանրապետության բանկերի և դրանց մասնաճյուղերի (բաժանմունքների) ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշները.

- որոշում է բանկային օրենսդրությամբ սահմանված տնտեսական նորմատիվների խախտման, Հայաստանի բանկի հանձնարարությունների չկատարման դեպքերում առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների տեսակները և կիրառման կարգը.

- սահմանում է բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների շահույթից ստեղծվող պահուստային, ապահովագրական և այլ ֆոնդերի ձևավորման կարգը.

- սահմանում է բանկային հաշվառման և հաշվարկների իրականացման կարգը, ինչպես նաև դրամարկղային գործառնությունների վարման կարգը:

Հայաստանի բանկի վարչությունն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով կամ Հայաստանի բանկի նախագահի որոշմամբ` հարցման կարգով: Բանկի վարչության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է վարչության անդամների 2/3-ը: Վարչության որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչության որոշումները կարող են ընդունվել ինչպես բաց, այնպես էլ Հայաստանի բանկի նախագահի որոշմամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Բանկի վարչության նիստում ձայների հավասարության դեպքում Հայաստանի բանկի նախագահն ունի վճռական ձայնի իրավունք:

Հայաստանի բանկի վարչության նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

Հայաստանի բանկի նախագահի կամ վարչության անդամների 1/4-ի առաջարկությամբ կարող է հրավիրվել բանկի վարչության արտահերթ նիստ:

Առանձին դեպքերում հրատապ լուծում պահանջող հարցերի որոշման նախագծերը կարող են հաստատվել Հայաստանի Հանրապետության բանկի նախագահի կողմից` վարչության անդամներին տրված հարցման հիման վրա:

Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին համաձայնություն են տվել Հայաստանի բանկի վարչության հինգ անդամները, և այն ունի նույն իրավական ուժը, ինչ վարչության նիստում ընդունված որոշումը:

 

Հոդված 20. Հայաստանի բանկի նախագահը

 

Հայաստանի բանկի նախագահը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ, 7 տարի ժամկետով:

Հայաստանի բանկի նախագահը`

- իրականացնում է բանկի ընթացիկ ղեկավարումը.

- պատրաստում է վարչության և կոլեգիայի նիստերի նյութերը.

- նախագահում է Հայաստանի բանկի վարչության և կոլեգիայի նիստերին ու ստորագրում վարչության ընդունած որոշումները և ի կատարումն այդ որոշումների արձակում է կարգադրություններ, հրամաններ և տալիս խորհրդատվական ցուցումներ.

- կազմակերպում է տնտեսագիտական հետազոտություններ և մեթոդական մշակումներ բանկային գործունեության բնագավառում.

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ է ներկայացնում Հայաստանի բանկի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև հաջորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը.

- Հայաստանի բանկը ներկայացնում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ` արտասահմանում.

- մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

- հաստատում է բանկի ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը և ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները. - Հայաստանի բանկի անունից կնքում է պայմանագրեր, տալիս լիազորագրեր.

- նշանակում և աշխատանքից ազատում է բանկի նախագահի տեղակալներին, ապարատի աշխատողներին ու Հայաստանի բանկի հիմնարկների, ձեռնարկությունների, բաժանմունքների, ներկայացուցչությունների ղեկավարներին.

- կատարում է նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

- իր իրավասությանը վերապահված առանձին լիազորություններ կարող է վերապահել առաջին տեղակալին, տեղակալներին և բանկի այլ աշխատակիցներին:

 

Հոդված 21. Հայաստանի բանկի կոլեգիան

 

Հայաստանի բանկի նախագահին առընթեր, որպես խորհրդակցական մարմին, կարող է ստեղծվել Հայաստանի բանկի կոլեգիա, որի կազմը, անդամների թիվը, գործունեության կարգը և լիազորությունները հաստատում է բանկի նախագահը:

 

Հոդված 22. Հայաստանի բանկի նախագահի տեղակալները

 

Հայաստանի բանկի նախագահն ունի առաջին տեղակալ և տեղակալներ: Նախագահի առաջին տեղակալը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ, յոթ տարի ժամկետով, իսկ նախագահի տեղակալները նշանակվում են Հայաստանի բանկի նախագահի կողմից:

Հայաստանի բանկի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ նախագահի առաջին տեղակալի բացակայության դեպքում` տեղակալներից մեկը: Հայաստանի բանկի նախագահի , նախագահի առաջին տեղակալի և տեղակալների միաժամանակյա բացակայության դեպքում, Հայաստանի բանկի նախագահի պարտականությունները կատարում է վերջինիս կողմից լիազորված բանկի աշխատակիցը:

 

Հոդված 23. Հայաստանի բանկի լիազորությունները բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների վարկավորման բնագավառում

 

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների համար հանդիսանում է վերջին ատյանի վարկատու:

Բանկերին և այլ ֆինանսավարկային կազմակերպություններին վարկերը հատկացվում են դրամավարկային քաղաքականության ծրագրով սահմանված լիմիտով: Լիմիտից ավելի վարկավորման դեպքում վարկը հատկացվում է մինչև 5 տարի ժամկետով:

Հայաստանի բանկը վարկավորում կարող է իրականացնել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջբանկային վարկային աճուրդների միջոցով` օրենքով նախատեսված երաշխիքների առկայության դեպքում:

Հայաստանի բանկն ինքնուրույն է սահմանում իր կողմից տրվող վարկերի տոկոսադրույքները:

 

Հոդված 24. Հայաստանի բանկի փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հետ

 

Հայաստանի բանկն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող տնտեսական միջոցառումներին այն դեպքում, երբ դրանք չեն հակասում Հայաստանի բանկի կանոնադրական նպատակներին:

Դրամավարկային կարգավորման հետ կապված նորմատիվ ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում ենթակա են քննարկման Հայաստանի բանկի եզրակացության առկայության դեպքում:

Հայաստանի բանկն անվճար իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության բանկային սպասարկումը, այդ թվում` բյուջեի դրամարկղային սպասարկումը և հաշվարկային ու այլ գործառնությունների իրականացումը:

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ անվճար իրականացնում է պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկումը` կատարելով պետական արժեթղթերի տեղաբաշխման, տոկոսների վճարման, վերաֆինանսավորման և վարկերի մարման հետ կապված, ինչպես նաև հաշվարկային այլ գործառնություններ:

Հայաստանի բանկն իր գործունեության ընթացքում ստացած շահույթը սույն կանոնադրությամբ նախատեսված ֆոնդերը համալրելուց հետո ուղղում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ժամկետներում, բայց ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ` կատարելով վերջնահաշվարկ տարեկան արդյունքներով:

Հայաստանի բանկը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարկ տրամադրել մինչև մեկ տարի ժամկետով` սպասվելիք բյուջետային եկամուտների ոչ ավելի, քան 25 տոկոսի չափով:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվող վարկի պայմանագրային չափը կարող է մեծացվել, իսկ հատկացման ժամկետը` երկարաձգվել, միայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաստանի բանկը, սահմանված կարգով, կարող է գնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բաց թողնված արժեթղթերն առաջնային տեղաբաշխման ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորման սահմանային չափի և ժամկետների սահմաններում:

Վարկերի տրամադրումը և արժեթղթերի տեղաբաշխումը իրականացվում է Հայաստանի բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև կնքված պայմանագրերով, որտեղ նշվում է վարկի չափը, հատկացման ժամկետը, վճարման տոկոսը և այլ անհրաժեշտ պայմաններ:

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը և իր կողմից սպասարկվող պետական կառավարման այլ մարմիններին տեղեկացնում է իր կողմից իրականացվող բանկային ծառայությունների տեսակների և դրանց իրականացման պայմանների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերջինիս լիազորությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությամբ, Հայաստանի բանկը ներկայացնում է տեղեկատվություն բյուջեի դրամարկղային սպասարկման, Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվների սպասարկման, հանրապետությունում դրամավարկային բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

Հոդված 25. Հայաստանի բանկի լիազորությունները դրամաշրջանառության կազմակերպման բնագավառում և էմիսիոն իրավունքը

 

Հայաստանի բանկին է պատկանում շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և շրջանառությունից այն հանելու բացառիկ իրավունքը:

Հայաստանի բանկն իրականացնում է անկանխիկ էմիսիայի կարգավորումը դրամավարկային լծակների միջոցով:

Հայաստանի բանկը էմիսիան իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում:

Հայաստանի բանկն ինքնուրույն է որոշում շրջանառության մեջ կանխիկ դրամի անհրաժեշտ չափը:

Դրամաշրջանառությունը կազմակերպելիս Հայաստանի բանկը`

- որոշում է հանրապետության տնտեսության մեջ դրամարկղային գործառնություններ կատարելու կարգը.

- կազմակերպում է թղթադրամի ու մետաղադրամի պատրաստումը.

- սահմանում է կանխիկ դրամի պահպանման, տեղափոխման և ինկասացիայի կարգը.

- ապահովում է թղթադրամի ու մետաղադրամի պահուստային ֆոնդերի ստեղծումը.

- սահմանում է դրամի վճարունակության հատկանիշները, փոխանակման և ոչնչացման կարգը:

 

Հոդված 26. Հայաստանի բանկի լիազորությունները արժութային քաղաքականության բնագավառում

 

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետությունում արժութային քաղաքականություն իրականացնող և արժութային կարգավորման հիմնական մարմինն է:

Հայաստանի բանկը`

- որոշում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթով կատարվող գործառնությունների կարգը.

- սահմանում է արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի շրջանառության կարգը Հայաստանի Հանրապետությունում.

- հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կատարման համար նորմատիվ ակտեր.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության կատարման հսկողությունը.

- սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից արտարժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնությունների կատարման կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության արժույթով և դրանով արտահայտված արժեթղթերով գործառնությունների կատարման կանոնները.

- սահմանում է ռեզիդենտներին պատկանող արտարժույթը և դրանով արտահայտված արժեթղթերը Հայաստանի Հանրապետություն փոխադրելու, առաքելուև ներմուծելու կարգը, ինչպես նաև ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող բանկերում արտարժույթով հաշիվներ բացելու կարգը.

- սահմանում է բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից արժութային գործառնություններ կատարելու արտոնագրման կանոնները և տալիս է այդպիսի արտոնագրեր, ինչպես նաև իրականացնում է դրանց գործունեության հսկողությունը.

- սահմանում է դրամի փոխարժեքը օտարերկրյա պետությունների դրամական միավորների նկատմամբ.

- կարգավորում է դրամի շուկայական փոխարժեքը.

- կառավարում է Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և արտարժույթի պաշտոնական պահուստները.

- սահմանում է արժութային գործառնությունների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր (այդ թվում` լիազոր բանկերի համար), ինչպես նաև դրանք վարելու և Հայաստանի բանկ ներկայացնելու ժամկետները.

- ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան` նախապատրաստում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության արժութային վիճակագրությունը.

- իրավասու է իրականացնելու արժութային գործառնությունների բոլոր տեսակները.

- կատարում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ ֆունկցիաներ:

 

Հոդված 27. Հայաստանի բանկի լիազորությունները արտաքին հարաբերությունների բնագավառում

 

Հայաստանի բանկը Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում է միջազգային բանկերում, այլ ֆինանսավարկային կազմակերպություններում, ինչպես նաև այն պետությունների կենտրոնական բանկերի հետ հարաբերություններում, որտեղ միջբանկային համագործակցությունն իրականացվում է պետությունների կենտրոնական բանկերի մակարդակով:

Հայաստանի բանկը կարող է օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերի հետ միավորվել միջազգային միություններում:

Հայաստանի բանկը գործող օրենսդրության և միջազգային բանկային պրակտիկայում ընդունված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում արտարժույթով իրականացնում է ցանկացած գործառնություն, բացում է արտասահմանում Հայաստանի բանկի հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, թույլատրում և արտոնագրում է արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 28. Հայաստանի բանկի կողմից իրականացվող հսկողությունը և այլ լիազորությունները

 

Հայաստանի բանկը`

- բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու և հսկելու միջոցով պաշտպանում է վարկատուների և ավանդատուների շահերը.

- բանկային գործունեություն իրականացնելու համար գրանցում և արտոնագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին. - Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում արտարժույթով գործառնություններ իրականացնելու համար բանկային և այլ ֆինանսավարկային կազմակերպություններին տալիս է արտոնագրեր.

- բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հնարավոր վնասները փոխհատուցելու համար սահմանում է պահուստային և ապահովագրական ֆոնդերի ձևավորման կարգը:

Բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները` կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

- սեփական միջոցները և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը.

- հաշվեկշռի իրացվելիության (լիկվիդայնության) ցուցանիշները.

- Հայաստանի բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը.

- մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը.

- բնակչության կողմից ներդրված գումարների և սեփական միջոցների միջև սահմանային հարաբերակցությունը:

Հայաստանի Հանրապետության բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների տնտեսական գործունեությունն ստուգվում է Հայաստանի բանկի կամ վերջինիս հանձնարարությամբ` համապատասխան աուդիտային կազմակերպության կողմից:

 

Հոդված 29. Հայաստանի բանկի իրավասությունը բանկային օրենսդրության խախտումների վերացման ուղղությամբ

 

Բանկերի կողմից բանկային օրենսդրությունը խախտելու, Հայաստանի բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվները չպահպանելու, տրված հանձնարարությունները չկատարելու, հաշվետվությունները չներկայացնելու, բանկի ավանդատուների և վարկատուների շահերը վտանգելու դեպքում Հայաստանի բանկն իրավասու է`

ա) բանկի հիմնարկների (մասնակիցների) առջև հարց բարձրացնել ֆինանսական առողջացման, բանկը վերակազմավորելու կամ լուծարելու մասին.

բ) կիրառել հետևյալ պատժամիջոցները`

- բանկերի թղթակցային անառարկելիության կարգով բռնագանձել տուգանք.

- բարձրացնել պարտադիր ռեզերվների նորմատիվները. - բանկի խորհրդի համաձայնությամբ նշանակել բանկի կառավարման ժամանակավոր ադմինիստրացիա.

- անվավեր ճանաչել բանկային գործունեության կամ բանկային գործառնություններ կատարելու համար տրված արտոնագիրը.

- հաշվի վրա կալանք դնել:

Նշված ներգործության միջոցների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի բանկի վարչության կողմից:

 

Հոդված 30. Հայաստանի բանկի աշխատակիցները և նրանց վարկավորումը

 

Հայաստանի բանկի աշխատակիցներ են հանդիսանում Հայաստանի բանկի գլխամասային գրասենյակի, հիմնարկների, ձեռնարկությունների, բաժանմունքների և ներկայացուցչությունների աշխատակիցները:

Հայաստանի բանկի ծառայողներին արգելվում է համատեղությամբ զբաղվել պաշտոնեական կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ (բացի գիտական, մանկավարժական և այլ ստեղծագործական գործունեությունից) և ստանալ լրացուցիչ վարձատրություն, լինել առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բաժնետեր (մասնակից) կամ այլ կերպ մասնակցել դրանց կառավարման աշխատանքներին:

Հայաստանի բանկի աշխատակիցները «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքներից բացի կարող են`

- դրամական ավանդներ պահել ինչպես Հայաստանի բանկում, այնպես էլ այլ բանկերում.

- ձեռք բերել արժեթղթեր, պարտատոմսեր, լինել այլ կազմակերպական իրավական տեսակի ձեռնարկությունների բաժնետերեր և հիմնադիրներ` բացի օրենքով արգելված դեպքերից:

Հայաստանի բանկի աշխատակիցները այլ բանկերից իրավունք չունեն ստանալ վարկեր: Վարկերը Հայաստանի բանկի աշխատակիցներին կարող են տրամադրվել միայն Հայաստանի բանկի վարչության կողմից հաստատված կարգով:

 

Հոդված 31. Հայաստանի բանկի հաշվետվությունը

 

Հայաստանի բանկը յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում նախորդ տարվա հաշվետվությունը:

Հայաստանի բանկը յուրաքանչյուր եռամսյակ մամուլում հրապարակում է իր հաշվեկշիռը, բանկային համակարգի ամփոփ հաշվեկշիռը: Տարեկան հաշվեկշիռը հրապարակում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

Հոդված 32. Հայաստանի բանկի լուծարումը

 

Հայաստանի բանկը կարող է լուծարվել միայն օրենքով: Լուծարման դեպքում Հայաստանի բանկի գույքը, իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են օրենքում նշված իրավահաջորդին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.1996, ՀՕ-69 29.08.1996, Հ.ՆԽ-700-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան