Գլխավոր տեղեկություն
Համար
հ.նխ-559-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/20
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Սահմանել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների տրամադրման հետևյալ կարգը.

1. Առանձին վճարողների կամ վճարողների խմբի հարկային արտոնություններ տրամադրելու, առանձին հարկերի դրույքաչափեր, հաստատագրված վճարների չափ և վճարման կարգ սահմանելու վերաբերյալ առաջարկությունները ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է միայն այն դեպքում, երբ այդպիսիք պաշտոնապես ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության միջոցով հանձնվում է Գերագույն խորհրդի համապատասխան շահագրգիռ հանձնաժողովներին` գրավոր կարծիք տալու համար:

3. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տասն օրվա ընթացքում իր նիստում քննարկում է ներկայացված որոշման նախագիծը ըստ էության և լուծում համաձայնություն տալու հարցը: Ընդ որում, այդ նիստին հրավիրվում են նաև գրավոր կարծիք հայտնած հանձնաժողովների ներկայացուցիչները:

4. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ընդունված որոշման մասին գրավոր հայտնվում է համապատասխան շահագրգիռ մշտական հանձնաժողովներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության վերոհիշյալ բոլոր որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական մամուլում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագրում:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


30 ապրիլի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 248, կետ 11
հ.նխ-559-1