ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների կանոնադրությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի և զինվորական դատարանի հաստիքացուցակները:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Հաստատված է 1992 թվականի սեպտեմբերի 12-ի Հ.Նխ-515-1 որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը
Գ Լ Ո Ւ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանները Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մասն են և գործում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Զինվորական դատարանները կազմվում են տարածքային սկզբունքով:
Հոդված 2
Զինվորական դատարանները, իրականացնելով արդարադատություն, կոչված են ոտնձգություններից պաշտպանելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, նրա զինված ուժերի մարտունակությունը և պատրաստականությունը, զինվորական կարգապահությունը և զինվորական ծառայություն կրելու սահմանված կարգը:
Հոդված 3
Զինվորական դատարանների կազմավորումը և իրավասությունը, դատավորների և ժողովրդական ատենակալների ընտրության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 4
Արդարադատություն իրականացնելիս զինվորական դատարանները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության դատարանակազմության մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:
Հոդված 5
Զինվորական դատարանն ընտրվում է դատարանի դատավորների և ժողովրդական ատենակալների կազմով:
Զինվորական դատարանների դատավորներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Զինվորական դատարանի ժողովրդական ատենակալներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության պետական վարչության, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների պետական վարչության, զինվորական ուսումնական հաստատությունների զինծառայողների ընդհանուր ժողովներում` օրենքով սահմանված կարգով:
Զինվորական դատարանի դատավորները կարող են հետ կանչվել կամ ժամկետից շուտ այդ պաշտոնից ազատվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Առաջին անգամ զինվորական դատավոր ընտրվածները տալիս են հետևյալ երդումը. «Ստանձնելով դատավորի պարտականությունները, երդվում են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, արդարադատությունը իրականացնել օրենքին ճիշտ համապատասխան` անկախ որևէ ազդեցությունից, լինել արդարացի, սկզբունքային և անաչառ, ամենուրեք իմ վարքով արժանի լինել դատավորի բարձր կոչմանը»:
Հոդված 6
Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանի դատավորը կարող է ընտրվել 25 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացին, որը տիրապետում է հայերենին, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, ըստ մասնագիտության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ և հանձնել է որակավորման քննություններ:
Հոդված 7
Զինվորական դատարանի ժողովրդական ատենակալ կարող է ընտրվել իսկական կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի: Արդարադատություն իրականացնելիս ժողովրդական ատենակալները օգտվում են դատավորի հետ համահավասար իրավունքներից:
Հոդված 8
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը զինվորական դատարանում ընտրված դատավորներից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ հաստատում է դատարանի նախագահին:
Հոդված 9
Զինվորական դատարանում քրեական և քաղաքացիական գործերի քննությունը կատարվում է կոլեգիալ կարգով:
Առաջին ատյանի դատարանում քրեական և քաղաքացիական բոլոր գործերը քննվում են զինվորական դատարանի դատավորի և երկու ժողովրդական ատենակալների կազմով:
Զինվորական գործերի դատական կոլեգիայում վճռաբեկության և հսկողության կարգով գործերի քննությունը կատարվում է դատարանի երեք անդամների կազմով:
Հոդված 10
Արդարադատություն իրականացնելիս զինվորական դատավորներն ու ժողովրդական ատենակալները անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
Հոդված 11
Զինվորական դատարանի դատավորը (իսկ ատենակալը` գործի քննության ընթացքում) չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել կամ դատական կարգով վարչական տույժի ենթարկվել առանց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնության, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում` առանց Գերագույն խորհրդի նախագահության համաձայնության:
Հոդված 12
Զինվորական դատարանի դատավորը կարգապահական պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Գ Լ Ո Ւ Խ 2
ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ
Հոդված 13
Զինվորական դատարաններն ընդդատյա են`
- զինծառայողների, ինչպես նաև վարժական հավաքների մեջ գտնվող զինապարտների կողմից կատարված բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը.
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության գեներալական, սպայական, ենթասպայական, սերժանտական և շարքային անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը.
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության զինծառայողների անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը.
- Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային հիմնարկների սերժանտական, ենթասպայական, սպայական անձնակազմի կողմից կատարվող ծառայությունը կրելու սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերը.
- լրտեսության վերաբերյալ գործերը.
- միջպետական համաձայնագրերով զինվորական դատարաններին վերապահված գործերը.
- սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված անձանց կողմից կատարված վարչական զանցանքների վերաբերյալ գործերը:
Հոդված 14
Զինվորական դատարանները քրեական գործերի հետ համատեղ քննության են առնում այդ հանցագործություններով քաղաքացիներին, զորամասերին, պետական և ոչ պետական ձեռնարկություններին ու հիմնարկներին պատճառված նյութական վնասի հատուցման պահանջի վերաբերյալ հայցերը:
Հոդված 15
Եթե մեկ կամ մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործություններից թեկուզ և մեկի վերաբերյալ գործը ընդդատյա է զինվորական դատարանին, ապա բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը քննում է զինվորական դատարանը:
Եթե մի խումբ անձանց կողմից կատարված մեկ կամ մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղադրյալներից թեկուզ մեկի գործը ընդդատյա է զինվորական դատարանին, ապա բոլոր մեղադրյալների վերաբերյալ գործը քննում է զինվորական դատարանը:
Հոդված 16
Սույն կանոնադրության 13 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված, ծառայության ընթացքում հանցագործություններ կատարած, սակայն գործը դատարանում քննելու պահին ծառայությունից արձակված անձանց գործերը քննում է զինվորական դատարանը:
Հոդված 17
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիային ընդդատյա են գնդապետի, գեներալի զինվորական կոչում ունեցող կամ այդպիսի կոչում պահանջող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների վերաբերյալ գործերը:
Գ Լ Ո Ւ Խ 3
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18
Զինվորական դատարանների դատական գործունեության հսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը:
Հոդված 19
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիան`
- քննության է առնում Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների վճիռների և դատավճիռների դեմ բերված վճռաբեկ, մասնավոր գանգատներն ու բողոքները
- հսկողության կարգով քննության է առնում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի բողոքները զինվորական դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների դեմ.
- նոր երևան եկած հանգամանքներով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի եզրակացության հիման վրա քննում է այն գործերը, որոնց վերաբերյալ զինվորական դատարանները կայացրել են որոշումներ, վճիռներ ու դատավճիռներ.
- իրավասու է որպես առաջին ատյանի դատարան իր վարույթին ընդունել զինվորական դատարանի ցանկացած գործ:
Հոդված 20
Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահը`
- ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի աշխատանքը.
- իրավունք ունի նախագահել զինվորական գործերի դատական կոլեգիայի նիստերին.
- նշանակում է դատարանի կազմը` կոլեգիային դատական նիստերում գործերի քննության համար.
- օրենքով սահմանված դեպքերում և կարգով բողոքարկում է Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների որոշումները, վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև կասեցնում է դրանց կատարումը.
- Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումին հաշվետվություններ է ներկայացնում դատական կոլեգիայի գործունեության մասին.
- ապահովում է կոլեգիայի հսկողության աշխատանքը մյուս զինվորական դատարանների գործունեության նկատմամբ, հսկողության կարգով ստուգելու համար իրավունք ունի պահանջելու գործեր, որոնք քննվել են զինվորական դատարանների կողմից.
- կազմակերպվում է դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման աշխատանքը:
Գ Լ Ո Ւ Խ 4
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 21
Զինվորական դատարանների գործունեության կազմակերպման ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Հոդված 22
Զինվորական դատարանի նախագահը`
- նախագահում է դատական նիստերին.
- կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման, դատական վիճակագրության վարման աշխատանքները.
- կատարում է աշխատանքի բաժանում դատավորների միջև.
- կատարում է ընդունելություն, կազմակերպում է մյուս զինվորական դատավորների կողմից ընդունելության աշխատանքը, առաջարկությունների, դիմում-գանգատների քննարկումը.
- պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց միջնորդագրեր է ներկայացնում իրավախախտումների պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման վերաբերյալ.
- կազմակերպական ղեկավարություն է իրականացնում դատարանի ապարատի աշխատանքի նկատմամբ.
- կազմակերպում է իրավական գիտելիքների պրոպագանդման և օրենսդրության պարզաբանման, ինչպես նաև զինվորական դատարանների կադրերի որակավորման բարձրացման աշխատանքը.
- իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Գ Լ Ո Ւ Խ 5
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23
Զինվորական դատարանի կառուցվածքն ու հաստիքները հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի կառուցվածքն ու հաստիքները հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի անձնակազմերը զինծառայողների հետ համահավասար օգտվում են զինվորական պարենային, դրամական և իրեղեն բավարարման բոլոր տեսակներից:
Զինվորական դատարանների դատավորների պաշտոնացուցակին և այդ պաշտոններին համապատասխան զինվորական կոչումները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ և պաշտպանության նախարարի համաձայնությամբ շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավորների զինվորական կոչումները Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ և պաշտպանության նախարարի համաձայնությամբ շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Հոդված 24
Զինվորական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի սպայական, ենթասպայական, սերժանտական և շարքային անձնակազմերը համարվում են իսկական զինվորական ծառայության մեջ, նրանց վրա տարածվում են զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանող զինվորական կանոնագրքերը, հրամաններն ու հրահանգները: Նրանք օգտվում են զինվորական պարենային, դրամական և իրեղեն բավարարման բոլոր տեսակներից:
Հոդված 25
Զինվորական դատարանի աշխատողներին և ծառայողներին աշխատանքի է ընդունում և աշխատանքից արձակում համապատասխան զինվորական դատարանի նախագահը:
Հոդված 26
Զինվորական դատարանների նյութատեխնիկական մատակարարումը, ֆինանսավորումը, տրանսպորտի և կապի միջոցներով ապահովումը, արխիվային նյութերի պահպանությունը կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Զինվորական դատարանների ծառայողական շենքերի պահպանությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերի կողմից:
Կալանավորների ուղեկցումը զինվորական դատարան և նրանց պահպանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները:
Հոդված 27
Հայաստանի Հանրապետության տարածքում հակաօրինական արարք կատարած այլ հանրապետության զինվորականի պատասխանատվության հարցը լուծվում է միջպետական պայմանագրով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.1998, ՀՕ-233 | 12.01.1999, Հ.նխ.-515-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|