Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.23/11(394).1 Հոդ.209.5
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.04.2011
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11011218

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2011 թ.

N 280-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման եվ անցկացման կարգը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 05.12.24 N 78-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25–րդ կետի պահանջով՝

(նախաբանը խմբ. 05.12.24 N 78-Ն)

 

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 05.12.24 N 78-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 05.12.24 N 78-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 05.12.24 N 78-Ն)

Ա. Աշոտյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2011 թվականի

ապրիլի 5-ի N 280-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 05.12.24 N 78-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն) սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների (այսուհետ` Օլիմպիադա) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադան պետական նշանակության միջոցառում է, որը կազմակերպվում և անցկացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից:

3. Կազմակերպությունը նախապատրաստում և կազմակերպում է Օլիմպիադաների երեք փուլերի անցկացման հետ կապված ամբողջ գործընթացը։ Կազմակերպության իրավունքներն ու պարտականություններն ամրագրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և Կազմակերպության միջև կնքված պայմանագրում։

4. Օլիմպիադաների կազմակերպման և անցկացման մշտադիտարկումն իրականացնում է Նախարարությունը։

5. Օլիմպիադաներն անցկացվում են Հաստատությունում դասավանդվող հանրակրթական 16 առարկայից՝ «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» («Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»), «Աստղագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Մայրենի» (ընթերցանություն), «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Նախնական զինվորական պատրաստություն» («Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»)։

6. Օլիմպիադաներն անցկացվում են 3 փուլով․

1) դպրոցական

2) մարզային

3) հանրապետական։

7. Օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին և միջազգային օլիմպիադաների մասնակիցներին տրվում է անվանական կրթաթոշակ՝ համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանով հաստատված կարգի:

 

2. ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8․ Օլիմպիադաների հիմնական սկզբունքներն են․

1) Օլիմպիադաների մարդասիրական բնույթը, ազգային համամարդկային արժեքների, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը,

2) Օլիմպիադաների հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին,

3) Օլիմպիադայում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը,

4) Օլիմպիադաներում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը:

 

3. ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9․ Օլիմպիադաների նպատակներն ու խնդիրներն են․

1) տաղանդավոր, շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների հայտնաբերումը և նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը,

2) ուսումնական առարկաների նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացումը և այդ առարկաներից խոր ու կայուն գիտելիքներ ստանալուն նպաստելը,

3) առարկայական խմբակների, նախասիրական պարապմունքների և այլ ուսումնական աշխատանքների խթանումը,

4) ստեղծագործ ուսուցիչների, բուհերի դասախոսների, գիտահետազոտական հիմնարկների աշխատակիցների և ուսուցիչների ներգրավումը օժտված երեխաների հայտնաբերման ու ուսուցման գործում,

5) միջազգային օլիմպիադաներին, մրցույթներին մասնակցող թիմերի ձևավորումը և նրանց հետ տարվող աշխատանքի կազմակերպումը:

 

4 ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Օլիմպիադաների կազմակերպման քաղաքականությունը մշակելու և իրականացնելու նպատակով` որպես Օլիմպիադաների կառավարման բարձրագույն մարմին, Նախարարի հրամանով 3 տարի ժամկետով ձևավորվում է 7 հոգուց բաղկացած հանրապետական օլիմպիական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

11. Խորհրդի կազմում ընդգրկվում են Նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալը (Խորհրդի նախագահ), Նախարարության հանրակրթության վարչության 3 աշխատակից, ևս 3 ներկայացուցիչ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններից։

12․ Ըստ անհրաժեշտության՝ Խորհրդի որոշմամբ Խորհրդի աշխատանքներում կարող են ընդգրկվել մասնագետներ։

13․ Խորհրդի ձևավորումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրվում է Խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Խորհրդի անդամներից ընտրվում է Խորհրդի քարտուղար։

14․ Խորհրդի նիստերը հրավիրվում են տարվա ընթացքում առնվազն 2 անգամ։

15․ Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին։

16․ Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող անդամների կեսից ավելի կողմ ձայների դեպքում։

17․ Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև առցանց։

18․ Օլիմպիադաները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով դպրոցական փուլի համար Հաստատություններում ստեղծվում են հանձնաժողովներ, իսկ մարզային և հանրապետական փուլերի համար՝ առարկայական հանձնաժողովներ։

19. Դպրոցական հանձնաժողովների կազմը հաստատվում է Հաստատության տնօրենի հրամանով։

20․Մարզային (Երևանի քաղաքային) առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)՝ համապատասխան ստորաբաժանման ներկայացմամբ:

21․Հանրապետական առարկայական հանձնաժողովների անդամների անվանական կազմը հաստատում է Նախարարը։

 

5 ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

22Խորհուրդը՝

1) մշակում է Օլիմպիադաների նախապատրաստական աշխատանքների իրականացման, անցկացման, բողոքարկման ընթացակարգերը, ինչպես նաև վերահսկողության իրականացման, լուսաբանման, թափանցիկության և մասսայականության ապահովման մեխանիզմները,

2) սահմանում է առարկայական հանձնաժողովների ձևավորման սկզբունքները, նրանց պարտականություններն ու իրավունքները,

3) մշակում է Օլիմպիադաների անցկացման ժամանակացույցը կազմելու սկզբունքները, օլիմպիադաներին սովորողների մասնակցության տարիքային սանդղակը, սահմանում հանրապետական փուլի քվոտաները (թվաքանակ),

4) աջակցում է մասնագիտական առարկայական աշխատանքային խմբերին առաջադրանքների կազմման և գնահատման մեթոդաբանության մշակման գործում,

5) կազմակերպում է օլիմպիադաների խնդիրների և լուծումների, դպրոցական, մարզային և հանրապետական փուլերի հաղթողների ցուցակների հրապարակման գործընթացը,

6) ներկայացնում է առաջարկություններ սովորողների Օլիմպիադաների անցկացման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

7) առաջարկություններ է ներկայացնում հայ անվանի գիտնականների հոբելյանական օրերին նվիրված կամ Հայաստանի Հանրապետությունում միջազգային և այլ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ,

8) քննարկում է անհատների ու տարբեր կազմակերպությունների կողմից Օլիմպիադաներին աջակցության ծրագրեր,

9) ուսումնական տարվա վերջում քննարկում և վերլուծում է Օլիմպիադաների արդյունքները, տալիս է համապատասխան գնահատական և առաջարկություններ, խրախուսման է ներկայացնում առարկայական հանձնաժողովների նախագահներին և անդամներին,

10) քննարկում է միջազգային այլ օլիմպիադաների մասնակցության հարցը, մշակում և իրականացնում է միջազգային օլիմպիադաներում սովորողների ձեռքբերումների լուսաբանմանն ու օլիմպիադաների թափանցիկության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ,

11) քննարկում է Օլիմպիադաների հանրապետական առարկայական հանձնաժողովների նախագահների անվանական կազմերը և ներկայացնում Նախարարի հաստատմանը: Օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահները անընդմեջ կարող են նախագահել առավելագույնը 3 տարի ժամկետով,

12) քննարկում և ըստ անհրաժեշտության աջակցում է օլիմպիական թիմերի հավակնորդների ընտրությանը, ուսումնական տարվա ընթացքում նրանց հետ իրականացվող նախապատրաստական դասընթացների և հավաքների կազմակերպմանը,

13) վերահսկում է մարզային փուլի անցկացումը,

14) վերահսկում է հանրապետական փուլի անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին,

15) քննարկում և Նախարարի հաստատմանն է ներկայացնում՝

ա․ դպրոցական, մարզային և հանրապետական փուլերի անցկացման ընթացակարգերը` ըստ առարկաների,

բ․ հանրապետական փուլի անցկացման վայրերը՝ ըստ առարկաների,

գ․ միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի կազմերը:

 

 6 ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

23․Դպրոցական հանձնաժողովները՝

1) նախապատրաստում են դպրոցական փուլի կազմակերպումը` համաձայն Նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի (այսուհետ՝ ընթացակարգ),

2) անցկացնում են դպրոցական փուլը և պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար` համաձայն ընթացակարգի,

3) առաջարկություն են ներկայացնում Հաստատության մանկավարժական խորհրդին՝ առաջին փուլում լավագույն արդյունք ցուցաբերած սովորողներին խրախուսելու համար:

 

7 ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

24․Մարզային առարկայական հանձնաժողովները՝

1) մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ նախապատրաստում են մարզային փուլի կազմակերպումը` համաձայն ընթացակարգի,

2) վերահսկում են Օլիմպիադաների անցկացումը և խրախուսման ներկայացնում հաղթողներին, պատասխանատվություն կրում ողջ գործընթացի համար,

3) հանրապետական փուլին մասնակցելու համար ներկայացնում են մարզային փուլի մասնակիցների արդյունքները:

 

8 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

25․Հանրապետական առարկայական հանձնաժողովները՝

1) համաձայն ընթացակարգի` անցկացնում են հանրապետական փուլը և պատասխանատվություն են կրում անցկացման ողջ գործընթացի համար,

2) կազմում են դպրոցական, մարզային և հանրապետական փուլերի մրցութային առաջադրանքները,

3) որոշում են հանրապետական փուլի հաղթողներին,

4) համաձայն ընթացակարգի` որոշում են միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի թեկնածուների կազմը և նրանց հետ կազմակերպում լրացուցիչ աշխատանք,

5) համաձայն ընթացակարգի` Խորհրդին առաջարկություն են ներկայացնում միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի կազմերի մասին:

 

9. ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԵՐԵՔ ՓՈՒԼԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

26․ Առաջին` դպրոցական փուլը կազմակերպվում և անցկացվում է Հաստատություններում` ընթացակարգի համաձայն: Հաստատության տնօրենը ընթացակարգով սահմանված ժամկետներում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԿԿՏՀ) համապատասխան բաժնում Օլիմպիադային մասնակցել ցանկացող սովորողի համար իրականացնում է նշում՝ ըստ առարկաների։ Ընթացակարգով սահմանված ժամկետի ավարտից հետո ԿԿՏՀ–ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են մասնակիցների ցանկերը՝ ըստ առարկաների։

27․ Դպրոցական փուլին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանների սովորողները, իսկ մաթեմատիկայի օլիմպիադային՝ նաև 5-8-րդ դասարանների սովորողները, մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադային՝ 5-րդ և 6-րդ դասարանների սովորողները։ Ցածր դասարանների սովորողները կարող են մասնակցել ավելի բարձր դասարաններում սովորողների Օլիմպիադաներին։

28․Երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում են տվյալ մարզում (Երևանում քաղաքում) գտնվող բոլոր Հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից ներկայացված այն սովորողները, որոնք առաջին փուլում հաղթահարել են հանրապետական առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։

29․ Երկրորդ փուլի անցկացման վայրերը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը), կազմակերպման բոլոր ծախսերը հոգում են մարզպետների աշխատակազմերը (Երևանի քաղաքապետարանը): Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են մարզպետների աշխատակազմերի (Երևանի քաղաքապետարանի) կողմից։

30․Երրորդ փուլին մասնակցում են հանրապետության Հաստատությունների 9-12-րդ դասարանների այն սովորողները, որոնք երկրորդ փուլում հաղթահարել են հանրապետական առարկայական հանձնաժողովի կողմից հաղթողների համար սահմանված անցողիկ շեմը։

31․ Երրորդ փուլի կազմակերպման բոլոր ծախսերը հոգում է Նախարարությունը: Հաղթողները խրախուսվում և պարգևատրվում են Նախարարության կողմից:

 

10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԻՄԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

32․ Օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներն ամփոփելուց հետո սույն կարգի 22-րդ կետի 15-րդ ենթակետի «գ» պարբերությանը համապատասխան Նախարարի հրամանով ձևավորված միջազգային օլիմպիադաներին մասնակցող թիմերի ղեկավարներ կարող են լինել հանրապետական առարկայական հանձնաժողովների անդամներ կամ ըստ անհրաժեշտության՝ այլ մասնագետներ։

33․ Ընթացակարգով թեկնածուների հետ կազմակերպվում են լրացուցիչ պարապմունքներ:

34․ Պարապմունքներից հետո հանրապետական առարկայական հանձնաժողովի կողմից անցկացվում է մրցույթ(ներ): Այդ մրցույթի(ների) արդյունքների հիման վրա ձևավորվում են միջազգային օլիմպիադաներին մասնակցող հանրապետական թիմերի կազմերը և ներկայացվում են Խորհրդին:

35․ Թեկնածուների ընտրման, լրացուցիչ մրցույթների անցկացման և թիմերի ձևավորման աշխատակարգերը սահմանում է Խորհուրդը:

36․ Միջազգային օլիմպիադաների մասնակից թիմերի կազմերը Խորհրդի ներկայացմամբ հաստատում է Նախարարը:

37․ Հայաստանի Հանրապետության թիմերի միջազգային օլիմպիադաների մասնակցության հետ կապված ֆինանսական ծախսերը հոգում է Նախարարությունը:

38․ Միջազգային օլիմպիադաների հաղթողներին տրվող արտոնությունները սահմանվում են օրենսդրությամբ:

(հավելվածը լրաց., փոփ. 28.12.11 N 1347-Ն, խմբ. 15.01.13 N 19-Ն, 29.12.14 N 1208-Ն, 05.12.24 N 78-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2024, N 78-Ն 10.12.2024, N 280-Ն
29.12.2014, N 1208-Ն 12.02.2015, N 280-Ն
15.01.2014, N 19-Ն 27.02.2014, N 280-Ն
28.12.2011, N 1347-Ն 11.02.2012, N 280-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան