Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.11.2024
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.10.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
30.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 «30» հոկտեմբերի 2024 թ․

ԹԻՎ 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 47-րդ հոդվածը և «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 31․1-ին հոդվածի 4-րդ մասը.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում (այսուհետ՝ ձերբակալվածներին պահելու վայրեր) և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կազմավորման և հասարակական վերահսկողության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Ձերբակալվածներին պահելու վայրերում և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կազմը համալրվում է առնվազն 3 նոր անդամներով մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ հասարակական վերահսկողության իրավասության ներքո գտնվող երկու ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողության իրականացման նպատակով։

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ հանդիսացող անձինք սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում անցնում են վերապատրաստում՝ ոլորտին վերաբերող իրավական կարգավորումների, վերահսկողություն իրականացնելիս պահպանման ենթակա ընթացակարգերի և էթիկայի կանոնների վերաբերյալ։

4․ Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ հանդիսացող անձինք շարունակում են պաշտոնավարել մինչև տվյալ խմբի անդամի համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի թիվ N 1-Ն հրամանով սահմանված կարգով տրված անդամությունը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետի ավարտը:

5․ Ձերբակալվածներին պահելու վայրերում և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են խմբի կազմավորումից հետո 6 ամսվա ընթացքում Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ՝ նախապես ներկայացնելով կարծիքի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն:

6․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. Սարգսյան

 

«30» հոկտեմբերի 2024 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2024 թվականի հոկտեմբերի 30-ի

N 15-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում (այսուհետ նաև՝ ՁՊՎ) և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (այսուհետ նաև՝ Կենտրոն) հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ` Խումբ) կազմում ընդգրկվելու և անդամությունը դադարեցնելու ընթացակարգը, հասարակական վերահսկողության իրականացման կարգը և Խմբի իրավասությունները:

2. ՁՊՎ-ներում և Կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնում է Խումբը: Խումբը ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող հանրային վերահսկող մարմին է:

3. Խմբի գործունեության նպատակը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հանրային վերահսկողությունն է։

4. Խմբի գործունեության խնդիրներն են`

1) ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց իրավունքների խախտումների բացահայտումը, վեր հանված հիմնախնդիրները հասարակությանը և Նախարարությանը ներկայացնելը.

2) ՁՊՎ-ներում և Կենտրոնում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

3) ՁՊՎ-ներում և Կենտրոնում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները Նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը.

4) ոլորտային օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

5. Խմբի գործունեության հիմնական գործիքակազմը ներառում է՝

1) ՁՊՎ-ներ և Կենտրոն հայտարարված և չհայտարարված այցելություններ և հանդիպումներ այնտեղ պահվող և բնակվող անձանց և աշխատակիցների հետ.

2) առանձնազրույցներ ՁՊՎ-ներում պահվող, Կենտրոնում բնակվող անձանց և աշխատակիցների հետ.

3) թեմատիկ ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ.

4) ստացված տեղեկության ամփոփում և հանրայնացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով.

5) օրենքով չարգելված այլ միջոցներ:

6. Խումբը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված գործունեությամբ պայմանավորված՝ ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ հանրային վերահսկողության շրջանակներում տեղեկություններ ստանալու նպատակով համագործակցում է՝

1) Նախարարության հետ.

2) Նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի վարչակազմի հետ.

3) Նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի վարչակազմի հետ․

4) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ։

 

2. ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կազմակերպվում է Խմբի կողմից:

8. Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն:

9. Հայտարարությունը հրապարակվում է օրենքով չարգելվող բոլոր միջոցներով, բայց առնվազն Նախարարության www.mia.gov.am պաշտոնական կայքէջում:

10. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը.

2) հայտերի ընդունման օրը և ժամը.

3) դիմորդին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

3. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 11. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիական հասարակության մասնագիտացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց:

12. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ․

3) հանրային ծառայող է:

13. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել փորձնակներ։ Փորձնակ կարող է լինել Խմբի անդամին ներկայացվող պահանջները բավարարող յուրաքանչյուր ոք։ Խմբի կազմում ընդգրկվելու հայտերը (Ձև 4) ներկայացվում են Խմբին սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվելուց հետո` հայտարարությամբ նախատեսված ժամկետում:

14. Դիմորդը հայտում լրացնում է իր անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

15. Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը, մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ, կազմակերպության կողմից տրված երաշխավորագիրը և կանոնադրությունը, ինքնակենսագրությունը, 3*4 չափսի 2 հատ լուսանկար, սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։ Դիմորդը ցանկության դեպքում կարող է ներկայացնել իր անձը բնութագրող այլ փաստաթղթեր։ Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) կարող են Խմբին հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

16. Փաստաթղթերն ընդունելու նպատակով Խմբի կողմից վարվում է համապատասխան գրանցամատյան, որտեղ նշվում են դիմորդի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

17. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ մինչև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված վերջնաժամկետը:

18. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմորդը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

4. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

19. Խմբին անդամակցումն իրականացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը նախապես ներկայացված հայտարարությանը:

20. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

21. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

22. Մրցույթի արդյունքում Խմբի կողմից ընտրված անդամի կամ փորձնակի թեկնածության համապատասխանությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) պահանջով ներկայացվում են Նախարարին բացառիկ դեպքերում, երբ առկա են դրանց արժանահավատությունն առերևույթ կասկածի տակ դնող տվյալներ: Սույն կարգի 11-րդ կետով նշված պահանջներին չհամապատասխանելու, 12-րդ կետով նշված հանգամանքների առկայության կամ թեկնածության հաստատման սույն կարգով սահմանված ընթացակարգի խախտման դեպքում Նախարարը Խմբի որոշումը վերանայելու պահանջով միջնորդությամբ դիմում է Խմբին՝ նշելով սույն կարգի 11-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը, 12-րդ կետով նշված հանգամանքների առկայությունը կամ թեկնածության հաստատման սույն կարգով սահմանված ընթացակարգի խախտումը: Սույն դեպքում մինչև միջնորդության մեջ նշված հանգամանքների վերացումն անձը չի կարող ընտրվել որպես Խմբի անդամ կամ փորձնակ:

23. Խմբի կազմում նոր անդամ կամ փորձնակ ընդգրկելու վերաբերյալ հրապարակված հայտարարության վերջին օրը Խումբը գումարում է նիստ ստացված հայտերն ուսումնասիրելու համար աշխատանքային հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծելու վերաբերյալ։ Նիստը և Հանձնաժողովի աշխատանքները կարող են իրականացվել առկա և (կամ) առցանց։ Հանձնաժողովի կազմը հաստատվում է արձանագրային որոշմամբ։

24. Հանձնաժողովն ուսումնասիրում է Խմբի կողմից ներկայացված հայտերը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության ժամկետի վերջին օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված արդյունքները ներկայացվում են քվեարկության և քննարկման Խմբի կողմից հրավիրված հատուկ նիստի ընթացքում, որը հրավիրվում է հայտերի ուսումնասիրության ավարտի օրվանից ոչ ուշ, քան երեք օր հետո։

25. Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները Խմբին ներկայացնում են դիմորդի ամբողջական տվյալները և իրենց կարծիքը նրան նոր անդամ կամ փորձնակ ընդգրկելու վերաբերյալ։ Խմբում նոր անդամ ընդգրկելու կարծիքը ներկայացվում է՝ հաշվի առնելով դիմորդի՝ ոլորտում ունեցած փորձը։

26. Խմբի կազմում նոր անդամի կամ փորձնակի ընդգրկումն իրականացվում է քվեարկության միջոցով՝ Խմբի հատուկ նիստի ընթացքում Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հատուկ նիստը կարող է իրականացվել առկա և (կամ) առցանց եղանակներով։

27. Խմբի նոր անդամ կամ փորձնակ ընդգրկելու վերաբերյալ կազմվում է արձանագրային որոշում և երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում վկայականի տրամադրման նպատակով։

28. Խմբի կազմում նոր անդամի կամ փորձնակի ընդգրկումը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովվում է մրցույթի արդյունքների մասին հայտարարության տեղադրումը Նախարարության www.mia.gov.am պաշտոնական կայքէջում:

29. Մրցույթի արդյունքում որպես Խմբի անդամ կամ փորձնակ ընդգրկված անձանց տրվում է համապատասխան փաստաթուղթ՝ վկայական (Ձև 1 Խմբի անդամի դեպքում և Ձև 2 փորձնակի դեպքում), որը տրամադրվում է Խմբի արձանագրային որոշումը Նախարարին ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խմբի անդամը կամ փորձնակը ՁՊՎ-ում և Կենտրոնում գտնվելու ողջ ընթացքում պետք է վկայականը կրի իր հագուստի վրա: Խմբի անդամի դեպքում վկայականը տրամադրվում է 3 տարի ժամկետով, իսկ փորձնակին՝ 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով:

30. Խմբի անդամը Խմբի կազմում ընդգրկվում է 3 տարի ժամկետով։

31. Փորձնակն ընդգրկվում է վեց ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Փորձնակը ՁՊՎ-ներ և Կենտրոն կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ:

32. Փորձնակի ժամկետը լրանալուց հետո, Խումբը, առանց մրցույթի հայտարարման, Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ փորձնակին կարող է ընդգրկել Խմբում որպես անդամ։

33. Խումբը դռնբաց նիստի ընթացքում ձայների պարզ մեծամասնությամբ 1 տարի ժամկետով ընտրում է Խմբի նախագահ: Խմբի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցել են Խմբի անդամների առնվազն երկու երրորդը։ Նույն անձը երկու տարուց ավելի անընդմեջ չի կարող ընտրվել Խմբի նախագահ:

34.Նախագահի լիազորությունների դադարեցման դեպքում սույն կարգի 33-րդ կետով նախատեսված կարգով կատարվում է նոր նախագահի ընտրություն:

35. Խմբի նախագահը ղեկավարում է Խմբի գործունեությունը:

36. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան 6, և ոչ ավել, քան 21 անդամներից: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ անդամ:

37․ Խմբի անդամը, մինչև Խմբի կազմում հասարակական վերահսկողության գործունեությունը սկսելը, անցնում է վերապատրաստում՝ ոլորտին վերաբերող իրավական կարգավորումներին, վերահսկողություն իրականացնելիս պահպանման ենթակա ընթացակարգերին և էթիկայի կանոններին տիրապետելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում վերապատրաստումները կարող են կազմակերպվել Նախարարության աջակցությամբ, եթե Խումբը համապատասխան միջնորդությամբ դիմի Նախարարություն։

 

5․ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

38. Կոնկրետ ոլորտներում հետազոտություն, վերլուծություններ կամ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում Խումբը կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ:

39. Փորձագետների ներգրավումը կարող է իրականացվել թե հրապարակված և թե չհրապարակված ձևաչափով։ Հրապարակային մրցույթի վերաբերյալ հայտարարության տեղադրումը և հայտերի ներկայացումն իրականացվում է՝ կախված փորձագետի ներգրավման հրատապությունից և փորձագետի կողմից ներկայացվող արդյունքների վերջնաժամկետներից։

40. Փորձագետ չի կարող լինել այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ․

3) ունի որևէ շահերի բախում կամ հանրային ծառայող է և անմիջական վերադասություն կամ ենթակայություն ունի ՁՊՎ-ներում պահվող, Կենտրոնում բնակվող անձանց կամ այդ մարմինների աշխատակիցների նկատմամբ։

41. Դիմորդը հայտին կից ներկայացնում է անձը, մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթուղթ, ինքնակենսագրությունը, 3*4 չափսի 2 լուսանկար։ Դիմորդը ցանկության դեպքում կարող է ներկայացնել իր անձը բնութագրող այլ փաստաթղթեր։

42. Փորձագետների ներգրավումն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջությունը և համապատասխանությունը: Դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Խումբը, որը փաստաթղթերի ամբողջությունն ու համապատասխանությունը ստուգելուց հետո կազմում է համապատասխան արձանագրություն:

43. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

44. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմորդի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

45. Փորձագետը Խմբում ընդգրկվում է Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

46. Անհրաժեշտության դեպքում, Խումբը դիմում է Նախարարություն որպես փորձագետ ներգրավված անձանց Նախարարության կողմից որպես փորձագետ ներգրավված լինելը հաստատող փաստաթուղթ տրամադրելու նպատակով:

47. Վկայականը տրամադրվում է Խմբին ներկայացված դիմումի մեջ նշված ժամկետով, որը նա պետք է կրի իր հագուստի վրա ՁՊՎ-ում և Կենտրոնում գտնվելու ողջ ընթացքում (Ձև 3):

48. Փորձագետը ՁՊՎ-ներ և Կենտրոն կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ:

 

6․ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

49. Խմբի անդամները, փորձագետները և փորձնակները գործում են հասարակական հիմունքներով:

50. Խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է փակ և կիսափակ հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա միջազգային փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով:

51. Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել ՁՊՎ-ներ և Կենտրոն, առանձնազրույցներ ունենալ ՁՊՎ-ներում պահվող, Կենտրոնում բնակվող անձանց և այդ մարմինների աշխատակիցների հետ, տեղում ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և իր վերաբերյալ այլ փաստաթղթերին (բացառությամբ օրենքով պաշտպանվող տվյալների), ինչպես նաև պահման կամ բնակության պայմաններին։

Սույն կարգով սահմանված Խմբի նպատակների և խնդիրների իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված Խմբի անդամները կարող են լուսանկարահանել, տեսաձայնագրել ՁՊՎ-ների պահման վայրերը և Կենտրոնում բնակության պայմանները: Խմբի անդամները կարող են ՁՊՎ-ների և Կենտրոնի աշխատակիցներին, դրանցում պահվող և բնակվող անձանց, վերջիններիս անձնական գործի և Խմբի գործունեության համար անհրաժեշտ այլ փաստաթղթերում պարունակվող նրանց անձնական տվյալները լուսանկարահանել, տեսաձայնագրել և դրանցով ամրագրված նյութերը (անձնական տվյալները) օգտագործել, փոխանցել, հրապարակել բացառապես նշված անձանց համաձայնությամբ և սույն Կարգով սահմանված Խմբի նպատակների և խնդիրների իրականացման համար:

52. Եթե խմբի անդամը փաստաբան է, ապա նա չի մասնակցում այն անձանց այցելություններին, որոնք նրա վստահորդներն են:

53. Խմբի կողմից վարվում է գրանցամատյան, որտեղ մուտքագրվում են Խմբին հասցեագրված բոլոր դիմում-բողոքները՝ նշելով ստացված փաստաթղթի ամսաթիվը և ուղարկող անձի տվյալները:

54. Խմբի անդամների մուտքը ՁՊՎ-ներ և Կենտրոն թույլատրվում է Խմբի անդամների վկայականների հիման վրա, որը հասանելի է Նախարարության www.mia.gov.am պաշտոնական կայքէջում:

55. Խումբն իր աշխատանքների լուսաբանման համար կարող է ունենալ պաշտոնական կայքէջ, ինչպես նաև այլ առցանց սոցիալական հարթակներում տեղեկատվական էջեր:

56. Խմբի անդամը, Խմբի անդամների առնվազն երկու երրորդի կողմից հավանության արժանանալուց հետո, կարող է իրականացնել ֆինանսական միջոցների ներգրավում՝ դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու միջոցով՝ Խմբի աշխատանքներին օժանդակելու նպատակով: Հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև ապրիլի 15-ը Խումբը հանրությանը ներկայացնում է ֆինանսական աղբյուրների վերաբերյալ հաշվետվություն, որը հրապարակվում է Խմբի պաշտոնական կայքէջում կամ դրա բացակայության դեպքում այլ առցանց սոցիալական հարթակներում Խմբի պաշտոնական տեղեկատվական էջում:

 

7․ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

57. Խմբի կողմից վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ուսումնասիրության, ՁՊՎ-ներ և Կենտրոն այցելություններ և ուսումնասիրություններ կատարելու, կատարված ուսումնասիրությունների ու այցելությունների արդյունքներն ամփոփելու և հանրայնացնելու միջոցով։

58. Արդյունքներն ամփոփվում են զեկույցների, հաշվետվությունների, տեղեկանքների և հայտարարությունների ձևով։ Ամփոփված արդյունքները հանրայնացվում են զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող բոլոր այլ միջոցներով։ Հանրայնացվելիս ամփոփիչ արդյունքներում ներառված ՁՎՊ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց անձնական տվյալները կարող են հրապարակվել միայն այդ անձանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ապանձնավորված:

59. Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ հրատապ, ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:

60. Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են Խմբի կողմից վերահսկողություն իրականացնելիս բացահայտված ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հրատապ հաշվետվության կապակցությամբ Նախարարության կողմից մեկնաբանությունները տրվում են մինչև երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հրատապ հաշվետվությունների՝ Խմբի որոշմամբ հաստատված լինելը պարտադիր չէ: Հրատապ հաշվետվությունները ուղարկվում են Նախարարին Խմբի նախագահի կից գրությամբ և այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ: Խմբի մյուս անդամները ուղարկված հրատապ հաշվետվության մասին պարտադիր տեղեկացվում են:

61. Ընթացիկ հաշվետվություններում ներկայացվում են ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց իրավունքներին և պահման պայմաններին վերաբերող ընդհանուր բնույթի տեղեկություններ, ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց իրավունքների խախտման, ՁՊՎ-ների և Կենտրոնի վարչակազմի կողմից Խմբի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հստակ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունները ուղարկվում են այցելությունը կատարած Խմբի անդամների համաձայնությամբ: Խմբի մյուս անդամներն ուղարկված ընթացիկ հաշվետվության մասին պարտադիր տեղեկացվում են: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ Նախարարության մեկնաբանությունները տրվում են ոչ ուշ, քան երեքշաբաթյա ժամանակահատվածում:

62. Տարեկան հաշվետվություններում ներկայացվում են յուրաքանչյուր ՁՊՎ-ի և Կենտրոնի գործունեությունը, ՁՊՎ-ներում և Կենտրոնում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունները կազմվում են հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մարտի 15-ը, որոնց կապակցությամբ Նախարարության մեկնաբանությունները տրվում են 30 օրվա ընթացքում: Տարեկան հաշվետվությունը հաստատվում է Խմբի կողմից։

63. ՁՊՎ-ներ և Կենտրոն կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները չեն կարող հրապարակվել առանց Նախարարության մեկնաբանությունների, բացառությամբ Նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի: Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաև Խմբի և Նախարարության պաշտոնական կայքէջերում:

64. Խմբի անդամը ՁՊՎ-ներ և Կենտրոն կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:

65. Խմբի անդամը ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց հետ վերջիններիս ցանկության դեպքում կարող է հանդիպել մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ այդ մարմինների վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ արգելք սահմանված չէ:

 

8․ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

66. Խմբի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է Խմբի աշխատանքը.

2) իրականացնում է Խմբի անդամների միջև աշխատանքի բաշխում.

3) հրավիրում և վարում է Խմբի նիստերը.

4) հետևում է ՁՊՎ-ներ և Կենտրոն տարեկան այցելությունների կատարմանը և դրանց հիման վրա հաշվետվությունների ներկայացմանը.

5) Խմբի անդամի նիստերին երեք անգամ անհարգելի բացակայության դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է քվեարկության.

6) Խմբի անդամի տարեկան այցելություններին երեք անգամից ավելի անհարգելի հիմունքով չմասնակցելու և այցելությունների հաշվետվությունները չներկայացնելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է քվեարկության.

7) Խմբի անդամի կողմից էթիկայի կանոնները խախտելու և իր լիազորությունները վերազանցելու դեպքում տվյալ անդամի լիազորությունների դադարեցման հարցը դրվում է քվեարկության:

67. Խմբի անդամն իրավասու է՝

1) մասնակցել Խմբի նիստերին.

2) ներկայացնել առաջարկություն Խմբի նիստի օրակարգում ներառվելիք հարցերի, ինչպես նաև քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալ Խմբի գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերին, այդ թվում` նաև՝

ա. Խմբի նիստերի արձանագրություններին.

բ. այցելությունների արդյունքում կազմված հաշվետվություններին.

գ. Խմբի կողմից ընդունված որոշումներին.

դ. Խմբի կողմից կազմված դիմումներին և հարցումներին, ինչպես նաև դրանց պատասխաններին.

ե. Խմբի կողմից նախապատրաստվող ծրագրերին.

զ. ֆինանսական աղբյուրների մասին հաշվետվություններին և այլ փաստաթղթերին.

4) տեղյակ լինել Խմբի յուրաքանչյուր անդամի` այլ մարմինների հետ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքների մասին, եթե դա կապված է Խմբի գործունեության հետ.

5) հանդես գալ Խմբի գործունեությանն առնչվող, ինչպես նաև Խմբի գործունեությունը բարելավող առաջարկություններով:

68. Խմբի անդամը պարտավոր է՝

1) տեղյակ պահել Խմբի քարտուղարությանը կամ նախագահին կատարվելիք այցելության ժամանակի, վայրի, ինչպես նաև՝ այցելությունն իրականացնող Խմբի անդամների կազմի մասին.

2) կատարել Խմբի կողմից ընդունված որոշումները.

3) իր գործունեությամբ նպաստել Խմբի հեղինակության բարձրացմանը.

4) Խմբի անունից հանդես գալուց առաջ կատարվելիք գործողությունները նախապես համաձայնեցնել Խմբի հետ.

5) չօգտագործել Խմբի անդամությունն անձնական շահերի համար.

6) հարգալից վերաբերմունք ցուցաբերել Խմբի անդամների, ՁՊՎ-ների և Կենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև` ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց նկատմամբ.

7) կատարված այցելության մասին սույն կարգով նախատեսված կարգով կազմել հաշվետվություն.

8) տեղեկություններ հրապարակելուց առաջ ստուգել դրանցում զետեղված տվյալների հիմնավորվածությունը և չխեղաթյուրել իրական փաստերը․

9) չհրապարակել ՁՊՎ-ներում պահվող և Կենտրոնում բնակվող անձանց, ինչպես նաև ՁՊՎ-ների և Կենտրոնի աշխատակիցների՝ Խմբի գործունեությամբ պայմանավորված իրենց հայտնի դարձած անձնական տվյալները, անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները՝ առանց այդ անձանց համաձայնության։

 

9․ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

69. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը, որպես կանոն, անց են կացվում դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել Նախարարության, նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խմբի նախագահի պատճառաբանված որոշմամբ Խմբի նիստերը կարող են անցկացվել դռնփակ` բացառությամբ այն նիստերի, որոնց ընթացքում ներկայացվում են տարեկան հաշվետվությունները: Խմբի հերթական նիստի անցկացման մասին առնվազն 3, իսկ արտահերթ նիստի դեպքում առնվազն 1 օր առաջ տեղեկացնում են Խմբի անդամներին` նախապես ծանոթացնելով նիստի օրակարգին:

70. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝

1) Խմբի յուրաքանչյուր անդամ.

2) Նախարարը կամ Նախարարության իրավասու ներկայացուցիչը:

71. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):

72. Տարեկան հաշվետվությունների հաստատման որոշումը ստորագրում են Խմբի բոլոր անդամները, իսկ ընթացիկ հաշվետվությունների հաստատման որոշումը ստորագրում է Խմբի նախագահը: Եթե Խմբի որևէ անդամ համաձայն չէ որոշմամբ հաստատված հաշվետվության որևէ կետի հետ, ապա այդ մասին կատարվում է համապատասխան նշում կամ հաշվետվությանը կից ներկայացվում է հատուկ կարծիք:

73. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը՝ հրապարակելով կամ արձանագրելով այն:

 

10․ ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

74. Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունները կասեցվում են Նախարարի հրամանով հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) ընդունվել է Խմբի անդամի կամ փորձնակի ձերբակալման կամ կալանավորման մասին որոշում.

2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից լիազորությունների կասեցման մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը:

75. Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունները վերականգնվում են Նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունների վերականգնման համար:

76. Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունները դադարեցվում են Նախարարի հրամանով, եթե.

1) լրացել է Խմբի անդամի կամ փորձնակի լիազորությունների ժամկետը.

2) առկա է Խմբի անդամի կամ փորձնակի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ.

3) առկա է Խմբի անդամի կամ փորձնակի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը՝ Խմբի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ.

4) առկա են սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերը.

5) խախտել են սույն կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ ՁՊՎ-ների և Կենտրոնի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները.

6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից լիազորությունների դադարեցման մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը.

7) անհարգելի պատճառով թվով երեք անգամ Խմբի անդամը կամ փորձնակը բացակայել է Խմբի նիստերից.

8) Խմբի անդամը կամ փորձնակը անհարգելի պատճառով երեք անգամից ավելի չի մասնակցել օրացուցային տարվա ընթացքում Խմբի տարեկան այցելություններին և չի ներկայացրել տվյալ այցելությունների հաշվետվությունները:

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

Լուսանկարի տեղադրում

 

 

 

 

ՎԿԱՅԱԿԱՆ N__

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

 

Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.

 

Նախարար`

 

Ձև 2

 

ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՐՁՆԱԿ

 

Լուսանկարի տեղադրում

 

 

 

 

ՎԿԱՅԱԿԱՆ N__

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՓՈՐՁՆԱԿ

 

Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.

 

Նախարար`

Ձև 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏ

 

Լուսանկարի տեղադրում

 

 

 

 

ՎԿԱՅԱԿԱՆ N__

 

_________________________

(անուն, ազգանուն)

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՓՈՐՁԱԳԵՏ

 

Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.

 

Նախարար`

Ձև 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՄ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏ

Անուն

 

Ազգանուն

 

Անձնագրի համար

 

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային փոստի հասցե

 

Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝

1. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն)

2. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ մասնագիտական հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական վկայական՝ դիպլոմ (բնօրինակ և պատճեն)

3. Ինքնակենսագրական

4. Երաշխավորագիր հասարակական կազմակերպության կողմից

5․ Հասարակական կազմակերպության կանոնադրությունը

6. այլ վերաբերելի փաստաթղթեր (բնօրինակ և պատճեն)

7. 2 հատ լուսանկար 3*4 չափսի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան