Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն.-0909-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.1993-31.12.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/7
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Ճանաչել գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:

3. Մինչև 1992 թվականի դեկտեմբերի 8-ի առաջնությամբ գյուտերի և արդյունաբերական նմուշների, ԽՍՀՄ-ի և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների այն արտոնագրերին, որոնց գործողության ժամկետը չի ավարտվել, Հայարտոնագրում գրանցվելուց հետո տրվում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված արտոնագրերի իրավական կարգավիճակ: Այդ գյուտերի և արդյունաբերական նմուշների արտոնագրերի գործողությունը առարկության հիման վրա կարող է դադարեցվել այն դեպքերում, երբ պահպանվող օբյեկտը չի համապատասխանում հայտ ներկայացնելու թվականին տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված արտոնագրաունակության պայմաններին:

4. Գյուտերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ-ի և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների պահպանական փաստաթղթեր ստանալու այն հայտերով, որոնց նկատմամբ 1992 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ գործավարությունը չի ավարտվել և պահպանական փաստաթղթեր չեն տրվել, հայտատուներին հեղինակների հետ համատեղ իրավունք ընձեռել դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար: Այս դեպքում պահպանվում է սկզբնական հայտերի առաջնության թվականը:

Դիմումները ներկայացվում են Հայարտոնագիր 1994 թվականի հունիսի 30-ից ոչ ուշ: Դիմումների ներկայացման, դրանց քննարկման և Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու կարգը սահմանում է Հայարտոնագիրը:

5. Գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով և ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրերով, ինչպես նաև արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերով, որոնց հայտ ներկայացնելու թվականից չի լրացել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան օբյեկտի արտոնագրի գործողության ժամկետը, հայտատուներին հեղինակների հետ համատեղ իրավունք տալ դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում նշված պահպանական փաստաթղթերի գործողությունը դադարեցնելու և միաժամանակ մնացած ժամկետով Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար:

6. Մինչև սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերի համաձայն Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու թվականը հայտարարված կամ հեղինակային վկայագրերով պաշտպանված գյուտերի և վկայագրերով պաշտպանված արդյունաբերական նմուշների օգտագործումը օրինականորեն սկսած ցանկացած անձ պահպանում է այդ գյուտերի կամ արդյունաբերական նմուշների հետագա օգտագործման իրավունքը առանց լիցենզային պայմանագիր կնքելու:

Այս դեպքում հեղինակների վարձատրությունը կատարվում է հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերի և վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշների համար սահմանված վարձատրության համապատասխան կարգով:

7. Մինչև համապատասխան օրենքի ընդունումը «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածով սահմանված տուրքերի գանձումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համաձայնեցված և Հայարտոնագրի կողմից հաստատված ժամանակավոր կանոնակարգի համաձայն:

8. «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 13-րդ մասը կիրարկել 1996 թվականի հուլիսի 1-ից:

9. Բույսերի տեսակների և կենդանիների ցեղատեսակների իրավական պահպանությունը իրականացնել 1996 թվականի հունվարի 1-ից:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

մինչև 1996 թվականի հունվարի 1-ը ապահովել փորձագիտական լրատվական ֆոնդի ստեղծումը.

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից 3 ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 5-րդ մասով, 18 հոդվածի 7-րդ մասով նախատեսված նորմատիվ ակտերը.

բ) ստեղծել մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոն.

գ) հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հեղինակային վկայագրերով պաշտպանվող գյուտերի և վկայագրերով պաշտպանվող արդյունաբերական նմուշների օգտագործման և նրանց հեղինակների վարձատրման կարգը.

դ) ստեղծել գյուտարարությանն աջակցող ֆոնդ և հաստատել ֆոնդի կանոնադրությունը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի, իրավական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներին`

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման պահից 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ օրենքի կիրարկման հետ կապված գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


20 հուլիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
Արձ. հ. 326, կետ 7
հ.ն.-0909-1