Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5065/06
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2011
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2012

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈԻՆՔ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՇԻՐՈՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 5065/06)

 

Վ Ճ Ի Ռ

 

(արդարացի փոխհատուցում)

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

15 նոյեմբերի 2011թ.

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ

 

15/02/2012

 

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Ժոզեփ Քասադևալ [Josep Casadevall]՝ Նախագահ,

Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

Էխբերտ Մայեր [Egbert Myjer],

Ինետա Զիմելե [Ineta Ziemele],

Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],

Միհայ Պուալելունջ [Mihai Poalelungi],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]՝ դատավորներ,

և Սանտիագո Կեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,

2011 թվականի հոկտեմբերի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1.  Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ պրն Հովհաննես Հովհաննիսյանի, տկն Աստղիկ Հովհաննիսյանի և տկն Դիանա Շիրոյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2006 թվականի հունվարի 17-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 5065/06) հիման վրա:

2.  2010 թվականի հուլիսի 20-ին կայացրած վճռում (հիմնական վճիռ) Դատարանը վճռել է, որ դիմումատուներին գույքից զրկելը համատեղելի չէր օրինականության սկզբունքի հետ, և հետևաբար տեղի էր ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե'ս Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Shiroyan v. Armenia], թիվ 5065/06, §§ 40-47, 2010 թվականի հուլիսի 20):

3.  Օտարված բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող դիմումատուներից յուրաքանչյուրը, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա, որպես նյութական վնասի դիմաց փոխհատուցում պահանջել է 7 560 000 ՀՀ դրամ, որը, տարադրամի գործող փոխարժեքին համապատասխան, համարժեք էր 16 666.30 եվրոյի: Նրանք նաև պահանջել են 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, իսկ դիմումատու Հովհաննես Հովհաննիսյանը պահանջել է նաև հատուցում՝ ծախսերի և ծախքերի համար:

4.  Քանի որ Դատարանը պատրաստ չէր Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման հարցի վերաբերյալ որոշում կայացնելու, Դատարանը հետաձգեց այն և առաջարկեց Կառավարությանն ու դիմումատուներին վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում ներկայացնել այդ հարցի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները և մասնավորապես՝ Դատարանին ծանուցել իրենց կողմից ձեռք բերվող ցանկացած համաձայնության մասին (նույն տեղում, § 57 և եզրափակիչ դրույթների 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը):

5.  Դիմումատուները և Կառավարությունը՝ յուրաքանչյուրը, ներկայացրել է իր դիտարկումները:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

6.  Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա.  Վնասը

 

1.  Նյութական վնասը

 

ա)  Կողմերի փաստարկները

 

7.  Դիմումատուները պնդել են իրենց պահանջը: Նրանք հայտնել են, որ հնարավորություն չեն ունեցել պետական մարմիններից ձեռք բերելու նյութական վնասի մասով իրենց պահանջներն արդյունավետ ներկայացնելու համար անհրաժեշտ որևէ տեղեկատվություն, քանի որ պետական պաշտոնյաներն ունեին տնտեսական շահագրգռվածություն կառուցապատման ծրագրերում և հետևաբար արգելափակում էին համապատասխան պաշտոնական տեղեկատվության ցանկացած հասանելիություն, մասնավորապես՝ Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույքի գների վերաբերյալ:

8.  Հաշվի առնելով վերոնշյալը՝ դիմումատուները պնդել են, որ օգտագործման իրենց իրավունքի արժեքը պետք է հաշվարկվեր՝ օգտագործելով եկամուտների կապիտալիզացիայի մեթոդը և կիրառելով Քաղաքացիական օրենսգրքի փոփոխված 225-րդ հոդվածով սահմանված բանաձևը, որով սույն գործի հանգամանքներում ներդրվում էր օգտագործման իրավունքի դադարեցման համար փոխհատուցման գումարի հաշվարկման նոր մեթոդ (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan y. Armenia], թիվ 27651/05, § 40, 2009 թվականի հունիսի 23): Հիմնվելով այդ հաշվարկի վրա՝ դիմումատուներից յուրաքանչյուրը որպես նյութական վնասի հատուցում պահանջել է 7 560 000 ՀՀ դրամ, որը, տարադրամի գործող փոխարժեքին համապատասխան, համարժեք էր 16 666.30 եվրոյի:

9.  Կառավարությունը պնդել է, որ նյութական վնասի հաշվարկման համար դիմումատուների կողմից առաջարկված բանաձևը կիրառելի չէր նրանց գործի նկատմամբ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի փոփոխությունները, որոնցով ներդրվել էր տվյալ բանաձևը, ուժի մեջ են մտել միայն 2005 թվականի նոյեմբերի 26-ին, այսինքն՝ սույն գործի հանգամանքներից հետո: Հնարավոր նյութական վնասի գումարը պետք է հաշվարկվեր բնակարանի առանձնահատկությունների և դիմումատուների իրավունքների տեսակի հիման վրա:

 

բ)  Դատարանի գնահատականը

10.  Դատարանը մի շարք դեպքերում վճռել է, որ այն վճռով, որով Դատարանը հայտնաբերել է խախտում, պատասխանող պետության վրա դրվում է խախտումը դադարեցնելու և դրա հետևանքների համար հատուցելու պարտավորություն այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումը գոյություն ունեցած իրավիճակը (տե՛ս Յատրիդիսն ընդդեմ Հունաստանի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [latridis v. Greece (just satisfaction) [GC]], թիվ 31107/96, § 32, ՄԻԵԴ 2000-XI): Գործի կողմեր հանդիսացող Պայմանավորվող պետություններն ըստ էության ազատ են ընտրելու այն միջոցը, որով կատարվելու է Դատարանի կողմից հայտնաբերված խախտման մասին վճիռը: Վճռի կատարման եղանակի ընտրության այս հայեցողությունն արտացոլում է Պայմանավորվող պետությունների՝ Կոնվենցիայով սահմանված՝ երաշխավորված իրավունքների և ազատությունների ապահովման առաջնային պարտավորությանը կցված ընտրության ազատությունը (1-ին հոդված): Եթե խախտման բնույթը restitutio in integrum (վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը) հնարավորություն է տալիս, ապա այն կատարելու պարտականությունը դրա համար պատասխանատու պետությանն է, քանի որ Դատարանը չունի դա ինքնուրույն անելու ո՛չ իրավասություն, ո՛չ էլ գործնական հնարավորություն: Եթե, այնուամենայնիվ, ազգային իրավունքով չի նախատեսվում խախտման հետևանքների համար հատուցման հնարավորություն, կամ դա նախատեսվում է մասամբ, ապա 41-րդ հոդվածով Դատարանին իրավասություն է վերապահվում տուժած կողմին անհրաժեշտության դեպքում տրամադրել այդպիսի փոխհատուցում (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Brumärescu v. Romania (just satisfaction) [GC]], թիվ 28342/95, § 20, ՄԻԵԴ 2001-I):

11.  Սույն գործով Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում հայտնաբերվել է այն հիմքով, որ այդ բնակարանի նկատմամբ դիմումատուների օգտագործման իրավունքը դադարեցվել է այնպիսի իրավական դրույթների վրա հիմնվելով, որոնք կիրառելի չեն եղել նրանց գործի նկատմամբ: Այդպիսի դադարեցումը եղել է կամայական և անօրինական (տե՛ս Հովհաննիսյանի և Շիրոյանի գործը՝ վերևում հիշատակված, § 45): Դատարանը նշում է, որ բնակարանի ոչնչացման պատճառով restitution in integrum հնարավոր չէ: Հետևաբար Դատարանը կարծում է, որ պետք է շնորհվի նյութական վնասի հատուցում:

12.  Դատարանը համաձայնում է Կառավարության հետ այն բանի շուրջ, որ նյութական վնասի հաշվարկը չպետք է հիմնված լինի Քաղաքացիական օրենսգրքի փոփոխված 225-րդ հոդվածով սահմանված բանաձևի վրա, քանի որ տվյալ ժամանակահատվածում այդ դրույթներն ուժի մեջ չեն եղել: Տվյալ ժամանակահատվածում գործող Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածին համապատասխան՝ օգտագործման իրավունքի արժեքը համարժեք էր բնակարանում համապատասխան այն մասնաբաժնի շուկայական արժեքին, որի նկատմամբ ունեցել են այդպիսի իրավունք (տե՛ս նաև Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (արդարացի փոխհատուցում) [Minasyan and Semerjyan v. Armenia (just satisfaction)], թիվ 27651/05, § 20, 2011 թվականի հունիսի 7):

13.  Սույն գործով դիմումատուները 66.8 քմ ընդհանուր մակերեսով օտարված բնակարանի 33.8 քմ-ի նկատմամբ համատեղ ունեցել են օգտագործման իրավունք: Այնուամենայնիվ, այդ բնակարանում ունեցած մասնաբաժնի դիմաց նրանց տրամադրվել է ոչ թե հատուցում, այլ միայն Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հատուկ ֆինանսական խրախուսում (տե՛ս Հովհաննիսյանի և Շիրոյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 9, 14 և 26-28): Միևնույն ժամանակ, քանի որ օտարված բնակարանը ոչնչացվել էր և այլևս գոյություն չուներ, հնարավոր չէ ճշգրտորեն հաշվարկել դիմումատուների մասնաբաժնի արժեքը: Հետևաբար նյութական վնասի գնահատումը պետք է իրականացվի արդարացիության սկզբունքի հիման վրա: Դատարանը, հաշվի առնելով իր նախադեպային իրավունքում հաստատված համապատասխան սկզբունքները, կարծում է, որ առավել պատշաճ և արդարացի լուծումը կլիներ դիմումատուներին տվյալ ժամանակահատվածում բնակարանի իրենց բաժնեմասի հավանական արժեքը շնորհելը՝ փոխարկված ներկայիս արժեքով՝ արժեզրկման հետևանքները հաշվանցելու համար:

14.  Դատարանը նշում է, որ 2005 թվականի հունիսի 16-ին Կ.Հ.-ի՝ դիմումատուների ընտանիքի այն անդամի, որը բնակարանի սեփականատերն էր, և պետության միջև կնքված պայմանագրից հետևում է, որ Կ.Հ.-ն համաձայնել է բնակարանն այլ բնակարանի դիմաց զիջել պետությանը, և որ այդ բնակարանը տվյալ ժամանակահատվածում գնահատվել է 10 285 923 ՀՀ դրամ: Դատարանը, հաշվի առնելով այդ տեղեկությունները և իր տրամադրության տակ եղած ամբողջ նյութերի հիման վրա նախահաշվարկ կատարելով, նյութական վնասի չափը գնահատում է 12 500 եվրո: Դատարանը կարծում է, որ այդ գումարը դիմումատուներին պետք է շնորհվի համատեղ:

 

2.  Ոչ նյութական վնասը

15.  Դիմումատուներից յուրաքանչյուրը նաև պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ պնդելով, որ ապօրինի օտարման և անօթևան մնալու հետևանքով իրենք ունեցել են հուսալքության և անօգնականության զգացում:

16.  Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն ապացուցել, որ նրանք կրել են ոչ նյութական վնաս, և որ հայտնաբերված խախտման և ենթադրյալ ոչ նյութական վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

17.  Դատարանը կարծում է, որ իրենց գույքի ապօրինի օտարումից առաջացած՝ անօգնականության և հուսալքության զգացումները դիմումատուներին պատճառել են ոչ նյութական վնաս, որը պետք է պատշաճ կերպով հատուցվի: Դատարանը, որոշում կայացնելով արդարացիության սկզբունքի հիման վրա, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որոշում է դիմումատուներից յուրաքանչյուրին այս մասով շնորհել 2 000 եվրո կամ ընդհանուր՝ 6 000 եվրո:

 

Բ.  Ծախսերը և ծախքերը

 

18.  Դիմումատու Հովհաննես Հովհաննիսյանը նաև պահանջել է 100 եվրո՝ որպես փոստային ծախսերի հատուցում:

19.  Կառավարությունը պնդել է, որ դիմումատուների կողմից ներկայացված՝ DHL-ի փոստային ստացականն ամբողջությամբ չի արտացոլում այդ գումարը: Կարիք չկար, որ նրանք օգտվեին այդպիսի թանկարժեք փոստային ծառայությունից:

20.  Դատարանը նշում է, որ դիմումատու Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է 23 525 ՀՀ դրամի փոստային ստացական, որը կազմում է մոտավորապես 45 եվրո: Դատարանը, հետևաբար, որոշում է դիմումատու Հովհաննես Հովհաննիսյանին շնորհել այդ գումարը:

 

Գ.  Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

21.  Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1.  Վճռում է, որ՝

ա)  պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին միասին վճարի համապատասխանաբար նյութական և ոչ նյութական վնասի դիմաց՝ 12 500 եվրո (տասներկու հազար հինգ հարյուր եվրո) և 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, և դիմումատու Հովհաննես Հովհաննիսյանին նույն ժամանակահատվածում պետք է ծախսերի և ծախքերի դիմաց վճարի 45 եվրո (քառասունհինգ եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որոնք պետք է փոխարկվեն ՀՀ դրամի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ)  վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

2.  Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2011 թվականի նոյեմբերի 15-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Սանտիագո Կեսադա
Քարտուղար

Ժոզեփ Քասադևալ
Նախագահ