ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Ընդունել բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքները:
ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
Հ Ի Մ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը
Սույն հիմունքները սահմանում են Հայաստանի Հանրապետության բնապահպանական քաղաքականությունը և նպատակ ունեն Հայաստանի տարածքում ապահովել բնական միջավայրի պահպանությունը և օգտագործման կարգավորումը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել ընդերքի, անտառային և ջրային հարաբերությունները, բուսական և կենդանական աշխարհի, մթնոլորտային օդի պահպանության և օգտագործման հարաբերությունները կարգավորող բնապահպանական օրենսդրության զարգացման համար:
ԲԱԺԻՆ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Բնության պահպանության էությունն ու նպատակները |
Բնության պահպանությունը շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության կանխման, կենսոլորտի կայունության պահպանման, բնության և մարդու կենսագործունեության ներդաշնակության ապահովման և բնական պաշարների խնայողաբար օգտագործման ու վերարտադրության գործնական միջոցառումների իրականացնումն է:
Բնության պահպանության նպատակներն են`
-ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր.
- պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական և բուսական աշխարհի հարստությունների վերարտադրմանը.
- պահպանել բնատարածքային համակարգերի ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը.
- պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը.
- պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմական, մշակութային ու գեղագիտական բնական արժեքները:
Հոդված 2. | Պահպանության ենթակա բնության օբյեկտները |
Հայաստանի Հանրապետության տարածքում աղտոտումից, փչացումից, վնասումից, սպառումից և վերացումից պետական պահպանության և օգտագործման կարգավորման ենթակա են հողը, նրա ընդերքը, բուսական և կենդանական աշխարհը, մթնոլորտային օդը, ջրերը, բնության հատուկ պահպանվող տարածքները (արգելոցները, արգելավայրերը, բնորոշ կամ հազվագյուտ բնական օբյեկտները), առողջարանային, պատմական կարևորագույն իրադարձությունների հետ կապված վայրերը, լանդշաֆտները:
Հոդված 3. | Բնության օգտագործման էությունը, նպատակները և պայմանները |
Բնության օգտագործումը մարդու և բնության փոխհարաբերությունն է, որի ընթացքում բավարարվում են մարդու հոգևոր, ֆիզիկական և նյութական պահանջմունքները:
Բնության օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության և վերարտադրության ապահովման պայմանով:
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության բնության պահպանությունը և բնական պաշարների օգտագործումը կարգավորող օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման հարաբերությունները կարգավորվում են սույն հիմունքներով և դրանց համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերով:
Հոդված 5. | Բնության պահպանության ապահովման տնտեսական մեխանիզմը |
Բնության պահպանության ապահովման տնտեսական մեխանիզմը սահմանվում է առանձին ենթաօրենսդրական ակտերով և ընդգրկում է`
- վարձի գանձում բնական պաշարների օգտագործման, շրջակա միջավայրի աղտոտման և նրա վրա այլ թույլատրելի սահմաններում վնասակար ազդեցության համար.
- տուգանքների գանձում բնապահպանական օրենսդրության խախտումների համար.
- բարձր հարկերի և այլ տնտեսական պատժամիջոցների կիրառում բնության պահպանությունն ապահովող գիտատեխնիկական նվաճումներ, նոր, առավել արդյունավետ միջոցներ, սարքավորումներ, տեխնոլոգիա և տեխնիկա չներդնելու կամ դրանք պատշաճ կարգով չօգտագործելու դեպքում.
- լրացուցիչ հարկի գանձում էկոլոգիապես վնասակար տեխնոլոգիա կիրառելու համար.
- հարկային, վարկային և այլ արտոնությունների ընձեռում սակավաթափոն, անթափոն և ռեսուրսախնայող արտադրության ու տեխնոլոգիայի ներդրման, բնության պահպանությանն ու վերականգնմանը նպաստող գործունեության, էկոլոգիական բարձր կարգապահության համար.
- շրջակա բնական միջավայրը աղտոտող անխուսափելի արտանետումների իրավունք տվող լիցենզիաների հատկացում.
- բնական օբյեկտների փչացման կամ ոչնչացման հետևանքով պատճառված վնասի հատուցում.
- շրջակա միջավայրի կամ նրա առանձին մասերի խախտված վիճակը վերականգնելու պարտավորությունների սահմանում:
Բնապահպանական միջոցառումների համար ստեղծվում են բնության պահպանության հանրապետական և տեղական ֆոնդեր:
Հասարակական կազմակերպությունները կարող են ստեղծել բնության պահպանության հասարակական ֆոնդեր:
Հոդված 6. | Պետության պարտավորությունները բնության պահպանության բնագավառում |
Բնության պահպանությունը զուգակցելով ազգային պետական քաղաքականության մյուս հիմնահարցերի հետ, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է`
- հանրապետության բոլոր քաղաքացիների համար ապահովել նրանց սոցիալական, գեղագիտական և մշակութային պահանջմունքները բավարարող անվտանգ, առողջ և բարենպաստ բնական պայմաններ.
- հասնել բնական միջավայրի առավել արդյունավետ օգտագործմանը` բացառելով նրա վատթարացումը, մարդկանց առողջության և էկոլոգիական անվտանգության համար սպառնալիքի առաջացումը.
- հասնել հավասարակշռության ազգաբնակչության աճի և բնական պաշարների օգտագործման միջև, ապահովել բնության առանձին կամ մի քանի բաղկացուցիչ մասերի ընդհանուր էկոլոգիական հաշվեկշիռը.
- այդ բնագավառում զուգակցել ազգային և միջազգային շահերը:
Հոդված 7. | Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավասությունները բնության պահպանության բնագավառում |
/հոդվածը հանվել է 02.04.96 թ. օրենք/
Հոդված 8. | Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները բնության պահպանության բնագավառում |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասության մեջ է մտնում բնապահպանական միջոցառումների մշակումը և իրականացումը, այդ բնագավառում արտաքին հարաբերությունների զարգացումը, բնական պաշարների օգտագործման կարգավորումը, բնական, պատմական և մշակութային հուշարձանները պետության պահպանության տակ վերցնելը, էկոլոգիական ճգնաժամի կանխումը և տարերային աղետների ու խոշոր վթարների հետևանքների վերացումը:
Հոդված 9. | Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը բնության պահպանության բնագավառում |
Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության մեջ է մտնում` բնապահպանական գերատեսչությունների հետ համաձայնեցնելուց հետո բնության օգտագործման ծավալն ու եղանակները սահմանող պայմանագրերի կնքումը, տարածքն օգտագործման հանձնելը, լանդշաֆտների, էկոհամակարգերի և բնության առանձին տարրերի պահպանումն ու համապատասխան իրականացումը:
Հոդված 10. | Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը |
Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը և բնական պաշարների օգտագործումը կարգավորվում է լիազորված պետական մարմինը, որի իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ:
Բնության պահպանության լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին և ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին:
/խմբ. 02.04.96 թ. օրենք/
Հոդված 11. | Քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները բնության պահպանության բնագավառում |
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի`
- օգտվել բնության առողջարար հատկություններից.
- օրենքով սահմանված կարգով օգտվել բնության բարիքներից.
- ստանալ շրջակա միջավայրի աղտոտման, էկոլոգիական վթարի կամ աղետի հետևանքով առողջությանը պատճառված վնասի լրիվ հատուցում.
- պահանջել և ժամանակին ստանալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն շրջակա միջավայրի իրավիճակի մասին.
- բնակվել մաքուր շրջակա միջավայրում, իսկ վերջինիս խախտումների դեպքում` ստանալ էկոլոգիական աղետյալի կարգավիճակ, որի դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված համարժեք փոխհատուցման համակարգը.
- մասնակցություն ունենալ բնության պահպանության վերաբերյալ օրենքների և որոշումների մշակմանն ու դրանց իրականացման նկատմամբ հսկողությանը.
- ներգրավվել բնապահպանական հասարակական կազմակերպություններում.
- օգտվել այլ իրավունքներից, որոնք չեն հակասում բնապահպանական օրենսդրությանը:
Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անշեղորեն կատարել բնապահպանական օրենսդրության պահանջները, աջակցել բնության պահպանությանը:
ԲԱԺԻՆ 2.
ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՐԱԿԻ ՉԱՓԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 12. | Բնական միջավայրի որակի չափակարգումը |
Շրջակա բնական միջավայրի որակի չափակարգումը կատարվում է այդ միջավայրի վրա ներգործության գիտականորեն հիմնավորված, բնակչության առողջությունը և ընդհանուր էկոլոգիական համակարգի անվտանգությունը երաշխավորող սահմանային թույլատրելի նորմատիվներ սահմանելու նպատակով:
Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ներգործության սահմանային թույլատրելի չափերը փոփոխվում են գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց, հաշվի առնելով միջազգային ստանդարտները, հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի և առողջապահության նախարարության կողմից, որոնք, ելնելով տվյալ շրջանի առանձնահատկություններից և համաձայնեցնելով տեղական խորհուրդների հետ կարող են խստացնել սահմանված չափերը:
Բնության պահպանության նորմատիվ-տեխնիկական և չափաբանական-մետրոլոգիական ապահովման համակարգն ընդգրկում է`
- օդը, ջուրը և ընդերքը աղտոտող վնասակար նյութերի առավել թույլատրելի խտության չափերը.
- վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների չափերը.
- բնության վրա վնասակար ներգործություն ունեցող քիմիական նյութերի կիրառման չափերը.
- աղմուկի, վիբրացիայի, մասնագիտական դաշտերի, ռադիացիոն ճառագայթման և այլ վնասակար ֆիզիկական ներգործությունների սահմանային թույլատրելի չափերը.
- սննդամթերքի մեջ քիմիական նյութերի մնացորդների առավել թույլատրելի չափերը.
- գյուղատնտեսության քիմիացման միջոցների կիրառման սահմանային թույլատրելի չափերը.
- բնական միջավայրի ծանրաբեռնվածության թույլատրելի չափերը.
- սանիտարական և պաշտպանական գոտիների չափերը.
- բնակչության և նրա առանձին խմբերի առողջական վիճակը բնորոշող ցուցանիշներ:
Հոդված 13. | Շրջակա միջավայրի վիճակի հետազոտումը |
Շրջակա բնական միջավայրի որակը պետք է համապատասխանի այդ շրջանում գործող նորմատիվներին (չափորոշիչներին): Բնական միջավայրի հետազոտումը և գնահատումը կատարվում է մշտապես: Այն իրականացվում է բնության պահպանության պետական մարմինների կողմից, մոնիտորինգի միջոցով: Էկոլոգիական գործող նորմատիվները չպահպանելու դեպքում բնության պահպանության պետական մարմինների կողմից կարող են սահմանափակվել կամ դադարեցվել աղտոտող արտանետումները և վնասակար ներգործության մյուս ձևերը` ընդհուպ մինչև համապատասխան ձեռնարկությունը, հիմնարկը փակելը:
Հոդված 14. | Շրջակա միջավայրի վրա ազդող տնտեսական և այլ նախագծերի մշակումն ու իրականացումը |
Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով քաղաքաշինական, տնտեսական և այլ գործունեության վերաբերյալ նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որոնք պատվիրատուն մինչև նախագծերի հաստատումը ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմնին:
Արգելվում է այնպիսի նախագծերի մշակումն ու իրականացումը, որոնք կարող են խախտել բնական հավասարակշռությունն ու էկոլոգիական համակարգերը, ոչնչացնել բույսերի և կենդանիների գենետիկական ֆոնդը կամ մարդու առողջության և բնական միջավայրի համար առաջացնել այլ անուղղակի հետևանքներ:
/փոփ. 02.04.96 թ. օրենք/
Հոդված 15. | Ձեռնարկությունների, շինությունների և այլ օբյեկտների շահագործմանը ներկայացվող էկոլոգիական պահանջները |
Ձեռնարկությունները, միավորումները և կազմակերպությունները, որոնց գործունեությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, պարտավոր են գործնական և արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնական առողջ միջավայրի և էկոլոգիական նորմատիվների պահպանման համար:
Ձեռնարկությունները պարտավոր են գործող նորմատիվներին համապատասխան ապահովել բնական միջավայրի պահպանությունը` մաքրիչ սարքավորումների, կառուցվածքների և կայանքների անխափան և արդյունավետ աշխատանքը, վնասակար թափոնների վնասազերծումն ապահովելու, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների և ջրաշրջանառու մատակարարման համակարգեր ներդնելու միջոցով:
Արգելվում է շահագործման ընդունել այն օբյեկտները, որոնք չեն ապահովում էկոլոգիական բոլոր պահանջների կատարումը: Այդպիսի օբյեկտները շահագործման ընդունած հանձնաժողովի նախագահը և անդամները ենթակա են վարչական և քրեական պատասխանատվության:
Էկոլոգիապես վնասակար օբյեկտների վերապրոֆիլավորումը կատարվում է բնության պահպանության պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ:
Հոդված 16. | Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգերը և նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունները /կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում և այլն/, որոնք ունեն վտանգավոր ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն անց է կացվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
/խմբ. 02.04.96 թ. օրենք/
Հոդված 17. | Պետական էկոլոգիական փորձաքննության օբյեկտները |
/հոդվածը հանվել է 02.04.96 թ. օրենք/
ԲԱԺԻՆ 3.
ԲՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. | Հողի պահպանությունը |
Պահպանության ենթակա են ինչպես պետական ֆոնդի հողերը, այնպես էլ սեփականության իրավունքով քաղաքացիներին, կոոպերատիվներին և գյուղացիական տնտեսություններին պատկանող հողերը:
Հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են հողն օգտագործել ըստ նշանակության, ռացիոնալ և արդյունավետ, վերաբերվել խնամքով և թույլ չտալ նրան աղակալում, ճահճացում ու վատթարացում, էրոզիայի զարգացում, թույլատրելի սահմանային խտություններից ավելի քիմիական նյութերով և տարրերով աղտոտում և այլն:
Հողի պահպանության պահանջները չկատարելու դեպքում այն կարող է հետ վերցվել ինչպես օգտագործողից, այնպես էլ սեփականատիրոջից:
Հողը հանձնվում է օգտագործողին միայն նրա էկոլոգիական վիճակը բնութագրող փաստաթուղթը (անձնագիրը) կազմվելուց հետո:
Հողի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ:
Հոդված 19. | Ընդերքի պահպանությունը |
Հայաստանի Հանրապետության ամբողջ ընդերքը ենթակա է պահպանության: Ընդերքը և օգտակար հանածոները օգտագործվում են երկրաբանական լիակատար կոմպլեքսային ուսումնասիրությանը համապատասխան` ապահովելու ընդերքի և օգտակար հանածոների ռացիոնալ ու կոմպլեքսային օգտագործումը, պահպանելով դրանց օգտագործման սահմանված կարգը: Ընդերքի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենքով:
Հոդված 20. | Ջրերի պահպանությունը |
Մակերեսային և ստորգետնյա ջրերը ենթակա են պահպանման աղտոտումից, աղբակալումից և սպառումից:
Ջրերն օգտագործվում են պայմանով, որ բնական շրջանառության մեջ պահպանվի անհրաժեշտ քանակությամբ ջուր, ապահովվի ջրերի նորմատիվ մանրէաբանական և քիմիական մաքրությունը, ջրային կենդանական ու բուսական աշխարհի անաղարտությունը:
Ջրօգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ:
Հոդված 21. | Օդի պահպանությունը |
Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարևոր հիմնական տարրերից մեկն է:
Մթնոլորտային օդի վիճակը գնահատելու համար սահմանվում են մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի խտությունների և մթնոլորտի վրա վնասակար ֆիզիկական ներգործությունների մակարդակների չափորոշիչներ: Այդ չափորոշիչները պետք է համապատասխանեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պահպանության շահերին:
Նոր և վերակառուցված ձեռնարկությունների, կառուցվածքների և մյուս օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման ու օգտագործման, գոյություն ունեցող տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վնասակար ներգործությունների չափորոշիչների պահպանումը:
Արգելվում է մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող նոր ու վերակառուցված ձեռնարկությունների, կառուցվածքների և մյուս օբյեկտների շահագործման հանձնումը:
Մթնոլորտային օդի պահպանությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով:
Հոդված 22. | Անտառների, պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառաթփային տնկարկների և այլ օգտակար բուսականության պահպանումը |
Պահպանության ենթակա են Հայաստանի Հանրապետության անտառները, քաղաքներում և այլ բնակավայրերում, ճանապարհներին ու ջրանցքներին հատկացվող հողաշերտերում գտնվող` պետական անտառային ֆոնդի մեջ չմտնող ծառերը, ծառախմբերը, ինչպես նաև մյուս ծառաթփային տնկարկները, որոնք ունեն առողջարարական, պաշտպանական և գեղագիտական նշանակություն, ինչպես նաև գյուղատնտեսական հողերում գտնվող առանձին դեկորատիվ ծառերն ու ծառախմբերը և ամեն մի օգտակար բուսականություն:
Բուսական աշխարհի օգտագործումը, վերարտադրության ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օրենսդրությամբ:
Հոդված 23. | Կենդանական աշխարհի պահպանությունը |
Պահպանման և կարգավորված օգտագործման ենթակա են այն վայրի կենդանիները, որոնք բնական վիճակում ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում (օդում, ջրում, հողում): Արգելվում են այն գործողությունները, որոնք կարող են խոչնդոտել կենդանիների բնականոն վերարտադրությանը, բազմատեսակության պահպանմանը ու դրանց բնակության միջավայրի խախտմանը, ինչպես նաև հասցնել բնության կենսաբանական աղտոտմանը:
Կենդանական աշխարհի պահպանությունը և օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի մասին օրենսդրությամբ:
Հոդված 24. | Հատուկ պահպանվող բնական տարածքները |
Հայաստանի Հանրապետությունում պետական հատուկ պահպանության են ենթակա պետական արգելոցները, պետական արգելավայրերը, ազգային բնական զբոսայգիները, բնության հուշարձանները:
Հատուկ պահպանվող բնական տարածքների պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հատուկ պահպանվող բնական տարածքների մասին օրենքով:
Հոդված 25. | Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի ու կենդանիների պահպանությունը |
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի ու կենդանիների պահպանության համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքը` հաստատված Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ:
Արգելվում է ամեն մի գործունեություն, որը հանգեցնում է Կարմիր գրքում մտցված բույսերի ու կենդանիների թվաքանակի կրճատմանը, դրանց տարածման վայրերի վատթարացմանը: Այդ բույսերը և կենդանիները գիտական նպատակներով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից:
/փոփ. 02.04.96 թ. օրենք/
Ձեռնարկությունները, կազմակերպությունները և մյուս հողօգտագործողները, որոնց տարածքում կան Կարմիր գրքի մեջ մտցված բույսեր ու կենդանիներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պաշտպանության և վերարտադրության համար:
Կարմիր գրքի մեջ մտցված բույսերի և կենդանիների ոչնչացման համար մեղավոր անձինք ենթակա են նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության:
Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից հաստատված կանոնադրությամբ:
Հոդված 26. | Առողջարանային քաղաքների, կուրորտային և հանգստյան գոտիների պահպանությունը |
Առողջարանային քաղաքների, կուրորտային և հանգստյան գոտիների բնական հատկությունների և բուժիչ միջոցների պահպանության, դրանք փչացումից, աղտոտումից և սպառումից պահպանելու նպատակով սահմանվում են սանիտարական պահպանության տարածքներ, որոնց սահմաններում արգելվում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործունեություն:
Բնական տարածքները առողջարանային քաղաքներ, կուրորտային և հանգստյան գոտիներ հայտարարելու կարգը, դրանց օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գոտիների մասին հատուկ օրենսդրական ակտերով:
Հանգստյան գոտիներն ստեղծվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության հանգստի կազմակերպման համար: Այդ նպատակի իրականացմանը խոչնդոտող ամեն մի գործունեություն տվյալ գոտիներում արգելվում է:
Հոդված 27. | Արտադրական և կենցաղային թափոնների վերացումը |
Թափոնների արտադրությունից և կենցաղից հեռացվում են կրկնակի օգտագործման, պահեստավորման և թաղման միջոցով:
Թափոններ ստեղծող արդյունաբերական, գյուղատնտեսական և կոմունալ օբյեկտների վրա է դրվում դրանց վնասազերծման և վերացման համար կատարվող ծախսերը:
Կենցաղային թափոնների վերացումը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:
ԲԱԺԻՆ 4.
ՊԵՏԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 28. | Պետական էկոլոգիական հսկողության խնդիրները |
Պետական էկոլոգիական հսկողության խնդիրն է ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների կողմից:
Բնապահպանական օրենսդրության ճշգրիտ և միատեսակ կատարման նկատմամբ բարձրագույն հսկողությունն իրականացնում է էկոլոգիական դատախազությունը: Բնական միջավայրի պահպանության նկատմամբ հսկողությունն իրականացնում է նաև հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկը և էկոոստիկանությունը:
Հոդված 29. | Պատասխանատվությունը բնապահպանական օրենսդրության խախտման համար |
Բնապահպանական օրենսդրությունը խախտող անձինք ենթակա են քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվության:
Վարչական և քրեական պատասխանատվության ենթարկված անձը չի ազատվում բնության և բնապահպանական օրենսդրության խախտման հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման պարտականությունից:
Բնապահպանական օրենսդրությունը սիստեմատիկաբար խախտողները կարող են զրկվել բնության պահպանության օբյեկտի տնտեսական օգտագործման իրավունքից:
Հոդված 30. | Բնության պահպանության և օգտագործման հետ կապված վեճերը |
Բնության պահպանության և օգտագործման հետ կապված վեճերը ենթակա են դատարանի կամ արբիտրաժի քննությանը:
ԲԱԺԻՆ 5.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 31. | Միջազգային պայմանագրերը |
Այն դեպքում, եթե միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության վրա տարածվում են այնպիսի բնապահպան պահանջներ, որոնք տարբերվում են Հայաստանի Հանրապետության բնության պահպանության վերաբերյալ օրենսդրության պահանջներից, կիրառման ենթակա են միջազգային պայմանագրի պահանջները:
Օտարերկրյա քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության բնությունը և հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջները:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար |
Ա. Սահակյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, N Ն-0350-I | |
02.04.1996, ՀՕ-48 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|