Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0878-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.1993-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/12
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի կոոպերատիվ կազմակերպությունների մասը վերաբերում է կոոպերատիվների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի այն տների ու բնակարանների սեփականաշնորհմանը, որոնք շահագործման են հանձնվել մինչև «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը` 1990 թվականի դեկտեմբերի 1-ը:

3. Սահմանել, որ գործող օրենսդրական ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

4. Սույն օրենքը կիրարկելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 1989 թվականի հունիսի 13-ի հ. 272 որոշումը:

5. Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձի մեծությունը սահմանել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել.

- մեկամսյա ժամկետում` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

- չորսամսյա ժամկետում` բնակարանային ֆոնդի ամրացման և աղետի գոտու բնակարանային շինարարության, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում տուժած բնակավայրերի և փախստականների բնակարանային հարցերի կարգավորման ծրագիրը.

- եռամսյա ժամկետում` անավարտ շինարարության բնակելի տների սեփականաշնորհման կարգը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հետ միասին, օրենքի հրապարակման պահից.

- մեկամսյա ժամկետում սահմանել աղետի գոտու բնակիչներին և փախստականներին հատկացված ժամանակավոր կացարանների հետագա օգտագործման կարգը.

- եռամսյա ժամկետում սահմանել պետական բնակարանային ֆոնդի հերթագրման նոր սկզբունքների և կարիքավորներին տրվող հատուցման պետական երաշխիքները, ինչպես նաև քանդման ենթակա տների բնակիչների իրավունքների ապահովման, բնակարան հատկացնելու կամ փոխհատուցումների կարգը.

 - եռամսյա ժամկետում սահմանել այն բնակելի տների սեփականաշնորհման կարգը, որոնց շինարարությունը դեռ չի ավարտվել և որոնց համար մինչև 1993 թվականի հունիսի 22-ը պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից բնակարան հատկացնելու մասին ընդունվել են համապատասխան որոշումներ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից.

ա) մեկամսյա ժամկետում սահմանել`

- բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը.

- պատմական և մշակութային հուշարձաններ հանդիսացող տների, բնակարանների սեփականաշնորհման դեպքում հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության կարգը.

- բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցելու կարգը.

- սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին տրվող տեխնիկական անձնագրի և տնային գրքի նմուշի ձևը և տալու կարգը.

- պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների կողմից քաղաքացիներից բնակարանների գնման կարգը.

բ) եռամսյա ժամկետում սահմանել`

- սեփականաշնորհված բնակելի տների ընդհանուր օգտագործման տարածքների սեփականաշնորհման կարգը.

- պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները, ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգը.

- բնակարանային ֆոնդի շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները և նորմերը.

- սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերի միավորումների, ընկերությունների, այլ կազմակերպությունների կանոնադրությունը.

- ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը և սեփականաշնորհման ժամկետները.

- հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնող քաղաքացիների բնակարանների օգտագործման և օտարման կարգը.

- սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հսկողության կարգը.

- նկուղների տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը.

- ընդունել սույն օրենքից բխող և նրա կատարումն ապահովող համապատասխան որոշումներ.

գ) օրենքի հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել.

- մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը գործող օրենսդրության մեջ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

9. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

բնակչությանն ապահովել որպես սեփականություն բնակարանի ձևակերպման կարգի և պայմանների մասին օպերատիվ և մատչելի լրատվությամբ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներ, որոնք թույլ կտան անարգել իրականացնել բնակարանների սեփականաշնորհումը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


23 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 318, կետ 3
հ.ն-0878-1