Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
8 դեկտեմբերի 2016 թվականի N 49
22. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N 49 |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ»
ԾՐԱԳՐԻ
1. «Հայաստանի Իրավազորություն» ծրագիրը նպատակներով, ժամկետներով և ռեսուրսներով փոխկապակցված միջոցառումների համալիր է, որի նպատակն է ներգրավել Հայաստան օտարերկրյա կազմակերպություններ և դրանց հետ կապված մարդկային ռեսուրսներ, և որը նախատեսում է մշակել այս նպատակի համար գրավիչ արդիական իրավազորություն և միջավայր, ինչպես նաև օժանդակել Հայաստանում արդիական իրավազորության իրականացմանը և մշտադիտարկել գործընթացները։
2. Արդիական իրավազորություն հասկացությունը ներառում է ֆինանսական, հարկաբյուջետային, պետական գրանցումների և դատական ոլորտներում ենթակառուցվածքային լուծումներ, օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև այդ լուծումներից օգտվող կազմակերպությունների աշխատողների և մասնակիցների համար գրավիչ միջավայրի ապահովումը մշակված միջազգային լավագույն փորձի հիման վրա։
3. Գրավչությունն օտարերկրյա կազմակերպությունների և դրանց հետ կապված մարդկային ռեսուրսների համար ապահովվում է ինչպես վերը նշված ոլորտներում առանձնացված լուծումների կիրարկմամբ, այնպես և լուծումներով կրթական, մշակութային, հեռահաղորդակցության և այլ հումանիտար ոլորտներում: Ինչպես նաև գրավչությունը ապահովվում է միջազգային հաղորդակցություններին ուղղված արդյունավետ աշխատանքի շնորհիվ։
4. Թիրախային լուծումների մոտեցումը հանդիսանում է կարևոր մեթոդ գրավիչ և արդիական իրավազորություն ձևավորելու համար։ Թիրախային խմբերը որոշակիացվում են թիրախային լուծումների շրջանակներում և իրականացման միջոցառումների ցանկը տրվում է այդ լուծումների մշակման ընթացքում։
5. «Հայաստանի Իրավազորություն» ծրագիրն արդեն իսկ կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետություն կազմակերպություններ և բարձրորակ կադրեր և ապահովել հատուկ գրավչության պայմաններ՝ օգտվելով առկա բարեփոխումների արդյունքից։ Եվ հակառակը` այդ կազմակերպությունների և մարդկանց կուտակված փորձը և գործունեությունը հանդիսանում են կարևոր խթան բարեփոխումների համար։
6. «Հայաստանի Իրավազորություն» ծրագիրը նպատակ ունի ֆինանսական, հարկաբյուջետային, պետական գրանցումների և դատական ոլորտներում ենթակառուցվածքային լուծումներ նախապատրաստել և խթանել, օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների նախագծեր մշակել, ինչպես նաև այդ լուծումներից օգտվող կազմակերպությունների ու դրանց աշխատողների և մասնակիցների համար միջազգային լավագույն փորձի հիման վրա գրավիչ միջավայր ստեղծել` ներգրավելով ֆինանսական միջոցներ, տեխնոլոգիաներ, մասնագիտական կարողություններ, օժանդակելով բարեփոխումներին իր իրավասությունների շրջանակում, նպաստելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը` որպես գրավիչ և մրցունակ իրավազորություն:
7. «Հայաստանի Իրավազորություն» ծրագրի նպատակներին հասնելու համար կիրառվելու են հետյալ առանցքային մոտեցումներն ու գործունեության ուղղությունները՝
1) Պատրաստել առաջարկներ, կարծիքներ, օրենսդրական ակտերի նախագծեր
2) Համագործակցել տարբեր կառավարական մարմինների հետ
3) Ներգրավել բավարար միջոցներ ծրագրի իրականացման համար
4) Մշակել թիրախային լուծումներ թիրախային խմբերի համար
5) Մշտադիտարկել և ուղղորդել գործընթացները
6) Ստեղծել հաղորդակցության միջոցներ ծրագրի իրականացման համար:
8. Հայաստանի Հանրապետությունը իր 25 տարվա զարգացման ընթացքում ցուցաբերել է դրական տնտեսական աճ և քաղաքական կայունություն։ Չնայած բոլոր հաջողություններին` ժամանակակից միջազգային մրցակցության պայմաններում անհրաժեշտ է ապահովել տնտեսական և սոցիալական զարգացումների հարցերում ճեղքում՝ ճշգրիտ դիրքավորվելով համաշխարհային կամ տարածաշրջանային ապրանքային և ֆինանսական հոսքերի ներքո: Վերջինիս հնարավոր է հասնել, եթե արտաքին/օտարերկրյա բիզնեսներին (տնտեսվարող սուբյեկտներին, այլ իրավաբանական անձանց) տրվի առավել բարենպաստ պայմաններ պետական գրանցումների, հարկային, ֆինանսական և դատական ոլորտներում:
9. Ծրագրի հաջող իրագործման նպատակով անհրաժեշտ է հաջողակ իրավազորությունների փորձի նախնական ուսումնասիրություն` վերը նշված ուղղություններով։ Ոսումնասիրության արդյունքների հիմքի վրա կայացվում է եզրակացություն, թե որ արդիական իրավազորություննները պետք է կառուցել` առաջարկելով գրավչություն պետական գրանցումների, հարկային, ֆինանսական և դատական ոլորտներում միջազգային հոլդինգների, ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն ծավալվող կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ձեռներեցների համար։ Ծրագրի համար նշանակալից է այն, որ կարևորվում են նաև հումանիտար ոլորտների բավականաչափ զարգացվածությունը, որոնք են կրթական, մշակութային, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքային, բժշկական և բնապահպանության ոլորտները։
10. «Հայաստանի Իրավազորություն» (Jurisdiction Armenia) Ծրագրի գաղափարախոսությունն է` համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը կդարձնի գրավիչ արտաքին ընկերությունների տեսանկյունից և կստեղծի խթաններ ու շարժառիթներ իրենց ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար:
11. Վերոնշյալի իրականացման համար արդեն իսկ առկա են մի շարք նախադրյալներ՝
1) Հայաստանն արդեն իսկ ունի գրավչության գործոններ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին (benchmarking)
2) Հայաստանյան մարդկային գրավչության գործոնները զարգացած են
3) Հայկական շրջանակներում կան մեծ քանակի մասնագետներ, ովքեր ընդունակ են միանալու այս ծրագրին աշխատանքի բարձր չափանիշների պատճառով
4) Ծրագիրն ընդունակ է գեներացնել բավական ֆինանսական միջոցներ, որպեսզի ինքնաֆինանսավորվի և ներգրավի համաշխարհային մասնագետների
5) Առկա է նախաձեռնողների խումբ, որը պատրաստ է տրամադրել իրենց ռեսուրսները ծրագրի իրականացման նպատակով
6) Առկա են մի շարք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մուտք գործել իրավազորության տնտեսական մոդել սովորականից ավելի արագ (օր. ՌԴ-ի դեօֆշորիզացիայի օրենքի շրջանակներում գործող կազմակերպություններին նոր լուծում առաջարկելով)
7) Առկա է միջազգային հարուստ փորձ, թե ինչպես կառուցել և զարգացնել հաջող իրավազորություն, որը անհրաժեշտ է ուսումնասիրել և կիրառել
8) Փոքր պետությունները հաջողությամբ են իրագործում իրավազորության ծրագիր, առկա գլոբալիզացիայի պայմաններում (Իռլանդիա, Կիպրոս, Սինգապուր, Լյուքսեմբուրգ և այլն)
9) ՀՀ կառավարության և հանրային կառույցների պատրաստակամությունը կիրառել համաշխարհային լավագույն փորձառությունը
10) Հայաստանն արդեն իսկ ունի գրավչություն այն ոլորտներում որոնք կարևորվում են թե կազմակերպությունների, և թե մարդկանց կողմից
11) Հայաստանն արդեն իսկ ունի ռազմավարական նշանակության քաղաքական և տնտեսական հարաբերություններ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵԱՏՄ-ի հետ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը և մասնավորապես «Հայաստանի Իրավազորությունե ծրագիրը, կարող են օգտագործել ստեղծված հարաբերությունները, որպեսզի հյուրընկալել բազմաթիվ կազմակերպություններ երկու միություններից, որոնք փնտրում են իրավազորության հարթակ փոխհարաբերվելու համար։
12. «Հայաստանի Իրավազորություն» ծրագրի իրականացման գլխավոր շարժառիթներն են՝
1) Սահուն կերպով երկիր է ներմուծվում նոր և բարձր աշխատանքային չափանիշներ, կառավարման տեխնոլոգիաներ
2) Ապահովվում է ֆինանսական հոսքերի արագ աճ, բարձրանում են ներդրումային ունակությունները
3) Օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը
4) Հայաստանը կարող է դառնալ «պահանջված», այսպիսով բարձրանում է Հայաստանի կարևորությունն աշխարհի և մասնավորապես` տարածաշրջանային տնտեսական քարտեզի վրա՝ ամրապնդելով Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը
5) Հնարավորություն ստեղծել երկրի գլոբալիզացման` ազգային արժեքների պահպանմամբ
6) Ամրապնդել Հայաստանի կապը համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների հետ` ապահովելով բարձր տնտեսական ազատության աստիճան
7) Հակաճգնաժամային բուֆերային ռեսուրսների նոր աղբյուրի հնարավորություն՝ հակակշռելու ներքին և արտաքին ռիսկային գործոնները
8) Խթան Հայաստանի տնտեսության և մարդկային կապիտալի զարգացման համար:
13. «Հայաստանի Իրավազորություն» ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքներ են՝
1) Հավելյալ ֆինանսական աղբյուր պետական բյուջեի (հարկման արդյունքում) կամ պետական նշանակության թիրախային նախագծերի իրագործման համար
2) Նոր աշխատատեղեր` բարձր որակավորում պահանջող ոլորտներում
3) Շահույթ` բարձր վարձատրվող ոլորտների` աուդիտորական, իրավական, խորհրդատվական, ֆինանսական ծառայությունների մատուցումից, և այդ ոլորտների արագ զարգացում
4) Հավելյալ հարկեր` վերը նշված ծառայությունների մատուցումից
5) Շահույթներ` բիզնես-տուրիզմից
6) Ներգրավում է երիտասարդությանը երկրի տնտեսության մեջ աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին, մասնավորապես` «Լույս» հիմնադրամի շրջանավարտներին
7) Օտարերկրյա բարձրորակ մասնագետների ներգրավում:
14. Օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրավազորության ընտրությունը հիմնվում է վստահության գործոնների առկայության վրա, որոնք են՝
1) Գրավիչ և մրցունակ գործոնների առկայությունը (հարմար հարկային ռեժիմ, բաժնետերերի հարաբերությունները կարգավորելու հնարավորություն և նրանց իրավունքների պաշտպանություն, մեծ շուկաներում աշխատելու հնարավորություն և այլն)
2) Գրավիչ պայմանների երկարատև պահպանումը
3) Գաղտնի տեղեկությունների պահպանման և կիրառման ապահովությունը
4) Համաշխարհային լավագույն փորձառության կիրարկումը ՀՀ կառավարության կողմից իր տնտեսական քաղաքականության մեջ
5) Քաղաքական կայունությունը
6) Որակյալ մարդկային ռեսուրսների առկայությունը, ՀՀ կառավարության հետևողական քաղաքականությունը վերջինիս զարգացման ուղղությամբ և միաժամանակ վստահություն, որ հասարակությունը աջակցում է այդ քաղաքականությանը:
15. Ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլ նաև ձգտում է ստեղծել հարմարավետ և գրավիչ հանգույց մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար։ Հայաստանը կշահի առաջին հերթին ֆինանսական հոսքերի սպասարկումից։ Մյուս կողմից, ծրագիրը կոչված է խթանել Հայաստանի առաջընթացը համաշխարհային հարթակներում և ներդրումներ ներգրավել ՀՀ։
16. Իրավազորությունների լավագույն փորձից ելնելով` որպես առաջին նպատակային խումբ, անհրաժեշտ է ներգրավել միջազգային հոլդինգներ, ֆինանսական հոսքեր և գույք կառավարող կազմակերպություններ։ Այս տեսակի կազմակերպությունները չեն պահանջում բազմաթիվ խթանիչ պայմաններ և կարող են բերել մեծ կապիտալներ շատ կարճ ժամանակահատվածում և դրականորեն ազդել բիզնես ծառայությունների ոլորտի վրա՝ արդյունքում համարվելով գերազանց լուծում կարճաժամկետ հեռանկարի պարագայում։
17. Իրավազորության տնտեսության դիվերսիֆիկացումն ապահովում է երկրորդ նպատակային խումբը` միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ, որոնք կծավալեն ձեռնակատիրական գործունեություն ՀՀ-ում։ Ներգրավված հոլդինգների, տեղացի մասնագետների և խթանիչ պայմանների միասնությունը բավականչափ գրավիչ միջավայր է երկրորդ թիրախային խմբի համար։ Այդպիսով, Հայաստանի տնտեսությունն արձանագրում է համաշհարհային տնտեսությանը համահունչ զարգացման ներուժ։
18. Երրորդ նպատակային խումբը հանդիսանում են տեղական նախաձեռնությունները, որոնց զարգացումը շատ կարևոր գործոն է ՀՀ տնտեսության ազատության աստիճանի համար։ Միջազգային կազմակերպությունները, սկսելով ձեռնակատիրական գործունեություն ՀՀ-ում, կներմուծեն բարձր գիտելիքահեն աշխատանքային միջավայր, կհամապատասխանացնեն ՀՀ շուկայի չափանիշները համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև կհանդիսանան համաշխարհային չափանիշներով մասնագետների որակավորման և վերապատրաստման կենտրոններ։ Սա ուղղակիորեն կխթանի ՀՀ բնակչության մասնագիտական զարգացմանը համաշխարհային տնտեսության չափանիշներին համապատասխան, կավելանա մասնագետների քանակը, որոնք լավատեղյակ են համաշխարհային տնտեսության մարտահրավերներին և հակումներին։ Տեղական նախաձեռնությունների բուռն զարգացումը զարկ է տալիս ծառայությունների/ապրանքների տրամադրմանը/արտադրմանը համաշխարհային շուկայի պահանջներին համապատասխան։
19. «Հայաստանի Իրավազորություն» ծրագրի տեսլականը կայանում է ոչ միայն պետական գրանցումների, հարկային, ֆինանսական և դատական ոլորտներում գրավիչ պայմաններ ստեղծելու մեջ, այլ նաև միաժամանակ զարգացնելու և ստեղծելու ենթակառուվածքներ, որոնք կհամալրեն զարգացող իրավազորության գրավչության գործոնները և վստահություն կներշնչեն ներդրողներին։ Աշխարհում արդեն իսկ գոյություն ունեն բազմաթիվ հաջողակ իրավազորություններ և այդ օրինակները վերարտադրելի են։ Այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն պետք է տրամադրվի այլ իրավազորությունների փորձի շարունակական ուսումնասիրությանը։
20. «Հայաստանի Իրավազորություն» ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»։
21. «Հայաստանի Իրավազորություն» ծրագիրը իրականացնելու և կառավարելու համար անհրաժեշտ են հետևյալ կառուցվածքային լուծումները՝
1) ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի Խորհուրդ՝
ա. Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են «Հայաստանի իրավազորություն» ծրագրի մշակումը, աջակցությունը ծրագրի իրականացմանը, ինչպես նաև դրա ընթացքի դիտարկումը:
բ. Կազմում ընդգրկված են հինգ անդամներ
գ. Իր աշխատանքներում կարող է ներգրավել մասնագետների և ստանալ մանսագիտական կարծիքներ
դ. Համագործակցում է կառավարական մարմինների և կառույցների հետ
ե. Կարող է ստեղծել հանձնախմբեր, հանձնաժողովներ և նախագծային խմբեր և այլն
2) «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ՝
ա. Հիմնադրվում է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է ծրագրի մշակման համար
բ. Լիազորում է կազմակերպություններին և հաստատություններին գործունեություն ծավալելու ծրագրի շրջանակներում
գ. Համագործակցում է կառավարական մարմինների և կառույցների հետ
դ. Իր ստորաբաժանումների, դուստր կամ այլ իր կողմից կամ իր մասնակցությամբ ստեղծված կազմակերպությունների համար սահմանում է խնդիրներ
ե. Իրականացնում է իր նպատակներից ու խնդիրներից բխող այլ գործունեություն
3) Հիմնադրամի գործունեության ուղղություններն են`
ա. Պատրաստել առաջարկներ, կարծիքներ, օրենսդրական ակտերի նախագծեր
բ. «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում ստեղծել տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններ, որոնք ֆինանսական միջոցներ կտրամադրեն հիմնադրամի նպատակները իրականացնելու համար
գ. Համագործակցել տարբեր կառավարական մարմինների հետ
դ. Մշակել թիրախային լուծումներ թիրախային խմբերի համար
ե. Մշտադիտարկել և ուղղորդել գործընթացները
զ. Ստեղծել հաղորդակցության միջոցներ ծրագրի իրականացման համար: