Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 09.09.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«5» սեպտեմբերի 2024 թ.

N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին» N 37-Ն հրամանի՝

1) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

9/5/2024

Ժ. ԱնդրեասՅԱՆ 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 5-ի

N 67-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2020 թ. հոկտեմբերի 7-ի

N 37-Ն հրամանի»

 

ԿԱՐԳ

 

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում «Տարվա լավագույնները» մրցույթի (այսուհետ` մրցույթ) անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մրցույթի նպատակն է.

1) Խրախուսել մասնագիտական (կրթական, առարկայական) խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող մանկավարժներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացմանը.

2) խրախուսել ստեղծագործական, հետազոտական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը.

3) խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման, նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժական աշխատողներին, խթանել նրանց կողմից նոր նախագծերի իրականացումը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը:

3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն):

 

1. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

 

4. Մրցույթին կարող են մասնակցել.

1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.

2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.

3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.

4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված խմբերի համար մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով.

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն».

բ. «Հայրենագիտություն».

գ. «Օտար լեզուներ».

դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».

զ. «Արվեստ և արհեստ».

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.

8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.

10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).

11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.

12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական աշխատող.

13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված անվանակարգերում դիտարկվում են ամսվա լավագույն ճանաչված հայտերը, բացառությամբ 2024 թվականի «Տարվա լավագույնները» մրցույթի, որի վրա տարածվելու են սույն կարգի 7-10-րդ կետերով սահմանված կարգավորումները:

7. 2024 թվականին սույն կարգի 5-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված անվանակարգերում դիտարկվում են հունվար-մայիս ամիսներին ամսվա լավագույն ճանաչված հայտերը, իսկ 6-13-րդ ենթակետերով սահմանվող անվանակարգերի մասին տրվում է հայտարարություն: Հայտերը ներկայացվում են սույն կարգի 3-րդ գլխի պահանջներին համապատասխան՝ հայտարարությամբ սահմանված ժամկետներում:

8. Սույն կարգի 5-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված անվանակարգերում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնն (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) ընտրում է յուրաքանչյուր անվանակարգում առավելագույնը երկու հայտ, իսկ սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ յուրաքանչյուր բնագավառում առավելագույնը երկու հայտ (ԲՏՃՄ բնագավառի համար՝ 4 հայտ, որոնցից երկուսը՝ բնագիտական, երկուսը՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա ուղղությամբ) և մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացնում Նախարարություն, իսկ 6-13-րդ անվանակարգերում ներկայացված հայտերն ուսումնասիրվում և գնահատվում են Նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից:

9. Հայտերի գնահատման նպատակով Նախարարությունը ստեղծում է 9 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողով (երեք ներկայացուցիչ Նախարարությունից, մեկական ներկայացուցիչ ԿԶՆԱԿ-ից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից (այսուհետ՝ ՀՄԿ), ուսուցչական կազմակերպություններից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ՝ Նախարար) կից աշակերտական խորհրդից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից):

10. Նախարարության կողմից ձևավորվող մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հրավիրվում է մրցութային հանձնաժողովի նիստ, և հայտերի ուսումնասիրման և հանձնաժողովի անդամների գնահատականների միջին թվաբանականի հիման վրա յուրաքանչյուր անվանակարգում ընտրվում են տարվա լավագույններն՝ ըստ անվանակարգերի:

11. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված անվանակարգերում ամսվա լավագույններն ընտրվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբեր-մայիս ամիսներին:

12. Մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է հայտերի ընդունման մասին հայտարարություն՝ ամսվա լավագույններին ընտրելու համար:

13. Մասնակիցը հայտը ներկայացնում է իր ուսումնական հաստատության լիազոր մարմնին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ: Լիազոր մարմինները ձևավորում են մրցութային հայտերի գնահատման հանձնաժողով՝ կազմված 5 անդամից: Հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը Նախարարի հրամանով հաստատված գնահատման չափանիշներին համապատասխան ընտրում է յուրաքանչյուր անվանակարգում առավելագույնը 2 հայտ: Սույն կարգի 5-րդ կետի 1-10-րդ անվանակարգերում ընտրված հայտերը լիազոր մարմինների կողմից ներկայացվում են ԿԶՆԱԿ, իսկ 11-13-րդ անվանակարգերում ընտրված հայտերը՝ ՀՄԿ:

14. ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից մշակվում են հայտերի գնահատման չափանիշներ, որոնք հաստատվում են Նախարարի հրամանով:

15. ԿԶՆԱԿ-ը և ՀՄԿ-ն տվյալ ամսվա համար ներկայացված հայտերից ընտրում են յուրաքանչյուր անվանակարգում, իսկ սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ յուրաքանչյուր բնագավառում ամսվա լավագույն հայտը (ԲՏՃՄ բնագավառի համար՝ 2 հայտ, որոնցից մեկը՝ բնագիտական, մյուսը՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա ուղղությամբ), և ամբողջական ցանկը՝ ըստ գնահատման արդյունքների, մինչև տվյալ ամսվա նախավերջին աշխատանքային օրը պաշտոնական գրությամբ տրամադրում են Նախարարությանը:

16. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը Նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում է տվյալ ամսվա հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը:

17. Նախարարություն գրավոր դիմում ներկայացնելու դեպքում տվյալ ամսվա հաղթող չճանաչված հայտի հեղինակին 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրվում է հայտի գնահատականն ըստ չափանիշների:

18. Մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 20-ը ԿԶՆԱԿ-ը և ՀՄԿ-ն յուրաքանչյուր անվանակարգում, իսկ սույն կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում՝ յուրաքանչյուր բնագավառում ամսվա լավագույն ընտրված հայտերից ընտրում են առավելագույնը երկու հայտ (ԲՏՃՄ բնագավառի համար՝ 4 հայտ, որոնցից երկուսը՝ բնագիտական, երկուսը՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա ուղղությամբ) և ներկայացնում Նախարարությանը:

19. Նախարարի հրամանով մինչև հուլիսի 10-ը կազմավորվում է 9 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողով (երեք ներկայացուցիչ Նախարարությունից, երկուական ներկայացուցիչ մանկավարժի որակավորում շնորհող բուհերից, ուսուցչական կազմակերպություններից և Նախարարին կից աշակերտական խորհրդից) (այսուհետ՝ հանձնաժողով)` սույն կարգի 27-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի ուսումնասիրման, գնահատման և մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով:

20. Հանձնաժողովի կազմը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրվում է հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամների պարզ քվեարկությամբ հաստատվում է հայտերի գնահատման վերջնաժամկետը:

21. Մրցույթի արդյունքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված անվանակարգերում «Տարվա լավագույնները» ճանաչված մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում հոկտեմբեր ամսին:

 

3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

22. Մրցույթի մասնակիցը պետք է ունենա հայտով ներկայացված աշխատանքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

23. Նախորդ տարիներին անցկացված մրցույթների արդյունքում պարգևատրված հայտը նոր մրցույթին չի կարող ներկայացվել:

24. Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական հայտ առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ հայտ մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առնվազն 2 անդամից:

25. Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Խմբային հայտի դեպքում սույն կարգի 4-րդ, 5-րդ, 26-րդ, 27-րդ կետերի պահանջները գործում են խմբի բոլոր անդամների համար։

26. Մրցույթի մասնակիցը կամ մասնակիցների խումբը ներկայացնում է հայտ՝ ուղղված.

1) դասավանդման, ուսուցման և գնահատման այլընտրանքային ձևերի, մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, առարկայական հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառությանը դպրոցական բաղադրիչի շրջանակներում, այդ թվում՝ շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը և այլն։

2) ուսուցման կազմակերպման տարբեր եղանակների, հեռավար ուսուցման ձևերի, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, համայնքի, այլ կառույցների և կազմակերպությունների հետ աշխատանքների նոր ձևերի զարգացմանը, ուսումնական հաստատության՝ էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը և այլն:

3) բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների, ծնողների հետ աշխատանքի արդյունավետ ձևերի ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը և այլն։

27. Մրցույթին ներկայացվող հայտը ներառում է՝

1) դիմում՝ ուղղված Նախարարին (նշելով մրցույթի անվանակարգը).

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) տեղեկանք աշխատավայրից.

4) իրականացրած աշխատանքի նկարագիր (աշխատանքի կամ դասի կամ պարապմունքի պլան, նորարարություն, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների տրամաբանության արտացոլում, իրականացրած աշխատանքի արդյունքներ) մինչև 5 էջ, pdf ձևաչափով.

5) ներկայացված աշխատանքի նկարագրին համապատասխան սահիկաշար՝ առավելագույնը 15 սահիկ, կամ 10 րոպե տևողությամբ տեսանյութ (5-րդ կետի 1, 2, 6, 7, 8, 9, 11, 12, 13 ենթակետերով սահմանված անվանակարգերում).

6) ներկայացված աշխատանքի նկարագրին համապատասխան 10 րոպե տևողությամբ տեսանյութ (5-րդ կետի 3, 4, 5, 10 ենթակետերով սահմանված անվանակարգերում).

 

4. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

28. Հայտերի գնահատման չափանիշներն են՝ հայտի կառուցվածքային ամբողջականությունը, արդիականությունը, հիմնավորվածությունը և ազդեցությունը՝ նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների տրամաբանությամբ։

29. Հայտը գնահատվում է հարյուրմիավորային համակարգով՝ ըստ սույն կարգի 28-րդ կետի չափանիշների։ Յուրաքանչյուր չափանիշին տրվող միավորի չափը որոշվում է հանձնաժողովի կողմից՝ անդրանիկ նիստի ժամանակ:

30. Յուրաքանչյուր հայտ գնահատվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից։ Հայտի ստացած ընդհանուր միավորը հաշվարկվում է հանձնաժողովի անդամների կողմից տրված գնահատականների միջին թվաբանականով։

31. Մրցույթի արդյունքում պարգևատրվում է յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն միավորներ ստացած մասնակիցը՝ ելնելով տվյալ մրցույթի համար հատկացված միջոցների ընդհանուր ծավալից:

 

5. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

 

32. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցներին կարող են տրվել նյութական պարգևներ։ Դրամական պարգևի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ է՝ անհատական հայտի դեպքում, և մեկ միլիոն ՀՀ դրամ՝ խմբային հայտի դեպքում։

33. Միևնույն անձը տվյալ տարում չի կարող պարգևատրվել տարբեր անվանակարգերում:

34. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է արդյունքներն ամփոփվելուց հետո՝ Նախարարության պաշտոնական կայքում՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2024 թվական: