«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11211341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 մայիսի 2011 թ. |
թիվ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 30.08.24 թիվ 6-Ն)
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հատուկ միջոցները գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 30.08.24 թիվ 6-Ն)
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Ա. Սարգսյան |
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 30.08.24 թիվ 6-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողների, բացառությամբ ոստիկանության զորքերի, կողմից հատուկ միջոցներ գործադրելու և դրանք ոստիկանության ծառայողներին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 30.08.24 թիվ 6-Ն)
2. Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց` հատուկ միջոցներ գործադրում է «Ոստիկանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
(2-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
II. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
3. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատուկ միջոցները դասակարգվում են.
1) ակտիվ պաշտպանության միջոցների.
ա) ձեռնաշղթաներ.
բ) մահակներ.
գ) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ.
դ) գազային և վնասվածքային ազդեցության ատրճանակներ և համապատասխան փամփուշտներ.
2) հատուկ միջոցառումների ապահովման միջոցների.
ա) բարձր ճնշման փոշեցրիչներ և փաթեթներ.
բ) ձեռքի գազային նռնակներ, ծխագլանակներ.
գ) լուսաձայնային նռնակներ և սարքավորումներ.
դ) օդակաթիլային փոշեցրիչ (արցունքաբեր և գրգռիչ բաղադրությամբ փաթեթներ).
ե) գազային նռնակներով և ռետինե գնդակներով փամփուշտներ.
զ) արգելանքներ քանդելու միջոցներ.
է) հատուկ ներկող նյութեր.
ը) ծառայողական շներ.
թ) ջրանետեր.
ժ) զրահամեքենաներ.
ի) տրանսպորտի և մարդկանց հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ:
(3-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
III. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ
4. Ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցները գործադրել`
1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս` մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ.
2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս` ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ` արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ.
5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին` ձեռնաշղթաներ և ծառայողական շներ.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս` արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, ծառայողական շներ.
7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս` մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ, ջրանետեր և զրահամեքենաներ, հատուկ ներկող նյութեր (ջրանետի միջոցով).
8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին` մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ.
9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս` հատուկ ներկող նյութեր, ծառայողական շներ:
(4-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
5. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև հետևյալ դեպքերում`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) պատանդներին, ինչպես նաև զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտները ազատելիս.
4) կյանքի, առողջության, սեփականության դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
5) քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների, կազմակերպությունների զբաղեցրած տարածքների, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս.
6) կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաև նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:
6. Օրենքով սահմանված կարգով արգելվում է հատուկ միջոցների գործադրումը.
1) հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրություն, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի).
2) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով.
3) խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի և կազմակերպությունների աշխատանքը.
4) մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
(6-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
7. Հատուկ միջոցների տեսակը, գործադրման ձևն ու հաճախականությունը ընտրելիս ոստիկանության ծառայողը ելնում է իրավախախտման բնույթից, արարքի և իրավախախտումը թույլ տված անձի` հանրության համար վտանգավորության, ինչպես նաև ցուցաբերվող անհնազանդության ու դիմադրության աստիճանից:
8. Հատուկ միջոցների գործադրումից առաջ ոստիկանության ծառայողը պարտավոր է բարձրաձայն (իսկ նշանակալի հեռավորության դեպքում` բարձրախոս սարքերի միջոցով և հասկանալի լեզվով) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքին ու առողջությանը, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
9. Հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում ոստիկանության ծառայողը պարտավոր է դրսևորել զսպվածություն, ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի, ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն` բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին:
10. Զանգվածային անկարգությունների խափանմանը, զինված իրավախախտների ձերբակալմանն, ինչպես նաև պատանդների ազատմանն ուղղված` հատուկ միջոցների գործադրմամբ հատուկ միջոցառումներ իրականացնելիս բժշկական կազմակերպության աշխատակիցների ներգրավումը պարտադիր է:
11. Հատուկ միջոցների (բացառությամբ ձեռնաշղթաների և մահակների) գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել վերադասության կարգով, իսկ մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին ոստիկանությունը սեղմ ժամկետներում հայտնում է տուժածների մերձավոր ազգականներին:
(11-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
12. Ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անհապաղ տեղեկացնում է դատախազին:
13. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ դրանք գործադրվել են, գործադրված հատուկ միջոցների տեսակը (քանակը), մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնության ցուցաբերմանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածների տեղափոխման վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:
14. Հատուկ միջոցների գործադրումից հետո իրականացվում է տեղանքի, շինության զննություն` տուժած անձանց, հրդեհի հնարավոր օջախների, կենսաապահովման օբյեկտների խափանումների հայտնաբերման, ինչպես նաև չգործած հատուկ միջոցները հայտնաբերման և վնասազերծման նպատակով:
15. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
16. Օրենքով չնախատեսված դեպքերում և կարգով ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
IV. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Հատուկ միջոցները գործադրման հատկացվում են ոստիկանության այն ծառայողներին, ովքեր պարբերաբար անցել են հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ և ունեն համապատասխան պատրաստականություն կամ ստացել են հատուկ որակավորում:
18. Ոստիկանության ծառայողներին հատուկ միջոցներ տրամադրելու թույլտվություն տալիս են`
1) ակտիվ պաշտպանության միջոցներ` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման պետերը.
2) հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ՝ ոստիկանության պետ-Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալը կամ վերջինիս հրամանով լիազորված ոստիկանության պետի տեղակալը։
(18-րդ կետը խմբ. 30.08.24 թիվ 6-Ն)
19. Հատուկ միջոցները հատկացվում են հատուկ միջոցների հաշվառման մատյանում (ձև 1) համապատասխան գրառում կատարելուց հետո` դրանք ստացող ոստիկանության ծառայողի ստորագրությամբ:
20. Կոնկրետ միջոցառման ժամանակ հատուկ միջոցների գործադրումն իրականացվում է միջոցառումը ղեկավարող պաշտոնատար անձի հրամանով: Ինքնուրույն գործող ոստիկանության ծառայողը հատուկ միջոցների գործադրման որոշումն ընդունում է ինքնուրույն` սույն կարգով նախատեսված դեպքերում, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
21. Հատուկ միջոցները գործադրվում են միայն նրանց մարտավարատեխնիկական բնութագրերին և նշանակությանը համապատասխան:
22. Միջոցառման կամ վերակարգի ավարտից հետո ոստիկանության ծառայողը հատուկ միջոցները հանձնում է ոստիկանության ստորաբաժանման սպառազինության պատասխանատու ծառայողին, որը համապատասխան նշում է կատարում հատուկ միջոցների հաշվառման մատյանում:
V. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23. Մահակներ` նախատեսված են տարբեր իրավիճակներում ինքնապաշտպանական արագ և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար: Արգելվում է մահակներով հարվածներ հասցնել իրավախախտի գլխին, պարանոցին, որովայնի և սեռական օրգանների հատվածներում, բացառությամբ կյանքին և առողջությանը սպառնացող հարձակումներից պաշտպանվելու դեպքերից:
(23-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
24. Ձեռնաշղթաներ` նախատեսված են իրավախախտի ակտիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու համար: Գործադրման ընթացքում անհրաժեշտ է երկու ժամը մեկ ստուգել ձեռնաշղթայի փականների վիճակը, անհրաժեշտության դեպքում թուլացնել սեղմվածքը:
25. Արցունքաբեր տարրերով, ռետինե և լուսաձայնային գնդակներով փամփուշտներ, օդակաթիլային փոշեցրիչ փաթեթներ` նախատեսված են ոստիկանության ծառայողի ինքնապաշտպանության և իրավախախտի գործողությունների ժամանակավոր կասեցման համար: Արգելվում է ռետինե գնդակով նշանառու կրակ արձակելը իրավախախտի գլխին, ինչպես նաև լուսաձայնային գնդակով փամփուշտի գործադրումը 1 մետրից պակաս հեռավորությունից: Բաց տարածքներում գազային փամփուշտները և օդակաթիլային սրվակները անհրաժեշտ է գործադրել քամու ուղղությանը համապատասխան:
26. Էլեկտրահարող սարքավորումներ` նախատեսված են ոստիկանության ծառայողի ինքնապաշտպանության և իրավախախտի գործողությունների ժամանակավոր կասեցման համար: Մեկանգամյա ազդեցության համար էլեկտրահարող սարքավորումները գործադրվում են 3 վայրկյանից ոչ ավելի տևողությամբ: Արգելվում է էլեկտրահարող սարքավորումների գործադրումը ջրային միջավայրում, իրավախախտի մարմնի զգայուն հատվածների (գլխի, պարանոցի, սրտի, ստոծանու) վրա և բազմակի (կրկնակի) անգամ:
27. Ձեռքի գազային նռնակներ և գազային նռնակներով փամփուշտներ` նախատեսված են զանգվածային անկարգությունների կանխման և հատուկ միջոցառումների անցկացման ժամանակ արցունքաբեր և գրգռիչ նյութերի բաղադրությամբ գազածխային ծածկույթի հաշվին իրավախախտների հոգեկամային կայունության ճնշման համար:
28. Ուշադրությունը շեղող լուսաձայնային հատուկ միջոցներ` նախատեսված են պատանդներ ազատելու հատուկ միջոցառումների և զանգվածային անկարգությունների ժամանակ հոգեբանաֆիզիոլոգիական ազդեցության միջոցով իրավախախտների նկատմամբ կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու համար:
29. Արգելանքներ քանդելու միջոցներ (փոքրածավալ պայթուցիկ սարքավորումներ)` նախատեսված են արգելանքների վրա անցքեր բացելու համար: Պատանդների պահման վայրերում, ինչպես նաև մարդկանցից երկու մետրից պակաս հեռավորության վրա պայթուցիկ սարքավորումների գործադրումն արգելվում է:
30. Հատուկ ներկող նյութեր` նախատեսված են հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելու համար: Ալյումինային հիմքով հատուկ ներկող նյութը գործադրվում է ջրանետի միջոցով` տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունների և խմբակային գործողությունների առավել ակտիվ մասնակիցներին գունավորման եղանակով պարզելու համար:
(30-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
31. Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ` նախատեսված են իրավախախտ, ինչպես նաև փախուստի փորձ կատարող վարորդների տրանսպորտային միջոցները հարկադիր կանգնեցնելու համար: Նշված միջոցները արգելվում է գործադրել`
1) մարդկանց փոխադրում իրականացնող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների նկատմամբ.
2) մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ.
3) լեռնային ճանապարհներին կամ ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում.
4) երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադաների վրա:
32. Մարդկանց հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` նախատեսված են մարդկանց անկառավարելի շարժը սահմանափակելու, ինչպես նաև պահպանվող տարածքներ ներխուժումները կանխելու համար:
33. Ջրանետեր` նախատեսված են զանգվածային անկարգությունները կանխելու համար` բարձր ճնշման ջրի շթի օգնությամբ իրավախախտ անձանց խմբերը տարանջատելու և մեկուսացնելու միջոցով: Արգելվում է ջրանետի գործադրումը 0 C0 ջերմաստիճանից ցածր եղանակային պայմաններում:
(33-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
34. Զրահամեքենաներ` նախատեսված են զինված հանցագործների ձերբակալմանն ուղղված հատուկ միջոցառումներ իրականացնելու, իրավախախտ անձանց տեղաշարժի ճանապարհները փակելու, արգելապատնեշները ճեղքելու և ոստիկանության ծառայողներին դժվար անցանելի տարածքներ հասցնելու համար:
35. Ծառայողական շները (պահնորդական, հետախուզական, պարեկային)` օգտագործվում են իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս, հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս` հոգեբանաֆիզիոլոգիական ազդեցության միջոցով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու համար: Արգելվում է ծառայողական շների գործադրումը տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունների և խմբակային գործողությունների խափանման ընթացքում: Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության:
(35-րդ կետը փոփ. 30.08.24 թիվ 6-Ն)
VI. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
36. Գազածխային տիպի հատուկ միջոցների գործադրման ընթացքում գազածխային զանգվածի անմիջական ազդեցության գոտում հայտնված հատուկ միջոցառման մասնակից ոստիկանության ծառայողները անմիջապես հեռանում են վտանգավոր գոտուց: Գազածխային զանգվածի ազդեցությունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցույց տալու համար օգտագործվում են անուշադրի սպիրտ (շնչելու համար) և կերակրի սոդայի երկու տոկոսանոց ջրային լուծույթ կամ բորաթթվի ջրային լուծույթ (աչքերը ողողելու համար): Գազածխային զանգվածի ազդեցության գոտում բոլոր գործողությունները իրականացվում են անհատական պաշտպանական միջոցներով:
37. Հատուկ միջոցների հետ աշխատելիս արգելվում է`
1) քանդել կամ վերանորոգել գազածխային պարունակություն ունեցող սարքերը.
2) կրկնակի անգամ գործադրել գազածխային նռնակներ կամ փամփուշտներ փոքրածավալ փակ տարածքներում, որոնց ծավալը փոքր է, քան մարտավարատեխնիկական բնութագրերով տվյալ հատուկ միջոցներին ներկայացվող պահանջներով նախատեսված ծավալը.
3) հատուկ միջոցները գործադրել այնպիսի զինատեսակներից, որոնք նախատեսված չեն դրանց համար.
4) կրկնակի անգամ գործադրել չգործած հատուկ միջոցը (երկրորդ անգամ այրել արդեն մեկ անգամ հանգած քուղը), ինչպես նաև գործադրել ժամկետանց հատուկ միջոցներ.
5) մոտենալ չգործած նռնակներին կամ փոքրածավալ պայթուցիկ սարքերին` գործադրելուց հետո առաջին 10 րոպեների ընթացքում.
6) գործադրել լուսաձայնային, գազածխային և փոքրածավալ պայթուցիկ հատուկ միջոցները դրանց արտաքին դեֆորմացիաների և մեխանիկական վնասվածքների առկայության դեպքերում (ճաք, փոս, սեղմվածք և այլն):
VII. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 30.08.24 թիվ 6-Ն)
38. Անհատական պաշտպանական միջոցները պետք է տեղակայվեն ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի հատուկ պահասենյակներում` մետաղական արկղերում կամ դարակաշարերի վրա, պայուսակներում փաթեթավորված: Գազային նռնակներն ու նրանց գործադրման հատուկ հարմարանքները պահպանվում են ինչպես մարտական զենքը: Հատուկ միջոցների պահպանության համար անմիջական պատասխանատվություն են կրում հերթապահ մասի պետերը:
39. Օդակաթիլային փաթեթների նոր խմբաքանակի ստացման ժամանակ սրվակների վրա թանաքով կատարվում է հերթական համարի նշագրում և ստուգվում նրանց աշխատունակությունը: Աշխատունակության ստուգումը կատարվում է բաց տարածքում` սրվակի փոշեցրման գլխիկը կարճ ժամանակով սեղմելու միջոցով (մեկ վայրկյանից ոչ ավելի): Փոշեցրման գլխիկի անցքից պետք է դուրս նետվի` 50 սմ հեռավորության վրա տեսանելի օդակաթիլային ամպ: Եթե սեղմումից հետո օդակաթիլային փոշեցրումը տեսանելի չէ կամ սրվակի պարունակությունը դուրս է նետվում հեղուկի շթի տեսքով, կամ գլխիկի բացթողնումից հետո շարունակվում է արտանետումը` նման սրվակը շահագործման ենթակա չէ: Շահագործման ենթակա չեն նաև սրվակները, որոնց քաշը պակաս է 50 գրամից:
40. Գազային նռնակները պահվում են իրենց հաստիքային արկղերում, իսկ նռնակների պայթուցիչները հերմետիկ փակված առանձին խողովակատուփերում` արկղի մեջ: Գազային նռնակների ընդունման ժամանակ արկղերը պարտադիր բացվում և հատուկ միջոցները հատ-հատ ստուգվում են արտաքին վնասվածքները բացառելու նպատակով: Ստուգված նռնակները տեղադրվում են արկղի մեջ, և արկղը կնքվում է: Պայթուցիչների հերմետիկ փակված խողովակատուփերը ընդունելուց չեն բացվում, սակայն համեմատվում են նրանց վրայի գրառումները: Արգելվում է գազային նռնակները պահպանել հրդեհավտանգ և բռնկվող նյութերի հետ նույն պահասենյակներում:
41. Գազային նռնակներով փամփուշտները պահվում են իրենց պայուսակներում` դարակաշարերի վրա: Գործածված փամփուշտների պարկուճները հավաքվում և ոչնչացվում են այրելու եղանակով:
42. Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցները պահվում են չոր պահասենյակներում` գործարանային փաթեթավորման մեջ:
43. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացված հատուկ միջոցները ընդունվում, հսկվում և պարբերաբար ստուգման են ենթարկվում ստորաբաժանման պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` առաջին անգամ` ընդունման ժամանակ և հետագայում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որի ընթացքում ստուգվում են գազային սրվակների քաշը` կշռելու եղանակով, գազային նռնակների և գազային նռնակներով փամփուշտների առկայությունը, արտաքին տեսքը և պահպանման ժամկետների համապատասխանությունը:
44. Շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցները հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ակտավորվում և դուրս են գրվում: Գործադրման համար ժամկետանց գազային նռնակներն ու գազային նռնակներով փամփուշտները դուրս գրումից հետո սահմանված կարգով հանձնվում են համապատասխան ծառայությանը` ոչնչացման համար:
Ձև 1
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հ/հ |
Հատուկ միջոցի |
Հատ-կացնելու |
Քա-նակը |
Հատ-կացնելու |
Ստա-ցողի անունը, ազգա-նունը և ստորա-գրու-թյունը |
Հատ-կացնողի անունը, ազգա-նունը և ստորա-գրու-թյունը |
Վերա-դարձ-նելու |
Հանձ-նողի անունը, |
Ընդու-նողի անունը, |
Օգտա-գործման |
Թույլա-տրված է (ում) հրա-մանով, |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 30.08.24 թիվ 6-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.08.2024, թիվ 6-Ն | 13.09.2024, թիվ 1-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|