ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«19» հունիսի 2024 թ․ |
ԹԻՎ 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի «Բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանի հավելվածի՝
1) 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Քննություններին մասնակցելու համար քաղաքացին դիմում է կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ պետական մարմինների կողմից քննություն անցկացվելու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթ և քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։»,
2) 9-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Տեսական և գործնական քննության հարցաշարերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։»,
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․ Պետական մարմինների կողմից անցկացվող տեսական և գործնական քննությունների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով։»,
4) 22-րդ կետում «անց» բառից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու տասնհինգերորդ օրը» բառերը,
5) 23-րդ կետում «յոթերորդ» բառը փոխարինել «տասնհինգերորդ» բառով,
6) 25-30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«25․ Մինչև գործնական քննության մեկնարկը հրաձգության ղեկավարի հրահանգով դիմորդը մոտենում է կրակակետում դրված սեղանին։
26․ Գործնական քննությունը բաղկացած է 3 վարժությունից`
1) զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում.
2) հրաձգություն և նշանակետի խոցում.
3) անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում։
27․ Զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքները ստուգելիս թեկնածուն ընտրում է քննական տոմսերից մեկը և հարցերին պատասխանում ըստ իր նախընտրած հերթականության` ցույց տալով ռազմամթերքի կամ զենքի այն մասերը և մեխանիզմները, որոնք նշված են քննական տոմսում։ Քննական տոմսերից յուրաքանչյուրը բաղկացած է 3 հարցերից, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր: Արդյունքում՝ 1 միավորը համարվում է անբավարար, 2-3 միավորները՝ անցողիկ։ Հանձնաժողովի անդամը զենքի ձեռքբերման գործնական քննության գնահատման թերթիկում (Ձև 2) լրացնում է վարժության գնահատականը։ Քննական տոմսը փոխելն արգելվում է։
28․ «Հրաձգություն և նշանակետի խոցում» վարժությունն իրականացվում է հետևյալ պայմաններով՝
1) 100 մետր հեռավորության վրա՝ 50սմ x 50սմ չափսերով թիրախի վրա կամ 50 մետր հեռավորության վրա՝ 25սմ x 25սմ չափսերով թիրախի վրա (թիրախի տեսակը՝ ըստ հայեցողության), 5,45 մմ կամ 7,62 մմ քաղաքացիական ակոսափող զենքից․
2) դիմորդին հատկացվում է փամփուշտատուփ և 7 փամփուշտ՝ 2 փորձնական, 5 ստուգարքային կրակոցի համար․
3) հրաձգության հրահանգիչը տալիս է «Մարտի՛» հրահանգը․
4) դիմորդը զննում է փամփուշտները, լիցքավորում է փամփշտատուփը, այն ամրացնում զենքին և ընդունում հարմար դիրք՝ հայտարարելով «Պատրաստ եմ»․
5) հրաձգության հրահանգչի «Լիցքավորե՛լ» հրահանգից հետո դիմորդը ապահովիչը փոխադրում է կրակի դիրք (ներքև), փակաղակի շրջանակը գազամխոցով և փակաղակով քաշում է հետ ու բաց թողնում՝ փամփուշտը մղելով փամփշտանոց․
6) հրաձգության հրահանգչի «Կրա՛կ» հրահանգից հետո դիմորդը կատարում է 2 փորձնական կրակոց և զենքը դնում «Ապահովիչ» ռեժիմի վրա․
7) կրակելուց հետո հրաձգության հրահանգիչը դիմորդին տեղեկացնում է` խոցում եղել է, թե ոչ, իսկ վրիպելու դեպքում՝ մոտավորապես որքանով և ինչ ուղղությամբ է եղել շեղումը․
8) եթե փորձնական կրակոցներից հետո ակնհայտ խոչընդոտներ (զենքի կամ փամփուշտի խափանում) չեն առաջացել գործնական հրաձգությունը շարունակելու համար, ապա դիմորդը կրկին ընդունում է հարմար դիրք, փոխադրում ապահովիչը կրակի դիրք, կատարում ևս 5 ստուգարքային կրակոց և միացնում ապահովիչը․
9) կրակելուց հետո դիմորդը կատարում է զենքի լիցքաթափում։ Զենքի լիցքաթափում իրականացնելիս անհրաժեշտ է փամփշտատուփը առանձնացնել զենքից, անջատել ապահովիչը (իջեցնել ներքև), փակաղակի շրջանակը բռնակից քաշել հետ և պահել, տեսողական զննությամբ ստուգել փամփշտանոցը։ Փամփուշտի բացակայության դեպքում պետք է բաց թողնել փակաղակի շրջանակը գազամխոցով և փակաղակով, անվտանգ ուղղությամբ (կրակադաշտի՝ թիրախների ուղղությամբ) կատարել ստուգիչ կրակոց, որից հետո միացնել ապահովիչը (բարձրացնել վերև)։ Այնուհետև պետք է զենքն ու փամփշտատուփը դնել սեղանին՝ հայտարարելով «Ավարտեցի»․
10) հրաձգության հրահանգիչը ստուգում է, թե արդյոք պահպանված են բոլոր կանոնները։ Դիմորդը հրաձգության հրահանգչի վերահսկողությամբ մոտենում է թիրախին, այն բերում և հանձնում է հրաձգության հրահանգչին․
11) հրաձգության հրահանգիչը գրանցում է վարժության արդյունքները։ Հանձնաժողովի անդամը զենքի ձեռքբերման գործնական քննության գնահատման թերթիկում լրացնում է վարժության գնահատականը․
12) հրաձգության համար վերը նշված ակնհայտ խոչընդոտների առկայության պարագայում դիմորդին տրամադրվում է այլ զենք և փամփուշտ։
29․ Անվտանգության կանոնների պահպանումը և հրաձգության հրահանգների ճիշտ կատարումը գնահատվում են՝ հետևելով վարժությունների կատարման ամբողջ ընթացքին։ Անվտանգության կանոններն են՝
1) զենքը վերցնելիս ստուգել և լիցքաթափել այն․
2) արգելվում է զենքի փողն ուղղել կրակադաշտից՝ թիրախների ուղղությունից բացի որևէ այլ ուղղությամբ, անկախ այն բանից՝ զենքը լիցքավորված է, թե ոչ․
3) արգելվում է մատը անհարկի դնել ձգանի վրա, քանի դեռ չի ստացվել «Կրա՛կ» հրահանգը․
4) հետևել հրաձգության հրահանգչի հրահանգներին․
5) կրակն ավարտելուց հետո կամ հրահանգչի հրահանգով կատարել զենքի լիցքաթափում։
30․ Գործնական քննության ամբողջ ընթացքում 29-րդ կետում նշված անվտանգության կանոններից և հրաձգության հրահանգներից որևէ մեկի խախտման դեպքում հրաձգության հրահանգիչն իրավունք ունի քննական հանձնաժողովի հաստատմամբ ընդհատել գործնական քննությունը և այն գնահատել անբավարար։»։
7) 30-րդ կետից հետո լրացնել նոր՝ 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ և 37-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«31․ Վարժությունների գնահատումն իրականացվում է՝ ըստ հետևյալ աղյուսակի.
Վարժություն |
Գնահատական և չափորոշիչ |
1) Զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում |
Կատարվում է՝ ըստ քննական տոմսի հարցերի միավորների։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար գումարվում է 1 միավոր։ |
2) Հրաձգություն և նշանակետի խոցում |
Թվով 5 ստուգարքային կրակոցներից 1-ի՝ թիրախը խոցելու դեպքում տրվում է 1 միավոր և հրաձգությունը համարվում է հաջողությամբ հանձնած, իսկ բոլոր կրակոցների վրիպման դեպքում գործնական հրաձգությունը գնահատվում է անբավարար։ |
3) Անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում |
1) Զենքը վերցնելիս ստուգել, որ այն լիցքաթափված է - 1 միավոր 2) Արգելվում է զենքի փողն ուղղել կրակադաշտից՝ թիրախների ուղղությունից բացի որևէ այլ ուղղությամբ, անկախ այն բանից՝ զենքը լիցքավորված է, թե ոչ - 1 միավոր 3) Արգելվում է մատը անհարկի դնել ձգանի վրա, քանի դեռ չի ստացվել «Կրա՛կ» հրահանգը - 1 միավոր 4) Հետևել հրաձգության հրահանգչի հրահանգներին - 1 միավոր 5) Կրակն ավարտելուց հետո կամ հրահանգչի հրահանգով կատարել զենքի լիցքաթափում - 1 միավոր |
32․ Գործնական քննության վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր 3 վարժություններից ստացված գնահատականների հանրագումարից և անցողիկ շեմ է համարվում 8 (ութ) գնահատականը (միավորը), որից՝
1) զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգման փուլի առավելագույն 3 (երեք) միավորից անցողիկ շեմ է համարվում 2 (երկու) միավորը․
2) հրաձգություն և նշանակետի խոցման ստուգման փուլի առավելագույն 5 (հինգ) կրակոցներից ցանկացած թվով թիրախի խոցման (1-5 խոցում) դեպքում գնահատվում է 1 (մեկ) միավոր, որը համարվում է անցողիկ շեմ․
3) անվտանգության կանոնների պահպանման և հրաձգության հրահանգների ճիշտ կատարման ստուգման փուլից առավելագույն 5 (հինգ) միավորից անցողիկ շեմ է համարվում 5 (հինգ) միավորը։
33․ Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան գործնական քննությունից 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Նշված ժամկետները բաց թողնելու դեպքում տեսական և գործնական քննությունները պետք է հանձնել նորից՝ կատարելով տեսական և գործնական քննությունների համար նախատեսված վճարը։
34․ Գնահատականները լրացնում է հանձնաժողովի անդամը զենքի ձեռքբերման գործնական քննության գնահատման թերթիկում։ Քննության ընթացքում առանձին վարժությունների գնահատականները չեն ներկայացվում դիմորդին։ Վերջնական գնահատականը դիմորդին հայտնում է հանձնաժողովը։ Քննությունը դիմորդի խնդրանքով ընդհատելու պարագայում չկատարված կամ ընթացիկ (եթե վարժության կատարումը կիսատ է մնացել) վարժությունները գնահատվում են 0 միավոր։
35․ Գործնական քննությունը հաղթահարած քաղաքացու՝ սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փաստաթղթում, գործնական քննությունը հաղթահարելու օրը, լրացվում է գործնական քննության գնահատականը։
36. Քննության արդյունքները կարելի է գրավոր բողոքարկել քննությունից անմիջապես հետո՝ հանձնաժողովին։ Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր, իսկ բողոքարկողի պահանջով՝ հեռախոսազանգով կամ էլեկտրոնային նամակով։ Բողոքը բավարարելու դեպքում դիմորդի քննությունը համարվում է հանձնված։
37․ Կազմակերպությունը պարտավոր է ստուգումների արդյունքների մասին տեղեկությունների հաշվառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը դրանց փոխանցումն իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:»։
8) Ձև 1-ից հետո լրացնել նոր Ձև 2՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Վահե Ղազարյան
«19» հունիսի 2024 թ. ք․ Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 9-Ն հրամանի |
Ձև 2
ԹԵՐԹԻԿ
ԶԵՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
|
Դիմորդ՝ ____________________________________________ Ազգանուն, անուն, հայրանուն |
« » _________ 20 թ.
Քննության օր, ամիս, տարեթիվ
Հ/Հ |
Վարժության անվանումը |
Վարժության միավորներ |
Ընդհանուր | ||||
1. |
Զենքի կառուցվածքի և ռազմամթերքի վերաբերյալ գիտելիքների ստուգում |
1 |
1 |
1 |
Անցողիկ՝ առնվազն 2 | ||
2. |
Հրաձգություն և նշանակետի խոցում |
1 |
Անցողիկ 1 | ||||
3. |
Անվտանգության կանոնների պահպանում և հրաձգության հրահանգների ճիշտ կատարում |
1 |
1 |
1 |
1 |
1 |
Անցողիկ 5 |
Քննությունը ընդունող՝
Հանձնաժողովի նախագահ՝ ______________________________________________________.
Ստորագրություն Ազգանուն, անուն, հայրանուն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|