Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56717/08
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2017

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ա Ռ Ա Ջ Ի Ն  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԱՅՎԱԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 56717/08)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

1 հունիսի 2017թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],

Կշիշտոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],

Քսենյա Տուրքովիչ [Ksenija Turković],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo]

Յովան Իլևսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ

և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,

2017 թվականի մայիսի 9-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1 .     Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանի քաղաքացի տկն Սիլվարդ Այվազյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի նոյեմբերի 20-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 56717/08) հիման վրա:

2 .     Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը: Հայաստանի Կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3 .     Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ իր եղբայր Սեյրան Այվազյանին կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում համարվող հանգամանքներում, և որ համապատասխան մարմինները նրա մահվան կապակցությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել:

4 .     2011 թվականի սեպտեմբերի 6-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։ Ռուսաստանի կառավարությունը չի իրականացրել Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին մասով միջամտելու իր իրավունքը։

ՓԱՍՏԵՐԸ

I.          ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

5 .      Դիմումատուն ծնվել է 1951 թվականին և բնակվում է Դոնի Ռոստովում՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Նա 1961 թվականին ծնված և 2006 թվականի մարտի 6-ին ոստիկանության ծառայողների կողմից կյանքից զրկված Սեյրան Այվազյանի քույրն է։ Նա ունեցել է հոգեկան հիվանդություն (պարանոիդ շիզոֆրենիա) և տվյալ ժամանակահատվածում բնակվել է մենակ՝ Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում։

Ա.    Սեյրան Այվազյանի մահվան՝ քննությամբ պարզված հանգամանքները

6 .      Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցի հանգամանքները, որոնք պարզվել են քննիչի կողմից քննության ավարտից հետո 2016 թվականի հոկտեմբերի 3-ին կայացված որոշմամբ, (տե՛ս ստորև ներկայացված 30 -րդ պարբերությունը) հետևյալն են։

7 .      2016 թվականի մարտի 6-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սեյրան Այվազյանն այցելել է տարածքի խանութներից մեկը, որտեղ նա դանակ է հանել և առանց պատճառի դրանով հարվածել խանութի աշխատակից Հ. Չ.-ի ձեռքին և խանութ մտած հաճախորդներից մեկի՝ Ե.Պ.-ի այտին։ Այնուհետև նա գնացել է տուն։

8 .      Որոշ ժամանակ անց Օձունի բժշկական ամբուլատորիայից Թումանյան քաղաքի մոտակա ոստիկանության բաժին կատարած հեռախոսազանգից հետո ոստիկանության չորս ծառայողներ՝ Ա.Ա.-ն, Վ.Բ.-ն Ա.Ե.-ն և Մ.Վ.-ն ժամանել են Սեյրան Այվազյանի տուն։ Երբ նրանք մոտեցել են, Սեյրան Այվազյանը գտնվել է այգում և, ոստիկանության ծառայողներին տեսնելով, վազել է դեպի տուն։ Ոստիկանության ծառայողները հետևել են նրան։ Երբ Սեյրան Այվազյանը մտել է տուն և պատրաստվել է փակել դուռը, ոստիկանության ծառայող Վ.Բ.-ն հասել է նրան և սկսել է հրելով բացել դուռը։ Այդ պահին Սեյրան Այվազյանը կիսաբաց դռնից դանակով հարվածել է Վ.Բ.-ի ձեռքին ու այտին, և նրան հաջողվել է փակել դուռը։Վ.Բ.-ին մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, մինչ Ա.Ա.-ն և Ա.Ե.-ն, որոնք մնացել են տանը, զանգահարել են Թումանյանի ոստիկանության բաժին և հաղորդել պատահարի մասին։ Այնուհետև, նրանք փորձել են Սեյրան Այվազյանին համոզել դուրս գալ, բայց վերջինս հրաժարվել է՝ սպառնալով կյանքից զրկել ցանկացածի անձի, ով կփորձի մոտենալ տանը՝ բոլորի առջև սրելով դանակները։Նրանք կապ են հաստատել Սեյրան Այվազյանի՝ նույն գյուղում բնակվող քույրերից մեկի հետ, բայց նա հրաժարվել է գալ։ Ա.Ա.-ի և Ա.Ե.-կողմից հեռախոսազանգ ստանալով՝ ևս 9 ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ Ա.Ս.-ն, Ն.Ն.-ն, Գ.Մ.-ն, Ռ.Մ.-ն Հ.Գև.-ն ու Հ.Գրի.-ն ժամանել են տան մոտ՝ Թումանյանի ոստիկանության բաժնի պետի՝ մայոր Ա.Բ.-ի ուղեկցությամբ, և շրջապատել են տունը։ Նրանք նաև զանգահարել են Օձունի գյուղապետին, շտապօգնություն և հրշեջ ծառայություն։ Սեյրան Այվազյանի՝ միևնույն գյուղում բնակվող ազգականներին դեպքի վայր կանչելու մեկ այլ փորձ է կատարվել, որպեսզի նրան համոզեն հանձնվել, սակայն նրանք հրաժարվել են գալ։ Այնուհետև, ոստիկանության ծառայողները մոտավորապես հինգ ժամ փորձել են Սեյրան Այվազյանին համոզել հանձնվել, բայց նա շարունակել է դրսևորել միևնույն վտանգ սպառնացող վարքագիծը՝ ինչպես դրանից առաջ։ Միևնույն ժամանակ ոստիկանության ծառայողները կապ են հաստատել Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի հետ, որի կողմից նրանք տեղեկացվել են, որ Սեյրան Այվազյանին հնարավոր է հանդարտ վիճակի բերել միայն դիսպանսերում։

9 .      Մոտավորապես ժամը 17։00-ին որոշվել է Սեյրան Այվազյանին վնասազերծել և բերման ենթարկել՝ հրշեջ մեքենայի փողրակից նրա վրա ջուր լցնելով։ Հրշեջ փողրակը միացնելուց հետո ոստիկանության վեց ծառայողներ՝ Ա.Ս.-ն. Ն.Ն.-ն, Գ.Մ.-ն, Ռ.Մ.-ն, Հ.Գև.-ը և Ա.Ա.-ն, Թումանյանի ոստիկանության բաժնի պետի հրամանով հրելով բացել են դուռը և մտել տուն։ Հ.Գև.-ը, որն առաջինն է մուտք գործել, դանակով հարձակումից պաշտպանվելու համար փոքր փայտե սեղան է պահել իր առջև։ Ոստիկանության ծառայողները տուն մուտք գործելուց հետո տեսել են, որ նա միջանցքից սենյակ տանող ճանապարհը շրջափակել է կահույքով։ Ոստիկանության ծառայողներն անմիջապես որոշել են դուրս գալ տնից, և ամբողջ խումբը դուրս է եկել։ Տեսնելով, որ ոստիկանության ծառայողները դուրս են գալիս՝ Սեյրան Այվազյանը, յուրաքանչյուր ձեռքում պահելով մեկ դանակ, շարժվել է նրանց ուղղությամբ, հասել է Հ. Գև.-ին նախամուտքի դռան մոտ, և դանակներից մեկով հարվածել նրա գլխին։ Հ.Գև.-ը հարվածի հետևանքով անմիջապես վայր է ընկել։ Երբ նա պառկած է եղել հատակին, Սեյրան Այվազյանը փորձել է կրկին հարվածել նրան, սակայն այդ պահին ոստիկանության մեկ այլ ծառայող՝ Հ. Գրի.-ն, որը հսկել է մուտքը, իր ավտոմատ հրացանից մեկ նախազգուշական կրակոց է արձակել օդում և, տեսնելով, որ Սեյրան Այվազյանը դեռ փորձում է հարվածել Հ. Գև.-ին, կրակել է Սեյրան Այվազյանի ոտքերին։ Միևնույն ժամանակ և այդ գործողություններից անկախ, ոստիկանության ծառայողներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և Ռ.Մ.-ն, տեսնելով, որ Հ. Գև.-ը հարձակման հետևանքով վայր է ընկել, և որ Սեյրան Այվազյանը փորձում է նրան կրկին հարվածել, սկսել են իրենց ատրճանակներից կրակ արձակել Սեյրան Այվազյանի ոտքերին։ Ա.Ս.-ն արձակել է ութ կրակոց, մինչդեռ Ա.Ա.-ն և Ռ.Մ.-ն՝ առանձին-առանձին երեք կրակոց։ Կրակոցի հետևանքով Սեյրան Այվազյանը վիրավորվել է, վայր է ընկել և մահացել։

10 .    Տեղում կատարված հետագա քննության ընթացքում նախամուտքում հայտնաբերվել է երկու դանակ, ինչպես նաև մեկ ձեռքի նռնակ ու ևս մեկ դանակ՝ միջանցքում։

11 .     Սեյրան Այվազյանի հագուստի զննության ընթացքում հայտնաբերվել է ևս երկու դանակ և մեկ բժշկական լանցետ։

12 .     Սեյրան Այվազյանի կողմից հարձակման հետևանքով, քաղաքացիներ Հ.Չ.-ն և Ե.Պ.-ն, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ Վ.Բ.-ն ու Հ.Գ.-ն մանր և միջին ծանրության, սակայն կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ են ստացել։

13 .     Դիմումատուն վիճարկել է այդ փաստերը և պնդել, որ Սեյրան Այվազյանն իրականում չի վտանգել ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքը, և որ ոստիկանության ծառայողները պարզապես կյանքից զրկել են նրան՝ իրենց գործընկերներից մեկին վնասելու համար վրեժխնդիր լինելու նպատակով։

Բ.    Սեյրան Այվազյանի զինված հարձակման առնչությամբ քրեական գործով վարույթը

14 .     Պատահարի օրը Լոռու մարզի դատախազությունը որոշում է կայացրել, մասնավորապես՝ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների վրա Սեյրան Այվազյանի կողմից կատարված զինված հարձակման առնչությամբ թիվ 55200706 քրեական գործը հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 104-րդ հոդվածի համաձայն սպանության փորձի հիմքով՝ 34-րդ հոդվածի հետ համատեղ։

1.     Քննչական և այլ դատավարական միջոցառումներ

15 .     Նույն օրն անցկացվել է դեպքի վայրի զննություն և կազմվել է արձանագրություն, որը ներառում է տեղանքի քարտեզը։ Տունն ունեցել է երկու սենյակ, որոնք գտնվել են մեկը մյուսի հետևում ու եղել են պատով բաժանված, իսկ աջ կողմում գտնվել է միջանցքը։ Տան ամբողջ առջևի հատվածում եղել է 3x1.8 մետր չափսերով նախամուտք։ Նախամուտքի ձախ կողմում առկա են եղել պատուհաններ, իսկ գլխավոր մուտքը գտնվել է աջ կողմում՝ վերը նշված միջանցքի առջևում։ Տունը պատուհաններ է ունեցել նաև աջ կողմում։ Տեղանքի քարտեզում նշված է եղել նաև պատահարի ժամանակ Սեյրան Այվազյանի և ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի դիրքերը։ Ըստ երևույթին, Սեյրան Այվազյանը գտնվել է նախամուտքում՝ անմիջապես գլխավոր մուտքի դիմաց, իսկ ոստիկանության ծառայող Հ.Գև.-ը՝ նրա կողքին։ Ոստիկանության ծառայողներ Հ.Գրի.-ն և Ռ.Մ.-ն նույնպես գտնվել են նախամուտքում՝ գլխավոր մուտքից ձախ, մինչդեռ ոստիկանության ծառայողներ Ա.Ս.-ն և Ա.Ա.-ն գտնվել են նախամուտքից դուրս ընկած հատվածում՝ գլխավոր մուտքի դիմաց։

16 .    2007 թվականի մարտի 7-ին կատարվել է դիահերձում։ Ըստ արդյունքների, Սեյրան Այվազյանը վնասվածքներ է ստացել թվով տասը գնդակից, որոնցից ինը հարվածել են սրունքի հետևի մասին, ազդրերին ու ձախ նախաբազուկին, իսկ մեկը՝ կրծքավանդակին։ Սեյրան Այվազյանի վրա հետևից արձակել են վեց գնդակ։ Սեյրան Այվազյանի մահվան անմիջական պատճառը եղել է ուժեղ ներքին արյունահոսությունը, որն առաջացել է կրծքավանդակի հրազենային վնասվածքից, ինչի հետևանքով վնասվել է սրտի ստորին հատվածը և թոքը։ Մահը վրա է հասել Սեյրան Այվազյանի վիրավորվելուց անմիջապես հետո։

17 .     2006 թվականի ապրիլի 11-ին Ան.Ա.-ին՝ Սեյրան Այվազյանի չորս քույրերից մեկին, հարուցված քրեական գործով շնորհվել է տուժողի կարգավիճակ։ Այդ որոշման մեջ նշվել է, որ հանցագործության հետևանքով Սեյրան Այվազյանին պատճառվել է ֆիզիկական վնաս, մասնավորապես՝ մահ։

18 .    2006 թվականի ապրիլի 18-ին անցկացվել է դեպքի ուսումնասիրությունից հետո ձեռք բերված պարկուճների և գնդակների հրազենագիտական փորձաքննություն։ Հաստատվել է, որ դրանք ընդգրկված են ոստիկանության սպառազինության մեջ։ Գործադրված զենքերը եղել են երեք «Մակարով» տեսակի ատրճանակ և մեկ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ հրացան։

19 .    2006 թվականի հունիսի 16-ի դատական փորձաքննությամբ եզրահանգում է կատարվել այն մասին, որ հինգ դանակը և բժշկական լանցետը չեն որակվում որպես «սառը զենք»։ Բոլոր դանակները, բացի մեկից, պատրաստված են եղել տան պայմաններում։

20 .    2006 թվականի հունիսի 22-ին տրվել է դատական փորձաքննության եզրակացություն։ Եզրակացության համաձայն՝ Սեյրան Այվազյանի հագուստը վնասված է եղել մոտ տարածությունից արձակված առնվազն տասներկու գնդակից։

21 .     2006 թվականի օգոստոսի 10-ին բժիշկ-փորձագետը Սեյրան Այվազյանի հոգեկան հիվանդության մասին տվել է եզրակացություն, որի համաձայն, Սեյրան Այվազյանի մոտ առկա է եղել հոգեկան հիվանդություն՝ պարանոիդ շիզոֆրենիա, և 1993 թվականից սկսած տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում իր վիճակի համար բուժում է ստացել։  

2.      Ոստիկանության ծառայողների հարցաքննությունը

ա)    Ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցների մեջ ներգրավված ոստիկանության ծառայողները

22 .    Քննիչը ցուցմունք է վերցրել ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցների մեջ ներգրավված ոստիկանության յոթ ծառայողներից հինգից (Ա.Ս., Հ.Գև., Հ.Գրի., Ն.Ն., Ա.Ա., Գ.Մ. և Ռ.Մ.)։ Ոստիկանության չորս ծառայողներից երեքը՝ Ա.Ս.-ն, Հ.Գրի.-ն և Ա.Ա.-ն, որոնք կրակոցներ էին արձակել, հարցաքննվել են, համապատասխանաբար, 2006 թվականի մարտի 6-ին, 14-ին և 16-ին, մինչդեռ Հ.Գև.-ը (ով վնասվածք էր ստացել պատահարի ընթացքում) և Ն.Ն.-ն հարցաքննվել են, համապատասխանաբար, 2006 թվականի մարտի 7-ին և 15-ին։ Ոստիկանության ծառայողներին խնդրել են պատահարի մասին հաշվետվություն ներկայացնել։

23 .    Ոստիկանության ծառայող Ա.Ս.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը։ Սեյրան Այվազյանը գտնվել է երկրորդ (հետևի) սենյակում, երբ ոստիկանության վեց ծառայողներ մտել են տուն։ Դուռը շրջափակված է եղել բազկաթոռով և զգեստապահարանով։ Մուտք գործելիս նա Սեյրան Այվազյանին առաջարկել է դուրս գալ սենյակից, սակայն նա այնպես է պահել դանակը, կարծես ցանկացել է նետել այն և շարունակել է սպառնալ, որ կհարվածի նրան։ Գիտակցելով, որ հնարավոր չէ նրան սենյակից դուրս հանել, և որ նա կարող է վնաս հասցնել որևէ մեկին՝ Ա.Ս.-ն ոստիկանության մյուս հինգ ծառայողներին ասել է, որ նրանք բոլորը պետք է դուրս գնան և գտնեն Սեյրան Այվազյանին վնասազերծելու մեկ այլ եղանակ։ Նրանք դուրս են եկել տնից. վերջին դուրս եկողը եղել է Հ.Գև.-ը, որը սեղան է պահել իր առջև՝՝ դանակ նետելու դեպքում ինքնապաշտպանվելու նպատակով։ Ա.Ս.-ն իջել է նախամուտքից և արդեն գտնվել է բակում, երբ այնտեղ հավաքված իր գործընկերները բղավել են. «Նա դուրս է եկել և հարձակվել»։ Հ. Գև.-ը սեղան է պահել իր առջև՝ Սեյրան Այվազյանից ինքնապաշտպանվելու նպատակով։ Ա.Ս.-ն վազել է դեպի նրանց և տեսել, թե ինչպես է Սեյրան Այվազյանը հարվածում Հ.Գև.-ի գլխին, ուստի նա կրակոց է արձակել նրա ոտքերին։ Սեյրան Այվազյանը ընկել է և, պառկած լինելով հատակին, նույն դանակը նետել է Հ.Գև.-ի վրա։ Այնուհետև նա հանել է մեկ այլ դանակ և այն նետել ոստիկանության ծառայողների վրա։ Ա.Ս.-ն կրկին կրակոց է արձակել նրա ուղղությամբ։ Այնուհետև Սեյրան Այվազյանը հանել է երրորդ դանակը, բղավելով շրջել է այն՝ փորձելով նետել Ա.Ս.-ի ուղղությամբ։ Ա.Ս.-ն կրկին կրակոց է արձակել, և Սեյրան Այվազյանը վայր է գցել դանակը։ Ոստիկանության ծառայողները մոտեցել են և ձեռնաշղթաներ հագցրել նրան։

24 .    Ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը։ Երբ ոստիկանության վեց ծառայողներ տուն են մտել, Սեյրան Այվազյանը սպառնացել է նրանց՝ հրամայելով դուրս գալ։ Նրանք դուրս են եկել, այսինքն՝ նա նկատել է որ մյուսներն արդեն դուրս են գնացել։ Նա, գիտակցելով, որ մենակ է, փորձել է սեղանը պահած դուրս գալ տնից։ Նա դեռ չի հասել դռան մոտ, երբ հանկարծ Սեյրան Այվազյանը բղավել է և դանակը ձեռքին վազել նրա ուղղությամբ։ Դա տեսնելով՝ նա փորձել է ավելի արագ շարժվել դեպի դուռը։ Սեյրան Այվազյանը հասել է նրան և դանակով հարվածել գլխին։ Դա տեղի է ունեցել դռան մուտքի մոտ։ Սեյրան Այվազյանին հաջողվել է հարվածել Հ.Գև.-ին, քանի որ նա (այսինքն՝ Սեյրան Այվազյանը) ավելի բարձրահասակ է՝ չնայած նրան (այսինքն՝ Հ.Գև.-ին) որոշ չափով հաջողվել է Սեյրան Այվազյանին սեղանով հետ հրել։ Նա վայր է ընկել նախամուտքում։ Երբ նա պառկած է եղել կողքի վրա՝ դեմքով դեպի դուռը, և արնահոսել, տեսել է, թե ինչպես է Սեյրան Այվազյանը փորձում երկրորդ անգամ նույն դանակով կրկին հարվածել իր գլխին։ Սեյրան Այվազյանը դեռևս եղել է կանգնած վիճակում՝ մեկ մետր հեռավորության վրա, մինչդեռ ինքը (այսինքն՝ Հ.Գև.-ը) շարունակել է սեղանն օգտագործել ինքնապաշտպանվելու համար։ Սեյրան Այվազյանի՝ երկրորդ անգամ նրան հարվածելու փորձից հետո նա լսել է մի շարք կրակոցներ, բայց չի կարողացել մտաբերել՝ քանիսն է լսել։ Նա տեսել է, որ կրակոցները դիպել են Սեյրան Այվազյանի ոտքերին։ Վերջինս վայր է ընկել՝ պառկելով այնպես, որ նրա ոտքերը Հ.Գև.-ի ոտքերի կողքին են հայտնվել։ Այնուհետև Սեյրան Այվազյանը հանել է մեկ այլ դանակ։Սեյրան Այվազյանը պետք է առաջին դանակը գցած լիներ կամ նրա ուղղությամբ, կամ նրա հետևում գտնվողների ուղղությամբ, սակայն Հ. Գև.-ը չի կարողացել նշել, թե որքան հեռու է նետվել դանակը։ Այնուհետև Սեյրան Այվազյանը ցանկացել է վեր կենալ և կրկին հարվածել իրեն, սակայն հետո ինքը լսել է այլ կրակոցների ձայներ։ Սեյրան Այվազյանը բարձրաձայն բղավել է, սակայն մինչ արձակվել են կրակոցները, մյուսները իրեն հեռացրել են Սեյրան Այվազյանի մոտից և տեղափոխել հիվանդանոց։

25 .    Ոստիկանության ծառայող Հ.Գրի.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը։ Սեյրան Այվազյանը դանակը ձեռքին թաքնվել է զգեստապահարանի հետևում և կյանքից զրկելու սպառնալիքներ հնչեցրել, երբ ոստիկանության վեց ծառայողները փորձել են մոտենալ նրան։ Այդ ժամանակ նա հրացանով կանգնած է եղել նախամուտքի պատուհանների կողքին։ Հետո նա լսել է, թե ինչպես է Սեյրան Այվազյանը բղավում և տեսել, թե ինչպես են մյուսները տանից դուրս գալիս, իսկ Սեյրան Այվազյանը դանակը ձեռքին վազել է դեպի Հ.Գև.-ը (որը եղել է վերջին դուրս եկողը), հասել է նրան ու հարվածել գլխին։ Հ.Գև.-ը կծկվել է և սկսել է արնահոսել։ Սեյրան Այվազյանը ևս մեկ անգամ փորձել է նույն դանակով հարվածել Հ.Գև.-ին, որն այդ պահին պառկած է եղել հատակին։ Նա նախազգուշական կրակոց է արձակել օդում, սակայն տեսնելով, որ Սեյրան Այվազյանը կրկին փորձում է հարվածել Հ.Գև.-ին, կրակել է Սեյրան Այվազյանի ձախ ոտքին՝ նրան վնասազերծելու նպատակով։ Նրա կրակոցից հետո Սեյրան Այվազյանը վայր չի ընկել, սակայն դանակը ձեռքին սայթաքելով հետ է գնացել։ Ոստիկանության ծառայողներից մեկին այդ պահին հաջողվել է Հ.Գև.-ին հեռացնել Սեյրան Այվազյանի մոտից, որն այնուհետև դանակ է նետել նրանց վրա և հանել է մեկ այլ դանակ՝ կրկին նետելու համար։ Սեյրան Այվազյանը դեռևս գտնվել է կանգնած վիճակում։ Հ.Գրի.-ն լսել է մի շարք այլ կրակոցների ձայներ, սակայն չի կարող նշել, թե ովքեր են դրանք արձակել, քանի կրակոց է արձակվել, և Սեյրան Այվազյանի մարմնի որ մասերի ուղղությամբ են դրանք արձակվել։ Ինքը, բացի վերը նշված երկուսից, որևէ այլ կրակոց չի արձակել։ Այնուհետև, ոստիկանության մյուս ծառայողներին հաջողվել է մոտենալ Սեյրան Այվազյանին և զինաթափել նրան, որն արդեն հատակին է պառկած եղել։

26 .    Ոստիկանության ծառայող Ն.Ն.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը։ Ոստիկանության ծառայող Հ.Գև.-ը առաջինն է մտել տուն՝ սեղանը որպես վահան պահած, քանի որ Սեյրան Այվազյանը, բռնելով դանակի շեղբից, սպառնացել է նետել այն։ Նա և մյուսները, որոնք հետևել են Հ.Գև.-ին, մտել են առաջին սենյակ։ Սեյրան Այվազյանը նահանջել է երկրորդ սենյակ և դուռը շրջափակել բազկաթոռով, ինչը նրանց խանգարել է մուտք գործել երկրորդ սենյակ։ Սեյրան Այվազյանը հրաժարվել է հանձնվել և դանակ գործադրելու սպառնալիքով նրանց թույլ չի տվել առաջանալ։ Նրանք ստիպված են եղել տնից դուրս գալ։ Քանի դեռ նրանք գտնվել են նախամուտքում, ինքը՝ Ն.Ն.-ն, լսել է, թե ինչպես են մյուսներն ասում. «Նա գալիս է»։ Նա շրջվել է և տեսել, որ Սեյրան Այվազյանը, որը տնից դուրս է եկել, դռան մուտքի մոտ դանակով հարվածել է Հ.Գև.-ի գլխին։ Հ.Գև.-ն անմիջապես սկսել է արնահոսել։ Նա փորձել է ինքնապաշտպանվել սեղանով, սակայն Սեյրան Այվազյանին հաջողվել է դրա վրայով ձեռքը մեկնել և հարվածել վայր ընկած Հ.Գև.-ին։ Այնքանով, որքանով մտաբերում է Ն.Ն.-ն, Սեյրան Այվազյանն այնուհետև վայր է ընկել. վայր ընկնելուց հետո նա դանակը նետել է նրանց վրա։ Այնուհետև Սեյրան Այվազյանը հանել է մեկ այլ դանակ և ցանկացել է կրկին հարվածել Հ.Գև.-ին։ Այդ պահին Ն.Ն.-ն լսել է կրակոցների ձայներ, սակայն չի տեսել կրակողին։ Այնուհետև, նրանց հաջողվել է ձեռնաշղթաներ հագցնել Սեյրան Այվազյանին։

27 .    Ոստիկանության ծառայող Ա.Ա.-ի հաշվետվությունը եղել է հետևյալը։ Հրշեջ մեքենան գործարկելուց անմիջապես հետո, նրանք կոտրել են դուռը և մտել տուն։ Հ.Գև.-ը եղել է առաջին մտնողը, իսկ ավելի ստույգ՝ նրանք բոլորը միասին են մտել՝ պաշտպանության նպատակով իրենց առջև փոքր սեղան պահելով։ Այդ պահին հրշեջ մեքենան ջուր է լցրել Սեյրան Այվազյանի վրա, որն իրեն շրջափակել է զգեստապահարանով և տեղաշարժել այն այնպես, որ իրեն պաշտպանի ջրից։ Սեյրան Այվազյանը նաև բազկաթոռ է տեղադրել երկու սենյակների միջև այնպես, որ նրանք չկարողանան մտնել երկրորդ սենյակ։ Նրանք փորձել են համոզել նրան վայր դնել դանակը, սակայն նա շարունակել է սպառնալ։ Քանի որ Սեյրան Այվազյանը դուրս չի եկել և հրաժարվել է հանդարտվել, Ա.Ա.-ն հրաման է ստացել դուրս գալ տնից՝ այլընտրանքային պլան մշակելու համար։ Ոստիկանության վեց ծառայողների դուրս գալու ժամանակ, Սեյրան Այվազյանը, բարձրաձայն բղավելով, անսպասելիորեն վազել է դեպի նրանց։ Ա.Ա.-ն չի կարողացել տեսնել, թե արդյոք Սեյրան Այվազյանի մոտ առկա է դանակ, քանի որ նա (այսինքն՝ Ա.Ա.-ն) կանգնած է եղել դեմքով դեպի գլխավոր մուտքը։ Նա լսել է, թե ինչպես է դրսից ինչ-որ մեկն ասում. «Ուշադիր եղի՛ր, նա պատրաստվում է հարվածել»։ Այնուհետև նա դուրս է թռել տնից դեպքի բակ՝ անցնելով նախամուտքով։ Նախքան գլորվելը՝ նա լսել է երկու կրակոցի ձայն և տեսել է, որ Հ.Գև.-ը մեջքի վրա պառկած է նախամուտքում՝ դեմքով դեպի գլխավոր մուտքը։ Սեյրան Այվազյանը դանակը ձեռքին կծկվել է և փորձել է հարվածել Հ.Գև.-ին, որն արդեն իսկ վիրավոր է եղել։ Կարծելով, որ ավելի վաղ արձակած կրակոցները չեն դիպել Սեյրան Այվազյանին, և որ եթե նա կրակ չարձակի, ապա Սեյրան Այվազյանը կրկին կհարվածի ու կյանքից կզրկի Հ.Գև.-ին՝ նա հանել է իր զենքը, Սեյրան Այվազյանի ոտքերին նշան է բռնել և երեք կրակոց է արձակել նրա ոտքերին։ Կրակոց արձակելիս նա լսել է այլ կրակոցների ձայներ և տեսել է, որ Սեյրան Այվազյանն ընկնում է Հ.Գև.-ի կողքին։ Այնուհետև նա Սեյրան Այվազյանի ձեռքին երկու դանակ է տեսել։

28 .    Քննիչը երկուսից չորս հարց է ուղղել ոստիկանության ծառայողներից յուրաքանչյուրին։ Ա.Ս.-ին հարցրել են՝ ա) արդյոք հնարավոր կլինի Սեյրան Այվազյանին վնասազերծել առանց հրազենի գործադրման (պատասխանը՝ բացասական), և բ) քանի հրազեն է գործադրվել այդ նպատակով (երեք)։ Հ.Գև.-ին հարցրել են, թե որքան ժամանակ է անցել նրանց կողմից տուն մուտք գործելուց մինչև հարված հասցնելը (երեքից չորս րոպե)։ Հ.Գրի.-ին հարցրել են, թե կրակ արձակելու ժամանակ ով է եղել նրա կողքին (ոստիկանության ծառայող Ա.Ս.-ն) և քանի դանակ է ունեցել Սեյրան Այվազյանը (առնվազն երեք)։ Ն.Ն.-ին և Ա.Ա.-ին հարցրել են, թե արդյոք նրանք տուն մտնելուց առաջ ստացել են կրակ արձակելու հրաման (երկուսն էլ՝ բացասական)։ Ա.Ա.-ին նաև հարցրել են՝ ա) կրակ արձակելու ժամանակ ով է եղել նրա կողքին (նա չի կարողացել մտաբերել), և բ) խնդրել են լրացուցիչ մանրամասներ տրամադրել կրակոցի միջադեպի մասին։ Հ.Գև.-ին, Հ.Գրի.-ին, Ն.Ն.-ին և Ա.Ա.-ին նաև հարցրել են, թե արդյոք նրանք Սեյրան Այվազյանի ձեռքերում նռնակ են նկատել կամ արդյոք նա նռնակով սպառնացել է (բոլոր չորսը՝ բացասական)։

բ)     Ոստիկանության այլ ծառայողներ, որոնք ներկա են գտնվել դեպքի վայրում

29 .    2006 թվականի մարտի 20-ի և հուլիսի 30-ի միջև ընկած ժամանակահատվածում քննիչը ցուցմունք է վերցրել ոստիկանության վեց այլ ծառայողներից, որոնք ներկա են գտնվել դեպքի վայրում։ Ոստիկանության ծառայողներ Հ.Գրիգ.-ին և Լ.Կ.-ին, որոնք ականատես են եղել կրակոցի միջադեպին, խնդրել են ներկայացնել հաշվետվություն։ Ոստիկանության ծառայող Դ.Կ.-ն նշել է, որ, ի թիվս այլնի (inter alia), հարևանները և մյուս համագյուղացիները ներկա են գտնվել և տեսել ամբողջ պատահարը. սա հաստատվել է Հ.Գրիգ.-ի կողմից։ Ոստիկանության ծառայող Ս.Ա.-ն նշել է, որ, inter alia, դեպքի վայրում գտնվել են տասից քսան ոստիկանության ծառայողներ։ Վերը նշված բոլոր ոստիկանության ծառայողները նշել են, որ դեպքի վայր է կանչվել հրշեջ ծառայություն և շտապօգնություն։ Այնուհետև, Լ.Կ.-ն նշել է, որ տեսել է, թե ինչպես է մեկ այլ ոստիկանության ծառայող Ա.Տ.-ն տեսագրում պատահարը, սակայն համոզված չէ, թե արդյոք նա կրակոցի ժամանակ տեսագրել է կատարվածը։ Երբ Ա.Տ.-ին տեսաձայնագրության մասին հարց են ուղղել, նա նշել է, որ որևէ նյութ առկա չէ, քանի որ ինքը սխալմամբ տեսագրել է առանց տեսախցիկի մեջ ժապավեն դնելու, ինչն ավելի ուշ է հայտնաբերել։

3.        Քննության արդյունքը և դատախազին ներկայացված բողոքները

30 .    2006 թվականի հոկտեմբերի 3-ին Լոռու մարզի դատախազության քննիչը որոշում է կայացրել թիվ 55200706 քրեական գործը կարճելու մասին՝ Սեյրան Այվազյանի մահվան փաստի հիմքով։ Միևնույն որոշմամբ քննիչը հրաժարվել է քրեական գործ հարուցել ոստիկանության ծառայողներ Ա.Ս.-ի, Ա.Ա.-ի, Ռ.Մ.-ի և Հ.Գրի.-ի դեմ։ Որոշման ձևակերպման մեջ առաջինն ընդգծվել են քննությամբ հաստատված հանգամանքները (տե՛ս վերևում՝ 7 - 12 -րդ պարբերությունները), որով եզրակացություն է կատարվել այն մասին, որ ոստիկանության ծառայողներն իրենց ծառայողական զենքը գործադրել են իրադրության անհրաժեշտությունից ելնելով՝ ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի նկատմամբ կյանքի համար վտանգավոր հարձակումը հետ մղելու նպատակով։ Այսպիսով, նրանց գործողությունները օրինական են եղել, քանի որ դրանք ձեռնարկվել են «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

31 .     Չպարզված օրը դիմումատուն Ան.Ա.-ի և նրա մյուս երկու քույրերի հետ միասին բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազին՝ ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը մասնակի բեկանելու պահանջով։

32 .    2006 թվականի նոյեմբերի 16-ին Լոռու մարզի դատախազը նրանց գրությամբ տեղեկացրել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանելու համար իրավական հիմքեր առկա չեն, քանի որ այն կայացվել է գործի հանգամանքների ճշգրիտ իրավական գնահատականի հիման վրա։

33 .    Այնուհետև, դիմումատուն և նրա երեք քույրերը համանման բողոք են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն։

34 .    2007 թվականի հունվարի 19-ին Գլխավոր դատախազությունը նրանց տեղեկացրել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը բեկանելու համար հիմքեր առկա չեն, քանի որ մանրամասն և օբյեկտիվ քննության համաձայն որոշվել է, որ ոստիկանության ծառայողների գործողություններն օրինական են եղել։

Գ.    2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման օրինականության վերաբերյալ դատական վարույթը

35 .   2007 թվականի հունիսի 27-ին Ան.Ա.-ն՝ որպես տուժող, 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իր եղբորը կյանքից զրկելու համար՝ ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մի մասը։ Նա, մասնավորապես, բողոքել է, որ չնայած այն փաստին, որ իր եղբորը դիտավորությամբ կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները, առանձին քրեական գործ չի հարուցվել և նրան կյանքից զրկելու փաստի առթիվ քրեական գործով քննություն չի իրականացվել։ Նա նաև բողոքել է, որ ոստիկանության ծառայողները կրակ են արձակել Սեյրան Այվազյանի վրա այնպիսի իրավիճակում, երբ նրանցից որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնացել։ Ինչ վերաբերում է Սեյրան Այվազյանի տանը նռնակ գտնելու պնդմանը, ապա Ան.Ա.-ն նշել է, որ դրանով չեն արդարացվում ոստիկանության ծառայողների գործողությունները, քանի որ այն հայտնաբերվել է ճակատագրական դեպքը տեղի ունենալուց միայն հետո, և իր եղբայրը ոստիկանության ծառայողներին բացարձակապես չի սպառնացել, որ կգործադրի այն։

36 .    2007 թվականի հունիսի 29-ին Լոռու մարզի դատարանը քննության է ընդունել բողոքը, որը ներկայացված է եղել Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 185-րդ և 263-րդ հոդվածներին համապատասխան։

37 .    2007 թվականի սեպտեմբերի 12-ին Լոռու մարզի դատարանը, հիմնվելով քննությամբ պարզված հանգամանքների վրա, ուսումնասիրել է բողոքը և որոշում է կայացրել այն մերժելու մասին՝ գտնելով, որ ոստիկանության ծառայողների կողմից հրազենի գործադրումն արդարացված է, քանի որ նրանք կրակ են արձակել Սեյրան Այվազյանի անօրինական բռնի գործողությունները կանխելու և դրանցից ինքնապաշտպանվելու համար։ Այն եզրակացրել է, որ ոստիկանության ծառայողները գործել են ՔՕ-ի 42-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետին և 33-րդ հոդվածին համապատասխան։ Ավելին, Մարզային դատարանը նշել է, որ առկա չէ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ առանձին քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն, քանի որ այդ դեպքի քննությունն իրականացվել է Սեյրան Այվազյանի անօրինական գործողությունների մասով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Բացի այդ, Մարզային դատարանը գտել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու դեմ բողոքը ներկայացվել է ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո։

38 .    2007 թվականի սեպտեմբերի 27-ին Ան.Ա.-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել Մարզային դատարանի որոշման դեմ՝ առաջադրելով այն նույն փաստարկները, որոնք նշվել են դատարան ներկայացված իր սկզբնական բողոքում։ Նա նաև պնդել է, որ ինքն իր բողոքը ներկայացրել է ընթացակարգային կանոններին համապատասխան, քանի որ ՔԴՕ-ի՝ կիրառելի հոդվածներից ոչ մեկով, մասնավորապես, 185-րդ և 263-րդ հոդվածներով (տվյալ ժամանակահատվածում գործող), բողոք ներկայացնելու համար որևէ ժամկետ նախատեսված չէ։

39 .    2007 թվականի հոկտեմբերի 23-ին Քրեական վերաքննիչ դատարանն իրականացրել է վերաքննիչ բողոքի՝ ըստ էության քննությունը և մերժել է այն՝ անփոփոխ թողնելով Մարզային դատարանի՝ ոստիկանության ծառայողների գործողությունների օրինականության մասին եզրահանգումները։ Այնուհետև, այն ուսումնասիրել է Ան.Ա.-ի՝ դատարան ներկայացրած բողոքի՝ ընթացակարգային կանոններին համապատասխանության հարցը և գտել է, որ այն չի ներկայացվել ՔԴՕ-ի 290-րդ հոդվածին համապատասխան։

40 .    2008 թվականի փետրվարի 1-ին Ան.Ա.-ն Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ առաջադրելով նույն փաստարկները, որոնք վերաբերում են և՛ դատարան ներկայացված բողոքի ընդունելիությանը, և՛ ըստ էության քննությանը։

41 .     2008 թվականի մարտի 4-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է ընդունելի։

42 .    2008 թվականի մայիսի 23-ին Վճռաբեկ դատարանը քննել է վճռաբեկ բողոքը։ Անդրադառնալով ներպետական օրենսդրությամբ նախատեսվող ժամկետներին համապատասխանության հարցին՝ այն գտել է, որ Ան.Ա.-ն բողոքարկման ընթացակարգը նախաձեռնելիս իսկապես ղեկավարվել է 263-րդ հոդվածի 2-րդ մասով, որով տվյալ ժամանակահատվածում ժամկետներ նախատեսված չեն եղել՝ դատախազի մերժումը դատարանում վիճարկելու համար։ Այնուամենայնիվ, 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը նրա դեպքում կիրառելի է եղել։ Վճռաբեկ բողոքը ներկայացվել է միայն 2007 թվականի հունիսի 27-ին, մասնավորապես՝ այդ մեկամսյա ժամկետը լրանալուց հետո։ Այսպիսով, և՛ Մարզային դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը սահմանազանցել են իրենց ժամանակային իրավազորությունը՝ ըստ էության քննելով Ան.Ա.-ի բողոքը։ Թեև դա ինքնին բավարար հիմք է՝ բողոքը մերժելու համար, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը դա անհրաժեշտ է համարել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ա) երկու դատարաններն էլ իրականացրել են գործի՝ ըստ էության քննությունն ու եզրահանգումները կատարել են գործի հանգամանքների հիման վրա և բ) այն կոչված է եղել ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը՝ խնդրի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ արտահայտելու համար, որոնք համանման դեպքերում կարող են ուղեցույց ծառայել ստորին ատյանի դատարանների համար։

43 .    Վճռաբեկ դատարանը սկզբում ուսումնասիրել է այն հարցը, թե արդյոք հարուցվել է որևէ քրեական գործ, և արդյոք Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննություն է իրականացվել։ Հղում կատարելով ՔԴՕ-ի 27-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, 175-րդ և 182-րդ հոդվածների 1-ին և 2-րդ մասերին՝ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ այդ հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ։ Մասնավորապես, մի շարք գործոններից կարելի է ենթադրել, որ թիվ 55200706 քրեական գործը հարուցվել է ոչ թե Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու, այլ նրա կողմից կատարված արարքների մասով։ Նախևառաջ, գործը հարուցվել է միայն 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ՔՕ-ի 34-րդ հոդվածի հետ համակցությամբ (մասնավորապես, երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և, հետևաբար, չի կարող իրավական տեսանկյունից կիրառելի լինել նրան կյանքից զրկելու նկատմամբ։ Երկրորդ, վարույթը կարճելու մասին որոշման ձևակերպումը ներառել է նաև այն ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելու մերժում, որոնք մասնակից են եղել նրա վրա արձակված կրակոցներում, որով էլ հաստատվել է, որ տվյալ դեպքի առնչությամբ ոչ մի քրեական գործ չի հարուցվել։

44 .    Մյուս կողմից, մի շարք գործոններից կարելի է ենթադրել, որ հարուցված գործերը հիմնված են եղել նաև այն փաստի վրա, որ նրան կյանքից զրկել են, և այդ կապակցությամբ անցկացվել է քննություն։ Այսպիսով, գործ հարուցելու մասին որոշման ձևակերպման նկարագրական մասում նշվել է այն փաստը, որ Սեյրան Այվազյանին տարել են հիվանդանոց, և նա մահացել է։ Ավելին, Սեյրան Այվազյանի քրոջը՝ Ան.Ա.-ին քննիչի որոշմամբ քրեական գործի շրջանակներում տրվել է տուժողի կարգավիճակ, և, բացի այդ, այդ որոշման մեջ նշվել է, որ Սեյրան Այվազյանին իր կյանքից զրկել են «հանցագործության հետևանքով»։ Վերջապես, քրեական գործի ընթացքում ձեռնարկված որոշակի քննչական միջոցառումներ ուղղված են եղել Սեյրան Այվազյանի մահվան վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելուն. դրանք ներառում են՝ դեպքի վայրի զննությունը, Սեյրան Այվազյանի մարմնի և նրա հագուստի զննումը, դիահերձումը, նրա հագուստի դատական փորձաքննությունը, ինչպես նաև ոստիկանության այն ծառայողների հարցաքննությունը, որոնք կրակ են արձակել Սեյրան Այվազյանի վրա կամ ականատես են եղել կրակոցներին։ Դրանից կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ, նրա մահվան կապակցությամբ որոշակի քննություն իրականացվել է։ Հանգելով տվյալ եզրակացությանը՝ Վճռաբեկ դատարանը որոշել է ցանկացած դեպքում ուսումնասիրել քննության պատշաճ լինելու հարցը։

45 .    Վճռաբեկ դատարանը նախևառաջ նշել է, որ կրակոցներին ներկա չեն գտնվել ոստիկանության ծառայող չհամարվող ականատեսներ։ Այնուամենայնիվ, ոչ այն բոլոր ոստիկանության ծառայողներն են հարցաքննվել, որոնք ականատես են եղել կրակոցներին։ Հատկապես, վեց ծառայողներից երկուսը, որոնք ներկա են գտնվել կրակոցներին, մասնավորապես՝ Գ.Մ.-ն և Ռ.Մ.-ն, չեն հարցաքննվել։ Ուստի, քննություն իրականացնող մարմինը չի ապահովել դեպքի առնչությամբ բոլոր ապացույցների առկայությունը։ Ինչ վերաբերում է հարցաքննված ծառայողներին, ապա Հ.Գրի.-ն հարցաքննվել է պատահարից ութ, Ն.Ն.-ն՝ ինը և Ա.Ա.-ն՝ տասը օր հետո։ Միևնույն ժամանակ միջոցներ չեն ձեռնարկվել՝ նրանց միմյանցից մեկուսացնելու համար։ Թեև առկա չեն եղել ապացույցներ՝ ենթադրելու համար որ ոստիկանության ծառայողները գործել են համաձայնեցված գործողությունների միջոցով, այնուամենայնիվ, այն փաստը, որ այդպիսի վտանգը նվազագույնին հասցնելու համար քայլեր չեն ձեռնարկվել, համարվում է քննության մեջ թույլ տրված էական թերություն։ Բացի այդ, չի կատարվել Սեյրան Այվազյանի վրա արձակված գնդակների ուղղության պատշաճ գնահատում։ Մասնավորապես, քննությամբ չի տրվել որևէ հիմնավոր բացատրություն այն փաստի մասով, որ Սեյրան Այվազյանի վրա վեց գնդակ է արձակվել հետևից։

46 .    Հիմնվելով այդ եզրահանգումների վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննությունը պատշաճ չի իրականացվել։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը որոշել է մերժել վճռաբեկ բողոքն այն հիմքով, որ ո՛չ Լոռու մարզի դատարանը, ո՛չ Քրեական վերաքննիչ դատարանը չեն ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բերված բողոքը քննելու ժամանակային իրավասություն։

47 .    Չպարզված օրը Սեյրան Այվազյանի քույրը՝ Ան.Ա.-ն մահացել է։


II.      ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ա.    Քրեական դատավարության օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)

48 .    182-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին։ Այդպիսի որոշման մեջ պետք է նշվեն, inter alia, գործ հարուցելու հիմքը, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը։

49 .    185-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ որոշումը կարող է բողոքարկվել՝ օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի համաձայն։ Այդպիսի բողոքի հիման վրա վերադաս դատախազը կամ վերացնում է բողոքարկվող որոշումը և հարուցում քրեական գործ, կամ հաստատում է այն: Տվյալ որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:

50 .    Տվյալ ժամանակահատվածում 263-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ձևակերպմամբ նախատեսվում է, որ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում տուժողի կողմից կարող է բողոքարկվել վերադաս դատախազին։ Այդպիսի բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը կարող է բողոքարկվել դատարան: 2007 թվականի ապրիլի 7-ին ուժի մեջ է մտել փոփոխություն, որով փոփոխվել է 263-րդ հոդվածի 2-րդ մասը՝ դատախազներին պարտավորեցնելով որոշում կայացնել յուրաքանչյուր այդպիսի բողոքի վերաբերյալ, որը կարող է դրա պատճենն ստանալու պահից 7 oրվա ընթացքում բողոքարկվել դատարան։

51 .     290-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվում է, որ կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, տուժողը, քրեական դատավարության մասնակիցները, այլ անձինք, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են, իրավունք ունեն բողոքարկելու հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` տվյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում: Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից` մեկամսյա ընթացքում:  

Բ.    Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

52 .    34-րդ հոդվածով նախատեսվում է, որ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այն կատարողի կամ կատարողների կամքից անկախ հանգամանքներով:

53 .    42-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով նախատեսվում է, որ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է ոտնձգություն կատարողի դեմ ուղղված՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Կյանքի համար վտանգավոր բռնությունը կանխելիս կարող է պատճառվել ցանկացած աստիճանի առողջական վնաս, այդ թվում՝ մահ: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի գործադրումը՝ զինված անձի հարձակումից պաշտպանվելու համար։

54 .    104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ երկու կամ ավելի անձանց սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Գ.    «Ոստիկանության մասին» օրենք (ուժի մեջ է 2001 թվականի հունիսի 10-ից)

55 .    Օրենքի 29-34-րդ հոդվածներով կարգավորվում է ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը։

56 .    Տվյալ ժամանակահատվածում գործող 29-րդ հոդվածով սահմանվում է, որ ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է պատշաճ կերպով նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

57 .    32-րդ հոդվածով կարգավորվում են այն իրավիճակները, որոնց դեպքում ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հրազեն գործադրելու։ 2-րդ ենթապարբերությամբ նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողները կարող են հրազեն գործադրել հարձակումը հետ մղելու համար, երբ նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում։

58 .    33-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության զինված ծառայողն իրավունք ունի մերկացնելու և մարտական վիճակի բերելու հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է, տվյալ օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ:

59 .    34-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձնական անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I.          ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ՝ ՏՈՒԺՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

60 .   Դատարանը վերահաստատում է, որ այն անձը, որի մերձավոր ազգականները, այդ թվում՝ քույրերը և եղբայրները, որոնց մահվան համար ենթադրաբար պատասխանատվություն է կրում պետությունը, կարող են պնդել, որ իրենք Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման անուղղակի զոհն են դարձել, որի պայմաններում իրենց՝ մահացածի օրինական ժառանգները համարվելու հարցը վերաբերելի չէ գործին (տե՛ս Yaşa-ն ընդդեմ Թուրքիայի, 1998 թվականի սեպտեմբերի 2, § 66, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑VI, Velikova-ն ընդդեմ Բուլղարիայի (որոշում), թիվ 41488/98, ՄԻԵԴ 1999-V (քաղվածքներ), և Van Colle-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 7678/09, § 86, 2012 թվականի նոյեմբերի 13)։ Դատարանն այն կարծիքին է, որ դիմումատուն, որը՝ որպես քույր, տուժել է Սեյրան Այվազյանի մահվան հետևանքով, կարող է իր եղբորը կյանքից զրկելու մասով հայցել տուժողի կարգավիճակ՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով (տե՛ս Çelikbilek-ն ընդդեմ Թուրքիայի (որոշում), թիվ 27693/95, 1999 թվականի հունիսի 22, և Renolde-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 5608/05, § 69, 2008 թվականի հոկտեմբերի 16):

II.        ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

61 .    Դիմումատուն բողոքել է, որ իր եղբորը կյանքից զրկել են բացարձակ անհրաժեշտությունից չբխող հանգամանքներում, և որ համապատասխան մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել նրա մահվան առնչությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ՝

«1.    Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից՝ բացառությամբ դատարանի՝ այն հանցագործության համար նրան դատապարտելու դատավճռով, որի համար օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2.      Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն բխում է այնպիսի ուժի գործադրումից, ինչն ավելի քան բացարձակ անհրաժեշտ է՝

ա.    ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ.     օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ.    խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրինական կարգով ձեռնարկված գործողություն իրականացնելու համար:»։

62 .    Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։

Ա.    Ընդունելիությունը

63 .    Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Մասնավորապես, չեն պահպանվել ներպետական ընթացակարգային պահանջները՝ հաշվի առնելով, որ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոքը չի ներկայացվել ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում, ինչը հաստատվել է ներպետական դատարանների կողմից։

64 .    Դիմումատուն պնդել է, որ այն ժամանակ, երբ Գլխավոր դատախազությունը մերժել է 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ, մասնավորապես՝ 2007 թվականի հունվարի 19-ին բերված բողոքը, ՔԴՕ-ի՝ այս դեպքում կիրառելի 263-րդ հոդվածով այդպիսի մերժումը վիճարկելու համար որևէ ժամկետ սահմանված չի եղել։ 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը կիրառելի չի եղել։ Ավելին, այդ հոդվածներով սահմանված ժամկետների միջև առկա են եղել անհամապատասխանություններ. այն փաստը, որ այդ անհամապատասխանություններն առկա են եղել, ավելի ուշ հաստատվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Վերջապես, քանի որ գործն առնչվում է սպանությանը, որի համար վաղեմության ժամկետը 15 տարի է, համապատասխան մարմինները չէին կարող մերժել պաշտոնական հիմունքներով պատշաճ քննության անցկացումը։

65 .    Դատարանը վերահաստատում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը չի կարող մեկնաբանվել ի վնաս դիմումատուի, եթե, չնայած օրենքով սահմանված ձևական պահանջները վերջինիս կողմից պահպանված չլինելու հանգամանքին, իրավասու մարմինը, այնուամենայնիվ, քննել է պահանջի էությունը (տե՛ս Skałka ընդդեմ Լեհաստանի (որոշում), թիվ 43425/98, 2002 թվականի հոկտեմբերի 3, Dzhavadov ընդդեմ Ռուսաստանի, թիվ 30160/04, § 27, 2007 թվականի սեպտեմբերի 27, և Akulinin ու Babichընդդեմ Ռուսաստանի, թիվ 5742/02, § 33, 2008 թվականի հոկտեմբերի 2)։ Սույն գործով պարզվել է, որ քննիչի՝ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ բողոքը ներկայացվել է համապատասխան դատարաններ` ՔԴՕ-ի 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո։ Չնայած այս հանգամանքին՝ ներպետական դատարանները բոլոր երեք դատական ատյանների մակարդակով քննել են վերը նշված բողոքի էությունը (տե՛ս վերևում՝ 37 -րդ, 39 -րդ և 41 - 46 -րդ պարբերությունները)։ Այսպիսի հանգամանքներում, ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժել:

66 .   Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։

Բ.    Ըստ էության քննությունը

1.       Կողմերի փաստարկները

ա)    Դիմումատուն

67 .   Դիմումատուն պնդել է, որ իրականում ոստիկանության ծառայողները Սեյրան Այվազյանին կյանքից զրկել են, որպեսզի նրան պատժեն իրենց գործընկերներից մեկին ավելի վաղ վնասելու համար։ Նա իրական և անմիջական վտանգ չի ներկայացրել որևէ մեկի կյանքի համար։ Իր տանը շրջապատված լինելով ոստիկանության ծառայողներով և փրկարար ծառայություններով՝ նա չէր կարող վնաս հասցնել որևէ մեկին։ Եթե Սեյրան Այվազյանն այնքան մոտ գտնվեր ոստիկանության ծառայողին, որ իրական վտանգ ներկայացներ, ապա այդ ծառայողն անկասկած կվնասվեր Սեյրան Այվազյանի վրա արձակվելիք բազմաթիվ կրակոցներից։ Փաստորեն, Սեյրան Այվազյանն, իր վրա արձակված առաջին կրակոցից հարված ստանալով ոտքին, վայր ընկնելով, այլևս չէր կարող վտանգ ներկայացնել։ Ավելին, տասը գնդակներից վեցը Սեյրան Այվազյանի վրա են արձակվել «հետևից առաջ» ուղղությամբ, ինչը ենթադրում է նրա՝ մեջքով կանգնած լինելը ոստիկանության ծառայողների նկատմամբ , որոնք այդ դիրքից չէին կարող որոշել, թե արդյոք նրա մոտ առկա է որևէ զենք, թե ոչ։

68 .   Դիմումատուն, այնուհետև, պնդել է, որ ձերբակալման ժամանակ գործադրվել են չորս տարբեր տեսակի մարտական զենքեր՝ չնայած այն հանգամանքին, որ Սեյրան Այվազյանը զինված է եղել միայն տան պայմաններում պատրաստված դանակներով։ Նռնակը գտնվել է միայն պատահարից հետո, և դրանով չէր կարող արդարացվել ուժի գործադրումը, քանի որ Սեյրան Այվազյանը բացարձակապես չէր սպառնացել գործադրել այն։ Ոստիկանության ծառայողները բավականաչափ պատրաստված չեն եղել այնպիսի հատուկ միջոցներ օգտագործելու համար, ինչպիսիք սաղավարտը և պաշտպանական վահանակն են, որպեսզի կարողանան նրան ձերբակալել առանց մարտական զենք օգտագործելու և նրա կյանքը վտանգելու։Նրանք չեն ունեցել այս սարքավորումներից որևէ մեկը և ստիպված են եղել որպես պաշտպանական վահանակ փոքր սեղան օգտագործել։ Ավելին, ոստիկանությանը հայտնի է եղել, որ նրա մոտ առկա է եղել պարանոիդ տեսակի շիզոֆրենիա և բազմիցս հոսպիտալացվել է։ Հետևաբար, նրան հատուկ միջոցներով վնասազերծելու համար նրանք պետք է հոգեբույժի հրավիրած լինեին։ Այն փաստարկը, որ նրանք «բժիշկ հրավիրել են, սակայն նա չի եկել» չի կարող արդարացնել նրան կյանքից զրկելու «բացարձակ անհրաժեշտությունը»։ Սեյրան Այվազյանի վրա արձակված բազմաթիվ կրակոցները չէին կարող համարվել նաև ինքնապաշտպանություն։ Ամփոփելով, հարկ է նշել, որ կյանքից զրկելը 2-րդ հոդվածի իմաստով «բացարձակ անհրաժեշտություն» չի համարվել։

69 .   Դիմումատուն նաև վիճարկել է, որ Սեյրան Այվազյանի մահվան կապակցությամբ չի իրականացվել օբյեկտիվ, մանրամասն և անկախ քննություն։ Այդ մասով քրեական գործ չի հարուցվել, իսկ հարուցված գործերն ավելի շատ ուղղված են եղել նրա կողմից կատարված արարքների, քան նրա մահվան դեպքի քննությանը։ Ուստի, որևէ կերպ քննություն չի իրականացվել։ Չնայած այն հանգամանքին, որ քննիչին հայտնի է եղել այն անձանց ինքնությունը, որոնք կյանքից զրկել են Սեյրան Այվազյանին, նրանցից ոչ մեկը չի մեղադրվել և դատարանի առջև չի կանգնել։ Ինչ վերաբերում է հարուցված գործի շրջանակներում իրականացված քննությանը, ապա այդ քննության մեջ մի շարք թերությունների առկայությունը, ինչպես նաև դրա ոչ պատշաճ լինելու հանգամանքը հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 45 - 46 -րդ պարբերությունները)։ Ոստիկանության ծառայողները եղել են միակ վկաները, և համապատասխան մարմինները բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ փաստերը ճշգրտորեն հաստատելու համար։ Ավելին, քննությունն իրականացրել է Լոռու մարզի դատախազության քննիչը, և հետագայում դատախազական հսկողություն է իրականացվել նույն դատախազության դատախազի կողմից։ Այսպիսով, անկախ և օբյեկտիվ մարմնի կողմից քննություն չի իրականացվել։ Քննիչի գործողությունների կամ անգործության վերաբերյալ նրա կամ նրա քրոջ բոլոր բողոքներն ուղարկվել են նույն դատախազների քննությանը։

բ)     Կառավարությունը

70 .    Կառավարությունը պնդել է, որ կիրառված ուժը «բացարձակ անհրաժեշտություն» է համարվել։ Ոստիկանության ծառայողները սկզբում հրազեն գործադրելու մտադրություն չեն ունեցել, սակայն ստիպված են եղել այդպես գործել իրադրության լարվածությունից ելնելով։ Ոստիկանության ծառայողները ստիպված են եղել արագ որոշում կայացնել, քանի որ ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքին իրական և անմիջական վտանգ է սպառնացել, ինչպես նաև հաշվի է առնվել հոգեկան հիվանդության պատճառով Սեյրան Այվազյանի վարքագծի անկանխատեսելիությունը։ Ոստիկանության ծառայողները, գնահատելով բոլոր ռիսկերը, համարել են, որ ուժի գործադրումը խելամիտ և անհրաժեշտ քայլ է՝ նրա կողմից սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Սեյրան Այվազյանի դանակները պատրաստված են եղել տան պայմաններում,      չորս անձ միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ Հետևաբար, ոստիկանության գործողությունները կատարվել են ներպետական օրենսդրությանը, մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» օրենքին համապատասխան։ Ավելին, սույն գործի հանգամանքները նման են Andronicou-ն և Constantinou ընդդեմ Կիպրոսի գործի հանգամանքներին (1997 թվականի հոկտեմբերի 9, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑VI), որի դեպքում համանմանորեն գործադրվել է մեծ չափերի հրազենային ուժ, սակայն ոչ մի բռնություն չի հայտնաբերվել։

71 .     Կառավարությունն այնուհետև անդրադարձել է ոստիկանության կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին՝ վիճարկելով, որ ձերբակալման գործընթացն իրականացվել է այնպես, որ նվազագույնի հասցվի ցանկացած այնպիսի միջոցի կիրառում, որով կվտանգվեր Սեյրան Այվազյանի կյանքը։ Սկզբում նրանք մոտավորապես հինգ ժամ համոզել են նրան հանձնվել։ Այդ իսկ պատճառով, նրանք զանգահարել են Օձունի գյուղապետին, Թումանյանի ոստիկանության բաժնի պետին և Սեյրան Այվազյանի ազգականներին։ Նրանք նաև կապ են հաստատել Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենի հետ, որպեսզի տեղեկատվություն ձեռք բերեն Սեյրան Այվազյանի հոգեկան հիվանդության և այն մասին, թե ինչպես է հնարավոր նրան հանդարտ վիճակի բերել։ Նրանք նաև անվտանգության նկատառումներով զանգահարել են շտապօգնություն և հրշեջ ծառայություն, մինչդեռ այն բժիշկը, որին նույնպես զանգահարել են, ոչ թե հրաժարվել է գալ, այլ պարզապես հայտնել է, որ Սեյրան Այվազյանին հնարավոր կլինի հանդարտ վիճակի բերել միայն դիսպանսերում։ Այս տեղեկատվությունն ստանալով՝ ոստիկանության ծառայողները զանգահարել են Սեյրան Այվազյանի քրոջը՝ Ա.Մ.-ին, որը հրաժարվել է գալ, ինչից հետո նրանք որոշել են հրշեջ մեքենայի փողրակից ջուր լցնելու միջոցով զինաթափել Սեյրան Այվազյանին։

72 .    Կառավարությունը նաև վիճարկել է, որ համապատասխան մարմինները կատարել են արդյունավետ և մանրամասն քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը։ Հանգամանքները պարզելու համար ձեռնարկվել են մի շարք քննչական միջոցառումներ՝ դեպքի վայրի, Սեյրան Այվազյանի մարմնի և նրա հագուստի զննում, դիահերձում, հրազենագիտական փորձաքննություն, ինչպես նաև վկաների և տուժող կողմերի հարցաքննություն։ Լոռու մարզի դատախազությունը աստիճանակարգային և ինստիտուցիոնալ կառուցվածքով գործնականում համարվում է այն պաշտոնատար անձանցից անկախ գործող մարմին, որոնք ներգրավված են եղել տեղի ունեցած դեպքերում։ Այն փաստը, որ Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքները պարզելու համար մի շարք քննչական միջոցառումներ են ձեռնարկվել, հաստատվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից։ Միևնույն ժամանակ, այն՝ որպես ստորին ատյանի դատարաններին ուղղորդելու համար կոչված մարմին, գտել է որ քննության մեջ առկա են եղել որոշ թերություններ։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն ի վիճակի չի եղել վերականգնել խախտված իրավունքները և շտկել իրավիճակը, քանի որ դիմումատուն ժամանակին չի ներկայացրել բողոքը։

2.      Դատարանի գնահատականը

ա)    Ընդհանուր սկզբունքները

73 .    Դատարանը վերահաստատում է, որ ամբողջությամբ վերցրած
2-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքերին, այլ նաև
այն իրավիճակներին, երբ թույլատրվում է «ուժ գործադրել», ինչը կարող է հանգեցնել կյանքից զրկելուն՝ որպես չնախատեսված հետևանք։ Ցանկացած ուժի գործադրում չպետք է ենթադրի ավելին, քան «բացարձակ անհրաժեշտություն» և պետք է լինի խիստ համաչափ՝ «ա»-ից «գ» ենթակետերով սահմանված մեկ կամ ավելի նպատակների իրականացմանը(տե՛ս McCann և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995 թվականի սեպտեմբերի 27, §§ 148-149 և 200, Ա սերիա թիվ 324, Andronicou և Constantinou-ն՝ վերևում հիշատակված, § 171, McKerr ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 28883/95, § 110, ՄԻԵԴ 2001-III, և Wasilewska և Kałucka ընդդեմ Լեհաստանի, թիվ 28975/04 և 33406/04, § 42, 2010 թվականի փետրվարի 23)։

74 .    Ի կատարումն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակներից մեկի՝ պետության համապատասխան մարմինների կողմից ուժի գործադրումը կարող է արդարացվել սույն դրույթի համաձայն, եթե այն հիմնված է այնպիսի բարեխիղճ համոզմունքի վրա, որը ողջամիտ հիմքերով տվյալ պահին համարվում է օրինական, սակայն հետագայում պարզվում է, որ սխալ է եղել։ Այլ որոշում կայացնելը կենթադրեր ոչ իրատեսական բեռ դնել պետության և դրա իրավապահ մարմինների անձնակազմի վրա՝ իրենց պարտականությունների կատարման հարցում, հավանաբար՝ ի վնաս իրենց և մյուսների կյանքի (տե՛ս McCann և այլք՝ վերևում հիշատակված, § 200, Andronicouև Constantinou-ն՝ վերևում հիշատակված, § 192, ու Wasilewska-ն և Kałucka-ն՝ վերևում հիշատակված, § 42)։

75 .    Եթե դիտավորությամբ գործադրվել է մահաբեր ուժ, ապա պետք է հաշվի առնել ոչ միայն պետության այն մարմինների գործողությունները, որոնք իրականում կիրառել են այդ ուժը, այլ նաև դրանց ուղեկցող բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք քննության առարկա գործողությունների պլանավորումը և վերահսկողությունն են (տե՛ս McCann և այլք՝ վերևում հիշատակված, § 150)։ Այսպիսով, երբ որոշվում է գործադրված ուժի՝ 2-րդ հոդվածին համապատասխանության հարցը, կարող է գործին վերաբերելի լինել այն հանգամանքը, թե արդյոք իրավապահ մարմինների գործողությունները պլանավորվել և վերահսկվել են այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի մահաբեր ուժի հավանական գործադրումը կամ կյանքի պատահական կորստի հնարավորությունը (տե՛ս Bubbins ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 50196/99, § 136, ՄԻԵԴ 2005‑II (քաղվածքներ))։

76 .    Դատարանը, այնուհետև, վերահաստատում է, որ Կոնվենցիայի
2-րդ հոդվածը պարունակում է դրա նյութաիրավական ասպեկտի մասով ենթադրյալ խախտումների արդյունավետ քննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորություն (Համապատասխան ընդհանուր սկզբունքների համառոտ նկարագրություններին ծանոթանալու համար տե՛ս Armani Da Silva ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] (թիվ 5878/08, §§ 229 և հաջորդող պարբերություններ, ՄԻԵԴ 2016) գործով Մեծ պալատի կազմով՝ վերջերս կայացված վճիռը)։

բ)     Վերը նշված սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

i)      Ընթացակարգային կողմը

77 .    Դատարանն անհրաժեշտ է համարում, նախևառաջ, բողոքի ընթացակարգային ասպեկտին անդրադառնալ 2-րդ հոդվածի շրջանակներում։

78 .    Այն ի սկզբանե նշում է, որ և՛ Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցից անմիջապես հետո հարուցված քրեական գործը, և՛ դրանից հետո անցկացված քննությունը, առնվազն պաշտոնապես, ավելի շատ ուղղված են եղել նախքան մահը նրա կողմից կատարված ենթադրյալ իրավախախտումների, մասնավորապես՝ երկու քաղաքացիների և ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման, քան նրա մահվան դեպքի քննությանը։ Նրա գործողությունները որակվել են որպես սպանության փորձ, և Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց վրա հիմնված են եղել գործերը, այդպիսի արարքների համար պատիժ նախատեսող հոդվածներն են։ Դատարանը նշում է, որ դրանից կարող է հարց առաջանալ, թե արդյոք այդպիսի շինությունում իրականացված քննությունը per se (որպես այդպիսին) կարող է համարվել այնպիսի քննություն, որի նպատակը եղել է Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների ճշգրիտ ու լիարժեք քննությունը և այդ նպատակով ապացույցներ հավաքելը։

79 .    Այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ այդ քննության շրջանակներում ձեռնարկված մի շարք քննչական միջոցառումներով ուսումնասիրվել են Սեյրան Այվազյանի վրա արձակված մահացու կրակոցի հանգամանքները. վերջապես, որոշում է կայացվել մերժել ներգրավված ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործի հարուցումը։ Դատարանն ընդունում է, որ տեղի է ունեցել պաշտոնական քննություն (տե՛ս Mustafa Tunç և Fecire Tunç ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 24014/05, § 171, 2015 թվականի ապրիլի 14)։ Մնում է դիտարկել այն հարցը, թե արդյոք այդպիսի քննությունն արդյունավետ է եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով։ Այս համատեքստում, Դատարանը համաձայնում է Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ այն մասով, որ առկա են եղել մի շարք լուրջ թերություններ՝ հանգեցնելով այն եզրակացությանը, որ Սեյրան Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ քննությունը պատշաճ չի իրականացվել (տե՛ս վերևում՝ 45 - 46 -րդ պարբերությունները)։

80 .   Նախևառաջ, քննություն իրականացնող մարմնի կողմից ոչ մի ջանք չի գործադրվել՝ պատահարում ներգրավված ոստիկանության ծառայողների հավանական հանցավոր համաձայնությունը կանխելու համար։ Մասնավորապես, ներգրավված ոստիկանության յոթ ծառայողներից ոչ մեկը պատահարից հետո առանձին չի պահվել, և միայն նրանցից երկուսը՝ Ա.Ս.-ն և Հ.Գև.-ն են հարցաքննվել միևնույն կամ հաջորդ օրը։ Մյուս երեքը՝ Հ.Գրի.-ն, Ն.Ն.-ն և Ա.Ա.-ն հարցաքննվել են զգալի ուշացումներով, որոնք կազմել են համապատասխանաբար՝ ութ, ինը և տասը օր (տե՛ս վերևում՝ 22 -րդ պարբերությունը)։ Թեև առկա չեն ապացույցներ՝ ենթադրելու համար, որ այդ ծառայողները գործել են միմյանց կամ Թումանյանի ոստիկանության ուժերի՝ իրենց գործընկերների հետ համաձայնեցված գործողություններով, այնուամենայնիվ, զուտ այն հանգամանքը, որ նման համաձայնեցված գործողությունների վտանգը նվազեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, վկայում է քննության պատշաճ ընթացքի մեջ առկա թերությունների մասին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ramsahai-ը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ], թիվ 52391/99, § 330, ՄԻԵԴ 2007‑II):

81 .    Երկրորդ, պատահարում ներգրավված ոստիկանության ծառայողներից երկուսը՝ Գ.Մ.-ն և Ռ.Մ.-ն, ընդհանրապես չեն հարցաքննվել (տե՛ս վերևում՝ 22 -րդ պարբերությունը)։ Այս հարցին պետք է առանձնակի ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռ.Մ.-ն եղել է ոստիկանության այն չորս ծառայողներից մեկը, որը կրակ է արձակել Սեյրան Այվազյանի վրա։

82 .    Երրորդ, հաշվի առնելով այդ հարցաքննությունների կատարման եղանակը, Դատարանը նկատում է, որ ոստիկանության ծառայողներից պարզապես պահանջվել է հաշվետվություն ներկայացնել պատահարի մասին, և նրանց շատ քիչ թվով հարցեր են ուղղել՝ չնայած նրանց ցուցմունքներում առկա են եղել բազմաթիվ ակնհայտ հակասություններ և անհամապատասխանություններ (տե՛ս վերևում՝ 23 - 28 -րդ պարբերությունները)։ Նույնիսկ այն մի քանի հարցերը, որոնք տրվել են նրանց, կա՛մ բավականաչափ հավատաքննչական բնույթի և մանրամասն չեն եղել, կա՛մ դրանցով հնարավոր չի եղել պարզել մահացու կրակոցի հանգամանքները (տե՛ս վերևում՝ 28 -րդ պարբերությունը)։ Մի շարք՝ գործին չափազանց վերաբերելի փաստեր անտեսվել են, և քննիչն առանց պատշաճ պարզաբանման զուտ ընդունել է այն ոստիկանության ծառայողների հաշվետվությունները, որոնք չէին կարող հանդես գալ որպես անաչառ վկաներ։ Որևէ փորձ չի կատարվել՝ պարզելու, inter alia, այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչու են տասը գնդակից վեցն արձակվել Սեյրան Այվազյանի մեջքի ուղղությամբ, եթե ոստիկանության բոլոր ծառայողները ենթադրաբար նշան են բռնել նրա ոտքերին. պարզվել է, որ նրանցից առնվազն մեկը կրակ է արձակել ավելի բարձր՝ կրծքավանդակի հատվածի ուղղությամբ (տե՛ս mutatis mutandis, Karandjaընդդեմ Բուլղարիայի, թիվ 69180/01, § 66, 2010 թվականի հոկտեմբերի 6)։ Ուստի պարզվում է, որ տվյալ հարցաքննությունները զուտ ձևական բնույթ են կրել, և Դատարանը չի կարող դրանք համարել որպես կատարված մահացու կրակոցի հանգամանքները պարզելու լուրջ և մանրակրկիտ ուսումնասիրության փորձ։

83 .    Չորրորդ, որևէ ցուցմունք չի վերցվել ոստիկանության ուժերին չպատկանող անձանցից, որոնք ձերբակալման գործընթացի ժամանակ ակնհայտորեն գտնվել են տան շրջակայքում, ինչպես օրինակ՝ գյուղապետը, հրշեջ ծառայության աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։ Ճշմարիտ է, որ Վճռաբեկ դատարանը հայտնել է, որ ոստիկանության ծառայողներից բացի, կրակոցի ականատեսներ չեն եղել, սակայն պարզ չէ, թե ինչ ապացույցների վրա է հիմնված եղել այդ հայտարարությունը։ Անհերքելի է այն փաստը, որ պատահարը տեղի է ունեցել դրսում՝ նախամուտքում, և տեսանելի է եղել նույնիսկ այն ոստիկանության ծառայողների համար, որոնք ներգրավված չեն եղել ձերբակալման գործընթացում և մահացու կրակոցներին (տե՛ս վերևում՝ 29 -րդ պարբերությունը)։ Վերը նշված անձանցից ոչ մեկին, այնուամենայնիվ, հարցաքննության չեն կանչել՝ պարզելու, թե արդյոք նրանք ականատես են եղել և ինչ չափով են ականատես եղել պատահարին։ Քննիչը նույնպես չի փորձել հաստատել այն գյուղացիների ինքնությունը, որոնք, մի քանի ոստիկանության ծառայողների ցուցմունքների համաձայն (տե՛ս վերևում՝ 29 -րդ պարբերությունը), չնայած գտնվելով որոշակի հեռավորության վրա, հավաքված են եղել դեպքի վայրում և հավանաբար հնարավորություն են ունեցել լույս սփռել գործի հանգամանքների վրա։

84 .    Ինչ վերաբերում է այլ քննչական միջոցառումներին, ապա Դատարանը նշում է, որ համապատասխան մարմինները հրազենագիտական փորձաքննության կամ այլ միջոցով ստույգ չեն պարզել կրակոցի ժամանակ հրազեն գործադրած ծառայողների հստակ գտնվելու դիրքերը։ Հետևաբար, առկա է եղել պարզ հակասություն կրակոցի ժամանակ ոստիկանության ծառայող Ա.Ս.-ի՝ ոստիկանության ծառայող Հ.Գրի.-ի կողքին գտնվելու վերաբերյալ վերջինիս ցուցմունքի և պատահարի տեղանքի քարտեզի միջև, որի համաձայն, Հ.Գրի.-ն գտնվել է նախամուտքում, իսկ ոստիկանության ծառայող Ս.Մ.-ն՝ նրա կողքին (տե՛ս վերևում՝ 15 -րդ և 28 -րդ պարբերությունները)։ Գնդակների հստակ հետագիծը որոշելու որևէ փորձ չի կատարվել, ինչպես նաև չի իրականացվել կատարված դեպքի վերարտադրություն։ Հրազենագիտական փորձաքննությամբ նույնպես չի պարզաբանվել կարևոր տեղեկատվություն այն մասին, թե ում կողմից է արձակվել մահացու կրակոցը։ Ավելին, ոստիկանության ծառայողների միջև առերեսումներ չեն իրականացվել։ Առանց այդպիսի քննչական միջոցառումներ ձեռնարկելու, ձերբակալումն իրականացնող ոստիկանության ծառայողների հաշվետվությունները՝ դեպքերի մասին, անհնարին է եղել ստուգել ։Հարկ է նաև նշել, որ որևէ գնահատում չի իրականացվել այն մասով, թե արդյոք ոստիկանության ծառայող Հ.Գև.-ի կյանքին սպառնացող ենթադրյալ վտանգին՝ ոստիկանության ծառայողի արձագանքը համաչափ է եղել. գնահատում չիրականացնելը հատկապես զարմանալի է՝ հաշվի առնելով արձակված կրակոցների (տասնհինգ, որից տասը դիպել են թիրախին) թիվը և այն փաստը, որ Սեյրան Այվազյանը զինված է եղել ոչ թե հրազենով, այլ միայն դանակով։

85 .    Վերոնշյալից հետևում է, որ Դատարանը չի կարող չհանգել, գալ այն եզրակացության, որ համապատասխան մարմինները չեն իրականացրել գործի հանգամանքները պարզելու, ինչպես նաև քննության արդյունավետ արդյունքի հասնելու համար կենսական նշանակություն ունեցող ապացույցների՝ ժամանակին, պատշաճ և օբյեկտիվ հավաքում ու գնահատում։ Ուստի նրանք չեն կատարել պատշաճ և արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը։

86 .   Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:

ii)      Նյութաիրավական ասպեկտը

α)    Ոստիկանության ծառայողների գործողությունները

87 .    Դատարանը նշում է, որ, ինչպես պարզվել է ներպետական մակարդակում անցկացված քննությամբ, դիմումատուն վիճարկել է Սեյրան Այվազյանի վրա մահացու կրակոցի հանգամանքները: Նա պնդել է, որ Սեյրան Այվազյանն իրականում չի վտանգել որևէ մեկի կյանքը, և ոստիկանության ծառայողները նրան կյանքից զրկել են՝ իրենց գործընկերներից մեկին վնաս հասցնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով։

88 .   Դատարանը զգուշորեն է մոտենում իր դերակատարման՝ երկրորդական լինելու հարցին և ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի առաջին ատյանի դատական մարմնի դերը ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ՝ ելնելով որոշակի գործի հանգամանքներից։ Որպես կանոն, Դատարանի խնդիրը չէ ներպետական մակարդակով վարույթներ անցկացվելու դեպքում փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով, և վերջինիս խնդիրն է այդ փաստերը հաստատել դրանց ներկայացված ապացույցների հիման վրա։ Թեև Դատարանի համար պարտադիր չեն ներպետական դատարանների եզրահանգումները, և այն ազատ է ներկայացված ամբողջ նյութի լույսի ներքո իր սեփական գնահատականը տալու հարցում, այնուամենայնիվ, բնականոն պայմաններում պահանջվում են համոզիչ փաստարկներ՝ ներպետական դատարանների կողմից՝ փաստերի վերաբերյալ կատարված եզրահանգումներից շեղում կատարելու համար (տե՛ս Giuliani և Gaggio ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Mustafa Tunç և Fecire Tunç ընդդեմ Թուրքիայի՝ վերևում հիշատակված, § 182)։ Այնուամենայնիվ, եթե պնդումները ներկայացվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, ապա Դատարանը պետք է կատարի հատուկ մանրակրկիտ ուսումնասիրություն, նույնիսկ եթե ներպետական մակարդակով արդեն անցկացվել են վարույթներ և քննություններ (տե՛ս Aktaş ընդդեմ Թուրքիայի, թիվ 24351/94, § 271, ՄԻԵԴ 2003‑V (քաղվածքներ), և Ramsahai և այլք ընդդեմ Նիդեռլանդների, թիվ 52391/99, § 357, 2005 թվականի նոյեմբերի 10)։

89 .   Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի չափորոշիչը։ Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել համատեղ գոյություն ունեցող՝ խորապես հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումներից կամ նմանատիպ փաստերի անհերքելիության կանխավարկածից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ramsahai-ը և այլք [ՄՊ]` վերևում հիշատակված, § 273)։

90 .   Սույն գործով, հարկ է ի սկզբանե նշել, որ ներպետական դատարանները, որոնք քննել են ոստիկանության ծառայողներին չհետապնդելու մասին որոշման դեմ բերված բողոքը, ոչ թե իրականացրել են փաստերի անկախ հաստատում, այլ փոխարենը հիմնվել են քննությամբ պարզված՝ մահացու կրակոցի հանգամանքների վրա։ Դատարանը, այնուամենայնիվ, մտահոգված է վերը նշված իր այն եզրահանգմամբ, որ համապատասխան մարմինների կողմից ձեռնարկված քննությունը, այդ թվում՝ տվյալ փաստերի հաստատման եղանակը, պատշաճ և արդյունավետ չի եղել։ Քննությամբ պարզված մահացու կրակոցի հանգամանքները, հետևաբար, չեն կարող համարվել բավականաչափ վստահելի և օբյեկտիվ։

91 .    Մյուս կողմից, Դատարանի մոտ ակնհայտորեն առկա չեն բավականաչափ նյութեր՝ եզրակացնելու համար, որ իրականում Սեյրան Այվազյանին դիմումատուի պնդմամբ կյանքից զրկել են ոստիկանության ծառայողները։ Այստեղից հետևում է, որ Դատարանը քննության ձախողումների պատճառով այն դիրքում չէ, որպեսզի հավաստի գնահատական տա այն հարցին, թե արդյոք ոստիկանության ծառայողների գործողությունները համապատասխանել են 2-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին (տե՛ս, mutatis mutandis, Önkol-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 24359/10, § 83, 2017 թվականի հունվարի 17)։

92 .    Դատարանը, հետևաբար, չի կարող չեզրակացնել, որ այդ մասով չի եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նյութաիրավական տեսանկյունից։  

β)     Գործողությունների պլանավորումը և վերահսկումը

93 .    Կոնվենցիայի 2-րդ հոդվածի տեսանկյունից գործողությունների պլանավորման և վերահսկման փուլի գնահատումը կատարելիս Դատարանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն համատեքստին, որում պատահարը տեղի է ունեցել, ինչպես նաև այն հանգամանքին, թե ինչպես է զարգացել իրավիճակը։ Դատարանի միակ խնդիրը պետք է լինի գնահատել, թե արդյոք ստեղծված հանգամանքներում, Սեյրան Այվազյանի տանն իրականացված գործողությունների պլանավորումը և վերահսկումը վկայում են այն մասին, որ համապատասխան մարմինները պատշաճ ջանքեր են գործադրել՝ ապահովելու համար, որ նրա կյանքին սպառնացող ցանկացած վտանգ հասցվի նվազագույնի, և որ նրանք անզգույշ չեն գտնվել իրենց գործողությունների ընտրության հարցում (տե՛ս Andronicou-ն և Constantinou-ն՝ վերևում հիշատակված § 181, և Bubbins՝ վերևում հիշատակված, § 141)։

94 .    Դատարանն ի սկզբանե նկատում է, որ քննարկվող գործողությունների պլանավորման և վերահսկման հանգամանքների մասով կողմերի միջև առկա չի եղել վեճ։ Այն նշում է, որ ոստիկանության գործողությունները նախաձեռնվել են ի պատասխան՝ հոգեկան հիվանդությամբ տառապող Սեյրան Այվազյանի կողմից այդ օրը ավելի վաղ ցուցաբերված բռնի վարքագծի, ինչի հետևանքով վիրավորվել է երեք անձ, այդ թվում՝ երկու քաղաքացի և մեկ ոստիկան։ Ուստի, ոստիկանության ծառայողները հայտնվել են այնպիսի տագնապային իրավիճակում, որի պայմաններում ստիպված են եղել վնասազերծել ու ձերբակալել հոգեկան հիվանդությամբ և բռնության հակված անձին, որի գործողությունները եղել են անկանխատեսելի։

95 .    Դատարանն, այնուամենայնիվ, նշում է, որ այն ժամանակ, երբ ոստիկանական խումբը ժամանել է դեպքի վայր, Սեյրան Այվազյանն արդեն իսկ գտնվել է իր տանը, և ոստիկանության ծառայողների կողմից տարածքը շրջափակելուց հետո նա չէր կարող անմիջական և լուրջ վտանգ ներկայացնել որևէ այլ երրորդ անձի համար։ Չնայած պատուհաններից սպառնալիքներ հնչեցնելուն և սպառնալից ժեստեր կատարելուն, նա, այնուամենայնիվ, փախուստի դիմելու կամ հարձակում իրականացնելու փորձ չի կատարել։ Իրավիճակը այդպես շարունակվել է մի քանի ժամ։ Այսպիսով, կարելի է ասել, որ ոստիկանության ծառայողները ձերբակալման գործընթացը պլանավորելու համար իրենց տրամադրության տակ որոշակի ժամանակ են ունեցել՝ հակառակ պատահական գործողության հետ առնչվելու այնպիսի դեպքի, որը կարող էր հանգեցնել անկանխատեսելի զարգացումների, և որին ոստիկանությունը ստիպված կլիներ արձագանքել առանց նախապես պատրաստվելու (տե՛ս Rehbock-ն ընդդեմ Սլովենիայի, թիվ 29462/95, §§ 71-72, CEDH 2000‑XII, և Celniku-ն ընդդեմ Հունաստանի, թիվ 21449/04, § 56, 2007 թվականի հուլիսի 5)։

96 .   Պարզվում է, որ ձերբակալման գործընթացը վերահսկվել է Թումանյանի ոստիկանության բաժնի պետի կողմից։ Այնուհետև, պարզ է դառնում, որ ոստիկանության ծառայողները սկզբում փորձել են համոզել Սեյրան Այվազյանին հանձնվել։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեթոդներ են կիրառվել, սակայն չի հասկացվում նաև, որ այս գործընթացում ներգրավված է եղել որևէ բժիշկ կամ նման այլ մասնագետ։ Այն պնդումը, որ այդպիսի մասնագետ ներգրավելն այլ արդյունքի կհանգեցներ, միանշանակ չէ, բայց քանի որ Սեյրան Այվազյանի բռնի վարքագիծը պայմանավորված է եղել նրա առողջական վիճակով, ոստիկանության ծառայողներն, առնվազն, պետք է փորձեին այդ տարբերակը։

97 .    Դատարանը, այնուհետև, նշում է, որ առկա չի եղել իրավիճակը կարգավորելու համար մոբիլիզացված հատուկ պատրաստված կամ հատուկ նշանակության խումբ. գործընթացն ավելի շատ վստահվել է մոտակա ոստիկանության բաժնի ծառայողներին և նրանց պետին (տե՛ս, ի հակադրություն դրա, Andronicou-ն և and Constantinou-ն՝ վերևում հիշատակված, § 185)։ Չնայած «Ոստիկանության մասին» օրենքով ոստիկանության ծառայողներից պահանջվում է «հատուկ պատրաստություն» անցնել, այնուամենայնիվ, Կառավարությունը պատրաստվածության (առկայության դեպքում) մասին որևէ մանրամասներ չի ներկայացրել՝ այն է, որ տվյալ ոստիկանության ծառայողներն անցել են պատրաստություն, և արդյոք այդպիսի պատրաստությունը ներառել է համանման իրավիճակներ տիրապետելու համար նախատեսված տեխնիկա։ Պարզվել է, որ ոստիկանության ծառայողները նույնպես ապահովված չեն եղել որևէ հատուկ պաշտպանիչ համազգեստով կամ պաշտպանիչ սարքերով։ Ուստի, նրանք ստիպված են եղել գործել իրենց տրամադրության տակ առկա միջոցներով՝ դրանով իսկ հնարավոր հարձակման դեպքում էապես ավելացնելով մահացու զենք գործադրելու վտանգը։ Դատելով իրադարձությունների հետագա զարգացման եղանակից՝ չի երևում, որ ոստիկանության ծառայողները ստեղծված հանգամանքներում ձերբակալում իրականացնելու հստակ պլան են ունեցել։

98 .   Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ Դատարանը գտնում է, որ համապատասխան մարմինները չեն կատարել կյանքի կորստի ռիսկը նվազագույնի հասցնելու իրենց պարտավորությունը։ Չի կարելի ասել, որ գործողությունների պլանավորման և վերահսկման եղանակի կիրառմամբ բավարար չափով հաշվի է առնվել կյանքի իրավունքի գերակայությունը։

99 .   Համապատասխանաբար, գործողությունների պլանավորման և վերահսկման մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում։

III.      ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

100 .  Դիմումատուն, թիվ 13 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, նաև բողոքել է, որ Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքները հանգեցրել են դիտավորյալ կյանքից զրկելուն՝ մահապատժի նման։

101 .   Հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այդ բողոքների վրա տարածվում է իր իրավասությունը՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի հայտնաբերվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ։ Դրանից հետևում է, որ գանգատի այդ մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։  

IV.    ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻԹՅՈՒՆԸ

102 .  Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»։  

Ա.    Վնասը

103 .  Դիմումատուն նյութական վնասի, մասնավորապես՝ Սեյրան Այվազյանի հուղարկավորության ծախսերի դիմաց պահանջել է 2,000 եվրո՝ չնայած խոստովանել է, որ այդ ծախսերը հիմնավորող որևէ ապացույց չի պահպանվել։ Նա լրացուցիչ պահանջել է 80,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

104 .  Կառավարությունը պնդել է, որ պահանջվող 2,000 եվրո գումարը, փաստորեն, ծախսվել է դիմումատուի և իր քույրերի կողմից համատեղ։ Նա չէր կարող պահանջ ներկայացնել իր քույրերի կողմից կատարված ծախսերի մասով, որոնք սույն գործով դիմումատու չեն, իսկ ինքնին նրա չափաբաժինը հստակ չէ։ Ամեն դեպքում, դիմումատուն որևէ ապացույցով չի հիմնավորել այդ պահանջը։ Նա նաև չի ներկայացրել ոչ նյութական վնասի մասով պահանջի վերաբերյալ ապացույցներ, ինչը, ամեն դեպքում, չափազանցված է։

105 .  Դատարանը նշում է, որ նյութական վնասի մասով դիմումատուի պահանջը որևէ ապացույցով հիմնավորված չէ, հետևաբար, այն մերժում է այդ պահանջը։ Մյուս կողմից, այն դիմումատուին շնորհում է 15.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:  

Բ.    Ծախսերը և ծախքերը

106 .  Դիմումատուն պահանջել է նաև 3,970 եվրո՝ ծախսերի և ծախքերի համար։ Այս գումարից 1,470 եվրոն նրա քույրը՝ Ան.Ա.-ն, իր մահից առաջ ծախսել է ներպետական դատարաններում, իսկ գումարի մնացած մասը՝ 2,500 եվրո, որը դեռ չի վճարվել, պետք է պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ դիմումատուի կողմից վճարվեր փոստային ծախսերի և Դատարանում ներկայացուցչության համար։

107 .  Կառավարությունը պնդել է, որ Ան.Ա.-ն սույն գործով դիմումատու չէ, և որ նրա կողմից կատարված ծախսերը չէին կարող պահանջի առարկա լինել։ Ամեն դեպքում, դիմումատուն այս ծախսերի համար չի ներկայացրել որևէ ապացույց, ինչպես օրինակ՝ հաշիվներ և հաշիվ-ապրանքագրեր։ Ինչ վերաբերում է դիմումատուի սեփական ծախսերին, ապա նրա և նրա ներկայացուցչի միջև պայմանագրում՝ որպես վճարման վերջնաժամկետ, նշվել է 2010 թվականի հունիսի 20-ը։ Դրանից հետո մի քանի տարի է անցել, սակայն դիմումատուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, և այդ ամսաթվից հետո նրա պարտավորությունների շրջանակը պարզ չէ։ Ավելին, գումարը նաև ներառել է փոստային ծախսերը, որը չի հիմնավորվել փաստաթղթային ապացույցներով։ Վերջապես, դիմումատուի բողոքների միայն մի մասն է ուղարկվել, և պահանջվող ծախսերը, հետևաբար, պետք է կրճատվեն։

108 .  Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ նա դրանք իրականում կրել է և ըստ անհրաժեշտության, և որ դրանց չափը եղել է ողջամիտ։ Օժանդակ փաստաթղթերի բացակայության դեպքում Դատարանը որոշում է մերժել դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի մասով պահանջը։  

Գ.    Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

109 .  Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։ 

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1.         Հայտարարում է Սեյրան Այվազյանի մահվան և արդյունավետ քննության ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքներն ընդունելի՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, իսկ գանգատը՝ մնացած մասով՝ անընդունելի։

2.         Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում այն առումով, որ համապատասխան մարմինները Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չեն իրականացրել։

3.        Վճռում է, որ ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների գործողություններին, ապա Սեյրան Այվազյանի մահվան մասով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում։

4.        Վճռում է, որ ինչ վերաբերում է գործողությունների պլանավորմանը և վերահսկմանը, ապա Սեյրան Այվազյանի մահվան մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի էական խախտում։

5.      Վճռում է, որ

ա)    պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 15,000 եվրո (տասնհինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ)     վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6.      Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2017 թվականի հունիսի 1-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Աբել Կամպոս
 Քարտուղար 

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
 Նախագահ