«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11013214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2013 թ. |
N 396-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1262-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը»` համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի N 516-Ն/Ք հրամանը» N 1262-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն. Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ. Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանի |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ր Գ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) ուսուցչի թափուր տեղի (այսուհետ` թափուր տեղ) համար անցկացվող մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված` ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը:
3. Թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչև 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին, իսկ հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների ուսուցիչների դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
(3-րդ կետը փոփ. 11.10.23 N 128-Ն)
4. Հաստատությունում մրցույթ հայտարարվում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչին առնվազն 22 դասաժամ (հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների ուսուցիչների դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան) ծանրաբեռնվածությամբ ապահովելուց կամ այդ ծանրաբեռնվածությունից նրա գրավոր հրաժարվելուց հետո:
(4-րդ կետը լրաց. 11.10.23 N 128-Ն)
5. Հաստատության կողմից մրցույթ հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը փոփ. 15.04.21 N 28-Ն, խմբ. 16.02.22 N 06-Ն, փոփ. 11.10.23 N 128-Ն)
6. Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ, իսկ սույն կարգի 6.1-ով սահմանված՝ հեռավար եղանակով դասավանդվող առարկայի մասնագետի թափուր տեղի համար՝ հինգ ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն հաղթող ճանաչվելը:
(6-րդ կետը խմբ. 16.02.22 N 06-Ն)
6.1 Մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը, մինչև սույն կարգի 6-րդ կետի համաձայն ուսուցչի թափուր տեղի համալրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանի 8-րդ կետի 1-ին ենթակետի և 13-րդ կետի համաձայն։
(6.1-ին կետը լրաց. 16.02.22 N 06-Ն)
6.2 Հեռավար եղանակով ուսուցում իրականացնող ուսուցչի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր:
(6.2-րդ կետը լրաց. 16.02.22 N 06-Ն)
7. Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղված համապատասխան մասնագետի առկայության դեպքում տվյալ թափուր տեղի համար մրցույթ հայտարարվում է սույն կարգին և Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած գործուղման կարգին համապատասխան:
(7-րդ կետը փոփ. 15.04.21 N 28-Ն, խմբ. 11.10.23 N 128-Ն)
8. Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան գործուղված մասնագետի առկայության դեպքում մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը սույն կարգին համապատասխան թափուր տեղը լրացնելու համար առնվազն երկու անգամ հայտարարվում է մրցույթ` մինչև հաղթող ճանաչվելը, և մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում կնքվող աշխատանքային պայմանագրում ներառվում է համապատասխան դրույթ, ըստ որի՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում առաջիկա ուսումնական տարվա մեկնարկից:
(8-րդ կետը լրաց. 16.02.22 N 06-Ն, փոփ. 11.10.23 N 128-Ն)
9. Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը այդ մասին գրավոր ձևով տեղեկացնում է լիազոր մարմնին:
10. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, և թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով, եթե`
1) տեղը թափուր է ժամանակավորապես (աշխատողի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում),
2) թափուր ժամերն առաջացել են 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում,
3) առաջացած ժամերը տնօրինվել են սույն կարգի 3-րդ կետի համաձայն,
4) առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:
11. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
12. Հաստատությունը թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակում է հաստատության կայքէջում և ներկայացնում է հրապարակման՝ նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի կայքէջերում: Հայտարարությունը կարող է ներկայացվել հրապարակման նաև տեղական, առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:
(12-րդ կետը խմբ. 15.04.21 N 28-Ն, փոփ. 16.02.22 N 06-Ն, խմբ. 17.06.24 N 49-Ն)
13. Հայտարարության տեքստում նշվում է՝
1) հաստատության լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
2) թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը,
3) սույն կարգի 17-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,
4) մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը,
5) փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:
14. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 12-րդ կետում նշված՝ նախարարության կայքէջում հայտարարությունը հրապարակվելու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(14-րդ կետը փոփ. 15.04.21 N 28-Ն, 16.02.22 N 06-Ն)
15. Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
16. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող անձը (այսուհետ՝ մասնակից):
(16-րդ կետը խմբ. 11.10.23 N 128-Ն)
16.1 Փորձարկվող առարկաների ուսուցիչների համար դասավանդման ձևը և պահանջները սահմանվում են տվյալ առարկայի ծրագրով:
(16.1-ին կետը լրաց. 11.10.23 N 128-Ն)
17. Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
5) ինքնակենսագրություն (Ձև 5),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
11) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետի) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
12) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:
(17-րդ կետը փոփ., լրաց. 11.10.23 N 128-Ն, 17.06.24 N 49-Ն)
18. Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, ինչից հետո բնօրինակները վերադարձնում է մասնակցին:
19. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
20. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար,
5) սույն կարգի 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքում չի ներկայացրել պահանջվող տեղեկություն:
(20-րդ կետը փոփ., լրաց. 11.10.23 N 128-Ն)
IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ձևավորվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հաստատության տնօրենը` այդ մասին պատշաճ կերպով ծանուցելով հանձնաժողովի անդամներին:
(21-րդ կետը փոփ. 11.10.23 N 128-Ն)
22. Հանձնաժողովը կազմվում է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ՝ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ՝ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումից ներկայացուցիչ՝ համաձայնությամբ: Եթե հաստատությունը չունի տնօրենի տեղակալ կամ համապատասխան մասնախմբի ղեկավար, ապա նրանց փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հաստատությունից այլ ուսուցիչներ:
(22-րդ կետը խմբ. 11.10.23 N 128-Ն)
23. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը կամ պարտականությունները կատարողը):
24. Հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:
25. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 4 անդամ:
26. Հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով:
27. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրով, եթե`
1) հանձնաժողովի նիստը իրավազոր չէ,
2) հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:
28. Հետաձգված հանձնաժողովի նիստը չկայանալու դեպքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ և ձևավորվում է նոր հանձնաժողով:
29. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
30. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են քարտուղարի կողմից:
31. Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը՝ ըստ ենթակայության:
32. Հանձնաժողովը մրցույթի անցկացման օրը հրավիրված նիստում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մերժելու մասին որոշում և հաստատում է մրցույթի մասնակիցների անվանացանկը:
33. Մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու դեպքում հանձնաժողովը նույն օրը մասնակցին գրավոր ներկայացնում է մերժման իրավական հիմքերը:
34. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած անձանցից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, և սույն կարգի 6-րդ կետի համաձայն` հայտարարվում է նոր մրցույթ:
35. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 3 կողմ ձայնով:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
36. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
37. Թեստավորման փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 200 հարցից:
(37-րդ կետը փոփ. 16.02.22 N 06-Ն)
38. Հարցաշարի յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:
39. Հարցաշարերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:
(39-րդ կետը փոփ. 17.06.24 N 49-Ն)
VI. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
40. Թեստավորման փուլի համար յուրաքանչյուր հաստատություն նախարարության կողմից մշակված և պաշտոնական կայքէջում հրապարակված հարցաշարից պատահական ընտրությամբ կազմում է 50 հարցից բաղկացած թեստ:
(40-րդ կետը փոփ. 17.06.24 N 49-Ն)
41. Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`
1) կրթության բնագավառի օրենսդրություն - 30%.
2) մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում - 70%
42. Թեստավորման փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:
43. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:
44. Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, այլ տեխնիկական սարքեր, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:
45. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է մասնակիցների հարցերին, ինչպես նաև տեղեկացնում է թեստավորման փուլի անցկացման տևողության մասին:
46. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է թեստային առաջադրանքը և աշխատանքային թերթիկը: Մասնակիցը թեստային առաջադրանքի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրում: Թեստային առաջադրանքի հետ մասնակցին տրամադրվում է նշումների համար նախատեսված թերթիկ, որը հիմք չէ և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
(46-րդ կետը խմբ., փոփ. 15.04.21 N 28-Ն)
47. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է թեստային առաջադրանքին, յուրաքանչյուր առաջադրանքի համար ընտրում է 1 պատասխան և դրա դիմաց կատարում է նշում: Աշխատանքն ավարտելուց հետո առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին և դուրս գալիս քննասենյակից:
48. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին:
49. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 15 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
50. Առաջադրանքի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0:
51. Մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
52. Սխալ պատասխաններ են համարվում`
1) ոչ ճիշտ պատասխան նշելը,
2) մեկից ավելի պատասխաններ նշելը,
3) ջնջումներ, ուղղումներ կատարելը,
4) որևէ նշում չկատարելը:
53. Ստուգված թեստային առաջադրանքի միավորի տակ ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ անհամաձայնության դեպքում կցվում է տվյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:
54. Բոլոր թեստային առաջադրանքները ստուգելուց հետո հանձնաժողովի նախագահը բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ՝ թեստավորման փուլի արդյունքները հրապարակելու համար:
55. Գրավոր աշխատանքների պատճենները, ցանկության դեպքում, կարող են տրամադրվել մասնակիցներին՝ նույն օրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը:
VII. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
56. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ ժամվա ընթացքում:
57. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
58. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
59. Եթե հանձնաժողովը պարզում է, որ մասնակցի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների վերահաշվարկ:
60. Բողոքարկման արդյունքում հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ուսումնական հաստատության լիազոր մարմնին կամ դատական կարգով:
61. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն կարգի 56-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:
VIII. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
62. Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմում է հաստատությունը:
63. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
64. Հարցազրույցի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս, որը բաղկացած է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարի 5 հարցերից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների և հմտությունների բացահայտմանը։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվում է առավելագույնը 2 միավոր:
65. Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մինչև 15 րոպե ժամանակ՝ հարցազրույցին պատրաստվելու համար.
66. Մասնակիցը, ծանոթանալով հարցատոմսին, իր նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
67. Մասնակցի կողմից յուրաքանչյուր հարցի պատասխանը հնչեցնելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկում (Ձև 3): Սխալ պատասխանի դեպքում գնահատվում է 0, թերի պատասխանի դեպքում՝ հարցի համար սահմանված միավորի կեսը (1 միավոր), իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ հարցի համար սահմանված միավորն ամբողջությամբ (2 միավոր): Յուրաքանչյուր պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը, առանց շեշտելու պատասխանը ճիշտ էր, թերի, թե սխալ, հնչեցնում է ճիշտ պատասխանը:
68. Հարցազրույցի ընթացքում մասնակցին արգելվում է օգտվել կապի միջոցներից, այլ տեխնիկական սարքերից, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից կամ հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, ինչպես նաև հարցատոմսի բովանդակության հետ կապված հարցեր տալ հանձնաժողովի անդամներին:
69. Սույն կարգի 68-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում է մասնակցի հարցազրույցը՝ դուրս թողնելով մրցույթից:
70. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը արձանագրվում և ձայնագրվում է:
71. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո գնահատման թերթիկի վրա նշվում է հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, ինչպես նաև մասնակցի անունը և ազգանունը:
72. Հարցազրույցն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են քննասենյակ:
73. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է մասնակցի անունը, ազգանունը, հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը:
74. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են քարտուղարի կողմից:
75. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասուն տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
76. Մրցույթի հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը: Եթե մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար միավորներ՝ բացառությամբ սույն կարգի 76.1 կետով սահմանված դեպքերի, ապա կազմակերպվում է քվեարկություն՝ քվեաթերթիկում (Ձև 4) ընդգրկելով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցների անունները: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:
(76-րդ կետը փոփ. 11.10.23 N 128-Ն)
76.1 Եթե առավելագույն հավասար միավորներ հավաքած մասնակիցների թվում առկա է կամավոր ատեստավորումն անցած մասնակից, ապա ընտրվում է տվյալ մասնակիցը: Կամավոր ատեստավորումն անցած և առավելագույն արդյունք ցուցաբերած մեկից ավելի մասնակիցների դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը կամավոր ատեստավորման արդյունքում հավաքել է առավելագույն տոկոսային միավոր։ Կամավոր ատեստավորումն անցած, առավելագույն արդյունք ցուցաբերած և հավասար միավորներ հավաքած մեկից ավելի մասնակիցների դեպքում կազմակերպվում է քվեարկություն՝ քվեաթերթիկում (Ձև 4) ընդգրկելով կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների անունները: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:
(76.1-ին կետը լրաց. 11.10.23 N 128-Ն)
IX. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
77. Հարցազրույցի արդյունքները ամփոփելուց և հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, մասնակիցն իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնելու հանձնաժողովի նախագահին: Բողոքը քննարկվում է տեղում՝ հավակնորդի ներկայությամբ:
78. Բողոքի քննարկման ժամանակ հանձնաժողովը մասնակցի ներկայությամբ լսում է տվյալ մասնակցի՝ հարցազրույցի փուլի ձայնագրությունը, համեմատում է արձանագրության հետ, ներկայացնում է սխալ կամ թերի գնահատված պատասխանի վերաբերյալ պարզաբանումներ՝ հնչեցնելով ճիշտ պատասխանը:
X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
79. Թեստավորման կամ հարցազրույցի բողոքարկման արդյունքում հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմին կամ օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:
XI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
80. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
Մրցույթի արդյունքների հրապարակման ամփոփիչ արձանագրության մեջ լրացվում են
/Ձև 2/՝
1) մրցույթի անցկացման վայրը,
2) հաստատության լրիվ անվանումը,
3) թափուր տեղի անվանումը,
4) թափուր տեղերի քանակը,
5) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը,
6) մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած անձանց թիվը,
7) մասնակիցների՝ թեստային և հարցազրույցի առաջադրանքների միավորները՝ արտահայտված նաև տոկոսներով,
8) հաղթող ճանաչվածի անուն, ազգանուն, հայրանունը, հավաքած միավորների քանակը,
9) հանձնաժողովի անդամների ստորագրությունները,
10) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը:
81. Ամփոփիչ արձանագրությանը կցվում են՝
1) գնահատման թերթիկ,
2) գնահատման թերթիկի խոտանման մասին արձանագրությունը (առկայության դեպքում),
3) քվեաթերթիկ (առկայության դեպքում)
4) քվեաթերթիկի խոտանման մասին արձանագրությունը (առկայության դեպքում),
5) հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (առկայության դեպքում):
XII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
82. Սույն կարգի 80-րդ կետի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակիցը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում` աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
83. Սույն կարգի 76-րդ կետի համաձայն՝ տնօրենը մրցույթում հաղթող ճանաչված կամ ընտրված մասնակցի հետ օրենքով սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր՝ դիմումը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Ձև 1
3x4 լուսանկար
|
Հայաստանի Հանրապետության հանրակրթական
ուսումնական հաստատության
(նշվում է հաստատության լրիվ անվանումը)
_______________________________________
(նշվում է առարկայի անվանումը) ________________
ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին
մասնակցելու նպատակով հաստատության տնօրեն
պարոն/տիկին____________________-ին
_____________________________-ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
_______________________________________
(դիմողի հաշվառման վայրը)
_________________________________________
(դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)
______________________________________________
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` _______________________________
օրը, ամիսը, տարին, վայրը
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով ուսուցչի թափուր պաշտոնի համար տրված հայտարարությանը, մրցույթի պայմաններին և անցկացման կարգին՝ խնդրում եմ գրանցել ինձ որպես մրցույթի մասնակից
Քաղաքացիությունը _____________________________
Դատապարտվել եմ` այո, ոչ (նշել)___________________
Դատվածությունը հանված կամ մարված է` այո, ոչ
(նշել)___________________
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ
գործունակ ճանաչվել եմ` այո, ոչ (նշել)__________________
Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվել եմ` այո, ոչ
(նշել)___________________
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի որևէ հիվանդությամբ
տառապում եմ, չեմ տառապում (նշել) ___________________
Համակարգչային գրագիտությունը _____________________________________________
_____________________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)
Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը` այո, ոչ (նշել)__________________ և հավաքել ______________ տոկոսային միավոր
Կից ներկայացնում եմ մրցույթի մասին հայտարարությունում նշված փաստաթղթերը:
Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող` ____________________________ |
«____» ______________ 20 __ թ. |
(ձևը լրաց., փոփ. 11.10.23 N 128-Ն, փոփ. 04.03.24 N 12-Ն)
Ձև 2
Ամփոփիչ արձանագրություն
Հայաստանի Հանրապետության մարզի /Երևան քաղաքի/_________________________
_________________________________________________________________________
_______________________________________________________________________
(հանրակրթական ուսումնական հաստատության լրիվ անվանումն ըստ կրթական ծրագրերի աստիճանի)՝ ուսուցչի թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը) __________________ համար հայտարարված մրցույթի:
1. Թափուր աշխատատեղի քանակը______________:
2. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը__________:
3. Մրցույթին մասնակցելու թույլատվություն ստացած անձանց թիվը____________:
4. Թեստավորման արդյունքը (մասնակիցների անուն, ազգանուն, հայրանունները, հավաքած միավորները)
1)
2)
3)
5. Հարցազրույցի արդյունքը (լրացվում են բոլոր մասնակիցների հավաքած միավորները)
1)
2)
3)
6. Հաղթող ճանաչված մասնակցի անուն, ազգանուն, հայրանունը, հավաքած միավորների քանակը`
1)
7. Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունները
1) Հանձնաժողովի նախագահ`______________________________ /_____________/
2) հանձնաժողովի անդամ` ______________________________ /_____________/
3) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/
4) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/
5) հանձնաժողովի անդամ` _______________________________ /_____________/
Հանձնաժողովի քարտուղար` ___________________________/ _____________/
Ձև 3
Գնահատման թերթիկ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը __________________________
2. Առարկան
3. Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը ստորագրությունը
4. Մասնակցի անունը, ազգանունը
Հարց N |
Միավորը |
1. |
|
2. |
|
3. |
|
4. |
|
5. |
|
Ընդամենը |
Հանձնաժողովի նախագահ`___________________
Կ.Տ.
Ձև 4
Քվեաթերթիկ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը __________________________
2. Առարկան
3. Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը
_______________________________ __________________________
ստորագրությունը
Հ/հ |
Մասնակցի անուն, հայրանուն, ազգանուն |
Կողմ |
Դեմ |
1. |
|||
2. |
|||
... |
Ձև 5
Ինքնակենսագրություն
1. Աշխատանքային գործունեություն /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/
2. Կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճան, կրթության վկայագրեր /դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ/
3. Կոչումներ
4. Որակավորման տարակարգ
5. Հրատարակած հոդվածներ
6. Լեզուների իմացություն
7. Համակարգչային իմացություն
8. Այլ տվյալներ
(հավելվածը խմբ. 30.07.13 N 1001-Ն, լրաց. 06.03.15 N 131-Ն, խմբ., փոփ. 28.12.15 N 1070-Ն, փոփ., լրաց. 14.10.20 N 39-Ն, խմբ. 18.02.21 N 22-Ն, փոփ., խմբ. 15.04.21 N 28-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.02.22 N 06-Ն, 11.10.23 N 128-Ն, փոփ. 04.03.24 N 12-Ն, խմբ., լրաց., փոփ. 17.06.24 N 49-Ն)