ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
N 317-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Սահմանել` «Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2024-10-02 |
Վ. Հովհաննիսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2024 թվականի «հոկտեմբերի» «2»-ի N 317-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է վիճակախաղի կազմակերպիչների (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի և անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն օտարերկրացի մասնակիցների վրա, ովքեր իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր։
3. Հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու ստուգումը Կազմակերպիչը իրականացնում է իր հետ պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպության միջոցով՝ հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։ Ստուգման գործընթացը պետք է իրականացվի բացառապես խաղացողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում.
1) Խաղացողների բանկային հաշվի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար Կազմակերպիչը պետք է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպությանը տրամադրի խաղացողի ՀԾՀ–ն, որից հետո Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպությունը պետք է հաստատի կամ մերժի, որ Կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները համընկնում են իրենց համակարգում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի իրավատերը նույն անձն են:
2) Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպությունն հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման շրջանակներում ապահովում է Կազմակերպչին համապատասխան տվյալների աղբյուրին հասանելիությունը՝ Կազմակերպչի կողմից խաղացողների բանկային քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար, իսկ խաղացողների բանկային հաշիվների պատկանելիության հանգամանքը կստուգվի Կազմակերպչի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով։
3) Խաղացողների բանկային քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար Կազմակերպիչը պետք է տրամադրի խաղացողի ՀԾՀ–ն, Կազմակերպչի նույնականացման համարը (Merchant ID) և գործարքի նույնականացուցիչը (MDorder)՝ համապատասխան տեխնիկական կապուղու միջոցով:
4) Կազմակերպչին սպասարկող Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից Կազմակերպչին պատասխան հաղորդագրությունն ուղղվում է Կազմակերպչի հարցումը ստանալուց անմիջապես հետո:
5) Պատասխան հաղորդագրությամբ.
ա. հաստատում է, որ Կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները համընկնում են համապատասխան տվյալների աղբյուրում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և Քարտապանը նույն անձն են.
բ. կամ մերժում է, երբ Կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները չեն համընկնում համապատասխան տվյալների աղբյուրում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և Քարտապանը նույն անձը չեն.
գ. կամ նշում է համապատասխան տվյալների աղբյուրում տվյալների բացակայության մասին.
6) Եթե Կազմակերպիչը, ստացել է պատասխան հաղորդագրություն՝ տվյալների բացակայության մասին, սակայն ունի բավարար ապացույց, որ բանկային քարտը պատկանում է հենց տվյալ խաղացողին, կամ ունի խաղացողի ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքը, ապա չի մերժում ծառայությունների մատուցումը: Նման դեպքերում Կազմակերպիչն իր կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ՝ Ռեեստր) գրանցում է դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշվի կամ քարտի և տվյալ խաղացողի տվյալները, ինչպես նաև համապատասխան տվյալների աղբյուրի պատասխան հաղորդագրությունը:
7) Ռեեստրում ներառվում են հետեւյալ տեղեկությունները.
ա. խաղացողի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ–ն կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի մասին նշում.
բ. հաշվեհամարը կամ քարտի՝ քարտային համակարգի կանոններով սահմանված, անվտանգության պահանջներով թույլատրելի բովանդակությամբ և ձևաչափով տվյալները.
գ. Համապատասխան տվյալների աղբյուրի պատասխան հաղորդագրությունը՝ տվյալների բացակայության մասին:
8) Կազմակերպիչը յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը՝ Ռեեստրում վարվող տեղեկատվությունը՝ փոփոխությունների և լրացումների առկայության դեպքում, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, իրեն վճարումների ընդունման ծառայություն մատուցող ֆինանսական կազմակերպությանը, իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությանը:
4. Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ Կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու նույնականացումը Կազմակերպիչն իրականացնում է բացառապես խաղացողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում.
1) Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի և խաղացողի բանկային հաշիվը կամ քարտը սպասարկող բանկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
2) Խաղացողի բանկային հաշիվը կամ քարտը սպասարկող բանկի կողմից տրված տեղեկանքում նշվում է խաղացողի անձը հաստատող փաստաթղթի և տվյալ անձին պատկանող բանկային հաշվի կամ քարտի տվյալները՝ քարտային համակարգի կանոններով սահմանված, անվտանգության պահանջներով թույլատրելի բովանդակությամբ և ձևաչափով, անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի մասին նշումով:
3) Խաղացողը Կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձը հաստատող փաստաթուղթը և տեղեկանքը, ինչպես նաև ցուցադրում է այն բանկային քարտը, որը օգտագործելու է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու, կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման կամ խաղասրահի միջոցով իրեն պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար:
4) Համապատասխան ստուգումն իրականացնելուց հետո Կազմակերպիչը խաղացողին է վերադարձնում անձը հաստատող փաստաթուղթը:
5) Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո, եթե ներկայացված տվյալները համընկնում են և Կազմակերպիչը հավաստիանում է դրամական միջոցների համալրման կամ խաղադրույքի կատարման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղացողին պատկանելիության վերաբերյալ, թույլատրում է կատարել խաղադրույքներ կամ համալրել կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերի դրամական միջոցները: Եթե ներկայացված տվյալները չեն համընկնում կամ առկա են անճշտություններ ու անհամապատասխանություններ՝ Կազմակերպիչը մերժում է խաղացողին՝ կատարել խաղադրույքներ կամ համալրել կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերի դրամական միջոցները:
5․ Խաղացողի կողմից իրեն պատկանող հատուկ խաղային հաշիվը Կազմակերպչի բուքմեյքերային գրասենյակներից համալրումներ կատարելու համար «Վիճակախաղերի մասին» օրենքի 5․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ստուգումը կարող է իրականացվել սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով՝ խաղացողի կողմից տեղեկանքի ներկայացման միջոցով։
6․ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացող) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն Հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, «Վիճակախաղերի մասին» օրենքի 5․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ստուգումը պետք է իրականացվի սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգով։
7․ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացող) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն Հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ) և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ստուգումը պետք է իրականացվի սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով, միայն 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված խաղացողի ՀԾՀ-ի փոխարեն Կազմակերպիչը կներկայացնի խաղացողի անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը։
8. Անկախ սույն կարգով սահմանված կարգավորումներից, Կազմակերպիչը կարող է չկրել պատասխանատվություն այն դեպքերում, երբ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անձի պատշաճ նույնականացումն և խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգումն ապահովելու ուղղությամբ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|