ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«05» սեպտեմբերի 2024 թ. |
N 1116-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՈՑ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 352.1-ին հոդվածի 10-րդ մասը և 353-րդ հոդվածի 1.3-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Սահմանել`
1) Տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Տեսաձայնագրությունների տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի,
3) Տեխնիկական միջոցների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի,
4) Տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը՝ համաձայն N 4 հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
9/5/2024 |
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. սեպտեմբերի 05-ի N 1116-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՈՑ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ հարկային մարմին) տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և դրանց տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք են.
1) սույն հրամանի N 4 հավելվածում նշված կառուցվածքային ստորաբաժանման՝
ա. պետը, պետի տեղակալը՝ միայն տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կողմից կատարված տեսաձայնագրության մասով,
բ. բաժնի պետը, պետի տեղակալը՝ միայն տվյալ բաժնի աշխատակիցների կողմից կատարված տեսաձայնագրությունների մասով,
գ. բաժնի աշխատակիցը՝ այն տեսաձայնագրության մասով, որի կատարման համար հիմք հանդիսացող ստուգման հանձնարարագրում եղել է նշված,
դ. սույն ենթակետում նշված անձանց ժամանակավոր պաշտոնակատարները՝ հաստատված հարկային մարմնի ղեկավարի հրամանով,
2) սույն հրամանի N 4 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված՝ այլ պաշտոնատար անձինք,
3) հարկային մարմնի՝
ա. բողոքարկման հանձնաժողովի նախագահը, քարտուղարը, անդամը՝ բողոքարկման հանձնաժողովի բողոքարկման վարույթում քննվող գործին առնչվող տեսաձայնագրությունների մասով,
բ. իրավաբանական վարչության պետը, պետի տեղակալը, բաժնի պետը, ինչպես նաև սույն պարբերությունում նշված անձանց ժամանակավոր պաշտոնակատարները՝ հաստատված հարկային մարմնի ղեկավարի հրամանով,
գ․ վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթի մասնակից՝ հարկային մարմնի պաշտոնատար անձը,
դ. ներքին անվտանգության վարչության պետը, վերլուծության և տեղեկատվական անվտանգության բաժինը համակարգող վարչության պետի տեղակալը, վերլուծության և տեղեկատվական անվտանգության բաժնի պետը։
2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված անձինք հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ձեռք են բերում միայն տվյալ պաշտոնին վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում:
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. սեպտեմբերի 05-ի N 1116-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
1. Հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոցն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և ծավալային հիշողությամբ, անվտանգության պայմաններով ապահովված սարքավորումա-ծրագրային համակարգ է (այսուհետ՝ համակարգ)՝ նախատեսված թեմատիկ հարկային ստուգման շրջանակում արձանագրված խախտման փաստը հավաստող տեսաձայնագրությունների պահպանման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց տվյալներից օգտվելու համար:
2. Խախտման փաստը հավաստող տեսաձայնագրությունները համակարգում պահվում են մինչև համապատասխան վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը ներառյալ, որից հետո տեսաձայնագրությունը համակարգում ավտոմատ ռեժիմով ոչնչացվում է։
3․ Համակարգում պահպանվող տվյալներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը:
4. Համակարգի տվյալներից օգտվելու համար սույն հրամանի N 1 հավելվածում նշված պաշտոնատար անձինք հարկային մարմնից ստանում են համակարգ մուտք գործելու էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ։
5. Համակարգ մուտք գործելու էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար սույն հրամանի N 1 հավելվածում նշված պաշտոնատար անձը էլեկտրոնային եղանակով ձևավորում է հայտ՝ լրացնելով պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը։ Լրացված և ձևավորված հայտը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ։ Հայտը պատշաճ լրացվելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվելու դեպքում պաշտոնատար անձը էլեկտրոնային ծանուցմամբ ստանում է համակարգ մուտք գործելու էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ, որը պետք է հնարավորություն տա համակարգում դիտել միայն այն տեսաձայնագրությունները, որոնք համապատասխանում են սույն հրամանի N 1 հավելվածում նշված պաշտոնատար անձանց իրավասությունների շրջանակին։
6. Սույն հրամանի N 1 հավելվածի 1-ին կետում նշված անձինք կարող են հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոց մուտք գործել և տվյալներին ծանոթանալ թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով միայն տվյալ պաշտոնին վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում։
7․ Համակարգից տեսաձայնագրության կամ դրա որևէ տեղեկության կորստի (արտահոսքի) դեպքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով հաստատված՝ համակարգի անվտանգության համար պատասխանատու անձը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել հարկային մարմնի ներքին անվտանգության վարչության պետին:
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. սեպտեմբերի 05-ի N 1116-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. Հարկային մարմնի կողմից իրականացվող՝ թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստի, ինչպես նաև հարկային հսկողության շրջանակներում՝ առարկաների և փաստաթղթերի առգրավման ընթացքի տեսաձայնագրությունների համար կիրառվում են հետևյալ տեխնիկական միջոցները (սարքերը)․
1) Motorola VB-400 camera,
2) Motorola VB-400 camera docking 14 port,
3) Motorola VB-400 camera docking single Dock Controller DC-200,
4) RFID RF-220 reader RFID plastic card:
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. սեպտեմբերի 05-ի N 1116-Ն հրամանի |
Շ Ր Ջ Ա Ն Ա Կ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
1. Հարկային մարմնում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք են՝
1) հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության այն պաշտոնատար անձը, որը նշված է թեմատիկ հարկային ստուգման հանձնարարագրում,
2) համալիր հարկային ստուգումների վարչության այն պաշտոնատար անձը, որը նշված է թեմատիկ հարկային ստուգման հանձնարարագրում,
3) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության այն պաշտոնատար անձը, որը նշված է թեմատիկ հարկային ստուգման հանձնարարագրում,
4) հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության այն պաշտոնատար անձը, որը նշված է թեմատիկ հարկային ստուգման հանձնարարագրում,
5) թեմատիկ հարկային ստուգման մեջ հարկային մարմնի ղեկավարի հրամանով նշված՝ սույն կետի 1-4-րդ ենթակետերում չնշված՝ այլ պաշտոնատար անձինք:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2024 թվական: