Գլխավոր տեղեկություն
Համար
N 277-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» հուլիսի 2024 թ. 

N 277-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«12» հուլիսի 2024 թ.
ք. Երևան

7/12/2024

 

 

Հավելված

շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի «12» հուլիսի

 N 277-Ն հրամանի

 

ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչներով սահմանվում են կարևոր թռչնաբանական տարածքների (այսուհետ՝ ԿԹՏ) առանձնացման և ընտրության առանձնահատկությունները, որոնց մշակման համար հիմք են հանդիսացել «BirdLife International»-ի կողմից սահմանված չափորոշիչները:

2. ԿԹՏ-ները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար: Դրանք առաջին հերթին ներառում են.

1) ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը,

2) համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,

3) մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով (լայնածավալ կենսաբանական համայնք, որը բնութագրվում է որոշակի միջավայրին հարմարեցված բույսերի և կենդանիների բնորոշ տեսակներով: Բիոմները հաճախ բնորոշվում են այնպիսի գործոններով, ինչպիսիք են կլիման, աշխարհագրությունը և բուսականությունը: Բիոմների օրինակներ են արևադարձային խոնավ անտառները, անապատները, մարգագետինները, տունդրաները և օվկիանոսները: Յուրաքանչյուր բիոմ ունենում է իր ուրույն էկոլոգիական պայմանները և տեսակային կազմը),

4) բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:

3. ԿԹՏ-ների սահմանման հիմնական նպատակն է ապահովել թռչունների և կենսաբազմազանության համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի երկարաժամկետ պահպանումը, թռչունների պոպուլյացիաների վերաբերյալ կայուն տվյալների հավաքագրումը, որոնց ընթացիկ և կանոնավոր թարմացումները թույլ են տալիս գնահատել ոչ միայն թռչնատեսակների թվաքանակի փոփոխությունները, այլ նաև ուսումնասիրել թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում ԿԹՏ-ի ընդհանուր բնութագրի վրա:

4. ԿԹՏ-ների ընտրությունն իրականացվում է թռչնաբանական քանակական և որակական չափորոշիչների կիրառմամբ, որոնք հիմնված են թռչունների պոպուլյացիաների չափերի և դրանց փոփոխությունների վերաբերյալ առկա գիտելիքների վրա: Չափորոշիչները պետք է ապահովեն ընտրված ԿԹՏ տարածքների՝ թռչունների պոպուլյացիաների ազգային և միջազգային մակարդակներում պահպանությունը, իսկ դրանց համար սահմանված չափորոշիչները պետք է լինեն համադրելի ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

5. Սույն հավելվածով առանձնացվում են ԿԹՏ-ների ընտրության չափորոշիչների երկու խումբ՝ ԿԹՏ-ների որոշման միջազգային չափորոշիչներ՝ համաձայն Աղյուսակ N 1-ի և ԿԹՏ-ների որոշման տարածաշրջանային չափորոշիչներ՝ համաձայն Աղյուսակ N 2-ի:

 

2. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

6. ԿԹՏ-ների միջազգային ստանդարտացված չափորոշիչները նախատեսված են միջազգային նշանակության ԿԹՏ-ների նույնականացման համար («A» մակարդակի չափորոշիչներ): Միջազգային նշանակության ԿԹՏ-ների առանձնացման հիմնական նպատակն է դրանցում գտնվող կենսունակ պոպուլյացիաների պահպանությունը, այդ թվում՝ դրանց միջև ստեղծված ցանցում, որտեղ մեկ վայրում տեսակների պոպուլյացիաների գոյատևումը կարող է կախված լինել այլ վայրերում նույն պոպուլյացիաների պահպանումից (օրինակ՝ չվող թռչունների դեպքում՝ միգրացիոն ուղիների զբաղեցրած տարածքները):

 

Աղյուսակ N 1

 

Կարևոր թռչնաբանական տարածքների միջազգային չափորոշիչները

 

Կատեգորիան

Չափորոշիչի նկարագիրը

Նշումներ

«А1»` Միջազգայնորեն վտանգված թռչնատեսակներ:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ այդ տարածքում պարբերաբար ապրում է ամբողջ աշխարհում անհետացման եզրին գտնվող թռչնատեսակների զգալի քանակություն:

Տեղանքը համապատասխանում է, եթե հայտնի է կամ ենթադրվում է, որ այնտեղ առկա է այնպիսի թռչնատեսակների պոպուլյացիա, որոնք Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում, ինչպես նաև ՀՀ կենդանիների Կարմիր գրքում նշված են որպես կրիտիկական, վտանգված կամ խոցելի:

«А2»` Տարածման սահմանափակ արեալով թռչնատեսակներ:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում առկա է տարածման սահմանափակ արեալով առնվազն 2 թռչնատեսակի պոպուլյացիա:

Տարածման սահմանափակ արեալով թռչնատեսակներ են համարվում այն տեսակները, որոնց միջազգային մակարդակով տարածման արեալի մակերեսը փոքր կամ հավասար է 50000 կմ2-ին: Առաջարկվում է, որ տարածման սահմանափակ արեալով առնվազն 2 տեսակների պոպուլյացիաները տեղանքի մակարդակում կազմեն իրենց միջազգային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ ավելին: Այս չափորոշիչը կիրառելի է ինչպես բնադրող տեսակների բազմացման արեալների, այնպես էլ դրանցից դուրս գտնվող տարածքների համար:

«А3»` բիոմով սահմանափակված

թռչնատեսակներ:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում առկա է տեսակային խմբերի էական կուտակում, որոնց տարածումը հիմնականում կամ ամբողջապես սահմանափակված է մեկ բիոմով:

Թռչնատեսակների բիոմով սահմանափակված խմբավորումներն ընդհանուր բաշխվածությամբ տեսակի խմբեր են, որոնք հիմնականում կամ ամբողջությամբ հանդիպում են (բազմանում են) որոշակի բիոմում կամ դրա մի հատվածում: Բիոմները սահմանվում են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) բիոմների դասակարգմամբ:

Հաճախ շատ բիոմների սահմաններում գտնվող տարբեր էկոհամակարգերում հանդիպում են մեծ թվով տեսակներ, որոնց տարածման արեալները սահմանափակված են այդ բիոմներով, հետևապես՝ ԿԹՏ-ների ցանցերը պետք է ընտրվեն հաշվի առնելով համապատասխան բոլոր տեսակների հնարավորին չափ ներկայացվածությունը ապահովելու հանգամանքը: Այն տարածաշրջաններում, որտեղ ԿԹՏ-ների ընտրության համար առկա չէ բավարար տեղեկատվություն՝ վերջիններիս կարելի է ընտրել՝ կիրառելով որոշակի տարածքների սահմաններում գտնվող ցուցիչ կենսամիջավայրերի ինչպես նաև բիոմով սահմանափակված տեսակների առկայության վերաբերյալ սահմանափակ տեղեկատվությունը:

Հարկ է նշել, որ շատ բիոմներ հատում են պետական սահմանները, նման դեպքերում՝ ԿԹՏ-ների ազգային ցանցն ընտրվում է համապատասխան թռչնատեսակի կամ տեսակների՝ յուրաքանչյուր երկրում պատշաճ կերպով ներկայացվածության հանգամանքը հաշվի առնելով:

Այսպիսով՝ բիոմ-տարածքները պահանջում են, որ ԿԹՏ-ների ցանցերը հաշվի առնեն ինչպես բիոմի տարածքի աշխարհագրական առանձնահատկությունները, այնպես էլ դրանք հատող պետական սահմաններն ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով բիոմով սահմանափակված և տվյալ երկրի սահմաններում գտնվող բիոմի տեսակների քանակի 30%-ը կամ կենսատարածաշրջանով սահմանափակված 5 տեսակի առկայությունը:

«А4»` Թռչնատեսակների խիտ կուտակման տարածքներ:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ տեղանքում կանոնավոր կամ կանխատեսելի հիմունքներով հավաքվում է մեկ կամ մի քանի թռչնատեսակների համաշխարհային պոպուլյացիայի առնվազն 1%-ը կամ դրանից ավելին:

Տարածքները կարելի է որակավորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե սահմանափակ ժամանակահատվածում արդյո՞ք այդ տարածքում միաժամանակ կամ գումարային առումով գերազանցվել են շեմային ցուցանիշները: Արդյունքում՝ չափորոշիչում հաշվի է առնվում թռչունների արագ տեղաշարժի հետ կապված հնարավոր իրավիճակները (օրինակ՝ չվող ցամաքային թռչունների տեղաշարժը):

3. ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

7. ԿԹՏ-ների տարածաշրջանային չափորոշիչների միասնական համակարգը ներառում է.

1) Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար՝ նախկինում կիրառված տարածաշրջանային չափորոշիչները, որոնք շարունակում են կիրառվել միայն այս երկու տարածաշրջաններում (B1b, B2a),

2) չափորոշիչներ, որոնք նախկինում եղել են «A1 և A4» միջազգային չափանիշների մի մասը, սակայն 2009 թվականին «BirdLife International» միջազգային կազմակերպության խորհրդի որոշումից հետո տեղափոխվել է տարածաշրջանային մակարդակ։

 

Աղյուսակ N 2

 

Կարևոր թռչնաբանական տարածքների տարածաշրջանային չափորոշիչները

 

Կատեգորիան

Ենթակատեգորիա

Չափորոշիչի նկարագիրը

Նշումներ

«B1» Պահպանության առումով մտահոգություն առաջացնող տեսակներ:

«B1a» Վտանգված տեսակներ:

Այս վայրերում պարբերաբար հանդիպում են զգալի քանակությամբ տեսակներ, որոնք դասակարգվում են որպես վտանգված:

Չափորոշիչը նախկինում ներառված է եղել «A1» կատեգորիայում, ներկայումս այն չունի միջազգային նշանակություն:

«B1b» Տարածաշրջանում պահպանության անբարենպաստ կարգավիճակ ունեցող տեսակներ:

Տվյալ տարածքը երկրում ամենակարևորներից մեկն է տարածաշրջանում անբարենպաստ պահպանության կարգավիճակ ունեցող տեսակների համար, սակայն նրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այդ տարածաշրջանում, հետևաբար՝ նպատակահարմար է օգտագործել կենսամիջավայրերի պահպանության վրա հիմնված մոտեցումը:

Նախկինում օգտագործվել է B3 չափորոշիչը: Այս չափորոշիչը կիրառելի է միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

«B2» Տեսակներ, որոնց տարածման արեալի մեծ մասը սահմանափակված է մեկ տարածաշրջանով:

«B2a» Պահպանման բարենպաստ կարգավիճակ ունեցող տեսակներ, որոնք սակայն կենտրոնացած են մեկ տարածաշրջանում:

Այս տեղանքը երկրում ամենակարևորներից մեկն է այնպիսի տեսակների համար, որոնք տարածաշրջանում պահպանության բարենպաստ կարգավիճակ ունեն, սակայն դրա միջազգային տիրույթը կենտրոնացած է այս տարածաշրջանում, հետևաբար նպատակահարմար է տեղանքի վրա հիմնված պահպանման մոտեցման կիրառումը:

Նախկինում «B3» կատեգորիա: Այս չափորոշիչը կիրառելի է միայն Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։

«B3» Տարածաշրջանային նշանակության տեսակների խմբեր:

«B3a»

Տարածաշրջանային առումով կարևոր տեսակների խմբեր, կենսաշխարհագրական պոպուլյացիաներ:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ տվյալ տարածքում պարբերաբար ապրում և կուտակվում է ջրլող և բնադրող ծովային թռչունների կամ այլ տեսակների կենսաշխարհագրական կամ այլ տիպի պոպուլյացիայի 1%-ը կամ ավելին:

Այս չափորոշիչը միավորում է նախկին՝ A4i, B1i, B1ii և B1iii (Եվրոպա), ինչպես նաև B1i և B1iii (Մերձավոր արևելք) կատեգորիաները:

(B3b)

Տարածաշրջանային առումով բազմատեսակ խմբերի նշանակալի կուտակումներ:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ այս տարածքում սովորաբար ապրում է 20,000 և ավել ջրային թռչունների կամ 6,700 և ավել զույգ ծովային թռչունների մեկ կամ մի քանի տեսակներ:

Նախկինում ներառվել է A4 (A4iii) կատեգորիայում:

«B3c»

Տարածաշրջանային առումով նշանակալի խմբավորումներ «նեղ հատվածներ»:

Հայտնի է կամ ենթադրվում է, որ այս Տարածքը գերազանցում է «Նեղ հատվածներում» միգրացվող տեսակների համար սահմանված շեմերը:

Այս չափորոշիչը միավորում է նախկին՝ A4iv և B1iv (Եվրոպա), ինչպես նաև B1iv (Մերձավոր արևելք) կատեգորիաները:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական: