Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2024
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
12.09.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
12.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» սեպտեմբերի 2024 թ․

թիվ 12-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԶԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել՝ ռազմականացված պահակային ստորաբաժանումներում զենքով պահպանության իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Պարտականությունները կատարող`

Ա. Սարգսյան

 

«12» սեպտեմբերի 2024 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2024 թվականի սեպտեմբերի 12-ի

 թիվ 12-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԶԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից զենքով պահպանության (այսուհետ` գերատեսչական պահպանություն) կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված անձնակազմի ծառայության իրականացման, նրանց իրավունքների և պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

2. Գերատեսչական պահպանությունն իրականացվում է ռազմականացված պահպանության ստորաբաժանումների (այսուհետ` ռազմականացված ստորաբաժանում) և պահակային պահպանության ստորաբաժանումների (այսուհետ` պահակային ստորաբաժանում) կողմից:

3. Գերատեսչական պահպանության կազմակերպումը ներառում է`

1) քաղաքացիական անձնակազմի հավաքագրման աշխատանքները.

2) ստորաբաժանումների համալրումն աշխատակիցներով և նրանց հաշվառումը.

3) ստորաբաժանումները զենքով, զինամթերքով, ծառայողական շներով, համապատասխան կահավորված շինություններով և անհրաժեշտ գույքով, համազգեստով և հանդերձանքով, փաստաթղթերով, հաշվառման մատյաններով և ձևաթղթերով ապահովումը.

4) պետական գաղտնիքի պահպանությունը և սահմանված կարգով դրանց առնչվելու թույլտվության ապահովումը.

5) պահակային ծառայության իրականացման ապահովումը.

6) գերատեսչական պահպանության իրականացման փաստաթղթային և ուսումնամեթոդական բազայի ապահովումը, ուսումնական գործընթացի պլանավորումն ու անցկացումը:

 

2. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

4. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակի նորմերը մշակվում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ում և հաստատվում ՀՀ ներքին գործերի նախարարի (այսուհետ` Նախարար) կողմից` ելնելով պահպանվող օբյեկտների կարևորությունից, պահակակետերի քանակից, օբյեկտների պահպանության և պաշտպանության խնդիրներից:

5. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումները համալրվում են «Փրկարար ծառայության մասին» օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով`

1) ՀՀ կառավարության կողմից սահմանված ՀՀ ՆԳՆ ՓԾ քաղաքացիական անձնակազմի թվաքանակի սահմաններում.

2) ՀՀ ՆԳՆ ՓԾ և իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերով սահմանված թվաքանակի շրջանակներում:

6. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումները կարող են համալրված լինել`

1) ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմով.

2) փրկարարական ծառայողներով և քաղաքացիական անձնակազմով:

7. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմում կարող են ներգրավվել քսան տարին լրացած արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիները, ընդ որում` արական սեռի քաղաքացիները պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով ազատված լինեն պարտադիր զինվորական ծառայությունից:

8. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումներում ներգրավվող փրկարարական ծառայողներին ներկայացվում են «Փրկարար ծառայության մասին» օրենքով սահմանված տարիքային, կրթական, առողջական և այլ սահմանափակումները:

9. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմում չեն կարող ներգրավվել`

1) դատարանի վճռով անգործունակ ճանաչված կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ունեն ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանների սահմանափակումներ.

2) հոգեկան և վարքի խանգարումներ, շնչառական օրգանների տուբերկուլոզ՝ հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն, ախտորոշմամբ անձինք․

3) այն անձինք, ում նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում․

4) դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:

10. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացվում է`

1) ՀՀ պետական բյուջեով ՀՀ ՆԳՆ-ին հատկացվող միջոցների հաշվին.

2) ՀՀ ՆԳՆ ՓԾ և իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերով հատկացվող միջոցների հաշվին:

11. Գերատեսչական պահպանության աշխատակիցներն ապահովվում են համազգեստով, պահակային և հատուկ հագուստով` ՀՀ կառավարության սահմանած կարգով ու չափաքանակներով:

12. Պաշտոնեական պարտականությունները կատարելիս համազգեստի կրումը, գերատեսչական պահպանության աշխատակցի ծառայողական վկայականի առկայությունը պարտադիր են:

13. Պաշտոնեական պարտականությունները կատարելիս գերատեսչական պահպանության բոլոր աշխատակիցները, բացի հրաձիգներից, կրում են ծառայողական կրծքանշան` համաձայն Ձևի, որը ամրակով ամրացվում է աշխատակցի բաճկոնի ձախ գրպանի փականին:

14. Գերատեսչական պահպանության աշխատակիցների ծառայության աշխատաժամանակի, հերթապահության իրականացման, ինչպես նաև արտաժամյա կամ տոն օրերին ծառայության ներգրավման հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, «Փրկարար ծառայության մասին» օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

15. Գերատեսչական պահպանության աշխատակիցներն օբյեկտների պաշտպանության` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, զինվում են հաստիքային հրաձգային զենքով (այսուհետ` զենք): Զենքի քանակը և տեսակը որոշվում է գերատեսչական պահպանության ստորաբաժանումների հաստիքներով ու հաշվեցուցակներով:

16. Գերատեսչական պահպանության աշխատակիցներին զենք և զինամթերք է տալիս գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը (կամ զենքի ու զինամթերքի պահպանության և տրման համար պատասխանատու անձը)` միայն պաշտոնեական պարտականությունների կատարման կամ պարապմունքների անցկացման դեպքում:

17. Գերատեսչական պահպանության առանձին աշխատակիցներին զենք ու զինամթերք է տրվում զենքի ու զինամթերքի տրման մատյանում նրանց անձնական ստորագրությամբ (գերատեսչական պահպանության պահակախմբի կազմում պաշտոնեական պարտականությունների կատարման դեպքում` պահակապետի ստորագրությամբ):

18. Զենքն ու զինամթերքը հաշվառվում, պահպանվում, կրվում, տեղադրվում, տեղափոխվում և ամրակցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Գերատեսչական պահպանության աշխատակիցները զենք կրելուց և զենքով օբյեկտների պահպանման իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանն անցնելուց առաջ պարտադիր պետք է ուսուցանվեն, հատուկ ստուգարքներ հանձնեն և ստուգողական հրաձգության վարժություններ կատարեն:

20. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների աշխատակիցները, ըստ զբաղեցրած պաշտոնների, դասակարգվում են պահպանության ղեկավար կազմի և շարքային կազմի:

21. Գերատեսչական պահպանության ղեկավար կազմում են`

1) ստորաբաժանման պետը.

2) ստորաբաժանման պետի տեղակալը.

3) պահակապետը.

4) պահակապետի օգնականը.

5) պահակային խմբի (հերթափոխի) պետը.

6) պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների (այսուհետ` ՊՏՄ) գծով օգնականը.

7) պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնականը:

22. Գերատեսչական պահպանության շարքային կազմում են`

1) հրաձիգը.

2) ՊՏՄ օպերատորը.

3) շնավարը (կինոլոգը).

4) հսկիչ-անցագրային կետի հսկիչը.

5) ՊՏՄ էլեկտրիկ-մոնտաժողը.

6) պահակը.

7) տեխնիկը.

8) վարորդը:

23. Գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանումը կազմավորվում է օբյեկտում պահակակետ ստեղծելու անհրաժեշտության դեպքում:

24. Գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետն օբյեկտի պահպանության պետն է և ենթարկվում է վերադաս պետին: Նա ստորաբաժանման ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է, իսկ հաստիքային տեղակալի ու պահակապետի (պահակային խմբի պետի)` անմիջական պետը:

25. Գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի հաստիքային տեղակալը ենթարկվում է ստորաբաժանման պետին և ստորաբաժանման ամբողջ անձնակազմի ուղղակի պետն է: Ստորաբաժանման պետի բացակայության դեպքում վերջինս կատարում է նրա պարտականությունները:

26. Ռազմականացված պահպանության հրաձիգների թիվը որոշվում է ըստ տվյալ խմբի համար սահմանված պահակակետերի թվի, ընդ որում` շուրջօրյա պահպանության համար պահակախմբերում նշանակվում է ժամապահների երեք հերթափոխ, իսկ պահակակետը միայն գիշերը պահպանելու համար (մութն ընկնելուց մինչև լուսաբաց կամ պահեստի, պահեստարանի փակվելուց մինչև բացվելը) նշանակվում է ժամապահների երկու հերթափոխ:

27. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումների աշխատակիցների հաշվառումը կազմակերպվում և անցկացվում է ըստ հաստիքացուցակի, ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի (այսուհետ՝ Տնօրեն) հրամանների ու այլ փաստաթղթերի համաձայն:

28. Գերատեսչական պահպանության ստորաբաժանումում հաշվառման իրականացման ու վարման վիճակի համար պատասխանատու է գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը:

29. Ռազմականացված ստորաբաժանման պետն օբյեկտի պահպանության պլանի հիման վրա կազմում և Տնօրենի կողմից սահմանված համապատասխան պետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչական պահպանության աշխատակիցների կողմից պահակային ծառայության իրականացման գրաֆիկը, որը կազմվում է ամսվա համար, ինչպես նաև ծառայությունն ապահովող այլ ծառայողական փաստաթղթեր:

30. Գերատեսչական պահպանության աշխատակիցներն աշխատանքի ընդունվում, աշխատանքից ազատվում, կարգապահական պատասխանատվության են ենթարկվում և խրախուսվում «Փրկարար ծառայության մասին» օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

31. Ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցների պիտանիության տարեկան ստուգումը (պլանային բուժզննումը) իրականացվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ բժշկական ապահովման վարչությունում:

32. Ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցները, նախքան պահակախմբի կազմում հերթափոխի ներգրավվելը, ՀՀ ՆԳՆ ՓԾ բժշկական ապահովման վարչությունում բուժաշխատողի կողմից ենթարկվում են բուժզննման, ինչի մասին գրանցվում է պահակախմբի բուժզննության մատյանում և պահակակետերի կարգացուցակում:

33. Գերատեսչական պահպանության աշխատակիցները մասնագիտական պատրաստություն են անցնում ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունում:

34. Պարապմունքների ծրագիրը և թեմաները, ըստ ուսուցման առարկաների, մշակում և հաստատում է ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունը` համաձայնեցնելով ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի հետ:

35. Գերատեսչական պահպանության աշխատակիցների հետ սահմանված աշխատաժամանակի հաշվին անցկացվում են պարապմունքներ.

1) ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցների համար` ամիսը 4 ժամ (տարեկան 40 ժամ)` ուսուցման հատուկ (մասնագիտական) պատրաստություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, շարային պատրաստություն և առաջին բուժօգնություն առարկաներից.

2) պահակային ստորաբաժանումների աշխատակիցների համար` ամիսը 2 ժամ (տարեկան 20 ժամ)` ուսուցման հատուկ (մասնագիտական) պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, շարային պատրաստություն և առաջին բուժօգնություն առարկաներից:

36. Գերատեսչական պահպանության (ռազմականացված ստորաբաժանումների) աշխատակիցները առնվազն եռամսյակը մեկ անգամ հաստիքային զենքով և հանդերձավորված պետք է ուսումնական հրաձգության վարժություններ կատարեն (ցերեկը և գիշերը):

37. Մասնագիտական պատրաստությունը պարտադիր է գերատեսչական պահպանության յուրաքանչյուր աշխատակցի համար:

38. Մասնագիտական պատրաստության կազմակերպման կարգը (պլանավորումը) սահմանվում է Տնօրենի հրամանով:

39. 38-րդ կետով սահմանվող հրամանում նշվում են ուսումնական տարվա խնդիրները, հաստատվում են ուսումնական խմբերը, կազմը, խմբերի ղեկավարները, նշվում են պարապմունքի անցկացման տեղը և ժամանակը, պլանավորման փաստաթղթերի և ուսումնական գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանող պաշտոնատար անձը:

40. Մասնագիտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են գերատեսչական պահպանության ղեկավարի, նրա տեղակալի և առավել պատրաստված պաշտոնատար անձանց կողմից:

41. Պարապմունքների անցկացման հիմնական ձևերն են` դասախոսությունները, սեմինարները և գործնական պարապմունքները:

42. Մասնագիտական պատրաստության պարապմունքների անցկացման հաշվառումը կատարվում է պարապմունքների հաշվառման մատյանում: Պարապմունքների թեմաները պետք է համապատասխանեն ուսումնական պլանի պահանջներին:

43. Մասնագիտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են պլանի համաձայն` ուսումնական (օրացուցային) տարվա ընթացքում:

44. Մասնագիտական պատրաստության յուրաքանչյուր խմբի համար պարապմունքների դասացուցակը պետք է ընդգրկի պարապմունքի տեղի, ժամանակի և անցկացման ձևի մասին տեղեկություններ:

45. Ստորաբաժանումների պետերի ուսուցումն իրականացվում է հավաքների կարգով` ըստ վերադասության: Հավաքների ընթացքում ուսումնական օրվա տևողությունն 8 ժամ է: Ուսումնամեթոդական հավաքների ուսումնական օրը չպետք է գերազանցի 10 ժամը (ներառյալ գիշերային հրաձգության պարապմունքները):

46. Ուսումնական խմբերի ղեկավարները սեմինարների և գործնական պարապմունքների ժամանակ պարբերաբար ստուգում են պահպանության աշխատակիցների ունակությունները` հաշվառման մատյանում գրանցելով գնահատականները:

47. Ուսումնական հրաձգություններն անցկացվում են անվտանգության կանոններին համապատասխանող հատուկ կահավորված հրաձգարաններում (նախընտրելի է անցկացնել զորային հրաձգարաններում):

48. Գերատեսչական պահպանության աշխատակիցների կրակային պատրաստությունը կազմակերպվում է ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար սահմանված պահանջներին և նորմերին համապատասխան:

49. Ուսումնական տարվա ավարտին մասնագիտական պատրաստությունից ընդունվում է քննություն և պարապմունքների հաշվառման մատյանում գերատեսչական պահպանության աշխատակցին նշանակվում է ամփոփիչ գնահատական:

50. Քննությունն ընդունում է հանձնաժողովը, որի կազմը նշանակվում է Տնօրենի հրամանով:

51. Մասնագիտական պատրաստության քննաթերթիկը որպես կանոն ներառում է երեք տեսական հարց` ծրագրի շրջանակում և մեկ խնդիր կամ գործնական առաջադրանք:

52. Քննությունների արդյունքների հիման վրա գերատեսչական պահպանության աշխատակիցը գնահատվում է, որը գրանցվում է հաշվառման մատյանում և քննության ամփոփագրում, այն ստորագրում են քննական հանձնաժողովի բոլոր անդամները:

53. Մասնագիտական պատրաստության քննությունից անբավարար գնահատական ստացած աշխատակիցը երեք ամսվա ընթացքում պարտավոր է կրկին հանձնել քննություն:

54. Մասնագիտական պատրաստության քննությունից երկրորդ անգամ անբավարար գնահատական ստացած աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

 

3. ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

55. Օբյեկտի պահպանությունն ու պաշտպանությունը «Փրկարար ծառայության մասին» օրենքի 5-րդ և «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի 5-րդ հոդվածներով սահմանված խնդիրների կատարմանն ուղղված, ինչպես նաև օբյեկտի հսկողության, նյութական միջոցների պահպանման, դրանք հակաիրավական գործողություններից և ոտնձգություններից պաշտպանելու նպատակով իրականացվող կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիր է:

56. Օբյեկտների պահպանությունն իրականացվում է պահակակետերում գերատեսչական պահպանության ստորաբաժանման գործողության կազմակերպմամբ, այն զուգորդելով պահպանության տեխնիկական, կապի, ազդանշանային միջոցների և ծառայողական շների կիրառման հետ` օբյեկտի և նրա պաշտպանության նկատմամբ հակաօրինական գործողությունները ժամանակին հայտնաբերելու և կասեցնելու նպատակով:

57. Օբյեկտների պաշտպանությունն իրականացվում է դրանցում կամ դրանց մերձակայքում ֆիզիկական արգելափակոցների սարքավորմամբ (հիմնականում ցանկապատմամբ), դրանք զուգորդելով գերատեսչական պահպանության աշխատակիցների` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, ծառայողական շների, ազդեցության տեխնիկական միջոցների կամ զենքի կիրառման հետ:

58. Օբյեկտների պահպանության և պաշտպանության համար ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցներից նշանակվում են գերատեսչական պահպանության պահակախմբեր:

59. Գերատեսչական պահպանության պահակախումբը գերատեսչական պահպանության աշխատակիցների սպառազինված ստորաբաժանում է` ստեղծված օբյեկտները հակաօրինական գործողություններից պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև դրանցում անցագրային ռեժիմն ապահովելու նպատակով:

60. Օբյեկտների պահպանության, հսկման, ինչպես նաև դրանցում անցագրային ռեժիմն ապահովելու համար պահակային պահպանության ստորաբաժանումների աշխատակիցներից նշանակվում են պահակների խմբեր (հերթափոխ) կամ առանձին պահակներ:

61. Օբյեկտները պահակախմբերով պահպանելու և պաշտպանելու համար անհրաժեշտ է, որ գերատեսչական պահպանության աշխատակիցներն իմանան ու ճշտորեն կատարեն սույն Կարգի դրույթները, լինեն զգոն, դրսևորեն վճռական նախաձեռնողականություն, հմտորեն տիրապետեն զենքին, կարողանան օգտագործել ինչպես հատուկ, այնպես էլ ձեռքի տակ եղած միջոցները:

62. Պահակակետն օբյեկտ կամ օբյեկտի մաս է, որի պահպանությունը հանձնարարված է գերատեսչական պահպանության աշխատակցին, ինչպես նաև այն տեղը կամ տեղամասը, որտեղ նա կատարում է իր պաշտոնեական պարտականությունները:

63. Պահակայինը գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանման աշխատակիցն է, ով ընդգրկված է պահակախմբի կազմում` օբյեկտի պահպանության և պաշտպանության խնդիրներն ու իր պաշտոնեական պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև` պահակային պահպանության ստորաբաժանման այն աշխատակիցը, ով իր պաշտոնեական պարտականությունները կատարում է պահակակետում:

64. Ժամապահը ռազմականացված ստորաբաժանման զինված աշխատակիցն է, ով ընդգրկված է պահակախմբի կազմում և կատարում է իր պաշտոնեական պարտականություններն իրեն հանձնարարված պահակակետում:

65. Համապատասխան պետերը պարտավոր են`

1) մշտապես հոգ տանել օբյեկտների պահպանության ու պաշտպանության կազմակերպման, կատարելագործման համար` ներդնելով պահպանության ու պաշտպանության տեխնիկական միջոցներ, կիրառելով ծառայողական շներ.

2) ստեղծել գերատեսչական պահպանության ծառայության համար անվտանգ պայմաններ.

3) ամրապնդել գերատեսչական պահպանության ստորաբաժանումների աշխատակիցների բարոյահոգեբանական վիճակն ու աշխատանքային կարգապահությունը.

4) հսկողություն սահմանել զենքի ու զինամթերքի, պահպանության տեխնիկական, կապի միջոցների պահպանության և խնայողության, դրանք սարքին և կիրառման համար պատրաստ վիճակում պահելու նկատմամբ:

66. Յուրաքանչյուր պահակախմբի համար կազմվում է պահակախմբի մարտական հաշվարկ, պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ, պահակապետին տրվող հրահանգ: Փոխարինող պահակախմբերի համար կազմվում են նաև տագնապ հայտարարելու դեպքին վերաբերող փաստաթղթեր, իսկ ՊՏՄ-ի գծով պահակապետի օգնական (օպերատոր) ունեցող պահակախմբերի համար` օգնականի (օպերատորի) հրահանգ:

67. Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են պահակակետերի և արգելագոտիների սահմանները, արգելված սահմանները, ցանկապատի տեսակը, ՊՏՄ-ով սարքավորված օբյեկտները, հերթափոխի` պահակակետեր գնալու երթուղիները և տրանսպորտային միջոցներով պարեկների երթուղիները, ժամապահների և հսկիչ-պահպանության խմբերի երթուղիները ցերեկվա և գիշերվա ժամերին, խրամատների, դիտաշտարակների, կապի և հրդեհամարման միջոցների, հերթապահ շների պահակակետերի տեղերը, պահակակետերի առավել վտանգավոր մատույցները:

68. Պահակակետերի ցուցակում նշվում են յուրաքանչյուր պահակակետում պահպանության ենթակա օբյեկտները, ժամապահի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետում ծառայության կոնկրետ պայմանները, կապի միջոցներով զեկուցելու ժամկետները, ժամապահի` դիտաշտարակից թույլատրելի դիտարկման ժամանակամիջոցը, այն հեռավորությունը, որտեղից ժամապահին արգելվում է կողմնակի անձանց թույլ տալ մոտենալու պահակակետին, ժամապահի գործողությունները հարևան պահակակետերի վրա հարձակվելու դեպքերում և հրդեհի ժամանակ, ժամապահի` զենքը կիրառելու թույլատրելի դեպքերը: ՊՏՄ-ով սարքավորված պահակակետերի համար նշվում են յուրաքանչյուր պահակակետի տեխնիկական միջոցի տեսակը և մակնիշը, դրանց գործելու առանձնահատկությունները, հսկիչ-պահպանության խմբի կողմից պահակակետը ստուգելու և զենքը կիրառելու կարգը:

69. Պահակապետին տրվող հրահանգում նշվում են պահակախմբի խնդիրները, հանձնարարված օբյեկտների պահպանության և պաշտպանության համար պահակապետի հատուկ պարտականությունները, պահակախմբի պաշտոնատար անձանց գործողությունները, օբյեկտները` ներառյալ տեխնիկական միջոցներով սարքավորվածները, ընդունելու և հանձնելու ժամանակ հսկիչ-պահպանության խմբերի կողմից դրանք ստուգելու գրաֆիկը և կարգը, գիշերը և վատ տեսանելիության պայմաններում օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները, պահակախմբի գործողությունների վերաբերյալ` պահպանվող օբյեկտների, ժամապահների կամ պահակակետերի վրա հարձակվելու, ՊՏՄ-ի գործելու և շարքից դուրս գալու, հրդեհի, տարերային աղետների և տագնապի ազդանշանների դեպքում, հեռուստացույց դիտելու ժամանակը, պահակապետի, նրա օգնականի, օպերատորի հանգստի ժամը, անձնակազմի հավաքվելու վայրը «Ի զե՛ն» հրամանի դեպքում, ինչպես նաև զենքը պահպանելու և զինամթերքի արկղերը բացելու կարգի մասին ցուցումներ:

70. ՊՏՄ-ի գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը կազմված են համապատասխան պետի կողմից հաստատված հրահանգից (պահպանվող օբյեկտներն ընդունելու և հանձնելու կարգի, սարքավորումների վերահսկողությունն իրականացնելու, ինչպես նաև ՊՏՄ-ի հանկարծակի աշխատելու կամ միանալու ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների առանձնահատկությունների մասին ցուցումներից), ՊՏՄ-ով սարքավորված օբյեկտների ցուցակից (պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, պահպանությունն ընդունելու և հանձնելու ժամանակը, տեղադրված միջոցների տեխնիկական վիճակը, դրանք ստուգելու ժամանակը և վիճակի մասին նշումները, ՊՏՄ-ը հանկարծակի գործելու ժամանակն ու տեղը և ձեռնարկված միջոցները) և տեղադրված պահպանության համակարգի շահագործման հրահանգից:

71. Սույն Կարգի 70-րդ կետում նշված փաստաթղթերը հաստատում է Տնօրենը:

72. Պահակախումբը պահակապետի որոշմամբ իրեն առաջադրված խնդիրները կատարում է 24 ժամից ոչ ավելի` անկախ այն բանից, թե որքան ժամանակ է պահակախմբի կազմում ընդգրկված աշխատակիցը գտնվում պահակակետում և որքան` պահակատանը: Պահակախմբի փոխարինման և հերթափոխի համար ծախսված ժամանակը փոխհատուցվում է սնվելու (նախաճաշ, ճաշ, ընթրիք) համար հատկացված ժամանակով:

73. Գերատեսչական պահպանության աշխատակիցը կարող է ընդգրկվել պահակախմբի կազմում ծառայությունն ավարտելուց հետո 24 ժամից ոչ շուտ` 12-ժամյա գրաֆիկի դեպքում և 48 ժամ հետո միայն` 24-ժամյա գրաֆիկի դեպքում, ընդ որում` պարտականությունների կատարման համար ծախսված ժամանակը, որպես կանոն, չպետք է գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տևողությունը:

74. Պահակախմբերի կազմում ծառայության ընդգրկվող անձնակազմի համար պետք է վարվի աշխատաժամանակի գումարային հաշվարկ:

75. Պահակախմբերի վերակարգը նշանակվում է պահակախմբերի կարգացուցակի համաձայն:

76. Պահակախմբերի կարգացուցակը կազմում է Տնօրենի սահմանած պաշտոնատար անձը` հաշվի առնելով դրանց կարևորությունը, ՊՏՄ-ով սարքավորվածությունը, ցանկապատը և որքան հնարավոր է ավելի քիչ ժամապահներով պահպանության ապահովումը:

77. Պահակախմբերի կարգացուցակը հաստատում է անմիջական պետը:

78. Պահակախմբի կազմում կարող են նշանակվել` պահակապետ, պահակապետի օգնական, պահակայիններ` ըստ պահակակետերի և հերթափոխերի, ՊՏՄ-ի գծով պահակապետի օգնական (օպերատոր) կամ օպերատորների հերթափոխ (2-3 մարդ, որոնցից մեկը կարող է նշանակվել պահակապետի` ՊՏՄ-ի գծով օգնական), պահակապետի օգնական` պահակային շների ծառայության գծով (կինոլոգներից) և տրանսպորտային միջոցի վարորդ:

79. Արգելվում է պահակախմբում նշանակել գերատեսչական պահպանության այն աշխատակիցներին`

1) որոնց նկատմամբ ծառայողական քննություն է կատարվում կամ հարուցված է հանրային քրեական հետապնդում.

2) որոնք տվյալ պահին ունեն առողջական խնդիրներ.

3) որոնք փոխարինման են ներկայացել անսթափ վիճակում:

80. Պահակախմբի անձնակազմը պետք է լինի պահակային համազգեստով, սարքին և մարտի պատրաստ զենքով զինված, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ապահովված լինի շարժական կապի միջոցով, հեռադիտակով:

81. Հսկիչ-անցագրային կետերի ժամապահները կարող են զինվել ատրճանակներով:

82. Պահակային համազգեստում ներառվում են` դաշտային ձմեռային բաճկոնը, տաբատը, ճտքավոր կոշիկները, գլխարկը, կաշեգոտին և պահեստատուփի (պահունակների) պայուսակը:

83. Ձմռանը որպես պահակակետի հագուստ է օգտագործվում քուրքը, կաճյակը, ամռանը` գլխանոցով թիկնոցը կամ թիկնոցավրանը և անջրանցիկ կոշիկը:

84. Պահակակետի հագուստը քուրքից բացի` բաղկացած է յուրաքանչյուր պահակակետի համար երկուական լրակազմից, որոնցից մեկը պահակատանն է պահվում, իսկ մյուսը` պահակակետում: Բացի այդ, պահակատանը պետք է լինեն թիկնոցներ կամ թիկնոցավրաններ և հատուկ անջրանցիկ կոշիկներ` պահակապետի, նրա օգնականների համար:

85. Տնօրենի հանձնարարությամբ ժամապահները կարող են ծառայության ժամանակ կրել զրահաբաճկոններ և պողպատե սաղավարտներ:

86. Պահակախմբերը պետք է հերթափոխման վայր ներկայանան դաշտային ձմեռային բաճկոններով: Շոգ ժամանակ օբյեկտի պետի ցուցումով պահակախմբերը կարող են հերթափոխման գալ առանց դաշտային ձմեռային բաճկոնի:

87. Դաշտային ձմեռային բաճկոն հագնելու կարգը կարող է փոխվել փոխարինման ժամին` օբյեկտի հերթապահի, իսկ հերթափոխումից հետո` պահակապետի կողմից:

88. Ամռանը սառը քամու և անձրևի պայմաններում հերթափոխները պահակակետեր են մեկնում դաշտային ձմեռային բաճկոնով: Ստվերում օդի ջերմաստիճանը +15° և բարձր լինելու դեպքում հերթափոխերին թույլատրվում է դաշտային ձմեռային բաճկոնը թողնել պահակատան կախիչներին:

89. Անձրևոտ եղանակին հերթափոխերը պահակակետեր են մեկնում թիկնոցներով (թիկնոցավրաններով) և անջրանցիկ կոշիկներով: Ժամապահները թիկնոցները (թիկնոցավրանները) պահակակետում հանում են (հագնում են) ըստ անհրաժեշտության` ինքնուրույն:

90. Քուրքը հագնում և հանում են միայն պահակակետի հերթափոխի ժամանակ: Կաճյակները հագնում են պահակատանը:

91. Քուրքերը և կաճյակները թույլատրվում է հագնել միայն օդի ջերմաստիճանը -5° և ցածր լինելու, ինչպես նաև սառը քամու դեպքում: Քուրքը հագնում են դաշտային ձմեռային բաճկոնի վրայից:

92. Հանված քուրքերը և թիկնոցները (թիկնոցավրանները) կախվում են պահակակետի ծածկասնկի տակ կամ դիտաշտարակում:

93. Պահակակետից վերադառնալուց հետո թիկնոցները (թիկնոցավրանները) և կաճյակները հանվում են ու չորացվում:

94. Օդի ջերմաստիճանը +18° և բարձր լինելու դեպքում տաքացվող շենքերի ժամապահները մշտապես պետք է լինեն առանց դաշտային ձմեռային բաճկոնի:

95. Ռազմականացված ստորաբաժանման զենքն ու զինամթերքը պահվում են պահակատանը (եթե օբյեկտի պետն այդ նպատակով առանձին հսկվող, պահպանվող տեղ չի նախատեսում), առանձին հատուկ կահավորված զենքի պահասենյակում կամ զենքի ու զինամթերքի հուսալի պահպանությունն ապահովող մետաղյա կողպվող զինաբուրգերում և գրանցվում պահակատանը եղած սարքավորումների ու գույքի գույքացուցակում:

96. Զենքի պահասենյակի զինաբուրգերը, ատրճանակների և զինամթերքի մետաղյա պահարանները (արկղերը), ստորաբաժանման զինամթերքով արկղերը կողպվում և կնքվում են պահպանության ստորաբաժանման պետի (օբյեկտի պետի հրամանով նշանակված անձի) կողմից:

97. Զենքի պահասենյակը (դուռը) կողպվում է երկու կողպեքով ու կնիքով` ստորաբաժանման պետի ու պահակապետի կողմից:

98. Հսկիչ-անցագրային կետերի պահակների (հսկիչ-անցագրային կետերի հսկիչների) ատրճանակները լիցքավորված վիճակում պահվում են պատյաններում, կողպեքով փակված և պահակապետի կնիքով կնքված չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում (արկղերում):

99. Գերատեսչական պահպանության ստորաբաժանման զենքի պահասենյակի, մարտական փամփուշտների պաշարով, հսկիչ-անցագրային կետերի պահակների (հսկիչների) ատրճանակներով արկղերի բանալիները պահվում են առանձին, կնքվող փողակներում (տուբուսներով), պահակապետի կնիքով կնքված մետաղյա պահարանում:

100. Արգելվում է զենքի ու զինամթերքի պահպանության սենյակի, զինաբուրգերի և ատրճանակներով ու զինամթերքով մետաղյա պահարանների (արկղերի) բանալիները տալ այլ անձի:

101. Պահեստային բանալիները պահվում են օբյեկտի գաղտնի մասում, կնքված փողակում, բանալիով փակվող մետաղյա արկղում (արկղիկում):

102. Զենքի պահպանության սենյակի կամ զինաբուրգերի ու ատրճանակների (զինամթերքի) արկղերի բանալիներից որևէ մեկի կորստի դեպքում համապատասխան փականը (կողպեքը) պետք է անմիջապես փոխել:

103. Ռազմականացված պահպանության կազմակերպման համար երկուսից ավելի պահակակետեր ունեցող պահակախմբերի համար անհրաժեշտ է ունենալ տիպային պահակատուն, իսկ մինչև երկու պահակակետ ունեցող պահակախմբերի համար ստորաբաժանման տեղակայման վայրի շինություններից մեկում ստեղծել համապատասխան պայմաններ:

104. Պահակախմբի նոր հերթափոխի համար զենք ու զինամթերք է ստանում նոր պահակախմբի պետը (նրան օգնում է օգնականը, որպեսզի անձնակազմը զենքի պահասենյակ չմտնի)` զենքի ու զինամթերքի տրման մատյանում ստորագրելով, դրանք պահակախմբի անձնակազմին է տալիս բաշխման ցուցակով` նշելով ամսաթիվը, ժամը, զենքի տեսակը, համարանիշը (սերիան) և համարը, զինամթերքի անվանումն ու քանակը` զենք ու զինամթերք ստացողի անձնական ստորագրությամբ:

105. Պահակայինները պահակակետ մեկնելուց առաջ (պահակակետից վերադառնալուց հետո) զինաբուրգերից վերցնում են զենքը (զենքը տեղադրում են զինաբուրգ), իսկ հրացանների (կարաբինի) համար զինամթերքը ստանում են պահակապետից կամ նրա օգնականից:

106. Պահակախումբը մարտական փամփուշտներով ապահովվում է` յուրաքանչյուր ինքնաձիգի և ատրճանակի համար` երկուական լիցքավորված պահեստատուփով, յուրաքանչյուր կարաբինի համար` պահունակներում 30-ական փամփուշտ հաշվարկով:

107. Տնօրենի հրամանով պահակատանը ստեղծվում է մարտական փամփուշտների պաշար` յուրաքանչյուր ավտոմատի կամ կարաբինի համար 150-ական փամփուշտ, ատրճանակի համար 16-ական փամփուշտ հաշվարկով, որոնք պահվում են հերմետիկ տուփերով մետաղյա (ցինկե) արկղերի մեջ` պահակապետի սենյակում:

108. Պահակատանը պահվող միևնույն անվանակարգի փամփուշտները պետք է արտադրված լինեն նույն գործարանում և նույն տարում:

109. Մարտական փամփուշտների արկղը փակվում է կողպեքով, կնքվում է օբյեկտի շտաբի պետի (նրա պարտականությունները կատարող անձի կամ հաստիք նախատեսված չլինելու դեպքում` հաստիքային տեղակալի, ինժեների) անձնական համարային մետաղյա կնիքով և ընդգրկվում պահակապետի սենյակի գույքացուցակում:

110. Զինամթերքի արկղերի բանալիները և կնիքների ծեփապատճենները պահվում են պահակապետի մոտ` չհրկիզվող պահարանում:

111. Կնիքով կնքված զինամթերքի պաշարով արկղի պահեստային բանալին պահվում է ստորաբաժանման պետի մոտ:

112. Մարտական փամփուշտների պաշարը հաշվառվում է պահակախմբի մարտական փամփուշտների պաշարի հաշվառման մատյանում, որը պահվում է զինամթերքի հետ, նույն արկղում: Արկղում պետք է լինեն նաև զինամթերքը վերցնելու (դնելու) ակտը և չլրացված ձևաթուղթը, ինչպես նաև բացիչ` ցինկե տուփերը բացելու համար:

113. Պահակախմբերի հերթափոխի ժամանակ նոր պահակապետը պարտավոր է գերատեսչական պահպանության ստորաբաժանման զենքի պահասենյակը, եթե զենքի պահասենյակը գտնվում է պահակատանը, ընդունել ի պահ:

114. Արգելվում է զենքը պաշտոնեական պարտականությունների կատարման և պարապմունքների անցկացման հետ կապ չունեցող դեպքերում դուրս բերել օբյեկտի սահմաններից:

115. Ռազմականացված պահպանության ստորաբաժանման զենքի ու զինամթերքի առկայությունը և վիճակը ստուգվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

116. Զենքը լիցքավորվում է պահակակետեր գնալուց (մեկնելուց) առաջ, ինչպես նաև պահակախմբերը ստուգող անձանց ուղեկցելու համար:

117. Զենքը լիցքավորվում և լիցքաթափվում է պահակապետի կամ նրա օգնականի անմիջական հսկողությամբ, պահակատան մոտ հատուկ սարքավորված, լուսավոր գնդակորսիչ հարմարանք ունեցող տեղում, իսկ հերթափոխի համար մեքենաներով պահակակետեր ուղևորվելիս` պահակապետին տրված հրահանգում նշվող տեղերում, որոնք անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է սարքավորված լինեն գնդակորսիչ հարմարանքներով: Լիցքավորելիս և լիցքաթափելիս զենքի փողը պետք է ուղղված լինի վերև (45-60° անկյան տակ) և շրջակա բնակելի շենքերից ու պահպանվող օբյեկտներից հեռու: Եթե պահակատան մոտակայքում ու շրջապատում բնակելի և ծառայողական շենքեր կան, զենքի լիցքավորումը և լիցքաթափումը կարող է կատարվել պահակատանը, գնդակորսիչ հարմարանքով սարքավորված հատուկ տեղում: Զենքի լիցքաթափումը և զննումը կատարվում է պահակատուն վերադառնալուն պես` սահմանված տեղում:

118. Ատրճանակները լիցքավորվում են փամփուշտները ստանալուց հետո, իսկ լիցքաթափվում են պահակախմբի հերթափոխից հետո:

119. Ավտոմատը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով: Լիցքավորելուց առաջ ավտոմատը ստուգվում է (այդ ժամանակ հրահանը իջեցվում է) և դրվում պահպանակին: Պահեստատուփը միացնելուց հետո փակաղակի շրջանակը հետ չի տարվում:

120. Հրացանը (կարաբինը) լիցքավորվում է լրիվ լիցքավորված պահեստատուփով: Հրացանը (կարաբինը) լիցքավորելուց հետո փակաղակը դանդաղ փակվում է (ընդ որում, փամփուշտը փամփշտանոց չի մտցվում), պահպանակը հանվում է, հրահանը` իջեցվում և հրացանը (կարաբինը) դրվում է պահպանակին:

121. Ատրճանակը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով, լիցքավորելիս փակաղակը հետ չի տարվում: Լիցքավորելուց առաջ ատրճանակը դրվում է պահպանակին:

122. Օբյեկտների անմիջական պահպանության և պաշտպանության համար պահակախմբի կազմից կարգվում են ժամապահներ: Ժամապահներն օբյեկտների պահպանությունն իրականացնում են օբյեկտի արտաքին և ներքին ցանկապատերի միջև պարեկություն կատարելով, կամ ցանկապատի ներքին կողմի երկայնքով, եթե օբյեկտն ունի մեկ ցանկապատ, ինչպես նաև դիտաշտարակից դիտարկելով: Առանձին օբյեկտներ կարող են պահպանվել անշարժ ժամապահների միջոցով:

123. Ժամապահները շարժման երթուղիներով անցնում են ոտքով այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ապահովել օբյեկտի հուսալի պահպանությունը, կարճատև կանգառների ժամանակ զննում են տեղանքն ու ցանկապատերը և ծառայության կատարման մասին սահմանված ժամին կապի միջոցներով զեկուցում են պահակապետին:

124. Լավ տեսանելիության ժամանակ, եթե թույլ են տալիս տեղանքի պայմանները, ժամապահները կարող են օբյեկտը և դրա մատույցները դիտարկել դիտաշտարակներից:

125. Օբյեկտների պահպանությունը պարեկության եղանակով կազմակերպելիս, օբյեկտի ցանկապատից և տեղանքի պայմաններից ելնելով, ժամապահին որոշակի ժամանակահատվածում տվյալ օբյեկտի պահպանության և պաշտպանության համար հատկացվում է տեղամաս, ցերեկը` մինչև 2 կմ, գիշերը` մինչև 1 կմ, իսկ տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու համար ցերեկը` մինչև 3 կմ, գիշերը` մինչև 2 կմ: Վատ եղանակին (ուժեղ մառախուղ, անձրև, ձյուն) օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու համար օբյեկտի պետի հրամանով կարող են նշանակվել տրանսպորտային միջոցներով լրացուցիչ պահակայիններ: Լրացուցիչ պահակայինների ծառայության կատարման կարգը տվյալ դեպքում որոշում է օբյեկտի պետը:

126. Ժամապահներին օգնելու նպատակով յուրաքանչյուր պահակախմբում արթուն և հանգստացող պահակայինների հերթափոխերից կազմվում են պահեստային խմբեր, որոնք պահակախումբն «Ի զեն» կանչելու հրամանով պահակապետի կամ նրա օգնականի ղեկավարությամբ գործում են իրադրությունից ելնելով (ըստ մարտական հաշվարկի):

127. Ժամապահը փոխվում է երկու ժամը մեկ անգամ, կենտ կամ զույգ ժամերին` ինչի մասին նշվում է պահակակետերի տեղեկագրում:

128. Ժամապահի` պահակակետում մնալու ժամանակի տևողությունն առանձնահատուկ դեպքերում սահմանում է օբյեկտի պետը, սակայն այն չպետք է գերազանցի չորս ժամը և ինչի մասին պարտադիր պետք է արձակվի գրավոր հրաման` նշելով առանձնահատկությունը, ժամանակի տևողությունը:

129. Օդի ջերմաստիճանի -20° և ցածր լինելու դեպքում, իսկ քամու և սառնամանիքի ժամանակ չտաքացվող շենքերում արտաքին, ինչպես նաև ներքին պահակակետերի ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ անգամ: Օդի ջերմաստիճանը ստվերում +30° և ավելի լինելու ժամանակ ժամապահների հերթափոխը նույնպես կատարվում է ժամը մեկ անգամ: Նման դեպքերում ժամապահների հերթափոխի մասին ցուցում է տալիս օբյեկտի հերթապահը: Եթե ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ անգամ, ապա պահակապետը պահակակետերի տեղեկագրում նշում է, որ ժամապահները հերթափոխում են այսինչ ժամից սկսած` ժամը մեկ, իսկ այսինչ ժամից` երկու ժամը մեկ անգամ:

130. Պահակատան մուտքի մոտ ժամապահներ չեն կարգվում:

 

4. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ, ՀԵՐԹԱՓՈԽԸ ԵՎ ԺԱՄԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ

 

131. Պահակախմբի նախապատրաստումը կազմակերպում է ռազմականացված ստորաբաժանման պետը և իրականացնում անձամբ կամ իր տեղակալի (հաստիքային պահակապետի) միջոցով` օբյեկտի առանձնահատկությունից ելնելով անհրաժեշտ քանակությամբ ուսումնական տեղերով կահավորված պահակային ավանում կամ հրահանգավորման համար հատուկ սարքավորված տեղում: Նախապատրաստման համար ժամանակը սահմանում է օբյեկտի պետը, այն չպետք է գերազանցի 20 րոպեն:

132. Փոխարինումից 10 րոպե առաջ պահակախումբը պետք է պատրաստ լինի ծառայության և ընդունված պահակապետի ենթակայության ներքո: Այդ ընթացքում պահակապետը պարտավոր է`

1) մարտական փամփուշտները բաշխել անձնակազմին` բաշխման ցուցակի համաձայն, ստորագրությամբ, ստուգել պահեստատուփերի (պահունակների) լիցքավորման ճշտությունը.

2) ստուգել պահակախմբի անձնակազմը` ըստ պահակակետերի տեղեկագրի.

3) զննել զենքը.

4) ստուգել պահակախմբի անձնակազմի արտաքին տեսքը, հագուստը և հանդերձանքը.

5) ստորաբաժանման պետին (օբյեկտի հերթապահին) զեկուցել պահակախմբի պատրաստ լինելու մասին:

133. Պահակախումբը պահակային ավանից (հրահանգավորման համար հատուկ սարքավորված տեղ) դուրս է գալիս չլիցքավորված զենքով, պահեստատուփերը (պահունակները) պայուսակներում դրած (բացի ատրճանակներով զինված աշխատակիցներից) և պարտավոր է փոխարինման վայր ներկայանալ սահմանված ժամից ոչ ուշ, քան 5 րոպե առաջ:

134. Պահակախմբի փոխարինման նպատակն է ստուգել ծառայությունը կատարելու պահակախմբի պատրաստվածությունը, սահմանած նշանաբառով նոր պահակախմբին իրավունք վերապահել հերթափոխել հին պահակախմբերին:

135. Փոխարինման վայրն ու ժամը որոշում է ստորաբաժանման պետը, ընդ որում` այն 200 մ-ից չպետք է հեռու լինի պահակատնից:

136. Փոխարինումը կատարում է գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը: Փոխարինման համար անհրաժեշտ ժամանակը, որը չպետք է գերազանցի 15 րոպեն, սահմանում է ստորաբաժանման պետը:

137. Փոխարինումից հետո պահակախումբը գալիս է այն վայր, որտեղ հերթափոխվող պահակախումբն է տեղակայված: Պահակապետը պահպանվող օբյեկտի տարածքի մուտքի կամ պահակատան առջև, պահակապետի հրահանգում նշված հեռավորության վրա, կանգնեցնում է պահակախումբը, ներկայանում հերթափոխվող պահակախմբի պետին և հայտնում է հին նշանաբառը (նշանաբառը գրավոր փոխանցվում է նոր պահակապետին` օբյեկտի հերթապահի (կամ գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետը) կողմից փոխարինման ժամանակ): Մուտքի թույլտվություն ստանալուց հետո պահակապետն իր պահակախումբը շարում է պահակատան առջևի հրապարակում` դեմքով դեպի պահակատունը:

138. Փոխարինվող պահակապետը, համոզվելով, որ իրեն ներկայացված նշանաբառը ճիշտ է, դուրս է բերում իր պահակախումբը պահակատնից, այնտեղ թողնելով իր օգնականին, և պահակախումբը շարում է հրապարակում, փոխարինող պահակախմբի դիմաց` վեց-ութ քայլ առաջ (եթե տարածքը բավարարում է): Շարելուց հետո պահակապետերը, փոխարինող պահակապետից սկսած, հերթով տալիս են հրամաններ` «Պահակախումբ, ՀԱՎՍԱՐ», «ԶԳԱ՛ՍՏ»: Պահակապետերը հրամաններ արձակելով, ձեռքները գլխարկին մոտեցրած, գալիս են իրար հանդիման, միմյանց երկու-երեք քայլի վրա կանգ առնում և զեկուցում (առաջինը զեկուցում է նոր պահակապետը), օրինակ` «Պարո՛ն պահակապետ, փոխարինող պահակախումբը ներկայացել է հերթափոխի: Պահակապետ` Գրիգորյան», «Պարո՛ն պահակապետ, փոխարինվող պահակախումբը պատրաստ է հերթափոխի: Պահակապետ` Ղազարյան»: Զեկուցելուց հետո հրամայում են` «ԱԶԱՏ»:

139. Փոխարինող պահակապետն իր խումբը տանում է պահակատուն, իսկ փոխարինվողը` հրահանգում նշված տեղը, հրամայելով զենքերը զինաբուրգ դնել, առավել պատրաստվածներից մեկին իր փոխարեն թողնում է ավագ և մտնում պահակատուն:

140. Օդի ջերմաստիճանը -150-ից ցածր լինելու դեպքում, ինչպես նաև անձրևոտ և ցուրտ եղանակին ու մինչև ութ մարդ ունեցող պահակախմբերում փոխարինող պահակապետը փոխարինվողին ներկայանալուց և հին նշանաբառը նրան հայտնելուց հետո իր խումբը պահակատուն է տանում հերթափոխի, պահակախմբերի հերթափոխը կատարվում է պահակատանը` առանց սույն կետում շարադրված կանոնները պահպանելու, սակայն պահպանելով զենքի հետ վարվելու անվտանգության սահմանված կանոնները:

141. Ընդունող պահակախմբի անձնակազմը պահակատուն մտնելով, զենքը դնում է զինաբուրգում, որից հետո փոխարինվող և փոխարինող պահակապետերն իրենց օգնականներին հրամայում են հանձնել և ընդունել պահակատունը: Հանձնող պահակապետի օգնականը հանձնում, իսկ ընդունողի օգնականն ըստ ցուցակի ընդունում է պահակատունը, նրանում եղած սարքավորումները և գույքը: Պահակապետի օգնական չլինելու դեպքում պահակատան, սարքավորման և գույքի հանձնումը և ընդունումը կատարում է պահակապետը: Հանձնող պահակապետն ընդունողին տեղեկացնում է հանձնող պահակախմբի անձնակազմի ստացած բոլոր դիտողությունների ու ցուցումների մասին:

142. Կնիքների ծեփապատճեններն ընդունելուց հետո փոխարինող պահակապետը հրամայում է` «Առաջին հերթափոխ` ՇԱՐՎԻ՛Ր»: Այս հրամանով առաջին հերթափոխի պահակայինները վերցնում են զենքերը և շարվում մեկ տողանով` աջից ձախ` պահակակետերի հերթականությամբ:

143. Փոխարինող պահակապետը պահակայիններին հիշեցնում է յուրաքանչյուր պահակակետում ծառայության անցկացման առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով զենքի գործադրման կարգին, դուրս է բերում հերթափոխը պահակատնից և զենքի լիցքավորման հրապարակում շարելով` հրամայում. «Հերթափոխ, աջից մեկական` ԼԻՑՔԱՎՈՐԻ՛Ր»:

144. Սույն Կարգի 143-րդ կետում նշված հրամանով աջթևային պահակայինը մեկ քայլ առաջ է գալիս, ամրացնում է սվինը և լիցքավորում զենքը, իսկ պահակապետը ստուգում է զենքի լիցքավորման ճշտությունը: Զենքը լիցքավորելուց հետո պահակայինը զեկուցում է. «Զենքը լիցքավորված է և դրված պահպանակին», ինքնուրույն կանգնում է «Փոկին-Ա՛Ռ» դիրքով և մեկ քայլ հետ է կատարում: Նույնպիսի հաջորդականությամբ զենքը հերթով լիցքավորում են նաև մյուսները (առաջին հերթին պահակապետը` առաջին հերթափոխը կատարելիս):

145. Փոխարինող պահակապետը հրամայում է. «Հերթափոխ, իմ հետևից, ՄԱ՛ՐՇ», և հերթափոխն առաջնորդում է դեպի պահակակետեր:

146. Պահակատնից առաջին հերթափոխը հեռանալուց հետո պահակապետի օգնականը կատարում է պահեստային խմբերի մարտական հաշվարկ, խնդիրներ առաջադրում պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակումը կանխելու և հրդեհը մարելու դեպքերի համար (հաստիքային տեղակալ չունեցող պահակախմբերում մարտական հաշվարկը կատարում է պահակապետը` նախքան հերթափոխը տանելը):

147. Դեպի պահակակետեր և պահակակետերից պահակատուն հերթափոխերի շարժը կատարվում է մի շարասյունով: Պահակապետը գնում է շարասյան առջևից: Հանձնող պահակախմբի պահակապետը հետևում է ընդունող պահակախմբի պահակապետին` ձախ կողքից: Բոլոր հրամանները տալիս է ընդունող պահակախմբի պահակապետը:

148. Պահակախմբի հերթափոխի ընթացքում ընդունող պահակապետը հանձնողի հետ միասին իրականացնում է առաջին հերթափոխը, հանձնող պահակապետի ներկայությամբ շրջում է պահպանվող օբյեկտում և ստուգում լուսավորության, ցանկապատերի դռների (դարպասների) սարքինությունը, պահեստների պատուհանների, վանդակացանցերի և պատերի վիճակը, կողպեքների, էլեկտրալարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը, վերջիններիս համապատասխանությունը ծեփապատճեններին կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ սպառազինության և ռազմական տեխնիկայի) քանակին, ինչպես նաև պահպանության տեխնիկան, կապի, հրդեհի մարելու միջոցների ու պահակային հագուստի առկայությունը և վիճակը, որից հետո պահակատանը ցուցակով ընդունում է փաստաթղթերը, զինամթերքի արկղերը, վերջիններիս կնիքները և բանալիները, պահպանվող օբյեկտները բացելու թույլտվությունները, ինչպես նաև կապի և հրդեհը մարելու միջոցները, ինչի մասին գրառում է պահակակետերի կարգացուցակում:

149. Պահակատուն վերադառնալով և պահակապետի օգնականից զեկույց ընդունելով` պահակապետերը, առաջին հերթին` փոխարինվողը, ստորագրում են հանձնող պահակախմբի պահակակետերի կարգացուցակում, ընդ որում` ընդունող պահակախմբի պետն այդտեղ գրանցում է հերթափոխի ընթացքում հայտնաբերված (նկատված) բոլոր թերությունները:

150. Հերթափոխի մասին պահակապետերը հեռախոսով զեկուցում են ստորաբաժանման պետին կամ անձամբ ներկայանում նրան` զեկուցելու:

151. Բացի պահակախմբերի հերթափոխման առաջին հերթափոխից, որը պարտադիր իրականացնում է պահակապետը, հերթափոխերը պահակակետեր են ուղարկվում ինքնուրույն: Ընդ որում, հերթափոխը պահակակետեր ուղարկելուց առաջ, սահմանված կարգից բացի, պահակապետը պահակայիններին տալիս է հերթափոխի կնիքների ծեփապատճենների նմուշները, հայտնում է անցաթիվը, հերթափոխը դուրս է բերում պահակատնից, զենքը լիցքավորելու հրահանգ է տալիս, անձամբ ստուգում է դրա կատարման ճշտությունը: Հերթափոխումից հետո վերադառնալով պահակատուն` յուրաքանչյուր պահակային պահակապետին կամ նրա օգնականին զեկուցում է պահակակետի հանձնման մասին և պահակապետի կամ նրա օգնականի հսկողությամբ լիցքաթափում է զենքը:

152. Պահակախմբի հերթափոխումից հետո նախորդ պահակախմբի պետը հսկում է անձնակազմի` զենքի ու զինամթերքի հանձնումը, անձնակազմի հետ վերլուծում է անցկացված ծառայությունը և ներկայանում ռազմականացված պահպանության ստորաբաժանման պետին` պահակախմբի հերթափոխի, պահակակետի ցուցակում նշված պահակախմբի ստուգման արդյունքների մասին զեկուցելու և պահակակետերի տեղեկագիրը նրան հանձնելու:

153. Ինքնուրույն հերթափոխվելիս` ժամապահը, պահակայինի մոտենալու ժամանակ, պահանջում է անվանել թվային անցագիրը: Համոզվելով, որ տվյալ անձը ճիշտ է անվանել անցաթիվը, ժամապահը թույլատրում է նրան մոտենալ, ընդ որում` զենքը պետք է լինի «փոկին առ» դիրքում (կարաբինը` «ոտքին առ»):

154. Մոտենալով ժամապահին, պահակայինը ցույց է տալիս (բայց չի հանձնում) գերատեսչական պահպանության աշխատակցի ծառայողական վկայականը:

155. Համոզվելով, որ հերթափոխի` իրեն ներկայացված վկայականն իսկական է, ժամապահը հանձնում է պահակակետը, իսկ պահակայինն ընդունում է այն:

156. Ընդունելով պահակակետը` ժամանած պահակայինը փոխարինվող ժամապահին է փոխանցում կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները)` դառնալով ժամապահ, այնուհետև կապի միջոցներով պահակապետին է զեկուցում պահակությունն ընդունելու և հերթափոխի ժամանակ նկատված թերությունների մասին:

157. Ժամապահը պահակակետը հանձնում է բանավոր, այսինքն` ժամապահը, պահակակետի համարն ասելով, պահակակետն ընդունողին ցուցակով թվարկում է այն ամենը, ինչ ենթակա է պահպանության, ինչպես նաև` դիտարկման հատվածի առանձնահատկությունները, հարևան պահակակետերի ու պահակային շներով պահպանվող տեղամասերը և իրազեկում իր ծառայության ժամանակ պահակակետի շրջակայքում իր նկատածի մասին:

158. Փոխարինման եկած պահակայինը պարտավոր է փոխարինվող ժամապահի հետ շրջանցել պահակակետը և ստուգել լուսավորման, ցանկապատի, դռների (դարպասների) սարքինությունը, խրամատների, պահեստարանների (պահեստների), ճաղավանդակների և պատերի վիճակը, կողպեքների, լարափականների, կնիքների (կապարակնիքների) առկայությունն ու վիճակը և դրանց համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին), ինչպես նաև ՊՏՄ-ի, կապի, հրշեջ միջոցների և պահակակետային հագուստի առկայությունն ու վիճակը:

159. Պահակակետի հանձնման և ընդունման ժամանակ ինչ-որ անսարքություն հայտնաբերելու դեպքում դրա մասին զեկուցվում է պահակապետին, և մինչև նրա գալը հերթափոխը դադարեցվում է:

160. Վերադառնալով պահակակետից` պահակայինը պահակապետին կամ նրա օգնականին զեկուցում է պահակակետը հանձնելու մասին, որից հետո պահակապետի կամ նրա օգնականի հսկողությամբ լիցքաթափում է զենքը, այն դնում է զինաբուրգի մեջ, իսկ եթե հրացան (կարաբին) է` հանձնում է զինամթերքը:

 

5. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ի ԶԵ՛Ն» ՀՐԱՄԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ

 

161. Պահակախմբին «Ի զե՛ն» հրամայվում է հետևյալ դեպքերում`

1) պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների հերթափոխի կամ պահակատան վրա հարձակման դեպքում.

2) տագնապ հայտարարվելիս.

3) պահպանվող օբյեկտում կամ պահակատանը հրդեհ առաջանալու կամ արտակարգ իրավիճակի սպառնալիքի դեպքերում.

4) ՊՏՄ-ի հանկարծակի խափանման ժամանակ.

5) պահակախումբը ստուգող անձանց հրամանով:

162. Պահակապետի «պահակախումբ` «Ի զեն (հարձակում պահակատան վրա, հարձակում պահակակետի վրա, հրդեհ պահակատանը, հրդեհ պահակակետում, տարերային աղետ)» հրամանով անձնակազմը գործում է համաձայն մարտական հաշվարկի:

 

6. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԲՅԵԿՏԻ, ՊԱՀԱԿԱԿԵՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՌԻՍԿԻ ԴԵՊՔՈՒՄ

 

163. Պահակախմբի անձնակազմի և ժամապահի` օբյեկտները, պահպանվող պետական և այլ գույքը` ոտնձգություններից պաշտպանելու գործողությունները պետք է լինեն վճռական, նպատակաուղղված` իրենց և գերատեսչական պահպանության այլ աշխատակիցների նկատմամբ անօրինական գործողություններ թույլ չտալուն, հարձակվողներին ձերբակալելուն կամ չեզոքացնելուն:

164. Պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների հերթափոխերի կամ պահակատան վրա հարձակվելու դեպքում պահակապետը «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածով սահմանված կարգով զենք է գործադրում անձամբ կամ պահակախմբի կազմով:

165. Զենքի գործադրումից առաջ պետք է այդ մասին նախազգուշացնել:

166. Ըստ Օրենքի` առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, թռչող սարքերի օգտագործմամբ հարձակվելու ժամանակ:

167. Հարձակման մասին պահակապետն անմիջապես զեկուցում է օբյեկտի հերթապահին և գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետին: Անհրաժեշտության դեպքում պահակապետը բացում է մարտական փամփուշտների, նռնակների և բռնկիչների պահեստային արկղերը: Հետագայում զինամթերքն արկղերից հանելու վերաբերյալ կազմվում է ակտ:

168. Պահակապետի` պահակայինների արթուն հերթափոխի հետ օբյեկտների պաշտպանությունը կազմակերպելու և պահպանությունն ուժեղացնելու նպատակով մեկնելու դեպքում պահակատանը մնում է պահակապետի օգնականը:

169. Երկրորդ պահեստային խումբն ուղարկելու անհրաժեշտության դեպքում պահակապետի օգնականն ընդունված որոշման մասին զեկուցում է օբյեկտի հերթապահին և ուղեկցում մյուս խմբին: Այդ դեպքում պահակատանը մնում է պահակներից մեկը` պահակատունը, զենքն ու զինամթերքը պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև կապ պահպանելու համար:

170. Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող անձինք իրավունք ունեն զենք գործադրել Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

171. Զենքի կիրառման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձին ցուցաբերվում է առաջին օգնություն: Զենքի կիրառման հետևանքով վիրավորման կամ մահվան յուրաքանչյուր դեպքի մասին օբյեկտի պետը սահմանված կարգով անմիջապես հայտնում է կայազորի զինվորական դատախազին:

172. Ազդանշանային միջոցների կեղծ ազդարարման դեպքում (երբ տագնապի ազդանշանը հնչել է ՊՏՄ-ի անսարքության հետևանքով) պահակապետն ազդանշանային սարքերի նորոգման կարիք ունեցող տեղամասերում միջոցներ է ձեռնարկում անսարքությունը վերացնելու համար և այդ մասին զեկուցում օբյեկտի հերթապահին ու ստորաբաժանման պետին:

173. Հակաօրինական գործողությունների չենթարկված պահակակետերի ժամապահները, անհրաժեշտության դեպքում, չթուլացնելով զգոնությունը, իրենց օբյեկտների (տեղամասերի) դիտարկումը, օգնում են հարևան պահակակետերի ժամապահներին` պաշտպանելու օբյեկտը և բռնելու (ձերբակալելու) օրինախախտին:

174. Պահպանվող օբյեկտում կամ պահակատանը բռնկված հրդեհի մարումը պահակապետը կազմակերպում է պահակախմբի ուժերով, միաժամանակ ահազանգում «911» ծառայություն, միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար: Կատարվածի մասին անհապաղ զեկուցում է օբյեկտի հերթապահին:

175. Պահպանվող օբյեկտի տարածքում կամ արտաքին և ներքին ցանկապատեր չունեցող օբյեկտում, ինչպես նաև նրա շրջակայքում հրդեհ առաջանալու դեպքում պահակապետը զեկուցում է ստորաբաժանման պետին և գործում վերջինիս ցուցումներով:

176. Պահպանվող օբյեկտում արտակարգ իրավիճակի սպառնալիքի դեպքում պահակապետը զեկուցում է «911» ծառայություն և միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար:

177. Հրդեհի կամ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում պահակապետը ժամապահներին հրամայում է փոխադրվել անվտանգ տեղեր, որտեղից կարելի է շարունակել պահպանվող օբյեկտի վերահսկողությունը, իսկ վտանգն անցնելուց հետո նրանց կարգում է իրենց նախկին տեղերում:

 

7. ՊԱՀԱԿԱՏԱՆ ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՊԱՀԵՍՏՆԵՐ) ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

178. Պահակապետն անարգել թույլատրում է պահակատուն այն անձանց, որոնց ենթակա է պահակախումբը և նրանց ուղեկցողներին: Մյուս անձանց մուտքը նա թույլատրում է ժամանողի անձը հաստատող փաստաթղթերով պարզելուց և մուտքի թույլտվությունն ստուգելուց հետո: Ժամանողների` պահակատուն գալու մասին զեկուցում է պահպանվող օբյեկտի (պահեստի) հերթապահին:

179. Սխալ ձևակերպված փաստաթղթերով անձանց պահակապետը պահում է, նրանց մասին անհապաղ զեկուցում ստորաբաժանման պետին, այնուհետև գործում նրա ցուցումով:

180. Ծառայողական անհրաժեշտությամբ` կապի, ազդարարման, լուսավորության, ջեռուցման միջոցների տեղադրմանը (տեղակայմանը), նորոգմանը, ինչպես նաև տնտեսական հարցերի լուծմանն առնչվող գործերով եկած անձինք, պահակատուն մուտք են գործում (թողնվում) գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի մուտքի թույլտվությամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

181. Պահակատուն մտնելու յուրաքանչյուր մուտքի թույլտվության վերաբերյալ պահակապետը գրառում է պահակակետերի տեղեկագրում: Մուտքի թույլտվությունը ձևակերպվում է Տնօրենի կողմից հաստատված` ՀՀ ՆԳՆ ՓԾ վարչական տարածքներ մուտք գործելու անցագրի տրամադրման ձևով:

182. Պահակախմբի հերթափոխի ժամանակ որևէ մեկին չի թույլատրվում գերատեսչական պահպանության պահակախմբի կողմից պահակատուն և պահպանվող օբյեկտներ (պահեստներ) մուտք գործել, բացի ստուգելու համար ժամանած անձանցից:

183. Պահակապետը գերատեսչական պահպանության կողմից պահպանվող օբյեկտի (պահեստներ) մուտքի թույլտվություն տալիս պարտավոր է`

1) ներկայացվող մուտքի թույլտվությունը համեմատել պահակատանը գտնվող համապատասխան նմուշի հետ և ստուգել անձը հավաստող փաստաթուղթը.

2) համեմատել ժամանողի անվան, ազգանվան և պաշտոնի համապատասխանությունը պահակատանը գտնվող ցուցակին.

3) համեմատել ներկայացված կնիքը (կնքված առանձնատիպը) պահակատանը գտնվող ծեփապատճենի (կապարակնիքի դրոշմվածքի) հետ:

184. Պահպանվող օբյեկտի (պահեստի) բացման և փակման մուտքի թույլտվությունը ձևակերպելու ընթացքում այդ նպատակով ժամանած անձը սպասում է պահակատան նախամուտքում, պահակատան սենյակներ նրան մտնել չի թույլատրվում:

185. Ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնիքը (կնքված առանձնատիպը) ճիշտ լինելու դեպքում պահակապետն անձամբ կամ իր օգնականին հրամայում է ժամանած անձին թույլ տալ պահպանվող օբյեկտը (պահեստը) բացել: Ներկայացված մուտքի թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:

186. Պահակախմբի հերթափոխումից հետո մեկանգամյա մուտքի թույլտվությունը հանձնվում է պահակակետերի տեղեկագրի հետ միասին, իսկ մշտական մուտքի թույլտվությունը ներկայացնողին է վերադարձվում պահպանվող օբյեկտը (պահեստը) փակելուց հետո:

187. Պահակապետը թույլատրում է պահպանվող օբյեկտներ (պահեստներ) մտնել այն պահանջների ճիշտ կատարման պայմանով, որոնք նշված են պահակակետերի ցուցակում:

188. Հրավտանգ օբյեկտներ (պահեստներ) թույլատրվում է մտնել հատուկ կոշիկներով, առանց նավթավառների, հրազենի և սառը զենքի, չի թույլատրվում ծխել և բռնկվող պարագաներ օգտագործել, որոնց մասին նույնպես նշվում է պահակակետերի ցուցակում:

189. Օբյեկտը բացելիս և փակելիս պահակապետն այդ մասին գրառում է պահակակետի տեղեկագրում: Օրինակ` «2016 թվականի, հունիսի 12-ին օրը, ժամը 16.30-ին, N 4 թույլտվության համաձայն օբյեկտը (պահեստը) բացվել է (փակվել է), ՊՏՄ-ն անջատվել են (միացվել են)», և օբյեկտը (պահեստը) բացելու (փակելու) եկած անձի հետ միասին ստորագրում է գրառման տակ:

190. Եթե որևէ պահպանվող օբյեկտ (պահեստ) մինչև պահակախմբերի հերթափոխը պահպանության չի հանձնվել, այդ մասին ևս պահակակետերի նոր տեղեկագրում կատարվում է գրառում, որի տակ ստորագրում են հանձնող և ընդունող պահակապետերը, իսկ մուտքի թույլտվությունը հանձնվում է ընդունող պահակապետին:

191. Պահակապետը պահպանվող օբյեկտ (պահեստ), պահակատուն չի թողնում մտնել այն անձին`

1) ով ժամանել է մուտքի թույլտվության մեջ նշված ժամկետին չհամապատասխանող ժամանակ կամ առանց անձը հաստատող փաստաթղթի.

2) ով ժամանել է ցուցակում կամ մուտքի թույլտվությունում նշված անձի փոխարեն.

3) որի մուտքի թույլտվության կամ անձը հաստատող փաստաթղթում առկա են անհամապատասխանություններ, ինչպես նաև կնիքը ծեփապատճենին (կնքված առանձնատիպը կապարակնիքի դրոշմվածքին) կամ մուտքի թույլտվությունը նմուշին չեն համապատասխանում:

192. Սույն կարգի 191-րդ կետում թվարկված դեպքերում պահակապետը զեկուցում է ստորաբաժանման պետին, գործում նրա ցուցումով, այնուհետև այդ մասին գրառում է պահակակետերի տեղեկագրում:

 

8. ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

193. ՀՀ ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի հանձնարարությամբ պահակախմբերը ստուգելու համար ժամանած անձինք ստուգումը կատարում են գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանման պետի ուղեկցությամբ, ընդ որում` ստուգելով նրանց անձնական վկայականը:

194. Վերադաս պետերի հանձնարարությամբ պահակախումբը ստուգելու համար եկած անձանց պահակապետը թույլ է տալիս պահակատուն մտնել միայն գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի ուղեկցությամբ:

195. Տնօրենի հանձնարարությամբ ստուգման եկած սպաները կարող են պահակախումբը ստուգել ստորաբաժանման պետի, պահակապետի, պահակապետի օգնականի ուղեկցությամբ:

196. Պահակախմբերի ստուգումն իրականացվում է` որոշելու.

1) պահակախմբի մարտական պատրաստականության վիճակը, պահակախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների իմացությունը և դրանք գործնականում կիրառելու կարողությունը.

2) պահակատան և պահակակետերի սարքավորվածությունը սահմանված պահանջներին համապատասխան, պահպանության, կապի, լուսավորության, տեխնիկական միջոցների սարքինությունը.

3) օբյեկտում սահմանված անցագրային ռեժիմի պահպանումը.

4) ներքին կարգուկանոնի վիճակը, զենքի ու զինամթերքի պահպանման կարգը, սահմանված փաստաթղթերի ձևակերպման և պահակակետերի տեղեկագրի վարման որակը:

197. Պահակախումբը կարող են ստուգել ՀՀ ՆԳՆ ՓԾ պաշտոնատար անձինք: Պահակախումբը ստուգելու համար Տնօրենը տալիս է մեկանգամյա վկայական: Մեկանգամյա վկայականում նշվում է` ում է այն տրված, հատկապես որ պահակախմբի ստուգման համար և ինչ ժամկետում այն պետք է կատարվի: Վկայականի գործածության ժամկետի ավարտից հետո այն հանձնվում է օբյեկտի շտաբ: Պահակախումբն առանց մեկանգամյա վկայականի ստուգել թույլատրվում է սույն Կարգի 195-րդ կետում թվարկված անձանց և նրանց կողմից ուղեկցվող անձանց:

198. Ժամապահների ծառայությունը ստուգող անձանց ուղեկցում են պահակապետը կամ նրա օգնականը` մեկ կամ երկու զինված պահակայինների հետ:

199. Ժամապահների ծառայությունը ստուգելիս, ինչպես նաև պահակակետ կանչվելու դեպքում պահակապետը (օգնականը) գալիս է մեկ կամ երկու զինված պահակայինների ուղեկցությամբ:

200. Ժամապահների ծառայությունը ստուգող անձինք (բացի նրանից, ում ժամապահները ենթարկվում են) ժամապահներին դիտողություն չեն անում, նկատված թերությունների մասին նրանք ցուցումներ են տալիս ուղեկցող անձանց: Ստուգողները ստուգման արդյունքները և իրենց ցուցումները գրի են առնում պահակակետի տեղեկագրում:

201. Ժամապահների ծառայությունը ստուգելիս պահակակետի և նրա մատույցների հսկողությունն ուժեղացնելու համար պահակապետը (օգնականը) ներգրավում է ուղեկցող պահակայինին:

202. Արգելվում է ժամապահների ծառայությունը ստուգել պահակակետին գաղտնի մոտենալով, ժամապահի զենքը խլել փորձելով և այլ ճանապարհներով:

 

9. ՊԱՀԱԿԱՏԱՆ ԳՈՒՅՔԸ

 

203. Պահակատունը բաղկացած է`

1) ընդհանուր սենյակից.

2) պահակապետի (և նրա օգնականի) սենյակից, որն ապակեպատ դռնով միացած է ընդհանուր սենյակին.

3) հանգստի սենյակից, որը դռնով միացած է ընդհանուր սենյակին:

204. Պահպանվող օբյեկտում գերատեսչական պահպանության ստորաբաժանման զենքի ու զինամթերքի պահպանման առանձին կահավորված վայր չլինելու դեպքում պահակատանը սարքավորվում է զենքի պահասենյակ` սահմանված կարգով:

205. Պետք է լինեն կերակուրը տաքացնելու սարքավորմամբ ճաշարան (սենյակ, սրահ), լվացվելու, ծխելու (ցանկապատից ներս սարքավորված ծխարան), զենքը և կոշիկները մաքրելու տեղեր, չորանոց, կենցաղային անկյուն, զուգարան (դրսի զուգարանի դեպքում` ցանկապատի ներսում, պահակատնից 40 մ հեռու), վառելիքի պահեստարան:

206. 25-ից պակաս անձնակազմ ունեցող պահակախմբերի պահակատները կարող են ճաշարան չունենալ: Այս դեպքում տեղ է հատկացվում ամանեղենի, մթերքի և կերակուր տաքացնելու համար:

207. Պահակատանը, որի օբյեկտների մեծ մասը սարքավորված են ՊՏՄ-ով, պետք է լինի ՊՏՄ-ի գծով պահակապետի օգնականի (օպերատորի) կառավարման սենյակ: Ընդ որում, ՊՏՄ-ի ազդանշաններն ընդունող սարքավորման վահանակը պետք է երևա պահակապետի սենյակից:

208. Պահակապետի սենյակում պետք է լինեն`

1) պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ, պահակակետերի տեղեկագիր.

2) պահակապետի հրահանգը.

3) թույլատրագրերի և անցագրերի նմուշները` դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց թվով և նրանց ստորագրությամբ.

4) պահակախմբի ստուգման իրավունքի մեկանգամյա վկայականի նմուշը.

5) կնիքների ծեփապատճենների (կապարակնիքների տպվածքների) նմուշները` վավերացված օբյեկտի պետի ստորագրությամբ ու կնիքով.

6) պահակային շների վերակարգի մատյանը (անհրաժեշտության դեպքում).

7) պահակապետի ընդունելիք փաստաթղթերի ցուցակը.

8) պահակախմբի զենքի ու զինամթերքի բաշխման ցուցակը.

9) պահակատանը գտնվող սարքավորումների, գույքի և ունեցվածքի ցուցակը.

10) հերթափոխի մետաղանիշները` ըստ պահակակետերի թվի.

11) այն պաշտոնատար անձանց ցուցակը, ովքեր իրավունք ունեն բացելու օբյեկտները (ցուցակում նշվում է նրանց կոչումը, պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի (անցագրի) համարը, որ օբյեկտն է թույլատրվում բացել (փակել), ինչ կնիքով (կապարակնիքով) է կնքվում օբյեկտը.

12) պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման փոխգործողությունների կազմակերպման վերաբերյալ քաղվածքը` պահպանության ու պաշտպանության պլանից.

13) մարտական փամփուշտների պաշարը` երկաթյա արկղում, որը կողպեքով փակում է և կնքում ստորաբաժանման պետը (նրա պարտականությունները կատարող անձը կամ հաստիք նախատեսված չլինելու դեպքում` հաստիքային տեղակալը).

14) պահակապետի կնիքով կնքված, բանալիով փակվող չհրկիզվող կամ մետաղյա պահարան (արկղ)` հսկիչ-անցագրային կետերում պաշտոնեական պարտականությունները կատարող աշխատակիցների ատրճանակների համար.

15) ուղիղ կապ (հեռախոս)` պահակակետերի հետ.

16) գրենական պիտույքներ, ջրաման և բաժակներ, բանալիով փակվող դարակով սեղան և երկու աթոռ, կախիչ, մարտկոցավոր լապտեր, կիսափափուկ թախտ:

209. Պահակապետի փաստաթղթերը սահմանված կարգով հաշվառվում են օբյեկտի շտաբում, պահվում են առանձին թղթապանակում (ֆայլային թղթապանակում): Նույն փաստաթղթերի երկրորդ հաշվառված օրինակը պահվում է գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի մոտ` մետաղյա արկղում (սեյֆում):

210. Ընդհանուր սենյակում պետք է լինեն` պահակակետերի ցուցակը, ծառայությունը պատկերող պլակատներ, շախմատ ու շաշկի, թերթեր և ամսագրեր, ժամացույց, ջերմաչափեր` ներսի և դրսի, բժշկական դեղարկղ և վիրակապման անհատական փաթեթներ` ամբողջ անձնակազմի համար, բժշկական պատգարակ, պահարան` պահակային անձնակազմի անձնական հիգիենայի պարագաների ու անձնական իրերի համար, սեղան ու աթոռներ` արթուն հերթափոխի համար, կախիչ` ամբողջ պահակախմբի վերնահագուստի և պահակային համազգեստի երկրորդ լրակազմի համար, աղբաման:

211. Թույլատրվում է պահարանն ու կախիչը տեղադրել (դնել) մյուս սենյակներում (միջանցքում)` ըստ պահակատան հարմարության: Պահակային անձնակազմի ընդհանուր սենյակում, բացի այդ, կարելի է տեղադրել հեռուստացույց և ռադիոընդունիչ:

212. Գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանման զենքի պահասենյակում պետք է լինեն` զինաբուրգեր` զենքի համար և մետաղյա պահարաններ (արկղեր)` ատրճանակների ու զինամթերքի համար, գույքացուցակ, զենքի և զինամթերքի բացթողման մատյան, զենքի և զինամթերքի զննման (ստուգման) մատյան, քաղվածք ՀՀ քրեական օրենսգրքից` զենքի ու զինամթերքի հափշտակման համար պատասխանատվության վերաբերյալ (փակցվում է մուտքի դռան աջ կամ ձախ մասում, 32x42 սմ չափսի վահանակի վրա):

213. Հանգստացող հերթափոխի սենյակում պետք է լինեն կիսափափուկ թախտեր` գլխամասում ծածկոցներով` նախատեսված մեկ հերթափոխի, պահակապետի օգնականի և վարորդի միաժամանակյա հանգստի համար, ինչպես նաև սենյակը պետք է ունենա հերթապահ կապույտ լուսավորություն, իսկ սենյակի պատուհանների վրա կախված լինեն սև լուսաքողարկիչ վարագույրներ:

214. Ճաշարանում (ճաշասրահում) պետք է լինեն` սեղաններ և աթոռներ (աթոռակներ)` պահակախմբի կազմի 2/3-ի չափով, սպասքապահարան և սառնարան` մթերքը պահելու համար, ամանեղենի և սեղանի պարագաների լրակազմ` պահակային ամբողջ անձնակազմի համար, խմելու ջրի` կողպեքով փակվող բաք կամ ջրատար ցանցին միացված աղբյուր, էլեկտրական կամ գազօջախ` սնունդը տաքացնելու համար, ջրատաքացուցիչ կամ թեյնիկ` ջուր եռացնելու համար, լվացարանակոնք` ամանները լվանալու համար:

215. Կառավարման սենյակում պետք է լինեն` հայտնաբերման օբյեկտային և պարագծային միջոցներից, դիտարկման տեխնիկական միջոցներից ստացվող տեղեկությունների հավաքման ու մշակման սարքավորումներ, պահակապետի` ՊՏՄ-ի գծով տեղակալի (օպերատորի) փաստաթղթերը` հրահանգներ (ցուցումներ օբյեկտները պահպանության ընդունելու և հանձնելու կարգի, սարքավորումները վերահսկելու, ինչպես նաև ՊՏՄ-ը գործարկելու կամ անջատելու դեպքում գործողությունների առանձնահատկությունների վերաբերյալ), ՊՏՄ-ով սարքավորված օբյեկտների ցանկը (պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, բացման և փակման ժամը), ՊՏՄ-ի գործառման վերահսկողության մատյանը (օբյեկտի անվանումը, օբյեկտի` պահպանության ընդունման և հանձնման ժամը, տեղակայված միջոցների տեխնիկական վիճակը, դրանց գործառման ստուգման ժամը և նշում` վիճակի մասին, ՊՏՄ-ի գործարկման ժամանակն ու վայրը և ձեռնարկված միջոցները), օբյեկտում տեղակայված տեխնիկական միջոցների շահագործման ուղեցույցը, սեղան և աթոռներ, գրենական պիտույքներ:

216. Ծխելու, զենքի և կոշիկի մաքրման տեղերում պետք է լինեն` սեղան` զենքը մաքրելու համար, մետաղյա արկղ` լաթերի համար, նստարաններ, աղբամաններ, ջրամաններ, կոշիկի մաքրման պարագաներ:

217. Պահակային բոլոր փաստաթղթերը օբյեկտի շտաբում պետք է սահմանված կարգով ձևակերպվեն և հաշվառվեն, իսկ պլակատները` շրջանակվեն:

218. Յուրաքանչյուր սենյակի պատին փակցվում է տվյալ սենյակի գույքացուցակը, դռան բացվելու կողմի ետնամասում` հատակից 150 սմ բարձրությամբ:

219. Պահակատունն ապահովվում է սենյակների թվին համապատասխան` լույսի պահեստային աղբյուրներով: Պահակատանը (դրսում) կահավորվում է հրշեջ վահանակ` ըստ սահմանված նորմերի:

220. Վառելիքի, լուսավորման միջոցների անհրաժեշտ պաշարը և գույքը պահվում են վառելիքի պահեստարանում:

221. Պահակատունը սարքավորվում է`

1) լուսային և ձայնային ազդարարիչներով, որոնք օգտագործվում են պահակատան և օբյեկտների վրա հարձակման դեպքում.

2) պահեստային ելքերով` պահեստային խմբերի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար.

3) պահակատան մուտքի առջև պատրաստվում է նախամուտք (կամ դռնափեղկ), որը բացառում է պահպանվող օբյեկտը բացելու (փակելու) եկած անձանց մուտքը պահակատուն.

4) պահակատան պատուհանների` ներսից փակվող (հանվող) ճաղավանդակներով:

222. Պահակատան մուտքի դուռը, պահեստային դռները և տամբուրի ներքին (ներսի) դուռը ներսից սարքավորվում են հուսալի փականներով և դիտանցքով:

223. Պահակատանը հարող տարածքը պետք է ունենա 2 մ ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ:

224. Պահակատան ցանկապատի դռան (դռնակի) վրա տեղադրվում է կանչի և խոսակցական հարմարանք` պահակապետի հետ կապ պահպանելու և կանչելու համար:

225. Տնօրենի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի հրամանով պահակատանը հարող տարածքում սարքավորվում են կրակային դիրքեր, կազմակերպվում են կրակի համակարգն ու փոխգործողությունները` օբյեկտների և պահակատան վրա հարձակման դեպքում պահակատունը և օբյեկտները պաշտպանելու համար:

226. Պահակատան մուտքի առջև պետք է լինի կոշիկ մաքրելու հարմարանք (մետաղյա ցանցեր կամ ճամբարային եռոտանի երկաթակապեր): Պահակատան մոտակայքում դրվում է կափարիչով աղբարկղ` աղբը հավաքելու և նախքան պահակախմբերի հերթափոխը պահակապետի հանձնարարությամբ սահմանված տեղում թափելու համար:

227. Պահակատան առջև պահակախումբը շարելու և զենքը լիցքավորելու համար պատրաստվում են հրապարակներ, ինչպես նաև հերթափոխվող պահակային անձնակազմի համար տեղ, որտեղ տեղադրվում է նաև զինաբուրգ: Դրանք օրվա մութ ժամերին պետք է միշտ լուսավորվեն:

228. Փոխադրամիջոց ունեցող պահակատանը նախատեսվում է նաև կայանատեղ:

 

10. ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

229. Պահպանվող օբյեկտների տարածքը պետք է շրջափակվի ցանկապատով (քարից, փայտից, փշալարից, մետաղալարից և այլն):

230. Պայթուցիկ նյութեր, զինամթերք, վառելիք պարունակող մյուս կարևոր օբյեկտների տարածքները պետք է ունենան 2 մ ոչ պակաս բարձրությամբ դրսի և ներսի ցանկապատեր` միմյանցից 15 սմ ոչ ավելի հեռավորությամբ փշալարերով:

231. Ցանկապատերի միջև տարածությունը որոշվում է տեղի պայմաններից ելնելով: Այստեղ ստեղծվում է ժամապահների, ՊՏՄ-ի օպերատորի տեղաշարժման համար անցնելու արահետ, դրսի ցանկապատին հարող 5 մ-ից ոչ պակաս լայնությամբ ստուգիչ գոտի, ըստ անհրաժեշտության նաև ավտոճանապարհ` առնվազն 4 մ լայնությամբ:

232. Օբյեկտի մատույցների հուսալի հսկողության համար ցանկապատերի միջև (դրսի ցանկապատի մոտ) կարող են տեղադրվել կապի, ազդարարման միջոցներ, լուսարձակներ և դիտաշտարակներ:

233. Դիտաշտարակի տակ օբյեկտի պետի որոշմամբ փորվում են շրջանաձև կրակելու հնարավորությամբ խրամատներ:

234. Պահակակետը սարքավորվում է կապի միջոցներով (երկու կետից ոչ պակաս, իսկ օբյեկտները պարեկային եղանակով պահպանելիս` շարժման յուրաքանչյուր 250 մետրը մեկ)` պահակապետին կամ նրա օգնականին անհրաժեշտության դեպքում անհապաղ կանչելու համար:

235. Տնօրենի հրամանով օբյեկտներում կարող են ստեղծվել ինժեներական առումով հատուկ կահավորված դիտաշտարակներ:

236. Սպառազինության ու զինամթերքի պահեստների պահպանության պահակակետերը սարքավորվում են առնվազն երկու ցանկապատով` պատնեշման ինժեներական միջոցների լրացուցիչ տեղադրման հնարավորությամբ, ինչպես նաև տվյալ կարգի օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով` դրանց վրա տեղադրվում են ՊՏՄ:

237. Դժվարմատչելի տեղամասերում և օրինախախտների տեղաշարժման առավել հավանական ուղղություններում նախատեսվում են պահակային շներով պահպանվող պահակակետեր:

238. Պահպանվող օբյեկտի ցանկապատերին դրսից փակցվում են միմյանցից 25-50 մ հեռավորությամբ տեսանելի 40x60 սմ չափսի ցուցանշաններ, օրինակ` «Անցումն արգելվում է (փակ է)»: Շրջանցումը ցույց է տրվում սլաքով:

239. Պահակակետերի տարածքում ժամապահների համար, տեղի պայմաններին համապատասխան, պետք է հնարավորին չափ մեծ (50 մետրից ոչ պակաս) տեսադաշտ և գնդակոծման տարածք ապահովվի: Դրա համար պահակակետի շրջակայքի թփերը պետք է վերացնել, ծառերը` հատել, մինչև 2,5 մ բարձրությամբ ճյուղերը կտրատել, խոտը` հնձել, ավելորդ առարկաները հավաքել:

240. Արգելված սահմանը, որից մոտ կողմնակի անձանց արգելվում է մոտենալ պահակակետին, նշվում է ցերեկը, գիշերը և վատ տեսանելիության պայմաններում` ժամապահի համար տեսանելի ցուցանշաններով:

241. Գիշերը պահակակետերի մատույցները և օբյեկտը պետք է լուսավորվեն: Լուսավորումն իրականացվում է այնպես, որ ժամապահը և՛ կանգնած, և՛ շարժվելիս միշտ ստվերում լինի:

242. Մի քանի պահակակետ ունեցող օբյեկտների տարածքում յուրաքանչյուր պահակակետի սահման նշվում է սահմանված նմուշի ցուցանշանով, օրինակ` «N 2 պահակակետի սահման»:

243. Հսկիչ-անցագրային կետում, մուտքի դարպասներ չլինելու դեպքում, պետք է լինի ժամապահին հանկարծակի հարձակումից պաշտպանող արգելափակոց, իսկ անհրաժեշտության դեպքում` փոխադրամիջոցի հարկադիր կանգնեցման համար նախատեսված տարբեր միջոցներ:

244. Յուրաքանչյուր պահակակետ (օբյեկտ) պետք է կահավորվի սահմանված քանակով հրշեջ վահանակներով:

245. Պահակակետի ծածկասունկը ներկվում է պահպանվող օբյեկտի կամ տեղանքի գույնով:

 

11. ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ ՊԱՀԱԿԱԽՄԲՈՒՄ

 

246. Առանց պահակապետի թույլտվության պահակախմբի անձնակազմից ոչ ոք իրավունք չունի լքել պահակատունը: Պահակախմբի անձնակազմը պահակապետի թույլտվությամբ կարող է ըստ հերթափոխերի արձակվել` սնվելու, եթե օբյեկտի տարածքում կա օբյեկտի աշխատակիցների համար նախատեսված ճաշարան` զինամթերքը պարտադիր թողնելով պահակատանը:

247. Պահակատանը պետք է պահպանվի մաքրություն և կարգուկանոն: Թույլատրվում է ականջակալներով ունկնդրել ռադիոհաղորդում, կարդալ, գրել, շախմատ ու շաշկի խաղալ: Ծխել և կոշիկ մաքրել թույլատրվում է միայն դրանց համար հատկացված տեղերում:

248. Թույլատրվում է պահակատանը հեռուստացույց տեղադրել և հեռուստածրագրեր դիտել պահակապետի հրահանգով սահմանված ժամերին` չխանգարելով պահակախմբի ծառայությանը և հանգստացող հերթափոխի քնելուն:

249. Պահակատանը պահակախմբի անձնակազմի զենքերը պահվում են ընդհանուր սենյակում, զինաբուրգերում, որոնք սարքավորվում են պահակապետի սենյակին միացված լուսային և ձայնային ազդանշանիչներով: Զինաբուրգի դռները կողպեքով չեն փակվում:

250. Ավտոմատները և գնդացիրները զինաբուրգում են դրվում առանց պահեստատուփերի, փակաղակներն առաջ քաշված, հրացանները (կարաբինները)` չլիցքավորված, իջեցված հրահաններով: Ավտոմատների լիցքավորված պահեստատուփերով (հրացանները` պահունակներով) պայուսակները, սվին-դանակով պատյանները չեն հանվում գոտփոկերից:

251. Մարտական փամփուշտների սահմանված պաշարը պահվում է կողպեքով փակված երկաթյա արկղում, պահակապետի սենյակում:

252. Պահակային անձնակազմին թույլատրվում է պահակատանը մնալ առանց գլխարկների և դաշտային տաք բաճկոնների: Հանված դաշտային տաք բաճկոնները պետք է կախվեն կախիչներից:

253. Պահակային անձնակազմի հանգիստը կազմակերպում է պահակապետը:

254. Առանց կոշիկների, չհանելով հագուստն ու հանդերձանքը, արձակելով միայն օձիքը և թուլացնելով գոտին թույլատրվում է պառկած հանգստանալ (քնել)`

1) պահակապետին` ոչ ավելի, քան 4 ժամ` սահմանված ցերեկային ժամերին.

2) պահակապետի օգնականին` ոչ ավելի, քան 4 ժամ` պահակապետի թույլտվությամբ.

3) պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնականին` պարտականությունների կատարումից ազատ ժամերին` պահակապետի թույլտվությամբ.

4) հսկիչ-պահպանության խմբի պահակայիններին` հերթով, 4 ժամ, պահակապետի թույլտվությամբ.

5) պահակայիններին` 8 ժամից ոչ ավելի` 24-ժամյա գրաֆիկի դեպքում և 4 ժամից ոչ ավելի` 12-ժամյա գրաֆիկի դեպքում` պահակապետի կամ նրա օգնականի թույլտվությամբ, ընդ որում` մեկ հերթափոխի պահակայինների անձնակազմին` հերթափոխը ստանձնելուց առաջ, մյուս հերթափոխի պահակատուն վերադառնալուց և մարտական հաշվարկ կատարելուց հետո, իսկ գիշերային պահակայինների հերթափոխին` պահակատուն վերադառնալուց հետո, մինչև նորից պահակակետեր գնալը:

255. Պահակատան և հարող տարածքի մաքրությունը, կարգ ու կանոնի պահպանությունը, ինչպես նաև վառարանները տաքացնելը հանձնարարվում է պահակախմբի անձնակազմին: Պահակախմբի կողմից այդ հանձնարարությունները կատարելու, սարքավորումները և գույքը պահպանելու, ինչպես նաև սարքավորումների հսկողությունը հանձնարարվում է պահակապետի օգնականին, իսկ չնշանակված պահակախմբերում` պահակապետին:

256. Ամենօրյա մաքրումից բացի, շաբաթը մեկ անգամից ոչ պակաս, գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի սահմանած օրերին, բուժաշխատողի հսկողությամբ կատարվում է պահակատան կանխարգելիչ ախտահանում:

257. Ձմռանը պահակատանն օդի ջերմաստիճանը պետք է լինի +18°-ից ոչ ցածր:

258. Մութն ընկնելիս պահակատան սենյակներում և միջանցքներում պետք է լինի լրիվ, իսկ հանգստացող հերթափոխի սենյակում` կապույտ գույնի հերթապահ լուսավորություն:

259. Պահակատունն ապահովվում է լուսավորման պահեստային աղբյուրներով (մարտկոցային լապտեր, կերոսինային լամպեր)` ըստ սենյակների թվի:

 

12. ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

260. Պահակապետ կամ պահակապետի օգնական նշանակվում են ռազմականացված ստորաբաժանման հաստիքային պահակապետերից ու պահակապետերի օգնականներից: Տնօրենի հրամանով պահակապետ կարող է նշանակվել նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների այլ ծառայող:

261. Պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնական է նշանակվում պահակային շների շնավարներից մեկը:

262. Պահակապետը պատասխանատու է պահակախմբին հանձնարարված բոլոր օբյեկտները պահպանելու և պաշտպանելու, պահակախմբի կազմում ընդգրկված աշխատակիցների մարտական պատրաստականության, ծառայությունն անթերի կատարելու, պահակակետերում և պահակատանը ՊՏՄ-ը, ցանկապատը, կապի, տրանսպորտային և հրշեջ միջոցները պահպանելու ու դրանց սարքինության, ինչպես նաև գույքացուցակով պահակատանը պահվող զենքի, զինամթերքի և մյուս գույքի համար:

263. Պահակապետը պարտավոր է`

1) իմանալ պահակախմբի խնդիրները, իրեն տրված հրահանգը և պահակախմբի բոլոր անդամների պարտականությունները.

2) պահակախմբի անձնակազմից պահանջել պարտականությունների իմացություն և անթերի կատարում, զգոնություն և կարգապահություն.

3) հանձնող պահակապետից փաստաթղթերի ցուցակով ընդունել փաստաթղթերը, գույքացուցակով` զինամթերքի արկղերը, դրանց կնիքները և բանալիները, ինչպես նաև կապի և հրդեհամարման միջոցները.

4) հանձնող պահակապետի հետ միասին ստուգել պահպանվող օբյեկտների վիճակը, դրանց լուսավորության, ցանկապատի և խրամատների սարքինությունը, ինչպես նաև օգնականի միջոցով` պահակատան վիճակը, պահակակետերում և պահպանվող օբյեկտների ցանկապատերում հայտնաբերված անսարքությունների մասին գրառել պահակակետերի տեղեկագրում.

5) ժամանակին հերթափոխերն ուղարկել պահակակետեր, ընդ որում, ստուգել պահակայինների` իրենց պարտականությունների իմացությունը և հիշեցնել յուրաքանչյուր պահակակետում ծառայությունը կատարելու առանձնահատկությունները.

6) հետևել պահեստային խմբերի մշտական մարտական պատրաստականությանը, տրանսպորտային, պահպանության, կապի միջոցների սարքինությանը, պահակային անձնակազմի զենքի և մարտական փամփուշտների կանոնավոր պահպանությանը, զենքը լիցքավորելու, լիցքաթափելու և այդ ընթացքում անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև պահակակետեր գնացող բոլոր պահակայինների` լուցկին և ծխախոտը պահակատանը թողնելուն.

7) պահակախմբում պահպանել ներքին կարգուկանոնը.

8) պահակակետերից յուրաքանչյուր հերթափոխի վերադառնալուց հետո կատարել պահակախմբի անձնակազմի պահեստային խմբերի մարտական հաշվարկ, պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակվելու և հրդեհը մարելու դեպքերի համար խնդիրներ առաջադրել` ըստ հրահանգում շարադրված ցուցումների.

9) օրվա ընթացքում առնվազն չորս անգամ (օգնական չունենալու դեպքում` երկու անգամ), որից մեկ անգամը` գիշերը, անձամբ ստուգել ժամապահների ծառայությունը, պահպանվող օբյեկտների և ցանկապատերի վիճակը, ազդարարման, կապի և հրշեջ միջոցների սարքինությունը` համապատասխան գրառում կատարելով պահակակետերի տեղեկագրում, այդ նպատակով պարբերաբար ուղարկել իր օգնականին.

10) ժամապահին կանչելու կամ սահմանված ժամկետում նրանից ծառայության կատարման վերաբերյալ զեկույց (ազդանշան) չստանալու դեպքում իր օգնականին ուղարկել կամ անձամբ մեկնել պահակակետ.

11) ոչ ոքի չթողնել պահակատուն, բացի այն անձանցից, ովքեր իրավունք ունեն.

12) պարզել անցագրային ռեժիմի խախտումով օբյեկտ թափանցած կամ այդպիսի փորձ կատարելու հիմքերով ձերբակալված կասկածելի անձանց ինքնությունը, կատարել կարճատև հարցաքննում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև անձնական զննություն և նրանց մասին անմիջապես զեկուցել օբյեկտի հերթապահին.

13) պարզել օբյեկտի հերթապահի սենյակում պահվող զենքի պահարանի, ինչպես նաև գերատեսչական պահպանության ստորաբաժանման զենքի պահասենյակի ազդարարման խափանման պատճառը, անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկել իր օգնականին.

14) օբյեկտի հերթապահի թույլտվությամբ օբյեկտի բուժկետ կամ մոտակա բուժհիմնարկ ուղարկել պահակախմբի անձնակազմի հիվանդներին և գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի միջոցով հստակեցնել նրանց փոխարինման հարցը, միջոցներ ձեռնարկել ձմռանն անձնակազմի ցրտահարումը կանխարգելելու համար.

15) տեղում պարզել ժամապահի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպք և անմիջապես զեկուցել օբյեկտի հերթապահին, գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետին և գրառում կատարել պահակակետերի տեղեկագրում:

264. Ժամապահի հերթափոխման ժամանակ պահակակետում անսարքություն հայտնաբերելիս պահակապետը կանչով մեկնում է այնտեղ, անսարքության բնույթը և պատճառները պարզելուց հետո ժամապահին հրամայում է հերթափոխվել:

265. Անսարքության մասին պահակապետն անմիջապես զեկուցում է օբյեկտի հերթապահին և գործում նրա ցուցումով:

266. Պահակախմբի անձնակազմից որևէ մեկի կողմից պարտականությունները չկատարելու կամ զանցանք թույլ տալու դեպքում, պահակապետն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այդ մասին զեկուցելով ստորաբաժանման պետին:

267. Իր կամ պահակախմբի կազմից որևէ մեկի հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակապետը զեկուցում է ստորաբաժանման պետին և գործում նրա ցուցումով:

268. Պահակապետին արգելվում է`

1) բացակայել պահակատնից, բացի ժամապահներին փոխելու, նրանց ծառայությունը ստուգելու կամ կանչով նրանց մոտ գնալու, ինչպես նաև պահպանվող օբյեկտի տարածքում պատահարներ կամ տարերային աղետներ տեղի ունենալու դեպքերից: Պահակատնից բացակայելու դեպքում իր փոխարեն թողնում է օգնականին, իսկ եթե օգնական չկա` պահակայիններից մեկին` տեղյակ պահելով օբյեկտի հերթապահին.

2) ծառայողական հեռախոսով ծառայության հետ չկապված խոսակցություն վարել կամ նման բան թույլատրել պահակախմբի անձնակազմից որևէ մեկին.

3) առանց օբյեկտի հերթապահի թույլտվության պահակախմբի անձնակազմից որևէ մեկին արձակել, բացառությամբ սույն Կարգի 246-րդ կետում նշված դեպքում.

4) առանց օբյեկտի հերթապահի թույլտվության փոխել պահակակետերի տեղեկագրով նախատեսված ժամապահների հերթափոխման կարգը.

5) պահակախմբին տրամադրված տրանսպորտային միջոցը շահագործել այլ նպատակով:

269. Պահակապետի օգնականը ենթարկվում է պահակապետին:

270. Պահակապետի օգնականը պարտավոր է`

1) իմանալ պահակախմբի խնդիրները, պահակապետի և պահակախմբի բոլոր անդամների պարտականությունները.

2) հերթափոխի ժամանակ ընդունել պահակատունն ու գույքացուցակով այնտեղ պահվող գույքը.

3) պահակապետի բացակայության դեպքում կամ հանգստանալու ժամանակ կատարել նրա պարտականությունները.

4) պահակապետի հրամանով հերթափոխերն ուղարկել պահակակետեր և ստուգել ժամապահների ծառայությունը.

5) հետևել պահակախմբի անձնակազմի ժամանակին սննդի ընդունմանը, գույքը սարքին պահպանելուն, պահակատան և հարող տարածքի մաքրությանը, ինչպես նաև վառարանները ժամանակին տաքացնելուն և պահակատան լուսավորությանը.

6) պահակապետի հրամանով ուղեկցել ժամապահների ծառայությունը ստուգող անձանց:

271. Պահակապետի ծանր հիվանդության (ծանր վիրավորման) կամ զոհվելու դեպքում օգնականը ստանձնում է նրա պարտականությունները և այդ մասին զեկուցում օբյեկտի հերթապահին, ստորաբաժանման պետին և օբյեկտի պետին:

272. Պահակապետի` ՊՏՄ-ի գծով օգնականը (օպերատորը) ենթարկվում է պահակապետին (օպերատորը` նաև պահակապետի օգնականին) և պատասխանատու է ՊՏՄ-ի աշխատանքի սահմանված ռեժիմն ապահովելու, ՊՏՄ-ի գործունեության վերաբերյալ տվյալները պահակապետին հասցնելու, ՊՏՄ-ով սարքավորված օբյեկտները սահմանված կարգով պահպանության ընդունելու, պահակատանը գտնվող սարքավորումն անվնաս պահելու համար:

273. Պահակապետի` ՊՏՄ-ի գծով օգնականը (օպերատորը) պարտավոր է`

1) իմանալ տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու առանձնահատկությունները և ապահովել այդ միջոցների աշխատանքի ռեժիմը.

2) պահակախմբի հերթափոխի ժամանակ ընդունել փաստաթղթերը, ստուգել ՊՏՄ-ի սարքինությունը, անհրաժեշտության դեպքում` նաև գործողությունը և այդ մասին զեկուցել պահակապետին.

3) հերթապահության ժամանակ մշտապես հետևել ՊՏՄ-ի ազդանշաններն ընդունող սարքավորմանը և վարել դրանց աշխատանքը վերահսկելու մատյանը, ՊՏՄ-ը մաշվելու կամ շարքից դուրս գալու դեպքում անհապաղ զեկուցել պահակապետին.

4) սահմանված գրաֆիկին համապատասխան և պահակապետի թույլտվությամբ ստուգել օբյեկտում առկա տեխնիկական միջոցների վիճակը, օբյեկտները ժամապահներով պահպանելու դեպքում ստուգումն իրականացնել պահակապետի օգնականի ուղեկցությամբ.

5) վերադառնալով պահակակետերից պահակապետին զեկուցել պահակակետերի ՊՏՄ-ի վիճակի, թերությունների և այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են դրանք վերացնելու համար.

6) էլեկտրասարքերից օգտվելիս պահպանել անվտանգության կանոնները:

274. Ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ պահակապետի` ՊՏՄ-ի գծով օգնականի (օպերատորի) հերթապահությունն իր նշանակությամբ և պատասխանատվությամբ հավասար է պահակակետում ժամապահի ծառայությանը:

275. Հերթապահության ժամանակ պահակապետի` ՊՏՄ-ի գծով օգնականին (օպերատորին) արգելվում է սարքավորումները (սարքերը) թողնել առանց հսկողության և շեղվել պաշտոնեական պարտականությունների կատարումից:

276. Պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնականը նշանակվում է շնավարներից (կինոլոգներից) և ենթարկվում է պահակապետին ու պատասխանատու է շներին ժամանակին պահակակետերում տեղավորելու և շնավարների` իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար:

277. Պահակապետի` պահակային շների կիրառման գծով օգնականը պարտավոր է`

1) ստույգ իմանալ պահակային շների պահակակետերի տեղակայումը և ղեկավարել շների բաշխումն ըստ պահակակետերի.

2) շնավարներին շների հետ պահակակետեր ուղարկելուց առաջ ստուգել պարտականությունների իմացությունը և շների հանդերձավորման սարքինությունը, շների` պահակակետերում գտնվելու ընթացքում առնվազն մեկ անգամ պահակակետերում ստուգել նրանց վարքագիծը.

3) շնավարներից պահանջել, որ անմիջապես վերացնեն պահակակետերում պահակային շների մոտ նկատված թերությունները (պարանի կամ շղթայի պոկվածություն, խճճվածություն).

4) վարել պահակային շների վերակարգի մատյան (գրանցել պահակակետերի համարը, շան անունը, շանը պահակակետում տեղավորելու ժամը, շան աշխատանքի ժամը և դրա արդյունքները, եղանակը, շանը պահակակետից հանելու ժամը):

278. Ժամապահը ենթարկվում է պահակապետին և պահակապետի օգնականին:

279. Պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակ ժամապահի և գերատեսչական պահպանության այլ աշխատակիցների օրինական պահանջները պարտադիր են կատարման քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից:

280. Ժամապահի և գերատեսչական պահպանության այլ աշխատակիցների օրինական պահանջները չկատարելը, նրանց ծառայողական պարտականությունների և գործողությունների կատարմանը խոչընդոտելն առաջ է բերում ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվություն:

281. Ժամապահին պահակակետից հանելու իրավունք ունի միայն պահակապետը կամ պահակապետի օգնականը:

282. Պահակապետի, նրա օգնականի մահվան կամ պարտականությունների կատարման ֆիզիկապես անհնարինության դեպքում ժամապահին պահակակետից հանում է օբյեկտի հերթապահը` գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետի ներկայությամբ:

283. Պահակակետում իր պարտականությունների կատարմանն անցնելով` պահակայինը պետք է հերթափոխվող ժամապահի ներկայությամբ (առաջին հերթափոխի ժամանակ պահակապետի ներկայությամբ) անձամբ զննի և ստուգի այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչը ենթակա է ընդունելու պահպանության` ըստ պահակակետերի ցուցակի, ընդ որում` հերթափոխվող ժամապահը շարունակում է հսկել պահակակետը և դրա մատույցները:

284. Ժամապահը պարտավոր է`

1) աչալրջորեն պահպանել և պաշտպանել իր պահակակետը.

2) ծառայությունը կատարել առույգ, ոչնչով չհրապուրվել, ձեռքից բաց չթողնել և ոչ մեկին չտալ զենքը, անգամ այն անձանց, որոնց ինքը ենթակա է.

3) նշված երթուղով շարժվելիս կամ դիտաշտարակում գտնվելիս ուշադիր զննել պահակակետի մատույցները, ցանկապատը և կապի միջոցներով կամ սահմանված ազդանշաններով զեկուցել պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում ծառայության կատարման ընթացքի մասին.

4) զենքը պահել լիցքավորված` միշտ պատրաստ.

5) պահակապետից, նրա օգնականից և նրանց կողմից ուղեկցվող անձանցից, ինչպես նաև հերթափոխի եկած պահակայինից բացի` ոչ մեկին թույլ չտալ անցնելու արգելված սահմանը, որը տեղանքում նշված է ցուցանշաններով.

6) իմանալ պահակախմբի տրանսպորտային միջոցների երթուղիները և գրաֆիկները, ինչպես նաև նրանց տարբերիչ նշանները և ազդանշանները.

7) իմանալ պահակակետում առկա տեխնիկական միջոցները և դրանց աշխատանքի սկզբունքը, կարողանալ կիրառել պահակակետերում եղած հրշեջ միջոցները, իր կամ հարևան պահակակետում ցանկապատի անսարքություններ, կարգուկանոնի խախտումներ հայտնաբերելիս կանչել պահակապետին.

8) պահակաշների հաչոց կամ ՊՏՄ-ի գործարկման ձայնը լսելիս անհապաղ այդ մասին հայտնել պահակատուն:

285. Ժամապահը պահակակետում պետք է ունենա լիցքավորված սվինով զենք (ծալովի բռնատեղով ավտոմատ` առանց սվին-դանակի, սվին-դանակը` գոտեփոկի վրա, ըստ սահմանված կարգի նաև շարժական կապի միջոց):

286. Գիշերային ժամերին ժամապահը պետք է կանգնած լինի կրակելու պատրաստ դիրքով, ցերեկը` «Փոկին առ» կամ կանգնած վիճակում կրակելու դիրքով, ներքին պահակակետերում (շինության ներսում)` փայտե բռնատեղով ավտոմատը` «Փոկին առ» դիրքով, ծալովի բռնատեղով ավտոմատը` «Կրծքին առ», կարաբինը` «Ոտքին առ», լիցքավորված պահեստատուփով (պահունակով) պայուսակը պետք է փակ լինի: Ատրճանակները պետք է գտնվեն կոճկված պատյաններում` գոտեփոկի վրա:

287. Հրդեհը մարելու կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու դեպքում թույլատրվում է զենքը կրել «Մեջքին առ» դրությամբ:

288. Ժամապահին արգելվում է` քնել, նստել, հենվել որևէ բանի, գրել, կարդալ, երգել, խոսել, ուտել, խմել, ծխել, հոգալ բնական կարիքները, որևէ մեկից ընդունել և որևէ մեկին հանձնել որևէ առարկա, փամփուշտն անհարկի մտցնել փամփշտանոց:

289. Ժամապահը պետք է պատասխանի միայն պահակապետի, նրա օգնականի և ստուգման եկած անձանց հարցերին:

290. Պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցող բոլոր անձանց, բացառությամբ պահակապետին, պահակապետի օգնականին, նրանց կողմից ուղեկցվող անձանց, հերթափոխման եկած պահակին, ժամապահը կանգնեցնում է «Կանգնիր, հետ ԴԱՐՁ» կամ «Կանգնիր, անցիր ԱՋ (ՁԱԽ)» գոչելով:

291. Պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցողների կողմից սույն Կարգի 290-րդ կետում նշված պահանջը չկատարվելու դեպքում ժամապահը նախազգուշացնում է` գոչելով «Կանգնիր, ԿԿՐԱԿԵՄ», և անհապաղ կանչում է պահակապետին կամ նրա օգնականին: Երբ խախտողը շարունակում է պահակակետին կամ արգելափակված սահմանին մոտենալ, ժամապահը փամփուշտը փամփշտանոց է մտցնում և նախազգուշացնում է` կրակելով վերև: Կրակոցը ևս անտեսելու, պահակակետ թափանցելու (արգելափակված սահմանը հատելու) կամ նման փորձերից հետո պահակակետից փախուստի դիմելու դեպքում ժամապահը, Օրենքով սահմանված կարգով, զենք է գործադրում նրանց նկատմամբ:

292. Երբ ժամապահի կանչին հետևում է պատասխան` «Պահակապետն է (պահակապետի օգնականը)», ժամապահը հրամայում է «Պահակապետը (պահակապետի օգնականը) ինձ մոտ, մյուսները` տեղում» և արտասանում է թվային անցագրից փոքր կենտ թիվը: Անհրաժեշտության դեպքում ժամապահը պահանջում է, որ մոտեցողը լուսավորի դեմքը: Համոզվելով, որ ներկայացողն իրոք պահակապետն է (պահակապետի օգնականը կամ հերթափոխվող պահակայինը), ժամապահը բոլորին թույլատրում է մոտենալ իրեն:

293. Անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում գերատեսչական պահպանության աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները:

294. Իրեն կամ պահպանվող օբյեկտը պաշտպանելու համար ձեռնամարտի մեջ մտնելու անհրաժեշտության դեպքում ժամապահը պետք է համարձակ գործի սվինով և բռնատեղով:

295. Պահակակետում հրդեհ ծագելու դեպքում ժամապահն անհապաղ հայտնում է պահակատուն և միջոցներ է ձեռնարկում հրդեհը մարելու համար` չդադարեցնելով պահպանվող օբյեկտի վերահսկողությունը: Պահպանվող օբյեկտի տեխնիկական տարածքում կամ արտաքին և ներքին ցանկապատեր ունեցող օբյեկտում, ինչպես նաև պահակակետի շրջակայքում ծագած հրդեհի մասին նա հայտնում է պահակատուն` շարունակելով պահակային ծառայությունը:

296. Հանկարծակի հիվանդանալու (վիրավորվելու) դեպքում ժամապահը կանչում է պահակապետին (կամ հաղորդում է սահմանված ազդանշանով)` շարունակելով ծառայությունը: Ծայրահեղ, հետաձգում չհանդուրժող հանգամանքներում կամ կապի միջոցների անսարք լինելու դեպքում ժամապահը կարող է պահակապետին կանչել վերև կրակելով:

297. Բացված պահեստարանի (պահեստի, հավաքակայանի) մոտ կանգնած ժամապահը մարտական մեքենաների (այլ զենքի և ռազմական տեխնիկայի) կայանատեղերում աշխատանքներ լինելու դեպքում կատարում է այն պարտականությունները, որոնք նշված են պահակակետերի ցուցակում:

298. Հրավտանգ պահեստարանի (պահեստի, հավաքակայանի) մոտ կանգնած ժամապահը լրացուցիչ պարտավոր է`

1) պահպանվող օբյեկտին ավելի մոտ տարածության վրա, քան նշված է պահակակետերի ցուցակում, թույլ չտալ որևէ մեկին ծխել, կրակ վառել, կրակել, ինչպես նաև օգտվել պահակակետերի ցուցակով չնախատեսված լուսավորության սարքերից.

2) թույլ չտալ պահեստարան (պահեստ) մտնել պահակակետերի ցուցակով չնախատեսված կոշիկներով և լապտերներով, ինչպես նաև սառը զենքով և հրազենով:

299. Յուրաքանչյուր օբյեկտի պահպանության և պաշտպանության լրացուցիչ (հատուկ) պարտականությունները նշվում են պահակակետերի ցուցակում:

300. Օբյեկտի հսկիչ-անցագրային պահակակետի ժամապահը (հսկիչ-անցագրային կետի հսկիչը) նշանակվում է ստորաբաժանման աշխատակիցներից: Նա ենթարկվում է պահակապետին և նրա օգնականին:

301. Եթե հսկիչ-անցագրային կետի հսկիչն ընդգրկված չէ պահակախմբի կազմում, ապա նա ենթարկվում է ստորաբաժանման պետին:

302. Հսկիչ-անցագրային պահակակետի ժամապահը (հսկիչ-անցագրային կետի հսկիչը) պատասխանատու է ժամանած անձանց` գերատեսչական պահպանության կողմից պահպանվող օբյեկտների մուտքի թույլտվության (թույլատրագրի) ճշտության, ինչպես նաև որևէ գույքի դուրսբերման կամ ներսբերման համար:

303. Հսկիչ-անցագրային պահակակետի ժամապահը (հսկիչ-անցագրային կետի հսկիչը) պարտավոր է`

1) ղեկավարվել հսկիչ-անցագրային կետի ժամապահի (հսկիչ-անցագրային կետի հսկիչի) հրահանգով, որը մշակում է ստորաբաժանման պետը և հաստատում է ՀՀ ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետը.

2) իմանալ անցագրերի նկարագրությունը (ճանաչել անցագրերը) և գործողության ժամկետը, անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև պահակակետերի ցուցակում շարադրված պարտականությունները.

3) հսկիչ-անցագրային կետով անցնող բոլոր անձանց ներս թողնել անցագրերով` դրանք վերցնելով և համեմատելով հսկիչ-անցագրային կետում եղած նմուշների հետ.

4) որևէ գույք դուրս տանելիս կամ ներս բերելիս` ըստ ապրանքագրի (ուղեկցող թերթիկի) ստուգել, թե հատկապես ինչ և ինչ քանակով (թվով) է թույլատրված բերել կամ տանել, ներս (դուրս) թողնել միայն այն մեքենաները, որոնք օրինական լրացված ուղեգրեր ունեն.

5) կանգնեցնել այն անձանց, ովքեր փորձում են օբյեկտ մտնել (օբյեկտից դուրս գալ) անցագրային ռեժիմի խախտմամբ կամ անվավեր անցագրերով (փաստաթղթերով) և կանչել պահակապետին (ստորաբաժանման պետին).

6) պահակապետին (ստորաբաժանման պետին) զեկուցել այն անձանց մասին, ում փաստաթղթերի ճշտությանը կասկածում է.

7) օբյեկտում տագնապ հայտարարելիս փակել անցումը և օբյեկտից դուրս (ներս) թողնել միայն պահակապետի և նրա օգնականի (օբյեկտի հերթապահի, օբյեկտի պարետի) թույլտվությամբ:

304. Հատուկ խցիկներում ծառայությունը կատարող հսկիչ-անցագրային պահակակետի ժամապահը (հսկիչ-անցագրային կետի հսկիչը), բացի սույն Կարգի 303-րդ կետում թվարկված պարտականություններից, պարտավոր է`

1) պահակության անցնելիս սարքին վիճակում ընդունել խցիկի սարքավորումները, անցագրերն ու հերթափոխի մետաղանիշերը, ընդունված անցագրերի ու հերթափոխի մետաղանիշերի թիվը համեմատել խցիկների քարտերի թվի հետ և խցիկի ու պահակակետի ընդունման (հանձնման) մասին ստորագրել հերթափոխի ընդունման-հանձնման մատյանում.

2) խցիկի սարքավորումների անսարքության, անցագրերի, հերթափոխի մետաղանիշերի կամ խցիկների քարտերի պակասի դեպքում զեկուցել պահակապետին կամ նրա օգնականին (ստորաբաժանման պետին), այնուհետև գործել նրանց ցուցումով.

3) անձնակազմի` օբյեկտ մտնելու ժամանակ յուրաքանչյուր մոտեցողին հարցնել անունը, հայրանունը և ազգանունը, խցիկի համարը, ստուգել հերթափոխի համապատասխանությունը և համոզվելով համապատասխանում է անցնող հերթափոխին, վերցնել անցագիրն արկղիկից, ստուգել ասված անվան, հայրանվան և ազգանվան ճշտությունը, համեմատել լուսանկարը և համոզվելով, որ անցագիրը ճիշտ է, վերադարձնել այն տիրոջը և թույլ տալ նրան մտնել օբյեկտ.

4) անձնակազմի` օբյեկտից դուրս գալու ժամանակ նրանցից վերցնել ժետոնները և տեղադրել համապատասխան արկղերի մեջ.

5) ծառայությունից ուշացածներին օբյեկտ թողնել պահակապետի (ստորաբաժանման պետին) թույլտվությամբ.

6) անձնակազմի` օբյեկտից դուրս գալուց հետո անմիջապես կազմել օբյեկտում մնացած անձանց ցուցակը և այն փոխանցել պահակապետին (ստորաբաժանման պետին).

7) անցագրային բյուրոյի աշխատակցից անցագրերն ու խցիկների քարտերն ընդունել միայն դրանց ձևակերպման ճշտությունն ստուգելուց և պահակակետի ընդունման-հանձնման մատյանում ստորագրելուց հետո.

8) կողմնակի անձանց խցիկ չթողնել.

9) խցիկում պահպանել մաքրություն և կարգ ու կանոն.

10) ժամանակին անցագրային բյուրո հայտնել անցագրերի մաշվածության մասին:

305. Հսկիչ-անցագրային կետի ժամապահին (հսկիչ-անցագրային կետի հսկիչին) արգելվում է`

1) տեղեկանքներ տալ անցագրերի և դրանց ծածկագրերի վերաբերյալ.

2) անցագրերի ստուգմանը չառնչվող որևէ խոսակցության մեջ մտնել.

3) թույլ չտալ կողմնակի անձանց ներկայությունը և ավելորդ իրերի առկայությունը պահակակետում (հսկիչ-անցագրային կետում):

 

13. ՊԱՀԱԿԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

 

306. Օբյեկտների` պահակային ստորաբաժանումներով պահպանությունն ու պաշտպանությունը` ըստ դրանց տեղակայման, ՊՏՄ-ով հագեցվածության, ծառայողական շների կիրառման և այլ առանձնահատկությունների, ապահովվում է մշտական և շարժական պահակակետերով:

307. Մշտական է համարվում այն պահակակետը, որում իրականացվում է բաց հրապարակում կամ պարսպապատ (ցանկապատված) տարածքում գտնվող մեկ կամ մի քանի օբյեկտի պահպանությունը, և եթե պահակի շրջանցելիք տարածքի ընդհանուր երկարությունը չի գերազանցում 150 մետրը:

308. Շարժական է կոչվում այն պահակակետը, որում իրականացվում է մեկ կամ մի քանի օբյեկտի պահպանությունը, և եթե պահակի շրջանցելիք տարածքի ընդհանուր երկարությունը 150 մետրից ավելի է, սակայն չի գերազանցում 1500 մետրը:

309. Գերատեսչական պահպանության պահակային ստորաբաժանման աշխատակիցների գործունեության համար անհրաժեշտ է հստակ իմանալ և կատարել սույն Կարգի դրույթները, լինել զգոն, նախաձեռնող, հմտորեն տիրապետել հատուկ միջոցներին, ազդարարման և կապի միջոցներին:

310. Պահակային ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են մշտապես հոգ տանել օբյեկտների պահպանության կատարելագործման, պահակների` ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և նրանց կարգապահության, ՊՏՄ-ը և կապի միջոցները սարքին վիճակում պահելու համար:

311. ՊՏՄ-ով և հրշեջ ազդանշանիչներով սարքավորված օբյեկտներում տեղակայված պահակային ստորաբաժանումներում թույլատրվում է պահակների հաստիքների հաշվին պահել նշված միջոցների շահագործման և նորոգման խումբ` ըստ հետևյալ հաշվարկի. 20-60 պահպանության և հրշեջ ազդանշանիչի տեղակայման դեպքում` մեկ, 61-120-ի դեպքում` երկու, 121-180-ի դեպքում` երեք ՊՏՄ-ի էլեկտրիկ-մոնտաժող (էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման համար): ՊՏՄ-ի և հրշեջ ազդանշանիչների հաջորդ յուրաքանչյուր կայանքի համար լրացուցիչ պահել ազդանշանային սարքերի (հարմարանքների) մեկ ՊՏՄ էլեկտրիկ-մոնտաժող:

312. Պաշտոնեական պարտականությունները կատարելու համար պահակային ստորաբաժանման աշխատակիցներն ապահովվում են հատուկ միջոցներով, որոնց ամրակցման, պահպանման, տրման կարգը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ:

313. Օբյեկտների պահպանության համար պահակային ստորաբաժանումների աշխատակիցներից նշանակվում են պահակային խմբեր (հերթափոխեր):

314. Առանձին օբյեկտների պահպանության համար կարող են նշանակվել պահակային խմբերում չընդգրկվող առանձին պահակներ:

315. Պահակային խումբը գերատեսչական պահպանության պահակային ստորաբաժանման աշխատակիցներից կազմված ստորաբաժանում է, որը նշանակված է օբյեկտների պահպանության, ինչպես նաև անցագրային ռեժիմի ապահովման համար:

316. Պահակային խմբի կազմում նշանակվում են պահակային խմբի պետ (հերթափոխի պետ), նրա պահակային շների կիրառման գծով օգնական (ծառայողական շներ ունեցող օբյեկտների համար), ՊՏՄ-ի կիրառման գծով օգնական, պահակներ, հսկիչ-անցագրային կետի հսկիչներ (անհրաժեշտության դեպքում):

317. Պահակային խմբի պետը (հաստիքային հերթափոխի պետը) և առանձին պահակակետի պահակները (ովքեր ընդգրկված չեն պահակային խմբում) ենթարկվում են օբյեկտի պետին, պահակային ստորաբաժանման պետին, օբյեկտի հերթապահին:

318. Պահակային պահպանության ստորաբաժանման պետի պաշտոնը (հաստիքը) սահմանվում է 4-ից ավելի պահակի և հսկիչ-անցագրային կետի հսկիչ ունենալու դեպքում:

319. Պահակային յուրաքանչյուր խմբի համար կազմվում է պահակային խմբի պետի հրահանգ, պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետի ցուցակ, իսկ հսկողության տեխնիկական միջոցների օպերատորի առկայության դեպքում` նաև օպերատորի հրահանգ, որը հաստատում է օբյեկտի պետը:

320. Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են` պահակակետի սահմանները, օբյեկտի ցանկապատի տեսակը, պահակների տեղաշարժման երթուղիները, գիշերը և ցերեկը պահակակետերում պահակների տեղաշարժման երթուղիները, ՊՏՄ-ի, կապի, հրշեջ միջոցների, պահակային շների տեղերը:

321. Պահակակետերի ցուցակում նշվում են` ինչ է պահպանվում պահակակետերում, թվարկվում են պահակի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետի առանձնահատկությունները և ծառայության կոնկրետ պայմանները, որ դեպքում է թույլատրվում կիրառել հատուկ միջոցներ, պահակային խմբի պետի հետ կապ հաստատելու կարգը, նշվում են կողմնակի անձանց` պահակակետին մոտենալու առավելագույն հեռավորությունները, պահակի գործողությունները հարձակման կամ պահակակետ (հարևան պահակակետեր) մտնելու փորձերի, անցագրային և օբյեկտում ռեժիմի խախտումների, հրդեհի, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակներում:

322. Պահակային խմբի պետի հրահանգում նշվում են պահակային խմբի խնդիրները, պահակային խմբի պետի պահակային շների ու ՊՏՄ-ի կիրառման գծով օգնականների պարտականությունները, պահակային խմբի պաշտոնատար անձանց գործողությունների կարգը` օբյեկտները (այդ թվում նաև` ՊՏՄ-ով սարքավորվածները) պահպանության ընդունելիս և հանձնելիս, օբյեկտների ստուգման կարգը, օբյեկտների պահպանության ուժեղացման միջոցները գիշերը և մառախուղին, պահակային խմբի գործողություններն օբյեկտի, պահակների, պահակների հերթափոխի վրա հարձակման, անցագրային և օբյեկտում ռեժիմի խախտման, հրդեհի, տարերային աղետի, տագնապի ազդանշանով ՊՏՄ-ի հանկարծակի գործարկման, ազդանշանիչների ազդարարման և այլ արտակարգ իրավիճակներում, հատուկ միջոցների պահպանության կարգը, հերթափոխերի` պահակակետեր մեկնելուց առաջ, օբյեկտի պահպանվող տարածք մուտքի թույլտվության կարգը, հերթապահության գրաֆիկը, անձամբ պահակախմբի պետի կողմից ընդունվող օբյեկտները, սանիտարահիգիենիկ միջոցառումները:

323. Պահակների` պահակակետերում մնալու տևողությունը սահմանում է օբյեկտի պետը` օրենքի սահմաններում:

324. Պահակային խմբերին և առանձին պահակներին պահակային կետերում նշանակելու կարգն ու ժամանակը սահմանում է օբյեկտի պետը:

325. Պահակային խմբերի փոխարինման արարողակարգ չի իրականացվում:

326. Հատուկ միջոցները պահվում են պահակային պահպանության ծառայողական շինությունում կամ օբյեկտի պետի սահմանած տեղում: Պահակների խմբի աշխատակիցներին ու առանձին պահակներին ծառայողական պարտականությունների կատարման և ուսումնական պարապմունքների համար հատուկ միջոցների տրման կարգը սահմանում է օբյեկտի պետը, դրանք օբյեկտի տարածքից դուրս բերելը պաշտոնեական պարտականությունների կատարման և պարապմունքների անցկացման հետ կապ չունեցող դեպքերում արգելվում է:

327. Պահակակետ մեկնելուց առաջ պահակների խմբի պետը պահակային պահպանության ծառայողական շինությունում անձնակազմին հատուկ միջոցներ է տալիս և դրանք հետ է վերցնում նրանց վերադառնալիս: Առանձին պահակները դրանք ստանում են օբյեկտի հերթապահից կամ հերթափոխվող պահակից:

328. Պահակների հերթափոխի համար ներկայանալու ժամանակը կարող է սահմանվել յուրաքանչյուր պահակի համար առանձին:

329. Պահակային խմբի պետն անձնական պատասխանատվություն է կրում պահակային պահպանության ծառայողական շինությունում պահվող հատուկ միջոցների պահպանության համար: Դրանց առկայությունն ու վիճակը ստուգում է օբյեկտի պետը` առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ պահակային ստորաբաժանման պետը` յուրաքանչյուր շաբաթ:

330. Պահակակետերում պահակների հերթափոխը կատարվում է ինքնուրույն:

331. Պահակներին պահակակետեր ուղարկելիս պահակային խմբի պետը յուրաքանչյուր պահակի տալիս է կնիքների դրոշմվածքների (կապարակնիքների դրոշմվածքների) նմուշները:

332. Հերթափոխի եկած պահակը հերթափոխվող պահակին է ներկայացնում հերթափոխի ժետոնը: Անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև գերատեսչական պահպանության աշխատակցի վկայականը:

333. Համոզվելով, որ հերթափոխի եկած անձն իրեն փոխարինողն է, պահակը սահմանված կարգով հանձնում է պահակակետը, իսկ պահակության անցնողն ընդունում է այն:

334. Հերթափոխի եկած պահակը պարտավոր է անձամբ զննել պահակակետը և ստուգել այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչը ենթակա է ընդունման` ըստ պահակակետերի ցուցակի: Նա պետք է ստուգի կապի, ՊՏՄ-ի և հրշեջ ազդարարման, հրդեհամարման միջոցների վիճակը, ինչպես նաև ցանկապատերի, պահոցների (պահեստների) դռների (դարպասների), պատուհանների ու պատերի, փականների սարքինությունը, կապարակնիքների կամ կնիքների, լարերի ամբողջականությունը և կնիքների ու կապարակնիքների համապատասխանությունը դրանց ծեփապատճեններին ու դրոշմվածքներին:

335. Ընդունելով պահակակետը` փոխարինող պահակը հերթափոխվող պահակին է հանձնում կնիքների ծեփապատճենների (կապարակնիքների դրոշմվածքների) նմուշները և պահակակետի ընդունման մասին կապի միջոցով զեկուցում պահակային խմբի պետին:

336. Վերադառնալով պահակակետից` հերթափոխված պահակը պահակային խմբի պետին զեկուցում է պահակակետի հանձնման մասին, նրան է հանձնում կնիքների ծեփապատճենների (կապարակնիքների դրոշմվածքների) նմուշները, ինչպես նաև հատուկ միջոցները:

337. Պահակակետ հերթափոխի եկած անձանց, ինչպես նաև պահակային խմբի` ծառայության ընթացքը ստուգող կամ պահակակետ կանչված պետին ճանաչելու համար կիրառվում է թվային անցագիրը:

338․ Պահակին՝ պահակակետ մեկնելուց առաջ, պահակային խմբի պետը հայտնում է թվային անցագիրը։

339. Պահակակետին մոտեցող բոլոր անձանց, բացառությամբ պահակապետի, պահակապետի օգնականի և նրանց կողմից ուղեկցող անձանց, հերթափոխի եկած պահակին, պահակը կանգնեցնում է «Կանգնի՛ր, հետ ԴԱ՛ՐՁ» կամ «Կանգնիր, անցի՛ր ԱՋ (ՁԱԽ)» գոչելով: Վատ տեսանելիության պայմաններում, երբ պահակակետի տեղեկագրում նշված հեռավորությունից հնարավոր չէ պարզորոշ տեսնել պահակակետին մոտեցողներին, պահակը գործում է սույն Կարգին համապատասխան:

340. Թվային անցագիրը չիմացողներին պահակը կանգնեցնում է «Կանգնիր, հետ դա՛րձ» կամ «Կանգնի՛ր, անցի՛ր ԱՋ (ՁԱԽ)» գոչելով և այդ մասին զեկուցում է հերթափոխի պետին:

341. Եթե պահակակետին մոտեցողները չեն կատարում պահակի պահանջները, վերջինս անմիջապես այդ մասին հայտնում է պահակատուն և ստորաբաժանման պետին կամ սահմանված տագնապային ազդանշանով կանչում է պահակային խմբի պետին:

342. Եթե կարգազանցն օբյեկտ է թափանցում ցանկապատով, պահակը նրան բռնելու և պահելու համար միջոցներ է ձեռնարկում` Օրենքով սահմանված կարգով կիրառելով ֆիզիկական ուժ և այլ միջոցներ:

343. Պահակային խմբի` պահպանվող տարածք մտնելու և կարգազանցին բռնելու գործողությունների կարգը սահմանվում է պահակային խմբի պետի հրահանգով:

344. Կատարվածի և կարգազանցին բռնելիս ձեռնարկված միջոցառումների մասին պահակային խմբի պետը զեկուցում է օբյեկտի պետին (ստորաբաժանման պետին):

345. Տարածքի կամ օբյեկտի, պահակակետի կամ պահակային պահպանության ծառայողական շինության վրա հարձակման դեպքում պահակային խմբի աշխատակիցների գործողությունները պետք է լինեն վճռական և հարձակվողներին հնարավորություն չտան թափանցել օբյեկտի տարածք ու պահակային պահպանության ծառայողական շինություն, աշխատեն բռնել նրանց:

346. Պահակային խմբի պետն այդ դեպքում գործում է պահակային խմբի պետի հրահանգին համապատասխան և իրավիճակով պայմանավորված` ձեռնարկում է օբյեկտի պահպանության միջոցառումներ: Ձեռնարկված միջոցառումների մասին անհապաղ զեկուցում է օբյեկտի պետին (ստորաբաժանման պետին):

347. Օբյեկտում կամ պահակային պահպանության ծառայողական շինությունում բռնկված հրդեհի մարումը պահակային խմբի պետը կազմակերպում է խմբի ուժերով, միաժամանակ կանչում է հրշեջ խումբ և միջոցներ է ձեռնարկում գույքը փրկելու համար, կատարվածի մասին անմիջապես զեկուցում է գերատեսչական պահպանության ստորաբաժանման պետին ու օբյեկտի հերթապահին:

348. Եթե օբյեկտին տարերային աղետ է սպառնում, պահակային խմբի պետն այդ մասին անմիջապես զեկուցում է պահպանության ստորաբաժանման պետին և օբյեկտի հերթապահին ու միջոցներ է ձեռնարկում պահպանվող գույքը փրկելու համար:

349. Այն պահակները, որոնց կյանքին վտանգ է սպառնում, կապի միջոցներով կամ այլ ազդանշանով այդ մասին հայտնում են պահակային պահպանության ծառայողական շինություն, տեղափոխվում են ավելի անվտանգ տեղեր և շարունակում դիտարկել օբյեկտը (պահակակետը), իսկ երբ վտանգն անցնում է, վերադառնում են իրենց նախկին տեղերը:

350. Պահակային խմբի գործունեությունը ստուգում են օբյեկտի պաշտոնատար անձինք և ավագ պետերի հանձնարարությամբ (ում ենթակայության տակ է այդ օբյեկտը) նշանակված անձինք: Ստուգման նպատակն է` որոշել գործունեության կազմակերպման համապատասխանությունը սույն Կարգին: Պահակների գործունեությունը ստուգող անձանց ուղեկցում է պահակային խմբի պետը կամ օբյեկտի պահպանության պետը:

351. Պահակային պահպանության աշխատակիցների ծառայողական շինությունը (տեղը) կազմված է`

1) պահակային խմբի պետի սենյակից.

2) ընդհանուր սենյակից.

3) հանգստի սենյակներից (տեղը):

352. Ծառայողական շինությունը պետք է ունենա տեղեր` ամանեղենը պահելու և սնունդ տաքացնելու համար, լվացարան, ծխարան, կոշիկի մաքրման տեղ, ինչպես նաև չորանոց և զուգարան:

353. Որտեղ օբյեկտների մեծ մասը սարքավորված են ՊՏՄ-ով, ծառայողական շինությունում պետք է լինի տեղ` տեղեկատվության հավաքման և մշակման կառավարման վահանակի համար, որը պետք է տեսանելի լինի պահակային խմբի պետի սենյակից: Պաշտոնեական պարտականությունների շուրջօրյա կատարման դեպքում պահակային խմբերի անձնակազմի կենցաղը բարելավելու նպատակով ծառայողական շինությունում տեղադրվում է սառնարան:

354. Առանձին պահակների համար կահավորվելիք տեղերը պետք է ապահովեն նորմալ պայմաններ` պաշտոնեական պարտականությունները բավարար կատարելու համար:

355. Հսկիչ-անցագրային կետը պետք է լինի ցանկապատված, ունենա դարպասներ կամ առնվազն` արգելափակոց:

356. Պահակային պահպանության ծառայողական շինությունում պետք է լինեն հետևյալ ծառայողական փաստաթղթերը և գույքը`

1) պահակային խմբի պետի հրահանգը.

2) պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծը.

3) պահակակետերի տեղեկագիրը.

4) քաղվածք` օբյեկտների պահպանության ու պաշտպանության պլանից (պահակային շենքի, օբյեկտի կամ պահպանվող տեղամասի վրա հարձակման դեպքում պահակային խմբի (պահակների), ուժեղացման ուժերի ու միջոցների փոխգործողությունները կազմակերպելու համար).

5) շինությունում գտնվող գույքի ցուցակը.

6) ուղիղ կապ (հեռախոս) օբյեկտի հերթապահի հետ.

7) անցագրերի և թույլատրագրերի նմուշները (օրինակները)` դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց թվով և նրանց ստորագրությամբ.

8) կնիքների ծեփապատճենների (կապարակնիքների դրոշմվածքների) նմուշները` վերադաս պետի կնիքով և ստորագրությամբ.

9) օբյեկտը բացելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը, որտեղ նշվում են նրանց կոչումները, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) համարը, ինչ օբյեկտ է թույլատրվում բացել (փակել), ինչ կնիքով է կնքվում և օբյեկտը բացելու (փակելու) ժամը.

10) հատուկ միջոցների տրման մատյանը.

11) հատուկ միջոցները պահելու մետաղյա արկղը (սեյֆը), որը փակվում է կողպեքով.

12) պահակային շների վերակարգի մատյանը (անհրաժեշտության դեպքում).

13) պահակային խմբի` հերթափոխի ընդունման և հանձնման մատյանը.

14) առանձին պահակների համար կահավորված տեղերում ծառայողական փաստաթղթերի ցանկը` օբյեկտի պետի որոշմամբ:

357. Եթե օբյեկտը սարքավորված է ՊՏՄ-ով, ապա ծառայողական շինությունում թվարկված փաստաթղթերից բացի, պետք է լինի նաև այդ միջոցների շահագործման ու սպասարկման կանոններին վերաբերող հրահանգը, իսկ պահակակետերի ցուցակում նշվեն պահակների հատուկ պարտականությունները:

 

14. ՊԱՀԱԿՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

358. Պահակային խմբի պետն անմիջական ենթակա է պահակային պահպանության ստորաբաժանման պետին և ՀՀ ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետին: Նա պատասխանատու է պահակային հերթափոխին հանձնարարած օբյեկտների պահպանության, պահակների ծառայողական պարտականությունների ճիշտ կատարման, հատուկ միջոցների` սահմանված կարգով կիրառման, պահակակետերում և պահակային պահպանության ծառայողական շինությունում եղած սարքավորումների, գույքի, կապի, ազդանշանման, հրշեջ և լուսավորման միջոցների պահպանվածության ու սարքինության համար:

359. Պահակային խմբի պետը պարտավոր է`

1) իմանալ օբյեկտների պահպանությունը կանոնակարգող հրահանգները, հրամանները և այլ փաստաթղթեր` իր իրավասությունների սահմաններում.

2) իմանալ պահակային խմբի խնդիրը, պահակների պաշտոնեական պարտականությունները և օբյեկտում սահմանված անձնագրային ռեժիմը.

3) իրականացնել պահակային խմբի անմիջական ղեկավարումը.

4) նախապատրաստել աշխատակիցներին` պահակների խմբի կազմում գործելու համար.

5) ցուցակով ընդունել շինության գույքն ու ծառայողական փաստաթղթերը.

6) ենթականերին տեղաբաշխել պահակակետերում, ապահովել պահակների ժամանակին հերթափոխումը և ստուգել նրանց պարտականությունների իմացությունը.

7) միջոցներ ձեռնարկել օբյեկտներում (պահակակետերում) սահմանված անցագրային ռեժիմի պահպանման համար.

8) առնվազն օրը չորս անգամ (դրանցից մեկ անգամը` գիշերը) անձամբ ստուգել պահակների գործունեությունը, օբյեկտների (պահակակետերի) և ցանկապատերի վիճակը.

9) կատարել դուրս տարվող (ներս բերվող) նյութական միջոցների ստուգումներ.

10) հետևել դիտասարքերի (տեսասարքերի), անձնակազմի անցագրային համակարգերի և փոխադրամիջոցների վիճակին.

11) գործել հատուկ պայմաններում (հարձակում օբյեկտների, պահակակետերի, ծառայողական շինության վրա, վթար, հրդեհ, տարերային աղետ, օբյեկտին և պահակային ստորաբաժանման աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող այլ արտակարգ իրավիճակներ) օբյեկտի պահպանության ու պաշտպանության պլանին համապատասխան.

12) ապահովել կնքված (կապարակնքված) պահոցների, պահեստների և այլ շենքերի` պահպանության ընդունումը, կնիքների և կապարակնիքների համեմատումը առկա նմուշների հետ.

13) հետևել ՊՏՄ-ի, տագնապային և հրդեհային ազդարարման միջոցների սարքինությանը, պահակների խմբի կողմից անվտանգության կանոնների պահպանմանը, պահակակետից կամ ՊՏՄ-ից ազդանշան ստանալու դեպքում անձամբ պարզել օբյեկտում տիրող իրադրությունը և ազդանշանների հաղորդման պատճառները, կարգազանցների կամ անսարքությունների հայտնաբերման դեպքում զեկուցել ստորաբաժանման պետին, դրանք վերացնելու համար ձեռնարկել միջոցներ.

14) ղեկավարել պահակների գործողությունները` օբյեկտը պահպանելիս և կարգազանցին բռնելիս, ինչպես նաև օբյեկտում կամ պահակային պահպանության ծառայողական շինությունում բռնկված հրդեհը մարելիս.

15) պահակային խմբի անձնակազմից պահանջել, որ նրանք իմանան և ճշգրտորեն կատարեն իրենց պաշտոնեական պարտականությունները, լինեն զգոն և կարգապահ, հետևեն անվտանգության կանոններին և ներքին աշխատանքային կարգացուցակին.

16) տեղում պարզել պահակի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ և ձեռքի տակ եղած միջոցների կիրառման դեպքերը և այդ մասին զեկուցել օբյեկտի հերթապահին, ստորաբաժանման և օբյեկտի պետերին.

17) պաշտոնատար անձանց թույլատրել պահոցներ (պահեստներ) և պահպանվող այլ շենքեր մտնել միայն անձը հաստատող փաստաթղթերը ստուգելուց հետո:

360. Եթե պահակային հերթափոխի ընթացքում պահակակետում բացահայտվում է որևէ անսարքություն (ցանկապատի, դռների, պատուհանների և պահոցների պատերի, կնիքների, կապարակնիքների և լարերի վնասվածքներ), ծեփապատճեններին կամ պահպանվող նյութական միջոցների թվի անհամապատասխանություն պահակակետերի ցուցակում կամ նյութական միջոցների ցուցակում նշված թվին, պահակային խմբի պետն անձամբ պարզում է նկատված թերությունների, անսարքությունների կամ պակասորդի բնույթն ու պատճառները, պահակին հերթափոխում է, այդ մասին համապատասխան գրառում է կատարում պահակային խմբի` պահպանության ընդունման ու հանձնման մատյանում և կատարվածի մասին զեկուցում է ստորաբաժանման պետին և օբյեկտի հերթապահին:

361. Հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակային խմբի պետը (առանձին պահակը) այդ մասին զեկուցում է պահակային ստորաբաժանման պետին կամ օբյեկտի հերթապահին և հետագայում գործում նրա ցուցումով:

362. Պահակային խմբի կազմից որևէ մեկի հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակային խմբի պետն այդ մասին զեկուցում է ստորաբաժանման պետին և միջոցներ ձեռնարկում հիվանդին մեկ այլ պահակով փոխարինելու համար:

363. Պահակային խմբի պետին արգելվում է հեռանալ պահակային պահպանության ծառայողական շինությունից, բացի պաշտոնեական պարտականություններին առնչվող դեպքերից կամ եթե նա գնացել է ճաշարան: Պահակային պահպանության ծառայողական շինությունից դուրս գալիս պահակային խմբի պետն իր փոխարեն թողնում է իր` պահակային շների կիրառման գծով օգնականին կամ պահակներից մեկին և այդ մասին զեկուցում ստորաբաժանման պետին:

364. Պահակային խմբի պետը պահակային խմբի կողմից պահպանվող պահոց (պահեստ) մտնելու իրավունք տալիս պարտավոր է`

1) ներկայացված թույլատրագիրը համեմատել պահակային շենքում եղած նմուշի հետ և ստուգել ժամանածի անձը հաստատող փաստաթուղթը.

2) համեմատել ժամանողի ազգանունն ու պաշտոնն օբյեկտի պետի հաստատած ցուցակում եղած տվյալների հետ.

3) ներկայացված կնիքը (կապարակնքման մամլակները) համեմատել պահակների խմբի տեղաբաշխման վայրում եղած կնիքի ծեփապատճենի (կապարակնիքի տպվածքի) նմուշի հետ:

365. Եթե ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնիքը (կապարակնքման մամլակները) համապատասխանում են նմուշներին, պահակների խմբի պետը պահակակետ է ուղեկցում ժամանողին և թույլատրում է նրան բացել պահոցը (պահեստը):

366. Առանձին պահակների միջոցով պահպանվող օբյեկտները բացելու համար իրավունք է տալիս պահակապետը (ստորաբաժանման պետը) կամ դրանք բացվում են վերադասի պետի սահմանած այլ եղանակով:

367. Պահակային խմբի պետի` պահակային շների կիրառման գծով օգնականը նշանակվում է շնավարներից և ենթարկվում է պահակային խմբի պետին ու պատասխանատու է շներին ժամանակին պահակակետերում բաշխելու և շնավարների ծառայության համար:

368. Շնավարը պատասխանատու է պահակային շների պահակակետերը սարքին վիճակում պահելու համար: Նա ենթարկվում է պահակային խմբի պետին և նրա` պահակային շների կիրառման գծով օգնականին:

369. Շնավարը պարտավոր է`

1) առանց պահակային խմբի պետի կամ նրա` պահակային շների կիրառման գծով օգնականի թույլտվության չհեռանալ պաշտոնեական պարտականությունների կատարման վայրից.

2) իմանալ պահակային շների պահակակետերի տեղաբաշխումը և դրանցում գործելու պայմանները.

3) ճանաչել իր հերթափոխի պահակային շներին և նրանց վարքը պահակակետերում.

4) շներին տեղավորել պահակակետերում (հետևել նրանց վարքին և ստուգել պահակակետերի վիճակը).

5) միջոցներ ձեռնարկել պահակակետերի անսարքությունները (պարանի կամ շղթայի պոկվածք, շան խճճվել) անմիջապես վերացնելու համար:

370. Պահակը ենթարկվում է պահակային խմբի պետին և ստորաբաժանման պետին ու պատասխանատու է իրեն վստահված պահակակետի և իր պահպանությանը հանձնված գույքի ու նյութական այլ միջոցների պահպանության համար:

371. Պահակը պարտավոր է`

1) անցնելով պահակության` անձամբ զննել և ստուգել այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչը պահակակետերի ցուցակի համաձայն ենթակա է պահպանության.

2) զգոն ու աչալուրջ պահպանել պահակակետը.

3) չշեղվել պաշտոնեական պարտականությունների կատարումից, ոչ մեկին չտալ ձեռքի տակ եղած հատուկ միջոցները` ներառյալ այն անձանց, ում նա ենթարկվում է (պահակակետում).

4) չլքել պահակակետը, քանի դեռ իրեն չեն փոխարինել կամ հանել.

5) պահակակետերի ցուցակում նշված հեռավորությունից մոտ չթողնել ոչ մեկին, բացի պահակների խմբի պետից, նրա հետ եկած անձանցից և հերթափոխի եկած պահակից.

6) կարողանալ օգտվել կապի, ազդարարման, ձեռքի տակ եղած հատուկ միջոցներից, կիրառել պահակակետում առկա հրշեջ միջոցները.

7) իր կամ հարևան պահակակետում ցանկապատի անսարքություն կամ կարգազանցի նկատելու դեպքում կապի միջոցներով կամ սահմանված ազդանշաններով անմիջապես զեկուցել պահակների խմբի պետին և ուժեղացնել դիտարկումը.

8) շան հաչոց կամ ՊՏՄ-ի ազդարարման ձայն լսելով, այդ մասին անմիջապես հայտնել պահակային պահպանության ծառայողական շինություն (կամ օբյեկտի հերթապահություն) և ուժեղացնել դիտարկումը:

372. Պահակակետում հրդեհի բռնկման դեպքում պահակն այդ մասին անմիջապես հայտնում է պահակային պահպանության ծառայողական շինություն («911» ծառայություն) և չդադարեցնելով օբյեկտի դիտարկումը, միջոցներ է ձեռնարկում հրդեհը մարելու համար: Պահակակետի մոտակայքում հրդեհ բռնկվելու դեպքում նա այդ մասին հայտնում է պահակային պահպանության ծառայողական շինություն («911» ծառայություն)` շարունակելով կատարել պաշտոնեական պարտականությունները:

373. Հանկարծակի հիվանդանալու (վիրավորվելու) դեպքում պահակը սահմանված ազդանշանով կանչում է պահակային խմբի պետին` շարունակելով կատարել պաշտոնեական պարտականությունները` մինչև իրեն փոխարինելը:

374. Պահակին պաշտոնեական պարտականությունները կատարելու ժամանակ արգելվում է`

1) քնել, կարդալ, երգել (սնվելու, ծխելու և բնական կարիքները հոգալու ժամանակը և կարգը սահմանում է ստորաբաժանման պետը` պաշտոնեական պարտականություններին համապատասխան), առանց անհրաժեշտության կիրառել հատուկ միջոցները.

2) պահպանության ընդունել պահակակետերի ցուցակում չնշված օբյեկտները.

3) անջատել ազդարարման սարքերը, այդ թվում նաև` ՊՏՄ-ի գործարկման ժամանակ:

375. Պահակի հատուկ պարտականությունները շարադրվում են պահակակետերի ցուցակում` հաշվի առնելով յուրաքանչյուր պահակակետի առանձնահատկությունը:

376. Օբյեկտի հսկիչ-անցագրային կետի հսկիչը ենթարկվում է պահակների խմբի պետին և պահակակետում ծառայության է անցնում և հերթափոխվում միայն նրա ցուցումով: Եթե հսկիչն ընդգրկված չէ պահակների խմբի կազմում, ապա ենթարկվում է պահակային ստորաբաժանման պետին, օբյեկտի հերթապահին ու պարետին: Հսկիչը պատասխանատու է պահպանվող օբյեկտի տարածք ժամանած անձանց անցագրերի, ինչպես նաև որևէ գույքի դուրս տանելուն (ներս բերելուն) վերաբերող փաստաթղթերի ճշտության համար:

377. Օբյեկտի հսկիչ-անցագրային կետի հսկիչը (պահակային խմբի կազմում) կատարում է հսկիչ-անցագրային կետի ժամապահի պարտականությունները:

378. Պահպանվող օբյեկտի առանձնահատկություններից ելնելով` հսկիչ-անցագրային կետի հսկիչի (կամ հսկիչ-անցագրային կետի ժամապահի) պարտականությունները կարող են սահմանվել առանձին հրահանգով` Տնօրենի լիազորած պաշտոնատար անձի կողմից:

 

Ձև

 

Գերատեսչական պահպանության աշխատակիցների

ծառայողական կրծքանշանի

 

Ներմուծեք նկարագրությունը_23658

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան