Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 01.04.2024
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.03.2024
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«29» մարտի 2024 Թ.
 քաղ. Երևան

N 186-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 385-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հուլիսի 11-ի «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելու և Արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 491-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն հրամանում՝

1) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հրամանով հաստատված կարգին համապատասխան լոտի մեկնարկային գինը նվազեցնելու հարցը որոշելու նպատակով հաշվի են առնվում նաև տվյալ լոտի վաճառքի նպատակով մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը կազմակերպված աճուրդները։

5. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր սնանկության գործերով (անկախ սնանկության վարույթը հարուցվելու պահից) առաջին (հերթական) աճուրդները կազմակերպվում և անցկացվում են հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով (էլեկտրոնային աճուրդով)՝ սույն հրամանով սահմանված կարգով, իսկ այն աճուրդները, որոնց մասին հայտարարությունները հրապարակվել են մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը, անցկացվում են այդ հայտարարությունները հրապարակելու պահին գործող կարգով։»,

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի գործարկման վերաբերյալ արդարադատության նախարարության հայտարարության հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

3/29/2024

Գ. Մինասյան

 

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2024 թվականի մարտի 29-ի

N 186-Ն հրամանի

 

 

«Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի հուլիսի 11-ի

N 385-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված https://auction.e-bankruptcy.am/ էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը:

2. Սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքը իրականացվում է կայքում գործող էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և սույն կարգին (այսուհետ նաև՝ աճուրդի կանոնակարգ) համապատասխան:

3. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ` կառավարիչ) հրապարակային սակարկությունների միջոցով գույքի վաճառքը թույլատրելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

1) իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝ սնանկության գործի համարը, պարտապանի տվյալները, լոտերի անվանումները, առաջին աճուրդի մեկնարկային գները, նշում այն մասին, որ աճուրդները կազմակերպվելու և անցկացվելու են կայքի միջոցով՝ սույն կարգին համապատասխան՝ նշելով կայքի հասցեն: Հայտարարությունը պետք է նշում պարունակի նաև այն մասին, որ յուրաքանչյուր լոտի մասով երկրորդ և հաջորդ հերթական աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվելու է միայն կայքում,

2) կայքում՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան, դատարանի որոշման մեջ ներառված յուրաքանչյուր լոտի մասով առանձին հրապարակում է լոտի աճուրդով վաճառքի մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն)։

4. Յուրաքանչյուր լոտի մասով երկրորդ և հաջորդ հերթական աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվում է միայն կայքում՝ նախորդ աճուրդը չկայացած համարվելու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Կայքում հրապարակված հայտարարությունը պետք է ներառի.

1) լոտի համարը, սնանկության գործի համարը, պարտապանի տվյալները, կառավարչի անունը ազգանունը և հայրանունը, կառավարչի էլեկտրոնային փոստի հասցեն, հայտարարության հրապարակման օրը, մինչև աճուրդի վերջնաժամկետը մնացած ժամանակահատվածը, ընդ որում, սույն ենթակետում նշված տեղեկությունները հայտարարությունում արտացոլվում են համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով,

2) աճուրդի վերջնաժամկետը, որի օրը սահմանվում է կառավարիչ կողմից և կարող է լինել տվյալ հայտարարության կայքում հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրացուցային օրվանից մինչև 30-րդ օրացուցային օրվա միջակայքում (պահանջի իրավունքի վաճառքի դեպքում՝ 15-րդ օրը), իսկ ժամը սահմանվում է աճուրդի վերջնաժամկետի օրվա ժամը 14։00-ն, որը հայտարարությունում արտացոլվում է համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով,

3) հայտերի ներկայացման մեկնարկի օրը, որը աճուրդի վերջնաժամկետի օրվան նախորդող 7-րդ օրն է և հայտարարությունում արտացոլվում է համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով,

4) աճուրդի մասնակցության վճարի, նախավճարի և աճուրդի նվազագույն քայլի չափերը, որոնք հայտարարությունում արտացոլվում են համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով, ինչպես նաև վճարման կարգը,

5) լոտի (բացառությամբ եթե այն իրավունք է) տեսակը, անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), այլ էական բնութագրիչները, սահմանափակումները, համակարգի կողմից պարտադիր համարվող (աստղանիշով նշված) դաշտերին համապատասխան այլ տեղեկություններ, իսկ կիրառելի լինելու դեպքում՝ լոտի կազմում առկա գույքի նույնականացնող առնվազն մեկ տվյալ,

6) եթե լոտն իրավունք է, ապա նրա տեսակը, անվանումը, նկարագիրը (գործողության ժամկետը, առկայության դեպքում՝ այլ էական բնութագրիչներ), սահմանափակումները, համակարգի կողմից պարտադիր համարվող (աստղանիշով նշված) դաշտերին համապատասխան այլ տեղեկություններ, իսկ կիրառելի լինելու դեպքում՝ գտնվելու վայրը, ընդ որում՝ եթե լոտը բաղկացած է մեկից ավելի իրավունքներից, ապա յուրաքանչյուր իրավունքի նկարագիրը տրվում է սույն ենթակետին համապատասխան,

7) լոտի մեկնարկային գինը, որը առաջին աճուրդի ժամանակ սահմանվում է դատարանի որոշմամբ սահմանված չափով, իսկ հաջորդ աճուրդների ժամանակ նվազեցվում է սույն կարգին համապատասխան,

8) լոտի կազմում ներառված գույքի սեփականատիրոջ (ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ), գույքի սեփականության ձևի (միանձնյա, համատեղ, բաժնային), գույքի սեփականատիրոջ ռեզիդենտության վերաբերյալ տվյալները:

6. Սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պայմանի դեպքում, եթե լոտը բաղկացած է մեկից ավելի գույքերից, ապա յուրաքանչյուր գույքի նկարագիրը հայտարարությունում պարտադիր տրվում է առանձին՝ նույն ենթակետին համապատասխան, բացառությամբ եթե լոտում ներառված գույքերի կազմում առկա են համակարգի գործիքակազմով նախատեսված՝ շարժական գույքի որևէ տեսակին և ենթատեսակին համապատասխանող մեծաթիվ գույքեր: Համակարգի գործիքակազմով նախատեսված՝ շարժական գույքի որևէ տեսակին և ենթատեսակին համապատասխանող մեծաթիվ գույքերի նկարագիրը կառավարիչը կարող է համակարգում կից ներառել առանձին էլեկտրոնային փաստաթղթի ձևով, որում պետք է նշվեն այդ տեսակին և ենթատեսակին պատկանող յուրաքանչյուր գույքի անվանումը, գտնվելու վայրը, չափման միավորը, քանակը, ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), սահմանափակումները, այլ էական բնութագրիչները, կիրառելի լինելու դեպքում՝ գույքի նույնականացնող առնվազն մեկ տվյալ՝ համակարգում տվյալ տեսակին և ենթատեսակին համապատասխանող գույքի նկարագրին առնչվող դաշտում նշում կատարելով այն մասին, որ գույքերի ցանկը և նկարագրությունը բերված են կից էլեկտրոնային փաստաթղթում:

7. Եթե լոտն առարկա է, ապա հայտարարությանը կցվում են այդ առարկայի լուսանկարները։

8. Եթե աճուրդով վաճառքի ներկայացվող լոտը ֆիզիկական անձի սեփականություն է, ապա աճուրդի մասին հայտարարությունը, սույն կարգով նախատեսված այլ դրույթներից բացի, պետք է պարունակի տեղեկություն այն մասին, որ այդ լոտի վաճառքի գինը իր մեջ չի ներառում հարկային գործակալի կողմից վճարման ենթակա եկամտային հարկը, որը հարկային գործակալի կողմից հաշվարկվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

9. Շուտ փչացող գույքի վաճառքի դեպքում աճուրդի վերջնաժամկետի օրը սահմանվում է կառավարիչ կողմից և կարող է լինել տվյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից մինչև 7-րդ օրացուցային օրվա միջակայքում, իսկ հայտերի ներկայացման մեկնարկի օրը հայտարարության հրապարակման օրն է։

10. «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով էական պայմաններ են համարվում սույն կարգի 5-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված տեղեկությունները հայտարարությունում սույն կարգին համապատասխան ներառելը, ինչպես նաև սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի պայմանները:

11. Կառավարչի կողմից գույքագրված գույքը համակարգում ներառվում է այդ գույքի վերաբերյալ տեղեկությունները համակարգի գործիքակազմին համապատասխան դաշտերում մուտքագրելու միջոցով։ Եթե համակարգի գործիքակազմը որևէ տեղեկատվության համար նախատեսում է համապատասխան դաշտ, ապա այդ դաշտում կառավարչի կողմից լրացվում է միայն տվյալ դաշտին համապատասխան տեղեկատվությունը։ Գույքին առնչվող տեղեկությունները, որոնց համար համակարգը առանձին դաշտ չի նախատեսում, պետք է լրացվեն գույքի նկարագրության համար նախատեսված դաշտում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված այն դեպքի, երբ այդ տեղեկատվությունը լրացված է կառավարիչի կողմից հայտարարությանը կցված էլեկտրոնային փաստաթղթում։

12. Սույն կարգին համապատասխան գանձվող աճուրդի մասնակցության վճարները և նախավճարները համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով փոխանցվում են կառավարչի կողմից այդ նպատակով բացված՝ համակարգին կցված դրամային հատուկ հաշվին (այսուհետ՝ միջանկյալ հաշվեհամար)։

13. Համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած անձի (այսուհետ նաև` օգտատեր) ծանոթանալ աճուրդի կանոնակարգին։ Աճուրդին մասնակցելու համար օգտատերը համակարգի գործիքակազմին համապատասխան գրանցվում է համակարգում։

14. Օգտատերը լոտի աճուրդին կարող է մասնակցել ինչպես իր, այնպես էլ այլ անձի անունից։ Սույն կետում նշված երկու դեպքում էլ օգտատերը աճուրդին կարող է մասնակցել միայն համակարգում բացված իր անձնական էջից։

15. Եթե օգտատերը լոտի աճուրդին մասնակցում է այլ անձի անունից, ապա տվյալ լոտի աճուրդի հարթակում, որպես հայտատու նշում է կատարում իրեն լիազորած անձի մասին՝ համապատասխան դաշտում մուտքագրելով վերջինիս նույնականացնող տվյալները, իսկ իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում` իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը։ Նշված դեպքերում օգտատերը լոտի աճուրդի հարթակում տեղադրում է նաև իր լիազորությունները հավաստող փաստաթուղթը:

16. Լոտի համար հայտերի ներկայացման մեկնարկի օրը, ժամը 00։00-ին, համակարգում՝ տվյալ լոտի աճուրդի հարթակում ակտիվանում է «ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՃՈՒՐԴԻՆ» կոճակը։

17. Լոտի աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող օգտատերը, հայտերի ներկայացման մեկնարկի օրվանից սկսած, իր անձնական էջից մուտք է գործում այդ լոտի աճուրդի հարթակ՝ «ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՃՈՒՐԴԻՆ» կոճակը սեղմելու միջոցով, ընդ որում՝ համակարգը աճուրդին մասնակցելու հնարավորություն է տալիս միայն այն օգտատիրոջը, ով.

1) համակարգի գործիքակազմին համապատասխան կհավաստիացնի, որ ծանոթ է աճուրդի կանոնակարգին, համաձայն է այդ կանոնակարգով սահմանված կարգով ու համակարգի գործիքակազմին համապատասխան աճուրդին մասնակցելուն և

2) աճուրդին մասնակցելու համար նախատեսված բանկային քարտին կունենա աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի չափով գումար, իսկ եթե տվյալ քարտը թողարկող բանկը քարտից փոխանցում կատարելու համար գանձում է վճար, ապա նաև այդ վճարի չափով գումար։

18. Լոտի աճուրդին մասնակցելու համար սույն կարգի 17-րդ կետում նշված կարգով հնարավորություն ստացած օգտատերը լոտի աճուրդին մասնակցում է այդ լոտի համար գնային առաջարկ ներկայացնելու (քայլ կատարելու) միջոցով։

19. Աճուրդի նվազագույն քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 1 000 000 ՀՀ դրամ։

20. Լոտը գնելու համար առաջին անգամ գնային առաջարկ ներկայացնելու (քայլ կատարելու) ժամանակ համակարգը.

1) օգտատիրոջ նշած բանկային քարտից գանձում է աճուրդի մասնակցության վճար, որի չափը սահմանվում է լոտի մեկնարկային գնի մեկ տոկոսի (բայց ոչ ավելի, քան 1 000 000 ՀՀ դրամ) չափով, և

2) օգտատիրոջ նշած բանկային քարտի վրա սառեցնում է աճուրդի նախավճարի չափով գումար, որի չափը սահմանվում է լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով։

21. Լոտի աճուրդում գնային առաջարկ ներկայացրած՝ քայլ կատարած օգտատերը (եթե վերջինս հանդես է գալիս այլ անձի անունից՝ այդ անձը) համարվում է տվյալ լոտի աճուրդի մասնակից։

22. Լոտի աճուրդին մասնակցության առաջին գնային առաջարկը (քայլը) կարող է հավասար կամ մեծ լինել աճուրդի մեկնարկային գնից։ Երկրորդ և հաջորդ գնային առաջարկները (քայլերը) պետք է առնվազն աճուրդի նվազագույն քայլի չափով մեծ լինեն քայլը կատարելու պահին արված ամենաբարձր գնային առաջարկից։ Լոտի գնման համար հայտ ներկայացրած մասնակիցների թիվը և արված գնային առաջարկը քայլ կատարելուց անմիջապես հետո արտացոլվում է տվյալ լոտի աճուրդի հարթակում և մնում է այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ լոտի համար ավելի բարձր գնային առաջարկ չի արվել։

23. Լոտի մասին հայտարարությունը հասանելի է կայքի բոլոր օգտվողների համար, իսկ տվյալ լոտի աճուրդի հարթակը հասանելի է միայն այդ լոտի աճուրդի մասնակից համարվող անձանց համար։

24. Աճուրդի մասնակիցները աճուրդի ընթացքում տվյալ լոտի վերաբերյալ այլ մասնակցի կողմից յուրաքանչյուր անգամ գնային առաջարկ ներկայացվելու դեպքում այդ մասին ծանուցում են ստանում համակարգում գրանցած իրենց էլեկտրոնային փոստի հասցեին: Տվյալ դեպքում ծանուցման մեջ նշվում է միայն այն մասին, որ տվյալ լոտի վերաբերյալ կատարվել է նոր գնային առաջարկ` նշելով առաջարկված գինը:

25. Եթե մինչև աճուրդի վերջնաժամկետի լրանալը՝ վերջին 5 րոպեների ընթացքում գնային առաջարկ է ներկայացվում, ապա աճուրդի վերջնաժամկետը ինքնաշխատ եղանակով երկարացվում է 5 րոպեով։ Եթե սույն կետում նշված կարգով աճուրդի վերջնաժամկետի երկարացումից հետո, երկարացված ժամկետում գնային առաջարկ է ներկայացվում, ապա աճուրդի վերջնաժամկետը ինքնաշխատ եղանակով նորից երկարացվում է 5 րոպեով։ Սույն կետում նշված կարգով աճուրդը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ երկարացված ժամկետում որևէ մասնակցի կողմից ներկայացվում է գնային առաջարկ։

26. Եթե աճուրդին մասնակցելու համար ներկայացվել է առնվազն մեկ գնային առաջարկ, ապա աճուրդը համարվում է ավարտված, եթե աճուրդի վերջնաժամկետը լրանալուն նախորդող վերջին հինգ րոպեների ընթացքում որևէ մեկի կողմից գնային առաջարկ չի ներկայացվում, կամ աճուրդի վերջնաժամկետը սույն կարգի 25-րդ կետում նշված կարգով երկարաձգվելու դեպքում վերջին երկարաձգված հինգ րոպեների ընթացքում որևէ մեկի կողմից գնային առաջարկ չի ներկայացվում։ Սույն կետում նշված դեպքում ամենաբարձր գնային առաջարկ ներկայացրած աճուրդի մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող։

27. Սույն կարգի 26-րդ կետում նշված դեպքում, աճուրդի ավարտից անմիջապես հետո, համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով գեներացվում է համակարգի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված` կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որն ուղարկվում է աճուրդի հաղթող մասնակցի էլեկտրոնային փոստին։

28. Կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը առնվազն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամանակը,

2) սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները,

3) աճուրդին մասնակցելու համար ներկայացված հայտերի քանակը և ամենաբարձր գնային առաջարկի չափը,

4) հաղթող ճանաչված մասնակցի` համակարգում գրանցված նույնականացման բոլոր տվյալները,

5) լոտի գնման գինը,

6) սնանկության հատուկ հաշվեհամարը, որին պետք է վճարվի լոտի վաճառքի գնի և նախավճարի տարբերությունը, ինչպես նաև նշում այդ վճարումը տասնօրյա ժամկետում կատարելու անհրաժեշտության մասին,

7) արձանագրության գաղտնաբառը:

29. Աճուրդի մասնակիցը լոտի վաճառքի գնի և իր կողմից վճարված նախավճարի տարբերության չափով գումարը, աճուրդի հաղթող ճանաչվելու (սույն կարգի 28-րդ կետում նշված արձանագրությունը գեներացվելու) օրվանից տասնօրյա ժամկետում, վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունում նշված սնանկության հատուկ հաշվեհամարին։

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված ժամկետում վճարումն ամբողջությամբ չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը հետ չի վերադարձվում։ Սույն կետում նշված դեպքում կառավարիչը համակարգում կատարում է գրառում վաճառքի գինը վճարված չլինելու վերաբերյալ, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով գեներացվում է աճուրդը չկայացած համարվելու մասին արձանագրություն։

31. Աճուրդը չկայացած է համարվում նաև այն դեպքում, երբ լրացել է աճուրդի վերջնաժամկետը, և այդ ժամկետում որևէ գնային առաջարկ չի ներկայացվել։ Սույն կետում նշված դեպքում համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով գեներացվում է չկայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրություն։

32. Սույն կարգի 28-րդ կետում նշված արձանագրությունը՝ գեներացվելու օրվան հաջորդող տասներորդ օրը ինքնաշխատ եղանակով հասանելի է դառնում կառավարչին։ Արձանագրությունը կարող է հասանելի դառնալ նաև աճուրդի հաղթողի կողմից այդ արձանագրության գաղտնաբառը կառավարչին տրամադրվելու դեպքում։

33. Լոտի վաճառքի գինը սույն կարգով սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարված լինելու դեպքում կառավարիչը աճուրդի հաղթողի հետ ստորագրում է կայացած աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը։

34. Աճուրդը սույն կարգի 31-րդ կետին համապատասխան չկայացած համարվելու դեպքում, յուրաքանչյուր հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը նվազեցվում է հետևյալ չափով.

1) անշարժ գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով,

2) շարժական գույքի դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի,

3) լոտում և անշարժ, և շարժական գույքեր ներառված լինելու դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով,

4) թանկարժեք մետաղ կամ քարեր պարունակող պերճանքի առարկաների դեպքում՝ լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 2 տոկոսի չափով,

5) պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) դեպքում` լոտի նախորդ աճուրդում մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

35. Տասնհինգ անգամ նվազեցվելուց հետո ձևավորված մեկնարկային գնով լոտի աճուրդը չկայացած համարվելու դեպքում այդ լոտի հաջորդ աճուրդների ժամանակ մեկնարկային գինը նվազեցվում է սույն կարգի 34-րդ կետին համապատասխան՝ նույն կետում նշված տոկոսների կեսի չափով։

36. Աճուրդը սույն կարգի 30-րդ կետին համապատասխան չկայացած համարվելու դեպքում, հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը չի նվազեցվում։

37. Եթե լոտի՝ իրար հաջորդող ցանկացած երկու աճուրդները չկայացած են համարվում սույն կարգի 30-րդ կետում նշված կարգով, ապա հաջորդ աճուրդի համար լոտի մեկնարկային գինը նվազեցվում է սույն կարգի 34-րդ կետում նշված չափով։

38. Եթե լոտը աճուրդով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության դեմ «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվել է առարկություն, որը դատարանի կողմից բավարարվել է, ապա լոտի մեկնարկային գինը սույն կարգին համապատասխան նվազեցնելու համար առաջին աճուրդ է համարվում գույքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին միջնորդությունում նշված մեկնարկային գնով կազմակերպված աճուրդը։

39. Պարտապանի գույքի իրացումը օրենքով սահմանված դեպքերում կամ դատարանի կողմից ընդհատվելու դեպքում այդ գույքը ընդգրկող լոտը հանվում է աճուրդից, որի մասին կառավարիչը նշում է կատարում համակարգում այդ աճուրդի համար նախատեսված հարթակում՝ վերբեռնելով դատարանի որոշման պատճենը: Սույն դեպքում համակարգը ինքնաշխատ եղանակով դադարեցնում է աճուրդը` այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում ուղարկելով աճուրդի մասնակիցների էլեկտրոնային փոստին և նշում կատարելով կայքում: Սույն կետով նախատեսված դեպքում լոտի առաջիկա աճուրդի մասնակիցների կողմից վճարված մասնակցության վճարները, աճուրդն ընդհատելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են այն հաշվեհամարին, որից կատարվել է վճարումը, իսկ նախավճարները ապասառեցվում են։

40. Եթե օրենքով սահմանված որևէ հիմքով վերացել է լոտի հրապարակային սակարկությունով վաճառքի անհրաժեշտությունը, և օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ մինչև աճուրդի վերջնաժամկետը ստանալ աճուրդն ընդհատելու մասին դատարանի որոշումը, ապա կառավարիչը կարող է սույն կարգի 39-րդ կետով նշված դատարանի որոշման փոխարեն վերբեռնել իր կողմից դատարան ներկայացված՝ աճուրդն ընդհատելու մասին միջնորդությունը և այդ միջնորդության համար հիմք հանդիսացած ապացույցները։

41. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդը չկայանալու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների: Սույն կետով նախատեսված հիմքով գույքը գնելու համար պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումը սնանկության հատուկ հաշվին կատարում են գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը չկայացած աճուրդի մեկնարկային գնի մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է: Գնման գործարքը կնքվում է սույն կետով սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո:

42. Բացառությամբ սույն կարգի 39-րդ կետով նախատեսված դեպքի, աճուրդի մասնակցի կողմից վճարված մասնակցության վճարը և աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից վճարված նախավճարը աճուրդի մասնակցին վերադարձման ենթակա չեն։

43. Աճուրդի ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակցի կողմից վճարված նախավճարի գումարը փոխանցվում է միջանկյալ հաշվին, իսկ աճուրդում չհաղթած մասնակիցների կողմից վճարվածները ապասառեցվում են։

44. Կայքի խափանման դեպքում աճուրդի կազմակերպման և անցկացման ժամկետները համարվում են կասեցված և շարունակում են հոսել կայքի վերագործարկման պահից, ինչի մասին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցվում են աճուրդի մասնակիցները և տվյալ սնանկության գործով կառավարիչը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2024 թվական: