Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 22.04.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
17.04.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 23-Ն

«17» ապրիլի 2024 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը․

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգերը հաստատելու մասին»,

2) Հրամանի 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «Հավելված 1-ի», բառով և թվով, իսկ «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

3) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն Հավելված 2-ի։»,

4) Հրամանի հավելվածի գլխագրում «Հավելված» բառից հետո լրացնել «1» թիվը:

5) Հրամանը լրացնել նոր Հավելված 2-ով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Նախարար՝

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

4/17/2024

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի ապրիլի 17-ի N 23-Ն հրամանի

 

 

«Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն Կարգով սահմանվում են մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորվում է դրա հետ կապված հարաբերությունները:

2. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրվում է․

1) պարտադիր կրթության երկրորդ մակարդակում․

ա․ տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 10000 (տասը հազար) դրամի չափով,

բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 20000 (քսան հազար) դրամի չափով,

գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,

2) հանրակրթության երրորդ մակարդակում․

ա․ տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 15000 (տասնհինգ հազար) դրամի չափով,

բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,

գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 45000 (քառասունհինգ հազար) դրամի չափով,

3. Սույն Կարգով սահմանված կրթաթոշակները մարզառազմական պետական ուսումնական հաստատություններին հատկացնելու նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների միջև կնքվում են կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ կրթաթոշակ ստացող սովորողների տարեսկզբի (հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ) թվի հիման վրա։ Տվյալ տարում ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող սովորողների ճշգրտված տարեկան թիվը։

4. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում սովորողի կրթաթոշակի տրամադրման պայմանագիրը վերանայվում է հաջորդ ուսումնական կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում։

5․ Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված պայմանագրի կնքման (դրա ճշգրտման) համար հիմք է հանդիսանում մարզառազմական պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստի որոշմամբ հաստատված կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը: Մարզառազմական պետական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը հաստատում է կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը, որը խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ սովորողների համար տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է սովորողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին:

6. Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը: Կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով հետևյալը․

1) կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին,

2) մինչև տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը։

7․ Սովորողներին կրթաթոշակը սույն կարգի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների կիրառմամբ վճարային քարտերով տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետությունում կնքվող բանկերի հետ կնքում է համաձայնագիր՝ դրանում ներառելով նաև դրույթներ ուսումնական հաստատության կողմից համապատասխան տեղեկատվության տրամադրման պայմանների վերաբերյալ։

8. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել կրթաթոշակներ՝ ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2024 թվական: