Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2024
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.03.2024
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«29» մարտի 2024 Թ.
 քաղ. Երևան

N 182-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

 1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը սահմանելու մասին» N 110-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

 2. Սույն հրամանը տարածվում է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող աճուրդներին առնչվող փաստաթղթերի վարման հարաբերությունների նկատմամբ:

 3. Մինչև «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն հրամանով նախատեսված փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող կարգին համապատասխան:

 4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային սնանկության համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

3/29/2024

Գ. Մինասյան

 

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2024 թվականի մարտի 29-ի

N 182-Ն հրամանի

 

 

«Հավելված

Արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 110-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԵԼՈՒ

 

 1. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ կառավարիչ) սնանկության գործով որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) նշանակվելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից էլեկտրոնային սնանկության համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով՝ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով վարում է սնանկության գործերը:

 2. Սույն կարգի 3-րդ կետում սահմանված դեպքերում սնանկության գործերը վարվում են նաև թղթային եղանակով:

 3. Թղթային կրիչով փաստաթղթերը պահելու նպատակով կառավարիչը բացում է թղթապանակ (այսուհետ՝ թղթապանակ), որում հավաքվում (կարվում) են սնանկության գործին (վարույթին) առնչվող հետևյալ փաստաթղթերը․

 1) թղթային կրիչով փաստաթղթեր, որոնք ստացվել են համակարգն օգտագործող չհամարվող անձից,

 2) թղթային կրիչով փաստաթղթեր, որոնք կազմվել են կառավարչի կողմից, սակայն դրանց վրա այլ անձի կողմից կատարված է որևէ գրառում, որը ապացուցողական նշանակություն ունի,

 3) կառավարչի հայեցողությամբ ցանկացած այլ փաստաթղթեր։

 4. Կառավարիչը պարտավոր է թղթային կրիչով օրենքով նախատեսված փաստաթղթեր ստանալուց հետո եռօրյա ժամկետում դրանք ներբեռնել համակարգ և համակարգի գործիքակազմին համապատասխան կցել վերաբերելի սնանկության գործին, բացառությամբ այն դեպքերի, երբ թղթային կրիչով փաստաթուղթն ուղարկողը այն արդեն բեռնել է համակարգ կամ այդ փաստաթղթի հասցեատերը նաև դատարանն է:

 5. Այլ անձից ստացված թղթային կրիչով փաստաթուղթը կարող է չպահպանվել, եթե այդ փաստաթուղթը կազմողը այն բեռնել է համակարգում՝ հասանելի դարձնելով առնվազն մեկ օգտատիրոջ։

 6. Կառավարչի կողմից կազմված և այլ անձանց կողմից կատարված գրառում չպարունակող փաստաթուղթը կարող է չպահպանվել, եթե կառավարիչն այն բեռնել է համակարգում՝ հասանելի դարձնելով առնվազն մեկ օգտատիրոջ։

 7․ Թղթապանակի վրա նշվում են սնանկության գործի համարը, պարտապանի անունը և ազգանունը (անվանումը), կառավարչի անունը և ազգանունը, որակավորման վկայականի համարը:

8. Կառավարիչը թղթապանակում փաստաթղթերը հավաքում (կարում) է ժամանակագրական հաջորդականությամբ։

9․ Թղթապանակի առավելագույն ծավալը 200 թերթ է, որը գերազանցելու դեպքում հաջորդ փաստաթղթերը հավաքվում (կարվում) են նոր թղթապանակում:

10. Սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության հետ միաժամանակ կառավարիչը դատարան է ներկայացնում տվյալ գործին առնչվող թղթապանակների վերաբերյալ տեղեկանք, որում նշվում են սնանկության գործի համարը, պարտապանի անունը և ազգանունը (անվանումը), կառավարչի անունը և ազգանունը, որակավորման վկայականի համարը, թղթապանակների ընդհանուր քանակը, յուրաքանչյուր թղթապանակում կարված էջերի քանակը։

11․ Փաստաթղթերի և տվյալների արխիվացումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Արխիվացման ժամկետները և կարգը, ինչպես նաև արխիվացման համակարգին առնչվող մանրամասները կարգավորվում են Համակարգի միջոցով: Այն դեպքում, երբ սնանկության գործը վարվում է նաև թղթային եղանակով, կառավարիչը սնանկության գործն ավարտվելուց հետո տվյալ գործին առնչվող թղթապանակները պահպանում է 3 տարի:

12. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կառավարիչը, համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան, փոխարինվում է, որի դեպքում նոր կառավարիչը սնանկության գործը ստանում է համակարգի միջոցով՝ այդ մասին միաժամանակ տեղեկացվելով նաև էլեկտրոնային փոստի հասցեին: Այն դեպքում, երբ սնանկության գործը վարվում է նաև թղթային եղանակով, ապա կառավարիչը գործին առնչվող բոլոր թղթապանակները և փաստաթղթերը կարված վիճակում, հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնում է նոր կառավարչին:

13. Օրենքով նախատեսված դեպքերում կառավարչից սնանկության վարույթին վերաբերող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջվելու դեպքում կառավարիչը համակարգում իր կողմից վարվող գործից, համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, տրամադրում է համապատասխան փաստաթղթին հասանելիություն, իսկ թղթային եղանակով վարվող գործի (փաստաթղթերի) դեպքում հնարավորություն է տալիս ծանոթանալ այդ նյութերին և լուսապատճենել դրանք: »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան