Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2024-04.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
10.04.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
10.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«10» ապրիլի 2024 թ.

N 415-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը՝

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել՝ հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

 

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

4/10/2024

 

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2024 թ. ապրիլի 10-ի

N 415-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունները հաշվառելու և հարկային պարտավորությունները հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում սույն կարգին համապատասխան հաշվառման և հաշվառումից հանման ենթակա են օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկային պարտավորությունները՝ ներառյալ պետական տուրքի գծով պարտավորությունները (այսուհետ՝ հարկային պարտավորություններ)։

3․ Սույն կարգում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ հասկացությունները կիրառվում են օրենսգրքի 4-րդ գլխով սահմանված իմաստով։

4․ Հարկային պարտավորությունները հարկային մարմնում հաշվառվում են օրենսգրքի 66-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, իսկ պետական տուրքի գծով հարկային պարտավորությունները՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 36․1-ին հոդվածին համապատասխան հարկային մարմնում վարվող անձնական հաշվի քարտերում։

5․ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հարկային պարտավորության գծով ազատման կամ հարկային պարտավորության նվազեցման արտոնություն սահմանող օրենքն ուժ մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմնում վարվող անձնական հաշվի քարտերում կատարվում են գրանցումներ հարկային պարտավորության ազատման կամ հարկային պարտավորությունից նվազեցման ենթակա գումարի չափով՝ դրանք հանելով հաշվառումից։

6․ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը ավարտվելու և կազմակերպությունը լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը դադարած համարվելու օրվա դրությամբ հաշվառված հարկային պարտավորությունը, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի, հաշվառումից հանելու համար կազմվում է եզրակացություն։ Եզրակացությունը կազմվում է սնանկության գործն ավարտվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ այդպիսին կայացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։

7․ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով կազմակերպության կամ գործատու հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը ավարտվելու և կազմակերպությունը լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը դադարած համարվելու օրվա դրությամբ հաշվառված սոցիալական վճարի պարտավորությունը հաշվառումից հանվում է (համարվում է մարված) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N798-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետին համապատասխան։

8․ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտվելու դեպքում, երբ այդ վճռով ֆիզիկական անձն ազատվում է բոլոր պարտավորություններից, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի, դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաշվառված հարկային պարտավորությունը հաշվառումից հանելու համար կազմվում է եզրակացություն։ Եզրակացությունը կազմվում է սնանկության գործն ավարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ այդպիսին կայացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 9-րդ կետերով սահմանված՝ ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքերում, երբ ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաշվառված հարկային պարտավորությունները ենթակա են հաշվառումից հանման։ Սույն կետով սահմանված դեպքերում պարտավորությունները հանվում են հաշվառումից ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարին լրանալու օրը, եթե հարկային մարմնում առկա է տեղեկատվություն ֆիզիկական անձի ժառանգ չունենալու կամ ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ: Հարկային պարտավորությունը հաշվառումից հանելու համար կազմվում է եզրակացություն` ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո 5 տարին լրանալու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրվա ընթացքում։

10․ Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ կետերով սահմանված դեպքերում դադարող հարկային պարտավորությունները հաշվառումից հանելու համար հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալներով յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ ձևավորվում է՝

1) այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների ցանկը, որոնց հարկային պարտավորությունների չափը՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ, չի գերազանցում երկու միլիոն դրամը և այդ հարկային պարտավորությունների կատարման համար օրենսգրքով կամ օրենքով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի,

2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ցանկը, որոնց հարկային պարտավորությունների չափը՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ, չի գերազանցում երկու միլիոն դրամը և այդ հարկային պարտավորությունների կատարման համար օրենսգրքով կամ օրենքով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի։

11․ Սույն կարգի 10-րդ կետին համապատասխան ձևավորված ցանկերից, ոչ ուշ քան այդ ցանկերի առաջին անգամ ձևավորման օրվանից երկու ամսվա, իսկ հետագայում` դրանց ձևավորման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, առանձնացվում են այն կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, նոտարներին ու անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնց երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունները օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան համարվել են դադարած։

12․ Հարկային պարտավորությունը դադարած համարելու համար օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված համապատասխանաբար 5 և 7 տարի ժամանակահատվածի որոշման համար ժամանակահատվածի սկիզբ է համարվում՝

1) յուրաքանչյուր հարկի համար սահմանված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկի վճարման օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը,

2) յուրաքանչյուր վճարի համար օրենսգրքով կամ օրենքներով սահմանված վճարի վճարման վերջնաժամկետի օրը,

3) հարկային մարմնի կազմած վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունների մասով տվյալ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրը։

13․ Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, նոտարներին ու անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնք ունեն երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորություններ, և այդ պարտավորությունները օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան համարվում են դադարած, առանձնացնելուց հետո, ոչ ուշ քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է եզրակացություն՝ այդ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների ու անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները հաշվառումից հանելու համար։

14․ Հարկային պարտավորությունները հաշվառումից հանելու վերաբերյալ եզրակացությունների հիման վրա անձնական հաշվի քարտերում ըստ հարկատեսակների և վճարատեսակների կատարվում են գրանցումներ՝ հաշվառումից հանման ենթակա հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ` հաշվառումից հանելով այդ հարկային պարտավորությունները:

15․ Սույն կարգի 6-րդ, 8-9-րդ և 13-րդ կետերով սահմանված եզրակացությունները կազմվում են հարկային մարմնի ներքին իրավական ակտով սահմանված ձևերին համապատասխան:

16․ Հաշվառված հարկային պարտավորությունները դադարած համարելու և դրանք հաշվառումից հանելու սույն կարգը կիրառվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվառված հարկային պարտավորությունների նկատմամբ։ Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները՝ ներառյալ հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.06.2024, N 811-Ն 04.07.2024, N 415-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան