Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հոդ.371
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2010
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010425

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2010 թ.

N 1507-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Դրսեկության ձեՎով (էքստեռն) փոխադրական եՎ ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու եՎ ՀՀ կրթության եՎ գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի N 78-Մ եՎ ՀՀ կրթության եՎ գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն եՎ 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին

(ՎԵՐՆԱԳԻՐԸ  խմբ. 10.09.12 N 833-Ն) 

 

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը

(նախաբանը խմբ. 24.01.24 N 06-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի «Էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու համար» N 78-Մ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի «Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները հաստատելու և ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 556-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանները:

(2-րդ կետը  խմբ. 10.09.12 N 833-Ն) 

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

 2010 թ. հոկտեմբերի 14-ի

N 1507-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն)՝ անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական և պետական ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:

 

2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2. Հաստատության սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից:

3. Բոլոր հաստատությունների 1-ին և Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (այսուհետ՝ Չափորոշիչ) ներդրված 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման եզրակացությունն ունենալու դեպքում:

4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են հաստատությունների՝ Չափորոշիչը չներդրված՝ 3-րդ, 5-8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանում, իսկ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Չափորոշիչը ներդրված միավորային գնահատմամբ համապատասխան դասարաններում տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկան` 9 կամ 10 միավոր, քննական` 18-20 միավոր), իսկ 10-րդ դասարանի սովորողների համար հիմնական կրթության գերազանցության նշումով վկայական:

5. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելը կամ սովորողից անկախ պատճառներով որևէ առարկա չուսումնասիրելը չի կարող արգելք հանդիսանալ էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:

6. Ուսումնառության ժամանակահատվածում հաստատության սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել կրթական 1-ին և 2-րդ աստիճանում՝ յուրաքանչյուրում 1-ական անգամ:

7. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հաստատության ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:

8. Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում, բացառությամբ 10-րդ դասարանի սովորողների, որոնց համար կարող են կազմակերպվել էքստեռն փոխադրական քննություններ՝ միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, փառատոներում մասնակցություն ունենալու դեպքում:

9. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.

1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը, դասղեկը և դասավանդող առնվազն 3 ուսուցիչ համատեղ գրավոր դիմում են ներկայացնում հաստատության տնօրենին՝ սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստում,

2) սույն կարգի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում՝ թույլատրել սովորողին մասնակցելու դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրական քննություններին,

3) մանկավարժական խորհրդի որոշումից հետո 1-3-րդ դասարանի սովորողները դպրոցի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոն՝ բացառիկ ընդունակությունների գնահատման նպատակով: Գնահատումն իրականացվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում: Էքստեռն փոխադրական քննությանը կարող է մասնակցել միայն որպես բացառիկ ընդունակություններ ունեցող գնահատված սովորողը:

4) կրթության առաջին աստիճանում սովորողի բացառիկ ընդունակությունների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց 1 աշխատանքային օր հետո հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշումը, Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և սովորողի առաջադիմության մասին փաստաթղթերը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` Նախարարություն):

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը քննություններ է հանձնում համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը` անկախ հաստատության ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, Երևան քաղաքում կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ.

1) 1-3-րդ և 5-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն»), «Հայոց պատմություն» առարկաներից:

2) Փոխադրական քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:

3) Փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:

4) Քննությունների թեստերը կազմվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ՝ ԳԹԿ) կողմից:

11. Թեստերը փակ և կնքված ծրարով ներկայացվում են Նախարարություն՝ առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից՝ ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:

12. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված ավագ դպրոցում (այսուհետ՝ ավագ դպրոց), իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:

13. Կենտրոնացված փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած հաստատությունում` հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:

14. Սույն կարգի 15-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար՝ ազատազրկվածների համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ-ի կողմից:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն.

1) «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներից և օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:

2) Բնութագրող գնահատման դեպքում «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:

3) Փոխադրական բոլոր քննություններից գերազանց գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

16. Հաստատությունում կազմակերպվող փոխադրական քննություններին որպես դիտորդ կարող են մասնակցել Նախարարի լիազոր ներկայացուցիչը, ՀՀ մարզերում` մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչները:

17. Հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հնգօրյա ժամկետում տեղեկացնում Նախարարությանը և լիազոր մարմնին:

18. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:

 

3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:

20. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ՝ դրսեկ):

21. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.

1) հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,

2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 26-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում.

3) Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձը՝ սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում:

22. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոց(ներ)ում:

23. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկներում՝ Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:

24. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված հաստատություն(ներ)ում:

25. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

26. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.

1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

2) 2-րդ քննաշրջան` ըստ ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները՝ ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

27. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում սույն կարգի 22-րդ կետում նշված ավագ դպրոցի տնօրենին` յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:

28. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,

գ. սույն կարգի 39-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում.

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

գ. սույն կարգի 39-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ առկայության դեպքում:

29. Էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ հանձնող դրսեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից (պահպանելով սույն կարգի 22-րդ կետի պահանջները):

30. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

31.Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

32. Էքստեռն քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր հաստատության տնօրենին:

33. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը գրավոր տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:

34. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը հաստատության տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացնում է Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:

35. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում են Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` հաստատության համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:

36. Էքստեռն քննություններ հանձնող դրսեկները քննական անբավարար գնահատականներ ստանալու դեպքում առաջադրանքներ չեն ստանում:

37. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում որևէ պատճառով քննություններին չներկայացած դրսեկը ավարտական և պետական ավարտական քննությունները հանձնում է ԳԹԿ-ի սահմանած օրերին:

38. 1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:

39. Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին սույն կարգի 22-րդ կետում նշված հաստատության տնօրենը տրամադրում է տեղեկանք՝ գնահատման 10-միավորային համակարգում՝ 4-10, 20-միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:

40. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:

41. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20-միավորային համակարգում ստացել է 1-7, 10-միավորային համակարգում` 1-3 միավորներ:

42. Քննությունների հանձնաժողովները կազմում է էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած հաստատության տնօրենը.

1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,

2) 12-րդ դասարանի համար՝ նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:

43. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:

44. Բոլոր քննություններից գնահատման 10-միավորային համակարգում՝ 4-10, 20-միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ:

45. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով չեն պարգևատրվում:

46. Էքստեռն կարգով ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է հաստատությունների հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Հաստատության հիմնական շրջանավարտների մասին տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական ստացած դրսեկների մասին տվյալները:

47. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող հաստատությունում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի:

(հավելվածը  խմբ. 10.09.12 N 833-Ն, փոփ., խմբ. 15.01.20 N 01-Ն, լրաց. 25.01.21 N 18-Ն, խմբ. 24.01.24 N 06-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2024, N 06-Ն 31.01.2024, N 1507-Ն
25.01.2021, N 18-Ն 30.01.2021, N 1507-Ն
15.01.2020, N 01-Ն 11.02.2020, N 1507-Ն
10.09.2012, N 833-Ն 25.10.2012, N 1507-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան