Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.71
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 108-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 24.1-ին հոդվածի 8-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սահմանել, որ՝

1) «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 7-9-րդ մասերին համապատասխան՝ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացրած՝ սնանկության գործով կառավարիչների ցուցակի, ինչպես նաև նույն ժամկետում սնանկության գործով կառավարիչների (այսուհետ՝ կառավարիչ) ներկայացրած քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրերի կամ վկայագրերի հիման վրա մինչև 2020 թվականի ապրիլի 10-ը իրականացվում է կառավարիչների հաշվառում՝ առաջնորդվելով սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերով.

2) սույն հրամանի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով կառավարչի հաշվառումն իրականացնելու համար կառավարիչները մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում գրավոր տեղեկատվություն այն սպասարկման տարածքի կամ տարածքների մասին (Հայաստանի Հանրապետության մարզը կամ մարզերը, Երևան քաղաքը), որում ցանկանում են գործունեություն ծավալել, ինչպես նաև տեղեկատվությունը ներկայացնելու օրվա դրությամբ իրենց կողմից վարվող ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին: Սույն ենթակետով սահմանված ժամկետում իրենց սպասարկման տարածքի կամ տարածքների մասին գրավոր տեղեկատվությունը նախարարություն չներկայացնելու դեպքում սպասարկման տարածք է համարվելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը.

3) սույն հրամանի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով հաշվառվում են նաև մինչև «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը կառավարչի գործունեությամբ զբաղվող (զբաղվելու թույլտվություն ունեցող) և 63 տարին լրացած անձինք: Այդ անձինք հաշվառման նպատակով, բացի օրենքով և սույն հրամանով նախատեսված փաստաթղթերից և տեղեկություններից, մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը նախարարություն են ներկայացնում նաև գրավոր տեղեկատվություն իրենց գործունեությունը շարունակելու թույլտվության ժամկետի վերաբերյալ՝ կցելով համապատասխան ապացույցները: Այդ անձանց հաշվառման դեպքում կառավարիչների հաշվառման գրանցամատյանում և նախարարության պաշտոնական կայքում նշվում են նաև սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները: Այն անձինք, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկություններ չեն ներկայացնում:

 (3-րդ կետը լրաց. 06.11.23 N 651-Ն)

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 108-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ կառավարիչ) հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)։

2. Անձը որպես կառավարիչ հաշվառվելու նպատակով նախարարություն է ներկայացնում՝

1) դիմում (Ձև 1),

2) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը և այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը,

4) հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:

4. Նախարարության իրավասու աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում է դրանք, որից հետո համապատասխան փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են դիմողին:

5. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմումը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմողը տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, շտկելու թերությունները:

6. Հաշվառման վերաբերյալ դիմումը ներկայացվելուց, իսկ դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում՝ թերությունները շտկելուց և կրկին ներկայացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը իրականացնում է կառավարչի հաշվառումը՝ կառավարչի վերաբերյալ տեղեկությունները գրանցելով իր կողմից վարվող գրանցամատյանում՝ միաժամանակ կայքում տեղադրելով կառավարչի վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը,

2) որակավորման վկայականի համարը,

3) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

4) լուսանկարը,

5) գործունեության վայրի հասցեն,

6) ծանուցման հասցեն,

7) սպասարկման տարածքը (տարածքները),

8) քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը,

9) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում՝ հաղորդակցության այլ միջոցները:

7. Այն կառավարիչների վերաբերյալ, որոնց պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո թույլատրվել է որոշակի ժամկետով շարունակել զբաղվելու իրենց գործունեությամբ, կայքում կատարվում է համապատասխան ծանոթագրություն կառավարչի՝ պաշտոնավարման տարիքը լրացած լինելու և որոշակի ժամկետով գործունեությունը շարունակելու թույլտվություն ունենալու վերաբերյալ՝ միաժամանակ նշելով գործունեությունը շարունակելու ժամկետը, ինչպես նաև նշում այն մասին, որ կառավարիչը չի կարող մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ: Սույն կետի դրույթները չեն տարածվում այն կառավարիչների նկատմամբ, որոնք սնանկության գործով կառավարչի որակավորման վկայական ստացել են մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքի ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում կայքում գործունեությունը շարունակելու ժամկետ չի նշվում և այդ կառավարիչները գործունեության ողջ ընթացքում կարող են մասնակցել կառավարչի ընտրությանը և նշանակվել սնանկության ժամանակավոր կառավարիչ կամ կառավարիչ:

 (7-րդ կետը լրաց. 06.11.23 N 651-Ն)

8. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները կարող են փոփոխվել կառավարչի դիմումի հիման վրա՝ դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

9. Հաշվառված կառավարիչների վերաբերյալ տեղեկությունները կայքում հրապարակվում են ըստ կառավարիչների ազգանվան այբբենական հերթականության:

10. Անձին որպես կառավարիչ հաշվառելու վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) դիմողը սույն կարգի 5-րդ կետում սահմանված դեպքում նույն կետով սահմանված ժամկետում չի շտկել թերությունները,

3) լրացել է դիմողի 63 տարին:

11. Հաշվառելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ նշելով մերժման հիմքերը:

12. Կառավարիչը հանվում է հաշվառումից՝

1) կառավարչի կողմից այդ մասին նախարարություն դիմում ներկայացվելու դեպքում,

2) կառավարչի գործունեությունը և դրա արդյունքում որակավորման վկայականի գործողությունը կասեցվելու դեպքում,

3) կառավարչի որակավորումը դադարեցվելու դեպքում:

13. Հաշվառումից հանելու վերաբերյալ կառավարչի դիմումը նախարարություն ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը որոշում է կայացնում կառավարչին հաշվառումից հանելու մասին, որից հետո կառավարիչների հաշվառման գրանցամատյանում այդ մասին կատարում է գրառում, ինչպես նաև կայքում հրապարակված կառավարիչների ցանկից հեռացնում է կառավարչի վերաբերյալ տվյալները: Կառավարչի դիմումի հիման վրա հաշվառումից հանվելու դեպքում կառավարիչը չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:

13.1. Այն դեպքում, երբ կառավարիչը հաշվառումից հանվել է իր դիմումի համաձայն և կրկին հաշվառվելու մասին դիմումը ներկայացվել է կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշում կայացնելու պահից մեկ տարվա ընթացքում, ապա հաշվառվելու նպատակով սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը չի ներկայացվում, իսկ սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են այն դեպքում, երբ կառավարիչը համապատասխանաբար կնքել է նոր ապահովագրության պայմանագիր կամ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը փոփոխվել է:

(13.1-ին կետը լրաց. 03.08.20 N 299-Ն)

14. Կառավարչի գործունեությունը կասեցնելու կամ որակավորումը դադարեցվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը որոշում է կայացնում կառավարչին հաշվառումից հանելու մասին, որից հետո կառավարիչների հաշվառման գրանցամատյանում այդ մասին կատարում է գրառում: Կառավարչի գործունեությունը կասեցնելու հիմքով հաշվառումից հանելու դեպքում նախարարությունը կայքում հրապարակված կառավարիչների ցանկում համապատասխան կառավարչի վերաբերյալ նշում է կատարում կառավարչի գործունեությունը կասեցված լինելու վերաբերյալ, իսկ որակավորումը դադարեցվելու հիմքով կառավարչին հաշվառումից հանելու դեպքում կայքում հրապարակված կառավարիչների ցանկից հեռացնում է կառավարչի վերաբերյալ տվյալները:

15. «Սնանկության մասին» օրենքին համապատասխան կառավարչի գործունեությունը վերականգնվելու դեպքում նախարարությունը վերականգնում է կառավարչի հաշվառումը՝ համապատասխան գրառում կատարելով գրանցամատյանում և կայքում վերականգնելով կառավարչի վերաբերյալ տվյալները:

16. Կառավարչին հաշվառելու, հաշվառելու վերաբերյալ դիմումը մերժելու և հաշվառումից հանելու մասին որոշումները ուղարկվում են կառավարչին (դիմողին)՝ դրանք կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում։

17. Սույն կարգի շրջանակում նախարարության և կառավարչի (դիմողի) միջև հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարչի (դիմողի) տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով՝ փաստաթղթերը կառավարչի (դիմողի) ծանուցման հասցեին ուղարկելով:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարություն

Դիմումատու՝

 

Անունը, ազգանունը ______________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարին______________

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը ______________

 

Որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը ______________

 

Գործունեության վայրի հասցեն _______________

 

Ծանուցման հասցեն _______________

 

Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) ______________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________

 

Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում) ______________

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Սնանկության գործով կառավարչի հաշվառման

 

Ներկայացնելով սույն դիմումը, խնդրում եմ ինձ հաշվառել որպես սնանկության գործերով կառավարիչ:

Կից ներկայացվում են (նշել համապատասխան վանդակները)՝

□ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

□ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի (վկայագրի) պատճենը (պայմանագրի (վկայագրի) կնքման (տրման) ամսաթիվը՝ ____________, համարը`______________),

□ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի (վկայագրի) պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը,

□ հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

 

Հայտնում եմ, որ որպես կառավարիչ հաշվառվելիս ցանկանում եմ գործունեություն ծավալել հետևյալ տարածքներում (նշել համապատասխան վանդակները)

□ Երևան քաղաք

□ Արագածոտնի մարզ

□ Արարատի մարզ

□ Արմավիրի մարզ

□ Գեղարքունիքի մարզ

□ Լոռու մարզ

□ Կոտայքի մարզ

□ Շիրակի մարզ

□ Սյունիքի մարզ

□ Վայոց ձորի մարզ

□ Տավուշի մարզ

Տեղեկացված եմ, որ սպասարկման տարածք չնշելու դեպքում սպասարկման տարածք է համարվելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը

Խնդրում եմ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկել դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և տեղեկացված եմ, որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալները մշակելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու համար, ներառյալ՝ անունը, ազգանունը, որակավորման վկայականի համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, լուսանկարը, գործունեության վայրի հասցեն, ծանուցման հասցեն, սպասարկման տարածքը (տարածքները), քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, առկայության դեպքում՝ հաղորդակցության այլ միջոցները:

Սույնով հայտարարում եմ, որ դիմումում նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են:

 

Առդիր՝ ___ էջ

 

 Դիմող՝

__________________ 

 (ստորագրությունը)

__________________ 

(անունը, ազգանունը)

__________________ 

(օրը, ամիսը, տարին)

 

(հավելվածը լրաց. 03.08.20 N 299-Ն, 06.11.23 N 651-Ն)