Գլխավոր տեղեկություն
Համար
N 2439-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
04.12.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«04» դեկտեմբերի 2023 թ.
ք. Երևան

N 2439-Ն

 

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ․

 

1․ Սահմանել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի դեկտեմբերի 4-ի

N 2439-Ն հրամանի

 

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1․ Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ) հարցերով փորձագիտական խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով՝ գիտահետազոտական կազմակերպության լիցենզիայի հայտի ներկայացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ լիցենզավորումն իրականացնող ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։

2․ Փորձագիտական խմբում ընդգրկվում են ներկայացուցիչներ` պետական կառավարման համակարգի մարմիններից, գիտական կառույցներից, շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հասարակական կազմակերպություններից, մասնագիտական այլ կառույցներից:

3․ Փորձագիտական խումբը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից թեկնածուներ առաջադրելու մասին պետական կառավարման համակարգի մարմիններ, գիտական կառույցներ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հասարակական կազմակերպություններ և մասնագիտական այլ կառույցներ ուղղված գրությունների հիման վրա ներկայացված գրավոր առաջարկությունների միջոցով։

4․ Փորձագիտական խմբի ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջարկություն՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հասարակական կազմակերպություններից թեկնածուներ ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ։

5․ Փորձագիտական խումբն իրավունք ունի՝

1) ԳՁՕ-ների գործածության, շրջակա միջավայրի, մարդու առողջության, գյուղատնտեսական նշանակության հողերի, մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման վերաբերյալ տեղեկություններ ստանալ պետական այլ մարմիններից,

2) լիցենզավորող մարմնից ստանալ տեղեկատվություն լիցենզավորված կազմակերպությունների և նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի մասին,

3) լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպություններից ստանալ տեղեկատվություն գիտահետազոտական ծրագրերի, աշխատանքների ընթացքի վերաբերյալ,

4) լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունում իրականացնել մշտադիտարկում,

5) լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունում առկա բուսական օրգանիզմները ներկայացնել այլ լաբորատորիա փորձաքննության,

6) գիտահետազոտական աշխատանքների արդյունքում կենսաանվտանգությանը սպառնացող վտանգների կասկածի ի հայտ գալու դեպքում տեղեկատվություն ներկայացնել լիցենզավորող մարմին և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին,

7) լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունում ԳՁՕ-ների գործածման ժամանակ տեղում իրականացնել ուսումնասիրություններ՝ մարդու և (կամ) շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների կանխարգելիչ համապատասխան միջոցառումների կիրառման վերաբերյալ,

8) լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունում գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած թերությունների բացահայտման դեպքերում առաջարկել լիազոր մարմնին կասեցնել լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունների լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը։

6․ Փորձագիտական խմբի պարտականություններն են՝

1) մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածության (ներառյալ ներմուծման, արտահանման) յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ մշտադիտարկման իրականացումը,

2) լիցենզավորված գիտահետազոտական կազմակերպությունների կողմից ներմուծվող և արտահանվող ԳՁՕ-ների քանակական և որակական հատկանիշների վերաբերյալ տրամադրել եզրակացություններ,

3) ԳՁՕ-ների գիտահետազոտական աշխատանքների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ հաշվետվության և եզրակացության ներկայացումը լիազոր մարմին,

4) ԳՁՕ-ների գործածության վերաբերյալ լիազոր մարմին առաջարկությունների ներկայացումը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան