Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.03.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.03.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» մարտի 2024 թ. 

N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Սահմանել.

1. Անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

«11» մարտի 2024 թ.
ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թ. մարտի «11»-ի N 74-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անտառավերականգնման և անտառապատման միջոցառումները նպատակաուղղված են բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակարգերի դեգրադացիայի կանխարգելմանը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային ռեսուրսների վերականգնմանը, անտառների արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանմանը, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնմանը, օպտիմալ անտառապատվածության ապահովմանը:

2. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալների և ձևերի ընտրությունը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձինք։

3. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքները ներառում են.

1) ընտրված տարածքների ուսումնասիրություն և հետազոտություն,

2) հողի նախապատրաստական աշխատանքներ,

3) անտառային մշակույթների հիմնադրում տնկման միջոցով,

4) անտառային մշակույթների հիմնադրում ցանքի միջոցով,

5) անտառային մշակույթների լրացման աշխատանքներ,

6) ագրոտեխնիկական խնամքի աշխատանքներ,

7) անտառային մշակույթների ոռոգման աշխատանքներ (ըստ անհրաժեշտության),

8) պայքար դաշտամկների դեմ (ըստ անհրաժեշտության),

9) միջոցառումների արդյունքների գնահատում,

10) անտառավերականգնման և անտառապատման ծրագրի մշակում։

4. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ են համարվում նաև անտառային տնկադաշտերի, պաշտպանական անտառաշերտերի, ինչպես նաև ագրոանտառային տնկարկների հիմնումը։

5. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելուց առաջ, նախաձեռնող կողմը տվյալ տեղամասերում կատարում է այդ աշխատանքներն իրականացնող անձնակազմի ուսուցում, որի ընթացքում ներկայացվում են փոսերի փորման, ցանքատեղերի ցուցանիշների, սերմնաբուսակի, տնկանյութի կամ ցանքի համար ընտրված սերմերի առանձնահատկությունները, տնկման կամ ցանքի տեխնիկայի վերաբերյալ տեղեկություններ։

6. Անտառավերականգնման և անտառապատման տարածքներում մարդածին գործունեության, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բացասական գործոններից (արածում, տնկիների տրորում) զերծ պահելու համար կարող են կատարվել ամբողջական կամ մասնակի ցանկապատման աշխատանքներ։

7. Նախքան ցանկապատումը, իրականացվում է տարածքի ուսումնասիրում և որոշվում է ցանկապատի անհրաժեշտ երկարությունը, եզրագիծը՝ պայմանավորված սահմանազատման ենթակա հատվածների առանձնահատկություններով։ Հաշվի են առնվում բացասական ներգործության ենթակա առավել ռիսկային հատվածները։

8. Ցանկապատման համար օգտագործվում են 1,8 մ բարձրության փայտե, բետոնե կամ այլ ամրակազմ նյութից պատրաստված հենասյուներ և մետաղյա փշալար կամ մետաղե ցանց։ Ցանկապատման աշխատանք նախատեսելու դեպքում ցանկապատման նախագիծը և պահանջները ներառվում են անտառավերականգնման կամ անտառապատման ծրագրերում։

9. Անտառավերականգնումը և անտառապատումը համարվում է իրականացված, երբ անտառատնկարկները փոխադրվում են անտառի շարք՝ համաձայն պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի։

10. Տնկանյութի աճեցման և անտառային մշակույթների ստեղծման նպատակով օգտագործվում են անտառաճեցման համար շրջանացված սերմեր՝ ապահովելով «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի «Անտառսերմնային և տնկարանային տնտեսության վարման կանոնները հաստատելու մասին» N 224-Ն հրամանով սահմանված պահանջները։

 

2. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են՝

1) անտառային ծառաթփատեսակ՝ ծառաթփատեսակ, որը աճում է անտառային համակեցություններում և ներկայացնում է ծառային շարահարկը.

2) անտառային մշակույթ՝ անտառավերականգնման, անտառապատման նպատակներով տնկված կամ սերմերի ցանքի միջոցով արհեստական հիմնադրված անտառատնկարկներ.

3) անտառային տնկադաշտ՝ անտառային, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերում ծառաթփային բույսերի, այդ թվում` արագաճ, աճեցման տարածք, որտեղից նախատեսվում է ստանալ փայտանյութ, հատապտղային արտադրանք, էներգիայի ստացման և այլ տեխնիկական նպատակներով հումք, ինչպես նաև ամանորին օգտագործելու նպատակով մշտադալար ասեղնատերևավոր բուսատեսակներ.

4) ագրոանտառային տնկարկ՝ անտառային ծառաթփատեսակների և գյուղատնտեսական մշակաբույսերի համատեղմամբ տնկարկ.

5) անտառապարկ՝ բնական կամ արհեստական հիմնադրված համայնքամերձ անտառներ, որոնք ծառայում են համայնքների սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանների ապահովմանը, ինչպես նաև մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության զարգացմանը.

6) գլխավոր ծառատեսակ՝ անտառային համակեցությունների գերիշխող տեսակ, որը առավել դիմացկուն է տվյալ անտառաճման պայմաններին, լավ հարմարված է, մյուս ծառատեսակների հետ մրցակցությունում գրավում է առաջին շարահարկը` զբաղեցնելով ավելի մեծ տարածություն և հիմնականում համարվում է տնտեսապես արժեքավոր ծառատեսակ.

7) խաշամ՝ անտառում տարվա ընթացքում թափված տերևները, ճյուղերը, կեղևը, պտուղները և բուսական այլ մնացորդներ.

8) պաշտպանական անտառաշերտ՝ անտառային մշակույթներ, որոնք հիմնադրվել են տարածքի պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

9) տնկի՝ սերմերից կամ կտրոններից աճեցրած երիտասարդ բուսակներ.

10) ուղեկցող (երկրորդային) ծառատեսակ՝ ծառաթփատեսակ, որն աճում է գլխավոր ծառատեսակի հետ, հաճախ կազմելով ծառային 2-րդ - 3-րդ շարահարկ.

11) սերմնաբուսակ (սերմնաբույս)՝ սերմերից աճեցված 1-ից մինչև 2 տարեկան բույս:

 

3. ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

12. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված, այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ (ոչ անտառածածկ) տարածքներում, ինչպես նաև նոսրուտներում և բացատներում՝ անտառակառավարման պլանների հիման վրա։

13. Անտառավերականգնման նպատակով յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ հաջորդ տարվա համար, անտառային տնտեսություն վարող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ղեկավարի հրամանի հիման վրա «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի (այսուհետ՝ Մասնաճյուղ) կողմից անտառակառավարման պլանների հիման վրա իրականացվում են անտառավերականգնման ենթակա տարածքների ընտրություն։ Աշխատանքներն ավարտելուց հետո մասնաճյուղերը 5 աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպությանը ներկայացնում են առաջարկություններ ստորև ներկայացված դրույթների առնչությամբ.

1) ընտրված տարածքների ուսումնասիրության և հետազոտության վերաբերյալ տվյալներ,

2) անտառավերականգնման աշխատանքների իրականացման եղանակների (արհեստական, բնական, համակցված) վերաբերյալ տվյալներ,

3) հողի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տվյալներ,

4) անտառային մակույթների հիմնադրման եղանակների (տնկում, ցանք), վերաբերյալ տվյալներ,

5) ըստ անհրաժետության անտառային մշակույթների լրացման ախատանքների վերաբերյալ տվյալներ,

6) ըստ անհրաժետության անտառային մշակույթների ոռոգման աշխատանքների վերաբերյալ տվյալներ։

14. Կապված անտառավերականգնման եղանակից, ներկայացված առաջարկությունները կարող են ներառել սույն կարգի 13-րդ կետում նշված տվյալներն ամբողջությամբ կամ մասնակի։

15. Անտառավերականգնման աշխատանքներ իրականացնելու համար մասնաճյուղերի կողմից ներկայացված առաջարկություններն ամփոփվում են Կազմակերպության կողմից և մինչև դեկտեմբերի 1-ը կազմվում է անտառավերականգնման ծրագիր և ներկայացվում է պետական կառավարման լիազորված մարմնին (այսուհետ՝ Նախարարություն) համաձայնեցման։

16. Նախարարությունը 5 աշխատանքնային օրվա ընթացքում անտառավերականգնման ծրագրի վերաբերյալ տալիս է դրական կամ հիմնավորված բացասական կարծիք, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկելուց հետո Կազմակերպությունը ևս մեկ անգամ ներկայացնում է Նախարարություն համաձայնեցման և վերջինս 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիրքորոշում։

17. Կազմակերպության ղեկավարը Նախարարության համաձայնությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հրամանով հաստատում է հաջորդ տարվա անտառավերականգնման ծրագրերը և պատճենները 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Նախարարությանը։

18. Անտառակառավարման պլանների ժամկետանց լինելու կամ անտառային տնտեսության վարման ընթացքում անտառավերականգնման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության առաջացման դեպքում, Կազմակերպության կողմից սույն կարգի 13-րդ կետի դրույթների համաձայն՝ Նախարարությանը ներկայացվում է առաջարկություն։

19. Նախարարությունը Կազմակերպության կողմից ներկայացված անտառավերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում տեղում իրականացնում է ընտրանքային կարգով ուսումնասիրություններ:

20. Ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), որտեղ ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել նաև գիտական, ուսումնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ մասնագետներ։

21. Ուսումնասիրությունները պետք են ներառեն անտառավերականգնման համար ընտրված յուրաքանչյուր տարածքի առնվազն 30 %-ը։

22. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների արդյունքում կազմվում է արձանագրություն, որի մեկական օրինակը ներկայացվում է տվյալ Կազմակերպությանը (ըստ անհրաժեշտության՝ նաև Մասնաճյուղին) և Նախարարությանը: Նախարարությունն արձանագրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ուսումնասիրության արդյունքում արձանագրված թերությունները շտկելու մասին կամ Կազմակերպությանը ներկայացնում է համաձայնություն՝ առաջարկության հիման վրա անտառավերականգնման ծրագիր հաստատելու վերաբերյալ։

23. Անտառավերականգնման ծրագիրը մշակում է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը կամ ոլորտում մասնագիտական կարողություններ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը։

24. Անտառավերականգնման աշխատանքների իրականացման եղանակներն են.

1) արհեստական,

2) բնական,

3) համակցված։

25. Անտառավերականգնման բնական եղանակն իրականացվում է անտառի բնական վերականգնման (վերաճի) աջակցությամբ (օժանդակությամբ)։

26. Բնական վերաճի օժանդակման աշխատանքները ներառում են վերաճի ցանկապատման, խնամքի, հարթակների պատրաստման (սերմատու ծառերի տակ խաշամի հեռացում և հողի փխրեցում) միջոցառումներ, որոնք կարող են տվյալ տեղամասում իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին` նպաստելով ծառուտում անտառ կազմող գլխավոր ծառատեսակի վերարտադրությանն ու պահպանությանը։

27. Անտառավերականգնման արհեստական եղանակն իրականացվում է սերմնաբուսակների, տնկիների, այդ թվում փակ արմատային համակարգով տնկման, սերմերի ցանքի միջոցով։

28. Անտառավերականգնման համակցված եղանակն իրականացվում է բնական և արհեստական եղանակների զուգակցմամբ։

29. Համակցված անտառավերականգնման դեպքում ստեղծվում են մասնակի անտառային մշակույթներ, որոնք լրացնում են բնական վերականգնման գործընթացում բացակայող կամ անբավարար քանակությամբ ներկայացված գլխավոր ծառատեսակը:

30. Ծառազրկված և բնական վերաճ չունեցող անտառային տարածքներում անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են արհեստական եղանակով:

31. Անբավարար բնական վերաճ ունեցող անտառային տարածքներում անտառավերականգնման աշախատանքներն իրականացվում են ինչպես բնական, այնպես էլ համակցված եղանակով:

32. Տեղեկատվության բացակայության դեպքում, անտառի բնական վերաճի օժանդակման աշխատանքներ իրակացնելուց առաջ Մասնաճյուղի կողմից կատարվում է տվյալ տարածքում ուսումնասիրություն և գնահատում։ Գնահատման ցուցանիշներ են հանդիսանում ծառուտում անտառ կազմող գլխավոր ծառատեսակի վերաճի (մատղաշի) կենսունակությունը, միջին տարիքը, միջին բարձրությունը, քանակը (1 հա-ի հաշվով), տեղաբաշխվածությունը (հավասարաչափ և անհավասարաչափ կամ խմբային):

33. Վերաճի (մատղաշի) կենսունակությունը բնորոշվում է.

1) լայնատերև սաղարթավոր անտառատնկարկներում` լավ զարգացած սաղարթով, ցողունների համաչափ բարձրությամբ և տրամագծով, վնասակար օրգանիզմներով վարակված չէ,

2) ասեղնատերև անտառատնկարկներում՝ խիտ, կանաչ կամ մուգ կանաչ ասեղնատերևներով, սրածայր կամ կոնաձև համաչափ խիտ կամ միջին խտության սաղարթով, որի բարձրությունը խմբերով տեղաբաշխվածության դեպքում կազմում է բնի 1/3-ը, իսկ մեկական բաշխվածության դեպքում՝ բնի 1/2-ը։ Սաղարթի գագաթնային ընձյուղի աճը կողային ընձյուղների աճից պակաս չէ, այն ուղղաձիգ է, հարթ կեղևով կամ նուրբ թեփուկներով և վնասակար օրգանիզմներով վարակված չէ։

34. Անտառային ծառաթփատեսակների վերաճը (մատղաշը) ըստ բարձրության բաժանվում է երեք խմբի. մանր՝ մինչև 0,5 մետր, միջին՝ 0,6-1,5 մետր և խոշոր՝ 1,6 մետրից ավել։

35. Ըստ խտության (1 հա-ի հաշվով)՝ վերաճը (մատղաշը) բաժանվում է երեք խմբերի. նոսր՝ մինչև 2 հազար հատ, միջին՝ 2-5 հազար հատ և խիտ՝ 5 հազար հատից ավել։

36. Ըստ տեղաբաշխվածության վերաճը (մատղաշը) բաժանվում է երեք խմբերի. հավասարաչափ՝ երբ վերաճը կազմում է մակերեսի 65%-ից ավելին, անհավասարաչափ՝ 40-65% և խմբային՝ երբ հանդիպում են խմբերով, որոնք կազմում են ընդհանուր մակերեսի մինչև 40%-ը։

37. Ծառուտի սաղարթի տակ առկա գլխավոր ծառատեսակի բոլոր վերաճները (մատղաշները) ենթակա են պահպանության։

38. Անտառավերականգնման միջոցառումներ չեն անցկացվում այն դեպքում, երբ`

1) ծառուտի սաղարթի տակ առկա է գլխավոր ծառատեսակի մինչև 2 տարեկան կենսունակ վերաճ, որը 1 հա-ի հաշվով կազմում է առնվազն 5000 հատ և տեղաբաշխված է ողջ մակերեսում համեմատաբար հավասարաչափ,

2) գլխավոր ծառատեսակի 2-5 տարեկան վերաճը (մատղաշը) 1 հա - ի հաշվով կազմում է նվազագույնը 3000 հատ, իսկ 5 տարեկանից բարձր վերաճը` նվազագույնը 2000 հատ և ողջ մակերեսում տեղաբաշխված է համեմատաբար հավասարաչափ:

39. Պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում անտառավերականգնումը պետք է նպատակաուղղված լինի ապահովելու այնպիսի անտառատնկարկների ձևավորմանը, որոնք համապատասխանում են դրանց նպատակային նշանակությանը:

40. Անտառավերականգնման հատուկ եղանակ է հանդիսանում անտառվերակառուցումը, որի արդյունքում տնտեսապես ցածրարժեք ծառաթփատեսակները (ուռենի, ղաժի և այլն) փոխարինվում են տնտեսապես արժեքավոր ծառատեսակներով (կաղնի, հաճարենի, սոճի, ընկուզենի և այլն):

 

4. ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

 

41. Անտառապատման աշխատանքներն իրականացվում են ոչ անտառածածկ անտառային, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերում:

42. Անտառապատման համար հաշվի են առնվում անտառաճման գոտիավորման բնակլիմայական պայմանները, այդ թվում կլիմայական փոփոխությունների մեղմմանն ուղղված անտառկազմող ծառերի և թփերի տեսակաշարի (ներառյալ ներմուծված և կլիմայավարժեցված) ընտրությունը, տարածքի հողային պայմանները, ռելիեֆը, լանջի թեքությունը և կողմնադրությունը, ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, ինչպես նաև հիմնադրվելիք տնկարկների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակությունը։

43. Անտառապատման աշխատանքներն իրականացվում են արհեստական եղանակով՝ սերմնաբուսակների, տնկիների, այդ թվում՝ բաց և փակ արմատային համակարգով տնկման, սերմերի ցանքի կամ նշված որևէ մեկ եղանակով։

44. Այլ նպատակային նշանակության հողերում անտառապատման աշխատանքներն իրականացվում են անտառապատման ծրագրի հիման վրա, որի մշակման համար հիմք են հանդիսանում սույն կարգի դրույթները։

45. Այլ նպատակային նշանակության հողերում անտառապատման ծրագիրը մշակվում է ոլորտում մասնագիտական կարողություններ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից և համաձայնեցվում է պետական կառավարման լիազորված մարմնի հետ։

46. Ոչ անտառածածկ անտառային հողերում անտառապատման ծրագիրը մշակում է անտառային տնտեսություն վարող կազմակերպությունը կամ ոլորտում մասնագիտական կարողություններ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը։

47. Ոչ անտառածածկ անտառային հողերում անտառապատման ծրագրի մշակման համար հիմք են հանդիսանում անտառակառավարման պլանը և սույն կարգի դրույթները։

48. Անտառապատման աշխատանքները նպատակաուղղված են.

1) հանրապետությունում անտառածածկ տարածքի ավելացմանը և շրջակա միջավայրի բարելավմանը,

2) անտառների կայուն կառավարմանը և կենսաբազմազանության պահպանությանը,

3) անտառային տնկադաշտերի հիմնմանը, բնափայտային և ոչ բնափայտային անտառանյութի արտադրության աճին, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների խթանմանը, ածխաթթու գազի կլանման բարելավմանը,

4) ագրոանտառային տնկարկների հիմնադրման միջոցով` գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության և մարգագետինների արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև դրանց վրա հնարավոր անբարենպաստ բնակլիմայական ազդեցությունների մեղմմանը,

5) անտառային ոլորտում կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականության բարձրացմանը,

6) հողերի դեգրադացիայի և անապատացման դեմ պայքարին, հողերի ռեկուլտիվացմանը,

7) ջրապահպան և այլ օգտակար հատկությունների ամրապնդմանը, հեղեղումների, տեղատարափ անձրևներից առաջացած ջրային հոսքերի կանխարգելմանը և կարգավորմանը,

8) բնակավայրերի միկրոկլիմայի, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը, անտառապարկերի ստեղծմանը, բնակչության հանգստի կանաչ գոտիների և ռեկրեացիոն տարածքների ավելացմանը,

9) գիտական, կրթական և հետազոտական թեմաներով անտառային ոլորտի աշխատանքների իրականացմանը և առաջադեմ փորձի ներդրմանը,

10) անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման բավարարմանը։

 

5. ԸՆՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

49. Ընտրված տարածքները նախապես ուսումնասիրվում են անտառային հողերում՝ Կազմակերպության Մասնաճյուղի, իսկ այլ նպատակային նշանակության հողերում՝ անտառապատման աշխատանքներ նախաձեռնողների կողմից և կազմվում է տեղամասի քարտեզ-սխեմա, որը կցվում է անտառապատման կամ անտառավերականգնման ծրագրին։

50. Հետազոտվում են վնասատուների՝ դաշտամկների առկայությունը (բնանցքների քանակը մեկ հա-ի հաշվով)։

51. Անտառապատման ժամանակ ըստ անհրաժեշտության իրականացվում է հողի ուսումնասիրություն (լաբորատոր հետազոտություն)։

52. Անհրաժեշտության դեպքում նշվում է ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաև դաշտամկների դեմ պայքարի աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը։

 

6. ՀՈՂԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

53. Հաշվի առնելով Հայաստանի ցամաքային կլիման և ռելիեֆի խիստ մասնատվածությունը, հողի նախապատրաստման բոլոր ձևերն ուղղված են խոնավության կուտակմանն ու պահպանմանը:

54. Հողի նախապատրաստումը կարող է լինել համատարած և մասնակի:

55. Հողի համատարած նախապատրաստման ձևը կիրառելի է հարթավայրային (մինչև 120 թեքության) լանջերի վրա:

56. Մասնակի հողի նախապատրաստման ժամանակ հողի մշակումը կազմում է ընդհանուր տարածքի 10-50 %-ի չափով՝ փոսերի, խրամատների և հարթակների տեսքով:

57. Հողի նախապատրաստական աշխատանքները ներառում են.

1) անտառային մշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքներ,

2) խրամատների պատրաստում,

3) փոսերի պատրաստում,

4) քարերի հավաք խրամատներում և փոսերում,

5) հողի բերրի շետի հետ լցում,

6) բնական եղանակով անտառավերականգնման դեպքում հարթակների պատրաստում։

58. Հողի նախապատրաստման խրամատային ձևը կիրառելիս խրամատները փորվում են պարտադիր լանջի թեքությանն ուղղահայց:

59. Քարքարոտ վայրերում հողի վարից հետո կատարվում է քարհավաք: Խրամատները լինում են նվազագույնը՝ 0,35-0,4 մ խորությամբ, 0,5 մ լայնությամբ: Անհրաժեշտության դեպքում խրամատների միջև կարող է թողնվել հակահրդեհային միջանցքներ։

60. Խրամատների երկայնակի առանցքների միջև ընկած հեռավորությունը կազմում է 3,0 մետր, երկարությունը` 1 հա-ի հաշվով կազմում է 3300 գծամետր: Խրամատների պատրաստումը նախընտրելի է կատարել աշնանը։

61. Հողի նախապատրաստումը փոսերով կատարվում է բոլոր անտառաճման գոտիներում, որոնց քանակը և չափերը կախված են տեղանքի պայմաններից և տնկանյութի չափերից՝

1) 1-2 տարեկան սերմնաբուսակների տնկման համար փոսերը պատրաստվում են 0,3 x 0,3; 0,4 x 0,4 մետր խորությամբ,

2) մինչև 1 մետր բարձրությամբ մանր տնկիների, ինչպես նաև թփերի տնկման համար փոսերը պատրաստվում են 0,3 x 0,3; 0,4 x 0,4; 0,5 x 0,5 մետր խորությամբ,

3) 1-2 մետր բարձրությամբ խոշոր տնկիների տնկման համար փոսերը պատրաստվում են 0,4 x 0,4; 0,5 x 0,5 մետր խորությամբ։

62. Փոսերը կարող են պատրաստվել նախապես՝ ըստ անհրաժեշտության, տնկումից առաջ շտկումներ իրականացնելով: Փոսերի պատրաստման չափերը կարող են փոխվել այն դեպքում, երբ հողում փորվածքները կատարվում են հատուկ հորատող սարքերի (շարժիչային, էլեկտրական, մարտկոցային կամ մեխանիկական) միջոցով՝ կապված հորատող գլանակի տրամագծից։

63. Հարթակների պատրաստման աշխատանքներն իրականացվում են ցածր լրիվություն (0,6-ից ցածր) և անբավարար վերաճ ունեցող ծառուտներում։ Հարթակները պատրաստվում են սերմատու ծառերի սաղարթի տակ՝ հեռացնելով խաշամը, 1x1 մետր չափերով, 8 սմ հողի փխրեցմամբ։ Կախված տարածքի առանձնահատկություններից 1 հա-ի հաշվով պատրաստվում են մինչև 2000 հատ հարթակ, որոնց ձևը կարող է լինել քառակուսի կամ ուղղանկյուն։

 

7. ԱՆՏԱՌԱՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ ՏՆԿՄԱՆ ԵՎ ՑԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ

 

64. Տնկման համար որպես տնկանյութ օգտագործվում են 1-2 տարեկան սերմնաբուսակներ կամ 3-5 տարեկան տնկիներ, որոնք ունեն բաց կամ փակ, լավ զարգացած ուղղածիգ կամ փնջաձև արմատային համակարգ:

65. Տնկման համար կատարվում է տնկիների նախապատրաստական աշխատանքներ՝ արմատների և սաղարթի ձևավորում, տեսակավորում, աճման խթանիչներով արմատների մշակում։

66. Տնկումն իրականացվում է գարնանը՝ մինչև բողբոջների բացվելը կամ աշնանը՝ տերևաթափի ժամանակ:

67. Անտառային մշակույթների հիմնադրումը ցանքի միջոցով իրականացվում է այն ծառատեսակներով, որոնք ունեն խոշոր պտուղներ և սերմեր (կաղնի, հաճարենի, շագանակենի, ընկուզենի և այլն):

68. Սերմերի ցանքը իրականացվում է աշնանը և գարնանը՝ խրամատներում ակոսների մեջ, ինչպես նաև հարթակներում։

69. Ցանքից առաջ սերմերը նախապես ենթարկվում են նախացանքային մշակման՝ ախտահանում, իսկ գարնան ցանքի դեպքում՝ ստրատիֆիկացում:

 

8. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄ

 

70. Անտառային մշակույթների լրացումն իրականացվում է տնկմանը կամ ցանքին հաջորդող տարում:

71. 25 %-ից ցածր կպչողականություն ունեցող անտառային մշակույթներում լրացում չի կատարվում, այն խոտանվում է և ենթակա է դուրս գրման՝ համաձայն այդ նպատակով Կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնախմբի արձանագրության:

72. 25-ից 75% կպչողականություն ունեցող անտառային մշակույթները ենթակա են լրացման:

73. Անհրաժեշտության դեպքում (երբ տնկմանը կամ ցանքին հաջորդող տարում անհրաժեշտ կպչողականությունն անբարենպաստ պայմանների հետևանքով չի ապահովվում) լրացումը կարող է կատարվել նաև անտառային մշակույթների հիմնադրման երրորդ տարվա գարնանը կամ աշնանը:

 

9. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

74. Ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ներառում են տնկարկների շարքերում (խրամատներում) կամ փոսերում հողի փխրեցումը և միջշարքային տարածքներում` խոտհունձը:

75. Ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների անցկացման նպատակահարմարությունը, հաճախականությունը, ժամկետները որոշվում են հաշվի առնելով տեղամասի բնակլիմայական պայմանները, անտառային մշակույթների վիճակը, հասակը, կազմը, կենսաբանական առանձնահատկությունները:

76. Ելնելով անհրաժեշտությունից կիրառվում են խնամքի հետևյալ հաճախականությունները` անտառային մշակույթների հիմնադրման տարում` 4-6 անգամ, երկրորդ տարում` 3-5 անգամ, երրորդ և չորրորդ տարիներին՝ 2-3 անգամ, հինգերորդ տարում՝ 1 անգամ:

 

10. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

77. Կիսաանապատային գոտում անտառային մշակույթների աճեցման համար իրականացվում է ոռոգում: Նախքան անտառամշակույթների հիմնադրումը կառուցվում է ոռոգման ցանց:

78. Կախված տնկարկների ոռոգման ձևից (առուներով, անձրևացում և կաթիլային) և տվյալ տարվա եղանակային պայմաններից ոռոգման հաճախականությունը և ջրի ծախսը կարող է լինել տարբեր։

 

11. ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

 

79. Անտառվերակառուցմանը ենթակա են թփային թավուտները, տնտեսապես ցածրարժեք ծառուտները, որոնցում գլխավոր և տնտեսապես արժեքավոր ծառատեսակները անբավարար քանակությամբ են ներկայացված կամ բացակայում են։

80. Վերակառուցման ձևերն են՝ ամբողջական և մասնակի:

81. Ամբողջական վերակառուցման ժամանակ տնկարկն ամբողջովին հատվում և փոխարինվում է նոր’ արժեքավոր տեսակներով:

82. Մասնակի վերակառուցման ժամանակ տնկարկում ներմուծվում են նոր արժեքավոր տեսակներ՝ միջանցքային կամ պատուհանախմբային եղանակով, պահպանելով առկա ծառերի որոշակի մասը:

83. 120 և ավելի թեքություն ունեցող լանջերի վրա կոճղահանումն արգելվում է:

84. Միջանցքային վերակառուցման եղանակի դեպքում տնկարկում ծառերն ու թփերը հատում են որոշակի լայնությամբ` թողնելով միջմիջանցքային տարածություններ, պահանջվող տնկարկի ձևավորման համար ուղեկցող տեսակներով՝ համաձայն աղյուսակի։

 

Աղյուսակ

 

Տնկարկի միջին բարձրություն /մետր/

Միջանցքների լայնություն
/մետր/

Միջմիջանցքային
լայնություն /մետր/

մինչև 2

2

2

2 - 4

2,5

2,5

4 - 6

3

3

6 - 8

3,5

3,5

 

85. Պատուհանախմբային վերակառուցման եղանակը կիրառելի է անհավասար լրիվության տնկարկներում: Այս դեպքում տնկարկում բնական «պատուհանները» մաքրվում և ընդարձակվում են:

86. Միաժամանակ կարող են ստեղծվել նոր «պատուհաններ» թփերի և մացառների, ցածրարժեք, ինչպես նաև վնասակար օրգանիզմներով վարակված, ցցաչոր, չորացող ծառերի հատման միջոցով՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նոր հիմնադրվող բարձրարժեք տեսակների աճի համար:

87. Գլխավոր, արժեքավոր տեսակները հիմնադրվում են կենսախմբերով՝ թե՛ բնական, թե՛ արհեստական «պատուհաններում», որոնք չպետք է գերազանցեն վերակառուցման ենթակա ընդհանուր տարածքի 50-60 %-ը:

 

12. ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

88. Անտառային մշակույթների հիմնադրման աշխատանքների արդյունքները գնահատելու և թերությունները ժամանակին վերացնելու համար կատարվում է ընթացիկ տարում հիմնադրված, այդ թվում՝ լրացված անտառային մշակույթների տեխնիկական ընդունում` (այսուհետ՝ տեխնիկական ընդունում) ոչ ուշ, քան տնկման կամ ցանքի աշխատանքների ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում, համաձայն ձև N 1 և ձև N 2-ի։

89. Տեխնիկական ընդունման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է Հանձնաժողով, որը կազմված է Կազմակերպության և համապատասխան Մասնաճյուղի ներկայացուցիչներից։

90. Տեխնիկական ընդունման ընթացքում Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում է հիմնադրված անտառային մշակույթների համապատասխանությունը անտառավերականգնման կամ անտառապատման ծրագրին, այդ թվում՝ տարածքի և իրականացված աշխատանքների նկարագրությանը։

91. Տեխնիկական ընդունման ժամանակ տնկատեղերը կամ ցանքատեղերը ուսումնասիրվում են 10մX10մ ոչ պակաս մակերեսով փորձահրապարակների միջոցով:

92. Փորձահրապարակի մակերեսը, կախված տեղամասի տարածքից պետք է կազմի մինչև 3 հա մակերես ունեցող տարածքներում` ընդհանուր մակերեսի 5 %-ից ոչ պակաս, 3-5 հա` 4 %, 5-10 հա` 3 %, 10-50 հա` 2 %, 50 հա-ից ավելի մակերես ունեցող տեղամասերում` ընդհանուր տարածքի 1 %-ը:

93. Տվյալ տեղամասում անտառավերականգնման կամ անտառապատման ծրագրով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման շեղման ցուցանիշը չպետք է գերազանցի 10%-ը (բացառությամբ բնական այնպիսի պայմանների հանգամաքով պայմանավորված, որոնք չէին կարող հայտնաբերվել անտառավերականգնման կամ անտառապատման ծրագրի նախագծման ժամանակ)։ 10%-ից ավել շեղման դեպքում տվյալ տեղամասում հիմնադրված անտառային մշակության տեխնիկական ընդունում չի կատարվում, ինչը փաստվում է մասնագիտական հանձնախմբի կողմից կազմված արձանագրությամբ։

94. Հիմնադրված անտառային մշակույթների տեխնիկական ընդունման ժամանակ կատարվում է նաև աշխատանքների որակի գնահատում՝ հիմք ընդունելով սույն կարգի 58-րդ կետի շեղման տոկոսը.

1) լավ` մինչև 5% շեղում,

2) բավարար մինչև 10% շեղում,

3) անբավարար 10%-ց ավել շեղում։

95. Մասնաճյուղը շեղման վերաբերյալ արձանագրության օրինակն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է շտկման աշխատանքներ։ Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում շտկման աշխատանքներն իրականացվում են առաջին իսկ հնարավորության դեպքում։

96. Շտկման աշխատանքներն ավարտելուց հետո Մասնաճյուղը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում Կազմակերպությանը, որը տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում արդեն իսկ ստեղծված մասնագիտական հանձնախմբի միջոցով կատարում է տեխնիկական վերաընդունում։

 

13. ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԿՊՉՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

97. Յուրաքանչյուր տարի՝ մինչև նոյեմբերի 1-ը, իրականացվում է նախորդ տարում հիմնադրված անտառային մշակույթների կպչողականության որոշում և գնահատում, որը ներառում է.

1) հիմնադրված անտառային մշակույթների գույքագրում (ձև N 3),

2) դուրս գրման ենթակա անտառային մշակույթների գույքագրում (ձև N 4),

3) բնական վերաճին օժանդակող միջոցառումներով վերականգնված անտառային տարածքների գույքագրում (ձև N 5)։

98. Անտառային պետական հողերում հիմնադրված անտառային մշակույթների կպչողականության որոշման և գնահատման նպատակով Կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է Հանձնաժողով, որը կազմված է Կազմակերպության և համապատասխան Մասնաճյուղի ներկայացուցիչներից։

99. Այլ նպատակային նշանակության հողերում հիմնադրված անտառային մշակույթների կպչողականության որոշման և գնահատման աշխատանքները կազմակերպվում է հողի սեփականատիրոջ կողմից։

100. Հիմնադրված անտառային մշակույթների կպչողականության որոշման և գնահատման ժամանակ ուսումնասիրություններն իրականացվում են 10մX10մ ոչ պակաս մակերեսով փորձահրապարակների միջոցով:

101. Փորձահրապարակի մակերեսը, կախված տեղամասի տարածքից պետք է կազմի մինչև 3 հա մակերես ունեցող տարածքներում` ընդհանուր մակերեսի 5 %-ից ոչ պակաս, 3-5 հա` 4 %, 5-10 հա` 3 %, 10-50 հա` 2 %, 50 հա-ից ավելի մակերես ունեցող տեղամասերում` ընդհանուր տարածքի 1 %-ը:

102. Յուրաքանչյուր փորձահրապարակում անհրաժեշտ է հաշվառել տնկիների կամ սերմնաբուսակների ընդհանուր քանակը: Այնուհետև հաշվառում են կենսունակությունը` պահպանած տնկիների կամ սերմնաբուսակների քանակը:

103. Փորձահրապարակների հաշվառման տվյալները տեղադրում են ստորև բերված բանաձևում, որի միջոցով հաշվարկվում է տվյալ փորձահրապարակում հիմնադրված անտառային մշակույթների կպչողականությունը տոկոսով:

 

Կ = 

Բ x 100

 

Ա

 

որտեղ` Կ - կպչողականության տոկոսը.

Ա - բույսերի ընդհանուր քանակը փորձահրապարակում,

Բ - կենսունակ բույսերի քանակը փորձահրապարակում;

 

104. Անտառային մշակույթների տարբեր փորձահրապարակների կամ տեղամասերի միջին կշռային կպչողականությունը որոշվում է հետևյալ կերպ` տվյալ տեղամասի մակերեսը բազմապատկվում է այդ տեղամասի մշակույթների կպչողականության տոկոսով:

 

14. ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

105. Անտառավերականգնման և անտառապատման ծրագիրը ներառում է.

1. Տարածքի նկարագրություն

1) տարածքի գտնվելու վայրը, տեղամասի դիրքը, մակերեսը, լանջի թեքության աստիճանը, ծովի մակերևույթից բարձրությունը,

2) բնակլիմայական պայմանները,

3) անտառաճման գոտիականությունը,

4) տարածքի բնութագիրը (անտառով չծածկված տարածք, հատատեղ, հրդեհատեղ, ծառուտ, խոտածածկույթի բնութագիրը՝ գերակշռող խոտային բուսականության տեսակները և այլն),

5) հողերի նկարագրությունը (հողատեսք, քարքարոտությունը, կազմությունը, ըստ անհրաժեշտության լաբորատոր հետազոտության տվյալներ և այլն),

6) 1 հա-ի հաշվով բնական վերաճի (մատղաշի) քանակը, ծառերի ու թփերի տեսակային կազմը,

7) ցածրարժեք տեսակների վերակառուցման եղանակը, ձևերը, տեխնոլոգիական առանձնահատկությունները,

8) վնասատուների՝ դաշտամկների առկայությունը, խտությունը (1-հա-ի հաշվով)։

 

2. Իրականացվող աշխատանքների նկարագրությունը

1) հողի նախապատրաստման եղանակները (համատարած, մասնակի, խրամատներով, փոսերով և այլն, մեքենայացված, ձեռքի ուժ),

2) խրամատների երկարությունը, լայնությունը, փոսերի, հարթակների չափերն ու քանակը 1 հա-ի հաշվով,

3) հողի մշակման ագրոտեխնիկան (խորությունը, ժամկետները, կրկնությունը),

4) սերմերի տեսակը, մթերման վայրը, որակի կարգը, նախացանքային մշակումը, քանակը, ցանքի եղանակը և նորման 1 հա-ի հաշվով,

5) օգտագործվող տնկանյութի (սերմնաբուսակներ, տնկիներ) տեսակը, քանակը, տարիքը, ստացման վայրը, տնկման եղանակը և նորման 1 հա-ի հաշվով,

6) շարքում և միջշարքերում հեռավորությունները, տեսակների տեղադրման սխեման, 1 հա-ի վրա փոսերի, խրամատների, հարթակների, ըստ տեսակի տնկատեղերի ու ցանքատեղերի քանակը,

7) անտառամշակույթների նկատմամբ նախատեսվող խնամքի եղանակներն ու հաճախականությունն ըստ տարիների և աճեցվող տեսակների (քաղհան, փխրեցում, խոտհունձ, խնամք ոռոգումով և այլն),

8) բնական վերաճի օժանդակում ցանկապատման միջոցով,

9) ցանկապատման աշխատանքների նկարագրություն (ցանկապատվող տարածքի քարտեզը, ցանկապատի երկարությունը, հենասյուների նկարագրությունը, փշալարի պատվածության նկարագրությունը (սխեման),

10) նախատեսված աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական արժեքը (դրամ)։

 

Ձև N 1

 

Բյուջեով կամ օրենքով չարգելված այլ միջոցներով հիմնադրված անտառային մշակույթների տեխնիկական ընդունում

 

«___________________________________ անտառտնտեսություն» մասնաճյուղ

 

N

Անտառպե-տության անվանումը

Քառա-կուսի №

Տեղա-մաս №

Ա/մ հիմնադրման տարեթիվը և ամիսը

Հիմնադրված Ա/մ տարածքը, հա

Գլխավոր և ուղեկցող ծառա-տեսակները

Հիմնադրման եղանակը
/ցանք, տնկում/

Տնկատեղերի, ցանքատեղերի միջին քանակը 1 հա-ի հաշվով

Հիմնադրված ցանկապատի երկարությունը (կմ)

                   
                   
                   
                   
                   
                   

Ընդամենը

               

 Ա/տ մասնաճյուղի տնօրեն՝ ---------------------------------------- ----------------

Կ.Տ

տեխնիկական ընդունող՝ Հանձնաժողով

----------- ----------------------------- 20…թ.

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

 

Ձև N 2

 

Բյուջեով կամ օրենքով չարգելված այլ միջոցներով հիմնադրված անտառային մշակույթների լրացման տեխնիկական ընդունում

 

 «___________________________________ անտառտնտեսություն» մասնաճյուղ

 

N

Անտառպե-տության անվանումը

Քառա-կուսի N

Տեղա-մաս N

Ա/մ հիմնադրման տարեթիվը և ամիսը

Հիմնա-դրված Ա/մ տարածքը, հա

Լրացված Ա/մ տարածքը, հա

Գլխավոր և ուղեկցող ծառա-տեսակները

Լրացվող ծառա-տեսակը

Ա/մ պահպանվա-ծությունը, % (նախքան լրացումը)

Ա/մ

պահպանվա-ծությունը, % /տեխ. ընդունման պահին/

Լրացման համար օգտա-գործվող տնկանյութի քանակը, (հազ. հատ)

Հիմնադրված ցանկապատի երկա-րությունը (կմ)

                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

Ընդամենը

                     

 Ա/տ մասնաճյուղի տնօրեն՝ ----------------------------- ----------------

Կ.Տ

 տեխնիկական ընդունող՝ Հանձնաժողով

---------- ----------------------------- 20…թ.

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

 

Ձև N 3

 

20… - 20….թթ. հիմնադրված անտառային մշակույթների (ա/մ) գույքագրում

 

 «____________________ անտառտնտեսություն» մասնաճյուղ

 

N

Անտառպե-տության անվանումը

Քառա-կուսի N

Տեղա-մաս N

Ա/մ հիմնա-դրման տարեթիվը և ամիսը

Ա/մ տարածքը (հա)

Գլխավոր ծառա-տեսակը

Ա/մ հիմնա-դրման եղանակը (ցանք կամ տնկում)

Տնկա-տեղերի, ցանքա-տեղերի քանակը 1 հա-ի հաշվով

Հաշվառման արդյունքները

Պահանջվող միջոցառումը և տարածքը (հա)

Կպչողակա-նությունը հիմնա-դրումից հետո (%)

Լրացման տարեթիվը

Լրացված տնկանյութի քանակը, հատ (սերմերի քանակը (կգ)

Ներկայիս պահպանվա-ծությունը (%)

Բույսերի ոչնչացման պատճառը

 
                             
                             
                             
                             

Ընդամենը

                         

Ա/տ մասնաճյուղի տնօրեն՝ ---------------------------------------- ----------------

Կ.Տ

գույքագրող՝ Հանձնաժողով

----------- ----------------------------- 20…թ.

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

 

Ձև N 4

 

Ա Կ Տ

 

20… - 20….թթ. դուրս գրման ենթակա անտառային մշակույթների

 

«____________________ անտառտնտեսություն» մասնաճյուղ

 

N

Անտառպե-տության անվանումը

Քառա-կուսի N

Տեղա-մաս N

Ա/մ հիմնա-դրված տարածքը, (հա)

Գլխավոր ծառա-տեսակը

Ա/մ հիմնադրման եղանակը (հա)

Ա/մ հիմնա-դրման տարե-թիվը և ամիսը

Ներկայիս պահպանվա-ծությունը, %

Դուրս գրման ենթակա անտառամշա-կույթները, (հա)

Բույսերի ոչնչացման պատճառը

ցանք

տնկում

                       
                       
                       
                       
                       
                       
                       

Ընդամենը

                   

Ծանոթություն` ոչնչացված անտառամշակույթների ակտը լրացվում է 25 %- ից ցածր կպչողականություն ունեցող տարածքների համար

 

 Ա/տ մասնաճյուղի տնօրեն՝ ---------------------------------------- ----------------

Կ.Տ

գույքագրող՝ Հանձնաժողով

----------- ----------------------------- 20…թ. 

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

 

Ձև N 5

 

20… - 20….թթ. բնական վերաճին օժանդակող միջոցառումներով վերականգնված անտառային տարածքները

 

«_________________________ անտառտնտեսություն» մասնաճյուղ

 

N

Անտառպե-տության անվանումը

Քառա-կուսի N

Տեղա-մաս N

Իրակա-նացման ժամկետը
/տարեթիվ և ամիս/

Հողի հանքայ-նացում (հա)

Այդ թվում

Այդ թվում

Վերա-կանգնումն ավարտված չէ (հա)

ցանք հարթակ-ներում (հա)

սերմերի անվանում

քանակ (կգ)

վերականգնվել է (հա)

ընդա-մենը

ծառա-տեսակը

այլ ծառա-տեսակ-ներ

 
                         
                         
                         
                         
                         
                         
                         

Ընդամենը

                     

 Ա/տ մասնաճյուղի տնօրեն՝ ---------------------------------------- ----------------

Կ.Տ

գույքագրող՝ Հանձնաժողով

----------- ----------------------------- 20…թ. 

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

---------------------------------------------------

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2024 թվական: