Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 21.02.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» փետրվար 2024 թ.

N 50-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 2.1.2.001-24 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 857 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել` «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի ««Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 857 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

12.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2024 թվականի փետրվար «12»-ի

թիվ 50-Ն հրամանի

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» 2.1.2.001-24 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` Նորմեր) տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ` Հաստատություն) վրա՝ անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից:

2. Սույն Նորմերը սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող Հաստատություններին ներկայացվող պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 3. Հաստատությունը կազմակերպվում է 0-ից մինչև 6 տարեկան երեխաների համար, ձևավորելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված տարիքային խմբերը:

4. Հաստատության տեսակները սահմանվում են համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:

5. Հաստատության հաշվարկային տարողունակությունը (տեղերի քանակը խմբերում) սահմանվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 76-Ն հրամանների:

6. Հաստատության հողամասի տեղաբաշխմանը, կազմակերպմանը, սարքավորմանը, ինչպես նաև Հաստատության շենքի ծավալահատակագծային լուծումներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամանների:

7. Հաստատությունում աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն հրամանների:

8. Հաստատության խմբասենյակներում, խաղասենյակներում, ննջասենյակներում, բուժկետում, ֆիզկուլտուրայի և երաժշտական դահլիճներում բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ) պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս: Հաստատությունում բնական կամ արհեստական լուսավորությանը ներկայացվող պահանջները սահմանվում են նաև համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամանների:

9. Հաստատության ջրամատակարարմանը և կոյուղուն ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամանների:

10. Հաստատությունն ապահովվում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի ջրով:

11. Հաստատությունում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանի:

12. Հաստատության ջեռուցմանը, հովացմանը, օդափոխությանը և օդորակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 25-Ն հրամանների ու սույն Նորմերի գլուխ 5-ի:

13. Հաստատության սենքերի օդի ջերմաստիճանը սահմանվում է համաձայն Աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

 

Սենքեր

Օդի ջերմաստիճանը (0)

1. Վաղ մանկության տարիքի առաջին խմբի խմբասենյակ, խաղասենյակ, ընդունարան

22 - 24

2. Վաղ մանկության տարիքի երկրորդ և կրտսեր առաջին խմբերի խմբասենյակ, խաղասենյակ, ընդունարան

21 - 23

3. Կրտսեր երկրորդ, միջին և ավագ խմբերի հանդերձարան

20 - 22

4. Կրտսեր երկրորդ, միջին և ավագ խմբերի խմբասենյակ, խաղասենյակ

19 - 21

5. Վաղ մանկության տարիքի առաջին, վաղ մանկության տարիքի երկրորդ և կրտսեր առաջին խմբերի ննջասենյակ

20 - 22

6. Կրտսեր երկրորդ, միջին և ավագ խմբերի ննջասենյակ

18 - 20

7. Վաղ մանկության տարիքի առաջին, վաղ մանկության տարիքի երկրորդ և կրտսեր առաջին խմբերի սանհանգույց

20 - 22

8. Կրտսեր երկրորդ, միջին և ավագ խմբերի սանհանգույց

19 - 21

9. Ֆիզկուլտուրայի և երաժշտական դահլիճներ

18 - 20

10. Լողավազան

29 - 30

11. Բուժկետ, մեկուսարան

21 - 23

12. Ծառայողական-կենցաղային սենք

17 - 20

13. Լվացքատուն

18 - 19

14. Արդուկարան

16 - 17

15. Ջեռուցվող անցումային սրահ

15 - 16

14. Հաստատության 1-ին հարկում տեղակայված խմբասենյակներում և խաղասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը տարվա ցուրտ եղանակին պետք է լինի 220-ից ոչ պակաս:

15. Հաստատության խմբասենյակներում, խաղասենյակներում և ննջասենյակներում հարաբերական խոնավությունը թույլատրվում է 40-55%, իսկ խոհանոցում և լվացքատանը՝ 60-70%:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Հաստատության գույքը պետք է համապատասխանի երեխայի տարիքային առանձնահատկություններին և հասակին: Գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղյուսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն:

17. Հաստատության խմբասենյակներում և խաղասենյակներում պետք է տեղադրվեն տվյալ տարիքային խմբի երեխաների քանակին համապատասխան սեղաններ և աթոռներ.

1) վաղ մանկության տարիքի առաջին, վաղ մանկության տարիքի երկրորդ, կրտսեր առաջին, կրտսեր երկրորդ և միջին խմբերում՝ 4 տեղանի սեղաններ և (լրացուցիչ) 2 տեղանի նստարան-սեղան,

2) ավագ խմբերում՝ երկտեղանի սեղաններ, մակերեսի փոխվող թեքությամբ:

18. Հաստատությունում երեխաների համար նախատեսված աթոռները պետք է խմբավորվեն սեղանի հետ և մակնշվեն:

19. Հաստատությունում երեխաների համար նախատեսված սեղանների և աթոռների հենակների բարձրությունները սահմանվում են համաձայն Աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 2

 

Մակնշող գույնը

Երեխայի

հասակը (սմ)

Սեղանի

բարձրությունը (սմ)

Աթոռի հենակի

բարձրությունը (սմ)

1. Սպիտակ

մինչև 80

34

17

2. Կանաչ

81-ից 90

38

20

3. Երկնագույն

91-ից 100

43

24

4. Նարնջագույն

101-ից 115

48

28

5. Դեղին

116 և բարձր

54

32

20. Հաստատությունում պարապմունքների համար սեղանների դասավորությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

1) սեղանները տեղադրվում են լուսավորվող պատի մոտ,

2) 4 տեղանի սեղանները տեղադրվում են առավելագույնը 2 շարքով,

3) 2 տեղանի սեղանները տեղադրվում են առավելագույնը 3 շարքով,

4) սեղանների շարքերի միջև հեռավորությունը պետք է կազմի 0.5մ-ից ոչ պակաս,

5) 1-ին շարքի սեղանի հեռավորությունը լուսավորվող պատից պետք է կազմի՝ 1մ,

6) 1-ին սեղանի և գրատախտակի միջև հեռավորությունը պետք է կազմի՝ 2.5-ից 3մ,

7) գրատախտակի ստորին եզրի բարձրությունը պետք է կազմի՝ 0.7-ից 0.8մ,

8) գրատախտակի չափսերը պետք է լինեն՝ 0.75-ից 1մ:

21. Հաստատությունում, պարապմունքների ընթացքում լսողության և տեսողության խանգարումներով երեխաներին նստեցնում են առաջին շարքում, ընդ որում տեսողության ցածր սրությամբ երեխաները պետք է նստեն պատուհանների կողմից առաջին շարքում:

22. Հաստատությունում դիապրոյեկտորից էկրանի հեռավորությունը, էկրանի պատկերի լայնությունը, էկրանից 1-ին շարքի հեռավորությունը և շարքերում երեխաների առավելագույն քանակը սահմանվում է համաձայն Աղյուսակ 3-ի:

 

Աղյուսակ 3

 

Դիապրոյեկտորից

էկրանի հեռավորությունը (մ)

Էկրանի պատկերի լայնությունը (մ)

Էկրանից 1-ին շարքի հեռավորությունը (մ)

Շարքերում երեխաների առավելագույն քանակը

1-ին

շարք

2-րդ շարք

3-րդ

շարք

1. 4.0

1.2

2.4

8

10

13

2.

3.5

  

1.0

2.1

7

9

11

3.

3.0

    

0.9

1.8

6

8

10

4.

2.5

0.75

1.5

6

7

9

5.

2.0

  

0.6

1.2

4

6

8

23. Հաստատության խմբասենյակներում և խաղասենյակներում՝ երեխաների պատահական կոտրվածքների և վնասվածքների կանխարգելման նպատակով կիրառվող արգելքները պետք է տեղադրվեն պատուհանից 1մ հեռավորությամբ, դրան զուգահեռ երկար կողմով:

24. Հաստատության վաղ մանկության տարիքի առաջին խմբի լվացարանի մոտ պետք է տեղադրվի բարուրի սեղան՝ սրբիչների կախիչներով և կեղտոտ սպիտակեղենի տարայով: Վաղ մանկության տարիքի առաջին խմբի երեխաներին կերակրելու համար պետք է տեղադրվեն 2 տեղանի սեղաններ:

25. Հաստատության կրտսեր երկրորդ, միջին և ավագ խմբերի սանհանգույցներում պետք է տեղադրվեն պատի կամ կախովի կախիչներ անձնական բաժիններով՝ անձնական հիգիենայի առարկաների և սրբիչների համար, տնտեսական պահարաններ, իսկ վաղ մանկության տարիքի առաջին, վաղ մանկության տարիքի երկրորդ և կրտսեր առաջին խմբերում՝ առանձին խցիկներով պահարաններ՝ գիշերանոթների համար: Մանկական բոլոր անշարժ սարքավորումները պետք է ամրացվեն՝ երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

26. Հաստատության սենքերում ամեն օր պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում (հատակի լվացում, փոշու կուտակման վայրերի (պատուհանագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ, լուսատուներ և այլն) մաքրում), իսկ ամիսը մեկ անգամ հաճախականությամբ՝ հիմնական մաքրում: Հաստատության սենքերում ընթացիկ խոնավ և հիմնական մաքրումը պետք է իրականացվի պատուհանները բաց վիճակում: Պատուհանները և վարագույրները պետք է լվանալ առնվազն տարին 2 անգամ հաճախականությամբ (գարնանը և աշնանը):

27. Հաստատության ֆիզկուլտուրայի և երաժշտական դահլիճներում պետք է իրականացվի ընթացիկ խոնավ մաքրում՝ յուրաքանչյուր պարապմունքից հետո: Ֆիզկուլտուրայի դահլիճների հատակը պետք է ապահովված լինի ամորտիզացվող ծածկույթով` երեխաների պատահական կոտրվածքների և վնասվածքների կանխարգելման նպատակով:

28. Հաստատության խմբասենյակների և խաղասենյակների սեղանները պետք է խոնավ մաքրվեն նախքան սնունդ ընդունելը և հետո, իսկ աթոռները՝ առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ:

29. Հաստատության սանհանգույցների սանիտարատեխնիկական սարքավորումներն պետք է խոնավ մաքրվեն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության: Գիշերանոթները յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են հոսող տաք ջրով:

30. Խոնավ մաքրումը պետք է իրականացվի օճառով և տաք ջրով:

31. Հաստատության սենքերում ամենօրյա խոնավ մաքրումը պետք է իրականացվի առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ, ախտահանիչ լուծույթների կիրառմամբ՝ առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ, իսկ սանհանգույցներում և բուժկետում օրը 2 անգամ հաճախականությամբ: Բոլոր սենքերում ախտահանումը պետք է իրականացվի համաճարակաբանական ցուցման դեպքում: Ախտահանումն ընդգրկում է սենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումն ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի պահանջների (այսուհետ՝ Ախտահանիչ):

32. Հաստատության սենքերում ընթացիկ խոնավ մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման պարագաներով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր, ավելներ, մոպեր և այլն), օճառով կամ Ախտահանիչով: Ընթացիկ խոնավ մաքրման համար օգտագործվող պարագաները պետք է մակնշվեն՝ հստակ տարանջատելով տարբեր սենքերի համար օգտագործվող պարագաները:

33. Մաքրման պարագաները, օճառը և Ախտահանիչները պետք է պահվեն երեխաներին անհասանելի վայրերում՝ առանձին սենքում կամ պահարանում՝ միմյանցից մեկուսացված: Մաքրման պարագաները պետք է ախտահանվեն աշխատանքային օրվա վերջում:

34. Հաստատության սանհանգույցներում կենցաղային աղբը պետք է կուտակվի ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղներում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

35. Հաստատության սանհանգույցները պետք է ապահովվեն հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով կամ անհատական սրբիչներով, զուգարանի թղթով:

36. Աղբահավաք բեռնարկղը` կոնտեյները, պետք է տեղադրվի տնտեսական հրապարակի վրա, ջրանթափանց, բարեկարգ մակերեսով տարածքում՝ Հաստատության շենքից ոչ պակաս, քան 15մ հեռավորության վրա: Կոնտեյները պետք է ունենա կափարիչ ու մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ: Կոնտեյների տեղադրման տարածքը պետք է մաքրվի ամեն օր, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված հավելվածի 16-րդ կետի:

37. Հաստատությունում ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները պետք է կազմակերպվեն համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի:

38. Հաստատությունում խմբերի գործունեության ընթացքում արգելվում է անցկացնել ընթացիկ ու կապիտալ վերանորոգումներ:

39. Ձեռք բերված բոլոր խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելը պետք է լվանալ օճառով և տաք հոսող ջրով՝ 15 րոպե տևողությամբ, և չորացնել բնական եղանակով:

40. Վաղ մանկության տարիքի առաջին խմբի երեխաների խաղալիքները պետք է լվանալ առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ, իսկ մյուս բոլոր խմբի երեխաների խաղալիքները՝ առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ՝ աշխատանքային օրվա վերջում:

41. Հաստատությունում մինչև 3 տարեկան և մեկուսարանում գտնվող երեխաներին արգելվում է փափուկ և փրփրալատեքսային մազմզոտ խաղալիքների օգտագործումը:

42. Փափուկ խաղալիքները յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում պետք է վարակազերծվեն մանրէասպան լամպերով՝ 25 սմ հեռավորության վրա և 40 րոպե տևողությամբ:

43. Երեխաները պետք է ապահովված լինեն անհատական անկողնային պարագաներով, այդ թվում՝ սպիտակեղենի 2 հավաքածուով և յուրաքանչյուր խմբում ներքնակի լրացուցիչ 2 փոխնորդով, սրբիչներով, անձնական հիգիենայի պարագաներով (ատամի խոզանակ, սանր, սպունգ և այլն), որոնք պետք է մակնշված լինեն:

44. Սպիտակեղենը և սրբիչները պետք է փոխել առնվազն շաբաթը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության: Մաքուր սպիտակեղենը պետք է առաքել պարկերով ու պահել պահարաններում: Օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է տեղադրել հատուկ տարաներում կամ մոմլաթե պարկերում: Աշխատանքային օրվա վերջում օգտագործված սպիտակեղենը և սրբիչները պետք է տեղափոխել լվացքատուն կամ հատուկ սենյակ: Առաքման պարկերը պետք է տրվեն լվացման, իսկ մոմլաթե պարկերը պետք է մշակել օճառով և տաք ջրով: Անկողնային պարագաները պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջասենյակներում՝ պատուհանները բաց վիճակում: Ներքնակները, բարձերը, վերմակները և քնապարկերը տարին 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության, պետք է ենթարկվեն քիմիական մաքրման կամ լվացվեն:

45. Գորգերն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության պետք է մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել (թափ տալ) և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ հաճախականությամբ ենթարկել քիմիական մաքրման:

46. Երեխաների բարուրի սեղանները, մանկական տակդիր մոմլաթները և արենաների ծածկոցներն օրը 2 անգամ (ճաշից հետո և օրվա վերջում) հաճախականությամբ պետք է լվանալ օճառով և տաք ջրով, իսկ արտաթորանքներով աղտոտվելու դեպքում՝ նաև ախտահանել:

47. Ճանճերի մուտքը Հաստատություն կանխելու նպատակով պետք է սննդի բլոկի, լվացքատան, սանհանգույցների, խմբասենյակների և այլ սենքերի պատուհանները ցանցապատել:

48. Կոյուղու բացակայության դեպքում, հորատիպ զուգարանների 2/3 լցվելու դեպքում պետք է մաքրել և ամեն օր մշակել Ախտահանիչով: Հորատիպ զուգարանների ներքին մակերեսը և դռների բռնակները ամեն օր պետք է ախտահանել:

49. Հաստատության հողամասի կանաչապատումն իրականացնելիս պետք է բացառել թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Հաստատության սենքերում ևս չպետք է տեղադրել թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

50. Հաստատությունը պետք է ամեն օր օդափոխել: Միջանցիկ և անկյունային օդափոխությունը պետք է կազմակերպել երեխաների բացակայության ժամանակ, իսկ միակողմանի օդափոխությունը՝ նաև երեխաների ներկայությամբ: Օդափոխությունը սանհանգույցների միջով չի թույլատրվում:

51. Օդափոխության տևողությունը պայմանավորված է մթնոլորտային օդի ջերմաստիճանից, քամու ուղղությունից, ջերմամատակարարման համակարգի արդյունավետությունից և դադարեցվում է երեխաների սենք վերադառնալուց 30 րոպե առաջ:

52. Տարվա տաք և ցուրտ եղանակներին խորհուրդ է տրվում իրականացնել սենքերի անընդհատ աէրացիա:

53. Հաստատության ննջասենյակներում, երեխաների քնի ընթացքում՝ մինչև վերկացից 30 րոպե առաջ, պետք է միակողմանի բացել և փակել պատուհանները և օդանցքները: Տարվա տաք եղանակին երեխանների քունն անցկացվում է պատուհանները բաց վիճակում՝ խուսափելով քամու հոսանքից: Ննջասենյակները և պատշգամբները պետք է ունենան արևապաշտպան հարմարանքներ (վարագույրներ, շերտավարագույրներ և այլն):

54. Հաստատության օդի ջերմային ռեժիմի հսկողությունը պետք է իրականացվի սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով:

55. Երեխաների զբոսանքը պետք է կազմակերպվի առնվազն օրը 2 անգամ հաճախականությամբ՝ նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

56. Հաստատությունը պետք է ունենա բուժկետ և մեկուսարան: Հաստատության բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում պետք է ապահովվի գործառնական գոտիավորում համապատասխան կահավորմամբ, շարժական միջնապատով՝ առանձնացնելով մեկուսարանը:

57. Հաստատության բուժկետն ապահովվում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին համապատասխանող խմելու ջրի որակի ջրով, դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման լվացարանով, ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղներով, պահարաններով, բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված Ախտահանիչով:

58. Հաստատության բուժկետի գույքային և կադրային հագեցվածությանը ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման:

59. Հաստատությունում երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 2860-Լ հրամանի:

60. Համաճարակաբանական ցուցումով, Հաստատության բուժկետում կանխարգելիչ պատվաստումները պետք է իրականացվեն համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի:

61. Հաստատությունում արձանագրված վարակիչ հիվանդության դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանների:

62. Հաստատությունում պետք է ապահովվի սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում Հաստատությունում սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը՝ բուժաշխատողի կողմից: Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ, ՀՀ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ, բուժաշխատողի միջոցով Հաստատության մուտքի մոտ պետք է իրականացվի երեխաների և Հաստատության աշխատակիցների զննում՝ սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար: Հայտնաբերված հիվանդ երեխաները և Հաստատության աշխատակիցներն անմիջապես տեղափոխվում են մեկուսարան՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատությանը ու երեխայի օրինական ներկայացուցչին՝ երեխային տուն ուղեկցելու նպատակով:

63. Հաստատությունում վարակիչ և մակաբուծային հիվանդության դեպքեր արձանագրելիս կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ապահովում է Հաստատության ղեկավարը, համաձայն.

1) ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 21-Ն հրամանի,

2) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 29-Ն հրամանի,

3) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 30-Ն հրամանի,

4) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 31-Ն հրամանի,

5) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 32-Ն հրամանի,

6) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 33-Ն հրամանի,

7) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 34-Ն հրամանի,

8) ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 40-Ն հրամանի,

9) ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 14-Ն հրամանի:

64. Հաստատությունում բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:

65. Հաստատությունում բժշկական թափոնների գործածությունը պետք է իրականացվի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

66. Հաստատության աշխատակիցները պետք է ենթարկվեն բժշկական զննության համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման պահանջների:

67. Պեդիկուլոզի (ոջլոտության) հայտնաբերման նպատակով՝ բուժաշխատողն ամիսը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության՝ բոլոր խմբերում կատարում է երեխաների զննումներ: Զննման արդյունքները գրանցվում են «Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան»-ում համաձայն սույն Նորմերի Ձև 1-ի:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

68. Հաստատության աշխատակիցները աշխատանքից առաջ պետք է լավ լվանան ձեռքերը, հագնեն մաքուր խալաթ, ունենան փոխնորդ կոշիկներ: Տեխնիկական անձնակազմը պետք է ունենա առանձին խալաթներ՝ տարածքները մաքրելու համար, իսկ դայակները՝ նաև մաքուր գոգնոցներ կերակուրը բաժանելու համար: Աշխատակիցները սանհանգույցից օգտվելուց առաջ պետք է հանեն խալաթը, իսկ հետո՝ ձեռքերը լվանալ օճառով: Աշխատակիցներին արգելվում է օգտվել երեխաների համար նախատեսված սանհանգույցից: Հաստատությունից դուրս գալուց առաջ աշխատակիցները խալաթները պետք է հանեն և կախեն պահարանում:

69. Հաստատության աշխատակիցների հիգիենիկ ուսուցումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանի:

70. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, Հաստատության սննդի բլոկի բոլոր աշխատակիցների զննումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանի: Առողջական խնդիրներ կամ կասկածելի ախտանշաններ ունեցող աշխատակիցները չեն թույլատրվում աշխատանքի:

 

ԳԼՈՒԽ 8. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

71. Երեխայի ընդունելությունը Հաստատություն պետք է իրականացվի համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 76-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 2860-Լ հրամանների:

72. Երեխայի ամենօրյա Հաստատություն ընդունումը պետք է ուղեկցվի զննմամբ և իրականացվի դաստիարակի կողմից, ով երեխայի ծնողներից պետք է տեղեկացվի երեխայի առողջական վիճակի մասին, ինչպես նաև համաճարակային ցուցումով և ըստ անհրաժեշտության չափի երեխաների ջերմությունը:

73. Առավոտյան զննման ընթացքում հայտնաբերված հիվանդ և կասկածելի ախտանշաններով երեխաները չեն ընդունվում Հաստատություն, իսկ օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մեկուսարանում: Ելնելով առողջական վիճակից երեխան մնում է մեկուսարանում մինչև ծնողի ժամանելը, կամ հոսպիտալացվում է:

74. Առողջացումից հետո, երեխաները Հաստատություն ընդունվում են միայն համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով, որտեղ նշվում է ախտորոշումը, հիվանդության տևողությունը, իրականացված բուժումը, վարակիչ հիվանդությամբ պացիենտների հետ ունեցած շփման բացառման, ինչպես նաև երեխայի անհատական ռեժիմի վերաբերյալ առաջարկություններ՝ առաջին 10-14 օրվա ռեկոնվալեսցենտներ:

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՕՐՎԱ ՌԵԺԻՄԻՆ ԵՎ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

75. Հաստատությունում երեխայի օրվա ռեժիմը պետք է կազմակերպվի նախադպրոցական կրթական ծրագրին, տարբեր տարիքային խմբերի երեխաների քնի տևողությանը և առույգությանը համապատասխան: Օրվա ընթացքում պետք է նախատեսվի երեխաների մաքուր օդում գտնվելու բավարար տևողություն, որի ժամանակ պետք է իրականացվեն առողջարարական և կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպվեն պարապմունքներ, որոնք պետք է ընդգրկեն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռացիոնալ համակցությունը:

76. Շաբաթվա ընթացքում պարապմունքների քանակը պետք է կազմի.

1) 10՝ վաղ մանկության տարիքի առաջին, վաղ մանկության տարիքի երկրորդ, կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերում,

2) 15՝ միջին խմբում,

3) 19՝ ավագ խմբում:

77. Մեկ պարապմունքի տևողությունը պետք է կազմի.

1) 10-ից 15 րոպե՝ վաղ մանկության տարիքի առաջին, վաղ մանկության տարիքի երկրորդ, կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերում,

2) 15-ից 20 րոպե՝ միջին խմբում,

3) 20-ից 25 րոպե՝ ավագ խմբում:

78. Հաստատության բոլոր խմբերում, պարապմունքների ընթացքում պետք է կազմակերպել մարմնամարզական վարժություն՝ 1.5-ից 2 րոպե տևողությամբ: Պարապմունքների միջև եղած ընդմիջումները պետք է լինեն 10-ից 12 րոպե տևողությամբ: Ընդմիջումների ընթացքում պետք է կազմակերպել չափավոր ակտիվությամբ խաղեր:

79. Պարապմունքների բաշխման ցանկը կազմելիս պետք է.

1) պլանավորել ուսումնական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում՝ օրվա, շաբաթվա և տարվա համար,

2) թեթև բովանդակությամբ և բարդությամբ պարապմունքները կազմակերպել շաբաթվա սկզբում և վերջում:

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

80. Հաստատությունում երեխաների ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացվի նախադպրոցական կրթական ծրագրին և սույն գլխի պահանջներին համապատասխան:

81. Հաստատությունում երեխաների շարժունակության ռեժիմը պետք է ապահովի ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Դրա հիմքը կազմում են ամենօրյա ֆիզիկական վարժությունների պարապմունքները, տարբեր տեսակի խաղերը (դաստիարակի ղեկավարությամբ) և երեխաների ինքնուրույն շարժուն գործունեությունը:

82. Երեխաների տարբեր տարիքային խմբերում ֆիզիկական վարժությունների պարապմունքների տեսակները և աշխատանքների ձևերը սահմանվում են համաձայն Աղյուսակ 4-ի: Երեխաների ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացվի ֆիզհրահանգչի կամ դաստիարակի կողմից:

 

Աղյուսակ 4

 

Պարապմունքի տեսակը և աշխատանքի ձևը

Տարիքային խմբերը, կազմակերպման առանձնահատկությունները

Վաղ մանկության տարիքի առաջին խումբ

Վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ

Կրտսեր առաջին խումբ

Կրտսեր երկրորդ խումբ

Միջին խումբ

Ավագ խումբ

1. Ուսուցողական աշխատանք

Ամեն օր անհատական կամ փոքր խմբերով խաղապարապ-

մունքներ շարժումների զարգացման ուղղությամբ, մերսում, մարմնամար-

զություն՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը և զարգացման առանձնահատ-կությունները

Շաբաթը 2 անգամ հաճախա-կանությամբ

Շաբաթը 2 անգամ հաճախա-կանությամբ

Շաբաթը 3 (1 պարապմունքը կազմակերպվում է զբոսանքի ժամանակ) անգամ հաճախականությամբ

2. Օրվա վերջում ֆիզիկական առողջարարական աշխատանք.

1) առավոտյան մարմնամարզություն

2) աշխույժ խաղեր և պարապմունքներ զբոսանքի ժամանակ

-

 

 

-

 

 

2) անհատական

-

 

 

-

Ամեն օր

 

1) 4-ից 5 րոպե տևողու-թյամբ

Ամեն օր

 

1) 4-ից 5 րոպե տևողու-թյամբ

Ամեն օր

 

1) 6-ից 8 րոպե տևողու-թյամբ

Ամեն օր

 

1) 8-ից 10 րոպե տևողու-թյամբ

2) օրը 2 անգամ հաճախականությամբ՝ առավոտյան և երեկոյան զբոսանքի ժամանակ

3.Ակտիվ հանգիստ

1) ֆիզիկական վարժությունների մրցույթ

2) առողջության օր

-

 

 

-

-

 

 

-

-

 

 

-

1) առնվազն տարին 2 անգամ հաճախականությամբ՝ մինչև 60 րոպե տևողությամբ

2) առնվազն եռամսյակը մեկ անգամ հաճախականությամբ

4. Երեխաների ինքնուրույն շարժողական գործունեություն

-

-

-

Ամեն օր: Բնույթը և տևողությունը կախված է երեխայի անհատական տվյալներից ու պահանջներից:

5.Տնային հանձնարարություն

Առաջադրանքները որոշում է դաստիարակը

 

83. Հաստատությունում երեխաների ֆիզիկական դաստիարակությունը պետք է ապահովվի բժշկական և մանկավարժական հսկողությամբ, որի շրջանակում պետք է դիտարկվի երեխաների ֆիզիկական զարգացումը և գնահատվի ֆիզիկական դաստիարակության արդյունավետությունը:

84. Հաստատությունում երեխաների կոփումը պետք է ընդգրկի ամենօրյա կյանքում հետևյալ էլեմենտները՝ օդային վաննաներ, ջրային պրոցեդուրաներ, ճիշտ կազմակերպված զբոսանք, ֆիզիկական վարժությունների պարապմունքներ, որոնք պետք է անցկացվեն երեխաների օրգանիզմի ջերմաստիճանի ջերմային կոմֆորտի վիճակում:

 

Ձև 1

 

Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան

 

Զննման

Ամսաթիվ

Խումբ

Զննված երեխաների թիվ

Հայտնա-բերված դեպքերի թիվ

Բուժումից հետո հերթական զննման ամսաթիվ

Հայտնաբերված դեպքերի թիվ

Նշումներ

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան