Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

N 516-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 541-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) ներքին աուդիտորի որակավորման շնորհման և շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար հրավիրված անձանց ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն N 2 հավելվածի,

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի «Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 541-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Վ. Հովհաննիսյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

ֆինանսների նախարարի

 «28» դեկտեմբերի 2023 թ.

N 516-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ներքին աուդիտորները որակավորման նպատակով պետք է հանձնեն ներքին աուդիտորի որակավորման քննություն (այսուհետ` քննություն): Սույն կարգով կարգավորվում են ներքին աուդիտորների քննությունների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև շարունակական մասնագիտական վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) հետ կապված հարաբերությունները:

2. Քննությունները կազմակերպվում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներքին աուդիտի ոլորտի լիազոր պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

3. Ներքին աուդիտորի որակավորումը պարտադիր պահանջ է` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկվելու համար:

4. Լիազոր մարմինը հաշվառում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված անձանց և իր պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս ցանկը, որը բաղկացած է երկու մասից`

1) ներքին աուդիտորների` որակավորված անհատների ցանկ, որում ընդգրկվում են`

ա. սույն կարգով սահմանված պայմաններով քննությունը հանձնած և Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում ստացած անձինք,

բ. սույն կարգի 6-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի` այլ կառույցների կողմից տրված աուդիտորի որակավորում ունեցող անձինք,

գ. սույն կարգի 5-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձինք,

2) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկ, որում ընդգրկվում են սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված պահանջները բավարարող կազմակերպությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի են միջազգայնորեն ճանաչված հետևյալ որակավորումները`

1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Auditor - CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional - CGAP),

2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը,

3) հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance and Accountancy` CIPFA) կողմից տրված որակավորումը,

4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA):

6. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի (ՀԱՊ) կողմից տրված աուդիտորի որակավորումը։

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

7. Քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող` սույն կարգի 8-րդ կետի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր լիազոր մարմին են ներկայացրել դիմում` սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:

8. Քննությանը կարող է մասնակցել այն անձը`

1) ով դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) ով չունի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,

3) ով դատական կարգով չի զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

4) ում` սույն կարգի համաձայն քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված հիմքերով։

9. Քննությանը մասնակցելու համար դիմող անձը լիազոր մարմնի պաշտոնական կայքում առկա քննությունների գրանցման էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնում է լիազոր մարմնին ուղղված դիմում և համակարգում կցում բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով`

1) նույնականացման քարտի կամ անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի լուսապատճենները (ներկայացվում են նշված փաստաթղթերի երկկողմանի լուսապատճենները՝ մեկ միասնական էլեկտրոնային փաստաթղթով),

2) բարձրագույն կրթության դիպլոմի լուսապատճենը,

3) իր կողմից ստորագրված հայտարարությունը` սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքների բացակայության մասին` համաձայն սույն կարգի N 2 ձևի:

10. Ստորաբաժանումը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) ուսումնասիրում և դիմողին քննությանը մասնակցելու թույլտվություն ունեցող անձանց ցանկում ընդգրկում կամ սույն կարգի 11-րդ կետում նշված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով փաստաթղթերը լիազոր մարմին էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում, լիազոր մարմինը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված կարգով փաստաթղթերը լիազոր մարմին էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվելու օրվանից հաշված 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է դիմողին վերջինիս կողմից գրանցվելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեով և առաջարկում 1 աշխատանքային օրվա ընթացքում համալրել փաստաթղթերը:

11. Քննությանը անձի մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու դեպքում՝ ստորաբաժանումը էլեկտրոնային համակարգում գրանցվելիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է դիմողին։ Ընդ որում, մերժման դեպքում՝ նշելով դրա պատճառները և իրավական հիմքերը: Քննությանն անձի մասնակցությունը մերժվում է, եթե՝

1) սույն կարգի 9-րդ կետով պահանջվող փաստաթղթերում ներկայացվել է կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվություն,

2) սույն կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետում չի համալրել թերի ներկայացված փաստաթղթերը:

3) առկա է սույն կարգի 21-րդ կետով նշված խախտումը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

12. Քննությունը կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում):

13. Ստորաբաժանման` քննությունը կազմակերպող և անցկացնող աշխատողների (այսուհետ` աշխատողներ) ցանկը և գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

14. Քննությունն անցկացվում է հայերենով, թեստավորման միջոցով` էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային ծրագրի օգնությամբ: Թեստում յուրաքանչյուր հարց ունի չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:

15. Յուրաքանչյուր տարվա համար անցկացվող քննության հարցաշարը (թեստերի համար հարցերը` իրենց ենթադրյալ պատասխաններով և համապատասխան օրենսդրական ակտերին ու ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցներին հղումներով), ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 20-ը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում, իսկ դրանցում կատարվող փոփոխությունները հրապարակվում են քննության անցկացման օրվանից առնվազն 2 ամիս առաջ:

16. Քննության հարցաշարի համար հիմք է հանդիսանում լիազոր մարմնի կողմից սահմանված` իրավական ակտերի և ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցների ցանկը, ընդ որում, հարցաշարը չպետք է պարունակի այնպիսի հարցեր և (կամ) խնդիրներ, որոնք չեն բխում ցանկում ներկայացված իրավական ակտերից և ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցներից:

17. Քննությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ քննության անցկացումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ: Դիմումների ընդունումը դադարեցվում է քննության նշանակված օրվանից 5 աշխատանքային օր առաջ:

18. Քննության թեստերը կազմվում են քննության անցկացման օրը` անմիջապես քննության անցկացումից առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով: Քննության յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է թեստ, որը պետք է լրացվի նույն համակարգչային ծրագրի օգնությամբ:

19. Քննությունն անցկացնելու համար կազմվող թեստում ներառվում է 50 հարց: Քննության տևողությունը սահմանվում է երկու ժամ:

20. Քննասենյակ քննության մասնակցի մուտքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ: Աշխատողներն ստուգում են մասնակցի ինքնությունը և վերջինիս անձնական տվյալների հավաստիության դեպքում թույլատրում մասնակցել քննությանը: Քննասենյակ մուտքն արգելվում է քննության մեկնարկից 10 րոպե առաջ, ինչի մասին նշում է կատարվում սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով հրապարակվող հայտարարությունում: Մասնակցին չի թույլատրվում քննության ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել այլ համակարգչից` բացառությամբ թեստի համար նախատեսվածից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև առանց ուղեկցման դուրս գալ քննասենյակից:

21. Սույն կարգի 20-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում մասնակիցը աշխատողների կողմից դուրս է հրավիրվում քննասենյակից, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է մասնակցին: Մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր:

22. Համակարգչային ծրագիրը թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը և որևէ պատասխան չնշելը:

23. Քննությունը հաղթահարելու համար մասնակիցը պետք է ստանա առնվազն 40 միավոր (80%):

24. Քննության արդյունքներն ամփոփվում են դրա անցկացման օրը` էլեկտրոնային համակարգից գեներացված արձանագրության հիման վրա: Քննությանը ներկա աշխատողներն ստորագրությամբ հաստատում են գեներացված արձանագրությունը:

25. Քննությունը հաջողությամբ հանձնած մասնակցի տվյալները` այն անցկացնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներառվում են սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի ա) ենթակետով սահմանված ցանկում:

26. Մասնակիցը համարվում է որակավորում ստացած` տվյալները սույն կարգի 25-րդ կետում նշված ցուցակում ներառելու օրվանից:

27. Քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

28. Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհված Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման գործողության ժամկետ չի սահմանվում, և այն գործում է այնքան ժամանակ, քանի դեռ որակավորված ներքին աուդիտորները որակավորումն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր երրորդ տարում մասնակցում են լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և հաջողությամբ ավարտում են նշված ծրագրերը: Քննությունը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին շնորհված Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման գործողության ժամկետը դադարում է հերթական շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ չավարտելու դեպքում՝ լիազոր մարմնի կողմից սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկերը հրապարակելու հաջորդող օրվանից:

29. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած կամ քննությանը չներկայացած դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը:

30. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված կազմակերպությունների կողմից տրված որակավորումները սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի բ) և գ) ենթակետերով սահմանված ցանկերում ընդգրկվելու համար հիմք են հանդիսանում միայն մեկ անգամ:

31. Քննությունների արդյունքները և աշխատողների կողմից կազմված քննությունների արձանագրությունները պահպանվում են 5 տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

32. Վերապատրաստումը ներքին աուդիտորների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական և հետևողական կատարելագործումն է, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ գլխի 1230 ստանդարտով և միտված է ապահովելու որոշման N 2 հավելվածով հաստատված ներքին աուդիտորների վարքագծի կանոնների հիմնական սկզբունքներից կարողունակության սկզբունքը:

33. Ներքին աուդիտորը որակավորումն ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր երրորդ տարում պետք է անցնի վերապատրաստում, ընդ որում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը որակավորում ստացած ներքին աուդիտորների հաջորդ վերապատրաստման տարին է համարվում 2025 թվականը:

34. Ներքին աուդիտորների վերապատրաստման գործընթացը կանոնակարգում, կազմակերպում և համակարգում է լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

35. Հանրային հատվածի կազմակերպությունում ներքին աուդիտորների վերապատրաստման գործընթացի մասնակցության ապահովման անմիջական պատասխանատուն ներքին աուդիտորին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն է, իսկ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնող կազմակերպությունում` վերջինիս ղեկավարը: Այն դեպքում, երբ ներքին աուդիտորը չի հանդիսանում հանրային հատվածի կազմակերպության կամ հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնող կազմակերպության աշխատակից, ապա վերապատրաստման գործընթացի մասնակցության պատասխանատուն հանդիսանում է այդ քաղաքացին:

36. Ներքին աուդիտորի վերապատրաստումների համար նախատեսված ժամանակահատվածը պետք է հաշվի առնել ներքին աուդիտի տարեկան ծրագիրը կազմելիս:

37. Վերապատրաստման դասընթացի մասնակցության ժամանակահատվածում ներքին աուդիտորներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից` իրենց զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

38. Վերապատրաստվող ներքին աուդիտորների համար վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների ընդհանուր տևողությունը պետք է կազմի տարեկան առնվազն 30 ժամ: Ընդ որում` վերապատրաստման դասընթացի կառուցվածքում յուրաքանչյուր թեմայի առնվազն 30 տոկոսը պետք է պարունակի գործնական պարապմունքներ: Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվում և ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվում են վերապատրաստման թեմաները:

39.Վերապատրաստման թեմաները կարող են վերանայվել ամենամյա հաճախականությամբ:

40. Սույն կարգի 33-րդ կետերով նախատեսված անձինք մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում վերապատրաստման ենթակա ներքին աուդիտորների վերաբերյալ հայտը, որը ներառում է՝ վերապատրաստման ենթակա ներքին աուդիտորի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կցելով փաստաթուղթը), պաշտոնը (առկայության դեպքում), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

41. Մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվում և ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվում են վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը և խմբերը:

42. Եթե ներքին աուդիտորը չի մասնակցել վերապատրաստման դասընթացի որևէ թեմային, նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու նույն թեմայով անցկացվող հաջորդ երեք դասընթացներից որևէ մեկին, բայց ոչ ուշ, քան տվյալ տարվա ավարտը:

43. Ներքին աուդիտորը համարվում է վերապատրաստումը հաջողությամբ չավարտած և նրա որակավորումը դադարեցվում է, եթե չի մասնակցում վերապատրաստման դասընթացի ընդհանուր տևողության առնվազն 80 տոկոսին:

44. Վերապատրաստման ենթակա, սակայն արձակուրդում, հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում, պարտադիր զինվորական ծառայության կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ներքին աուդիտորը ենթակա է վերապատրաստման աշխատանքի ներկայանալուց հետո եռամսյա ժամկետում: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 35-րդ կետերով նախատեսված անձինք գրավոր տեղեկացնում են լիազոր մարմնին՝ անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի պահանջով ներկայացնելով հիմքերը:

45. Վերապատրաստումը կարող է ապահովվել նաև ներքին աուդիտի ոլորտին վերաբերող.

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մասնագիտացված կառույցներին անդամագրման, աշխատանքներին կամ միջոցառումներին մասնակցության միջոցով,

2) կոնֆերանսներին, սեմինարներին, ուսումնական դասընթացներին և/կամ տեղում և/կամ առցանց անցկացվող ուսուցման ծրագրերին մասնակցելու միջոցով,

3) դասեր վարելու, համալսարանական կրթական ծրագրերին, գիտահետազոտական նախագծերին մասնակցության միջոցով:

46. Սույն կարգի 45-րդ կետում նշված միջոցառումներին մասնակցելու և այդ մասին վկայող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու և լիազոր մարմնի կողմից ընդունելի համարվելու դեպքում, ներքին աուդիտորները ազատվում են վերապատրաստման ամբողջական դասընթացից կամ շարունակական մասնագիտական վերապատրաստման համարժեք ժամերից: Վերապատրաստման ծրագրով նախատեսված թեմաներին մասնակի տիրապետելու դեպքում ներքին աուդիտորը պարտավոր է վերապատրաստվել (այդ թվում` գործնական առաջադրանքի տեսանկյունից) առնվազն բաց թողնված ուղղությունների մասով:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես ____________________________________________________________________________,

(ազգանունը, անունը, հայրանունը)

սույնով հայտարարում եմ, որ`

 

1) դատական կարգով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չունեմ դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.

3) դատական կարգով չեմ զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) առկա չեն նախորդ 3 տարվա ընթացքում քննությանը մասնակցելու համար իմ կողմից դիմում ներկայացվելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի դեկտեմբերի «     » N 516-Ն հրամանի N 1 հավելվածի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված դիմումը մերժվելու հիմքերը։

 

Հայտարարող` _______________

 

 ___ __________________թ.

(ստորագրությունը)

   

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

ֆինանսների նախարարի

 «28» դեկտեմբերի 2023 թ.

N 516-Ն հրամանի

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանրային հատվածի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման ծառայություններ ձեռք բերելու նպատակով կարող են պատվիրակել հրավիրված անձանց՝ աուդիտորական կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք ունեն ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ և առնվազն երեք աշխատող, ովքեր բավարարում են հետևյալ պահանջները`

1) ունեն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում,

2) աուդիտի ոլորտում (ներքին և (կամ) արտաքին) ունեն մասնագիտական գործունեության առնվազն 3 տարվա փորձ,

3) համատեղությամբ չեն աշխատում այլ ներքին և արտաքին աուդիտի ծառայություններ մատուցող կազմակերպություններում:

2. Սույն հավելվածի 1-ին կետի պահանջները բավարարող կազմակերպություններն ընդգրկվում սույն հրամանի N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված ցանկում (այսուհետ` ցանկ):

3. Ցանկում ընդգրկվելու նպատակով կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում` համաձայն սույն հավելվածի ձևի,

2) սույն հավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան ներքին աուդիտորի որակավորում ունեցող երեք աշխատողների մասին տեղեկություններ` աշխատանքային գրքույկի, աշխատանքային պայմանագրի, նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենները,

3) տեղեկանք ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ ունենալու մասին՝ լիազոր մարմնի պահանջով կցելով այլ հիմնավորող փաստաթղթեր:

4. Լիազոր մարմինը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը գրանցում է ցանկում, եթե առկա չէ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, հակառակ դեպքում՝ նույն ժամկետում մերժում է հայտը:

5. Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) դիմող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ գործունեությամբ զբաղվելու,

3) դիմող կազմակերպության կառավարումն իրականացնող անձն իրավունք չունի ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ գործունեությամբ զբաղվելու,

4) դիմող կազմակերպությունը չի համալրում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերի ցանկը,

5) դիմող կազմակերպությունը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հիմքով նախորդ 3 տարվա ընթացքում հանվել է ցանկից,

6. Ցանկում ընդգրկված կազմակերպությունները ցանկում ընդգրկվելու համար ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում, այդ թվում` կազմակերպության աշխատող համարվող անձանց մասին փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում այդ փոփոխությունների մասին պետք է լիազոր մարմին ներկայացնեն տեղեկատվություն` դրանք ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Կազմակերպությունը հանվում է ցանկից այն դեպքում, եթե`

1) կազմակերպության կամ կազմակերպության աշխատող հանդիսացող` որակավորված ներքին աուդիտորի կողմից ներքին աուդիտի առաջադրանքների իրականացման ժամանակ խախտվել են Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի օրենսդրության պահանջները, ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները կամ ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, որոնք հանգեցրել են առաջադրանքի արդյունքներով տրամադրված սխալ հավաստիացման.

2) բացահայտվում է, որ կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկատվությունը հավաստի չէ կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

3) տվյալ կազմակերպությունում հայտնաբերվել են սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.

4) մեկ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից երեք անգամ սույն հավելվածի 6-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված ժամկետում չեն ներկայացվել լիազոր մարմին:

8. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային հատվածի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման ծառայություններ չեն կարող ձեռք բերել ցանկում ընդգրկված այն կազմակերպություններից, որոնց`

1) խորհրդի անդամը կամ կառավարման գործառույթ իրականացնող անձը, կամ գործադիր մարմնի անդամը, կամ նման պարտականություններ կատարող այլ անձ, նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչպես նաև աուդիտ իրականացնող ներքին աուդիտորը հանդիսանում են տվյալ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարին և (կամ) աուդիտի կոմիտեի անդամներին փոխկապակցված անձ` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի իմաստով.

2) կազմակերպության կամ կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչպես նաև աուդիտ իրականացնող ներքին աուդիտորն ունի ուղղակի կամ անուղղակի ֆինանսական մասնակցություն տվյալ հանրային հատվածի կազմակերպությունում կամ նախորդ երեք տարվա ընթացքում ներգրավված են եղել տվյալ հանրային հատվածի կազմակերպության արտաքին աուդիտի կամ ներքին հսկողության համակարգի նախագծման կամ նմանատիպ այլ աշխատանքներում:

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

պրն_____________________-ին

__________________________________________________________________-ից

(դիմողի կազմակերպության անվանումը և դիմողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ N___

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար Ձեզ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի դեկտեմբերի «    » -ի N 516-Ն հրամանի N 2 հավելվածի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

կազմակերպության անվանումը (լրիվ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և

գործունեության իրականացման վայրերը)

________________________________________________________________________________

(հեռախոսահամարները)

 

Առդիր`   թերթ

   
     

Տնօրեն` ___________________

 

 ___ __________________թ.

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: